«ՀԱՄԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՇՎԻ» ԳԻՏՆԱԿԱՆԸ Հակոբ ՄՈՎՍԵՍ Ժամանակակից հայ բանասիրական միտքը ես ուզում եմ բաժանել երկու մասի. առաջինը զբաղված է... չգիտեմ ինչով: Երկրորդը գլուխը կախ իր գործն է անում: «Խոնարհ մշակ» արտահայտությունը, որը հայոց բանասիրության մեջ ամենատիպականն է, այսօր մեզանում գրեթե վերացած է: Ի՛նչ Ղեւոնդ Ալիշան, ի՛նչ Արշակ Չոբանյան, ի՛նչ Հակոբ Օշական: - Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում զինվորական կոչումներն սկսվում են գեներալից, իսկ բանասիրականները` դոկտորից: Արանքում` բեռնատարներով դոկտորներ, պրոֆեսորներ եւ այլք, բայց աննշան է այն բանասիրական, տեքստաբանական, մեկնողական աշխատանքը, որն էլ ապահովում եւ հաստատագրում է ինչպես ամեն, այնպես էլ մեր գրականության հավաստիությունը: 19-րդ դարի մի մեծ փիլիսոփա-բանասեր սքանչելի սահմանել է բանասերի առաքելությունը. «...բանասիրությունը ենթադրում է մի ազնիվ հավատ, որ ի նպաստ քչերի, ովքեր միշտ «գալու են» եւ ովքեր ներկա չեն, նախապես պետք է տանջալի, անգամ անմաքուր աշխատանքի մի մեծ ծավալ կատարվի. այդ ամենն աշխատանք է in usum Delphinorum» («դոֆինների օգտագործման համար»):- Այդ բանասիրական «անմաքուր» աշխատանքն է, որ ապահովելու է գալիք դոֆին-ընթերցողի ծնունդը. եթե չկա այդ բանասիրությունը` դոֆինի մի սպասեք, ավելին` ընթերցողից ոչ մի դոֆինություն մի ակնկալեք... Սպասեք բարբարոսին, սպասեք տգետին, ով իրեն դոֆինի տեղ կդնի: Երվանդ Տեր-Խաչատրյանի մասին գրելիս բավական է միայն մեջտեղ բերել բանասիրական եւ գրականագիտական աշխատանքի այն վիթխարի ծավալը, որը մեր աչքի առջեւ է: Ես այս հոդվածը որոշել էի գրել հայ գրականության հսկաներից մեկի` Ինտրայի «Հովին ձայնը» վերնագրված երկերի երկհատորյակի առիթով (Սարգիս Խաչենց-Փրինտինֆո, Երեւան, 2014), բայց իսկույն հասկացա, որ առիթը կարող էր լինել նրա հրատարակած