ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ Միխայիլ ՕՎՉԻՆՆԻԿՈՎ Այս տարի լրանում է հայ կինոյի պատմության ուղենշային ստեղծագործություններից մեկիՙ Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» կինոնկարի ստեղծման հիսուն տարին: Այն մինչ օրս միակ հայկական լիամետրաժ խաղարկային կինոնկարն է, որն ընդգրկված է եղել Կաննի հեղինակավոր կինոփառատոնի հիմնական մրցույթում, արժանացել ֆրանսիացի ականավոր կինոգետ Ժորժ Սադուլի գնահատականին: Ֆիլմի կեսդարյա հոբելյանի առթիվ թարգմանաբար ներկայացնում ենք հայաստանաբնակ ռուս գրող Միխայիլ Օվչիննիկովի (1913-1987) հոդվածը «Բարեւ, ես եմ»-ի մասին:
Կինոն ամենաերիտասարդն է արվեստի բնագավառների մեջ եւ մեզ դեռեւս շատ պիտի ուրախացնի նոր հայտնագործություններով, երբ նրա բանակը կհամալրվի երիտասարդ, տավանդավոր մասնագետներով: Մեզ մոտ չի եղել եւ չկա պայքար մեծահասակ եւ երիտասարդ գործիչների միջեւ, այլ եղել է եւ կա վարպետության, սոցիալիստական ռեալիզմի դիրքերում կանգնած իրատեսական արվեստի ավանդույթների ժառանգորդության պայքար: Բոլոր խոսակցություններն ու բանավեճերն «ահելների ու ջահելների» մասին ավարտվում են այնտեղ, որտեղ իր մասին ազդարարում է տաղանդը: Ասածի լավագույն հաստատումն է «Հայֆիլմի» երիտասարդ կինոգործիչների «Բարեւ, ես եմ» ֆիլմը: Նա ազդարարում է հայ կինեմատոգրաֆ մուտք գործած մի խումբ շնորհալի մարդկանց մասին, որոնք աչքի են ընկնում իրենց տիպական մտածողությամբ, կյանքի եւ երեւոյթների մասին իրենց մտածելակերպով: Մեր թատերական հանրությունը լավ է ճանաչում այդ ֆիլմը բեմադրողինՙ Սունդուկյանի անուան թատրոնի նախկին դերասան, պետական մրցանակի դափնեկիր Ֆրունզե Դովլաթյանին: Նա աճել ու դաստիարակվել է հայ բեմի լավագույն վարպետների անմիջական ազդեցության ներքո, նկարահանվել մեծագույն արվեստագետ Համո Բեկնազարյանի մոտ, սովորել խորհրդային ականավոր կինոբեմադրիչ Սերգեյ Գերասիմովի ստուդիայում: Ռեժիսոր Ֆ. Դովլաթյանի հաղթանակը նախապատրաստված էր կինոյի եւ թատրոնի ավագ սերնդի վարպետների կողմից: Յուրացնելով այն ամեն լավը, ինչ տրված էր իրեն, Դովլաթյանը գնաց հեռուն, ստեղծեց հետաքրքրական, յուրօրինակ եւ տաղանդաւոր կինոնկար: Ֆիլմի նրա գործընկերները եւս (օպերատոր Ալբերտ Յավուրյան, ռեժիսոր Արշավիր Սամվելյան, նկարիչներ Ռ. Բաբայան, Գ. Կարապետյան, երգահան Մ. Վարդազարյան), ողջ աշխատակազմը, կարելի է ասել, մի դպրոցի մարդիկ են, մի տան, մի ընտանիքի մարդիկՙ հետաքրքրաշարժ ստեղծագործական որոնումների մեջ ապրող իրապաշտական արվեստի մարդիկ: Դյուրին չէ պատասխանել այն հարցին, թե ինչի մասին է ֆիլմը: Կարելի է ասելՙ ձեր եւ մեր մասին, գտածի ու կորցրածի մասին, այն մասին, թե որքան բազմաձեւ ու հետաքրքրական է կյանքը: Իսկ եթե խոսենք աւելի որոշակիՙ ֆիլմը երիտասարդ ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի եւ նրա հասակակիցների մասին է, նրանց կյանքի, պայքարի, սիրո, հաջողությունների եւ կորուստների մասին: Դա այդպես է եւ այդպես չէ, որովհետեւ կյանքի բարդ ընթացքի մասին, որ մենք տեսնում ենք էկրանին, դյուրին չէ պատմել, ինչպես որ դյուրին չէ ինքըՙ կյանքը: Բայց ֆիլմը սկզբից մինչեւ վերջ գրավում է մեզ իրադարձություններով, խոր խոհերով, եւ մենք նրա հերոսների հետ սկսում ենք խորհել մեր ժամանակի բարդ հարցերի շուրջՙ մարդկանց առաջ մեր անձնական պատասխանատվության մասին: Ֆիլմի հեղինակները հասել են ոճական միասնության: Եւ այստեղ առաջին հերթին հարկ է խոսել օպերատոր Ա. Յավուրյանի մասին: Ստուդիա է եկել երիտասարդ, շնորհալի մի վարպետ: Յավուրյանի կինոխցիկը, երբեմն նկարչի վրձնի նման, տալիս է ոսկե աշնան ամբողջ հմայքը, որն այնպես համահունչ է հերոսների հոգեվիճակին: Սակայն, մեծ մասամբ, դա ֆիլմի հերոսների ներաշխարհը բացող հոգեբանի սուր աչք է: Ֆիլմում հատուկ տեղ է գրավում դերասան Արմեն Ջիգարխանյանի աշխատանքը, որը կատարում է գլխաւոր հերոսիՙ ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը: Մենք ճանաչում ենք ընդունակ դերասան Ա. Ջիգարխանյանին թատրոնից եւ կինոյից, բայց «Բարեւ, ես եմ» ֆիլմում նա իրեն արդարացրեց որպես խորունկ խոհերի եւ նուրբ, զգացմունքային նրբերանգների դերասան: Ֆիլմի սկզբում Արտյոմը կորցնում է իր սիրելիին, որին նորովի, կանացի, երիտասարդավարի խաղաց Նատալյա Ֆատեեւան: Այդ չբուժվող վերքն Արտյոմը կրեց ամբողջ կյանքում, եւ ոչ մի ուրախություն կամ հաջողություն ի զորու չէ բուժել այն: Այդ նուրբ, հազիվ նշմարվող տխրությունը Ջիգարխանյանը մեզ է հասցնում զգուշությամբ, որից Արտյոմի կերպարը դառնում է ավելի խոր ու մարդկային: Ֆիլմում չկա աչք ծակող էժանագին շլացում, որ ստեղծվում է արտաքին տպավորությունից, սակայն կա հնարավորությունՙ որքան կարող ես ավելի խոր բացահայտել երեւույթի էությունը, հերոսների մտքերն ու զգացմունքները եւ կինոյի միջոցներով, հնարավորություններով դրանք հասցնել դիտողին: Իսկական գեղարվեստական հաջողված ձեռքբերում պետք է համարել Արտյոմի ընկերոջՙ Օլեգ Պոնոմարյովի մահվան եւ թաղման տեսարանը: Մենք չենք տեսնում զվարթ Պոնոմարին, ինչպես նրան Արտյոմն էր անվանում: Չկա դագաղ, հարազատներն ու ընկերները չեն լալիս, նրանք կանգնած են վշտաբեկ, ցածր ձայնով փոխանակում են աննշան խոսքեր, ինչպես դա արվում է կյանքում: Բայց ահա տան մուտքից դուրս են բերում Պոնոմարի խոշորացված լուսանկարը, որից նա ծիծաղում է վարակիչ ծիծաղով: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք գիտեինք իրեն: Դա ոչ միայն կինեմատոգրաֆիական հաջողված ձեւ է, գյուտ, այլեւ ֆիլմի փիլիսոփայությունը բացայայտող տեսարան է: Մենք լսում ենք թաղման թափորի հետ քայլող Արտյոմի մտքերը. «Այ դու, Պոնոմար, միշտ ասում էիրՙ ետ մի՛ նայիր դեպի անցյալը, մոռացի՛ր այդ մասին: Իսկ հիմա դու էլ դառար անցյալ... Իսկ մի՞թե կարող եմ ես քեզ մոռանալ»: Անցյալը միշտ մեզ հետ է եւ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մարդկանց եւ աշխարհի առաջՙ անցյալի, ներկայի եւ ապագայի համար: Դրա եւ միայն դրա մասին է «Բարեւ, ես եմ» ֆիլմը: Ամբողջ դերասանական կազմը բարձր գեղարվեստական մակարդակի վրա է: Երիտասարդ, փայլուն, աչքի ընկնող է Ռ. Բիկովը Օլեգ Պոնոմարյովի դերում: Խելացի, դրամատիկ եւ նրբորեն է խաղում հասուն Տանյային դերասանուհի Մարգարիտա Տերեխովան, բանաստեղծական եւ ոսկեհյուս է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Գալինա Նովենցի խաղը քրդուհի Զանեի դերում: Հետաքրքրական է նաեւ ինքըՙ ֆիլմի բեմադրիչ Ֆ. Դովլաթյանը երիտասարդ ֆիզիկոս Զարյանի դերում: Դե իսկ մյուս դերակատարներն էլ կանգնած են հավասար բոլորի հետ: Ստեղծագործական յուրօրինակ շնորհքով եւ բարձր գեղարվեստական ճաշակով է օժտված «Բարեւ, ես եմ» ֆիլմը: Կարելի է համարձակ ասել, որ նա շրջադարձային եղավ հայ կինոյումՙ «Պեպո» ֆիլմից հետո: Սակայն կուզեի խոսել նաեւ անախորժ սխալների մասին: Դա ձգձգվածությունն ու անհարկի երկարությունն է, որոնց մասին երեւի թե գիտեն նաեւ հեղինակները, բայց չգիտես ինչուՙ չեն ցանկանում շտկել դրանք: Կան խոշոր պլաններ եւ երկար անցումներ, որոնք կեղծ բազմանշանակություն են կրում, դանդաղեցնում են ներքին ռիթմը եւ ծանրացնում են ֆիլմը: Մեզ թվում է, որ հեղինակները որքան էլ որ սիրահարված լինեն իրենց հղացմանը, պէտք է կինոնկարը վերանայենՙ մկրատը ձեռքներին: Բայց կարեւորն այն է, որ հայ կինոգործիչներն իրենց 40-ամյակին ստեղծեցին մի տաղանդավոր, հուզիչ ստեղծագործություն, որը պատմում է մեծ ու ճշմարտությամբ լուսավորված մարդասիրության մասին: «Կոմունիստ», Երեւան, 8.02.1966: Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ |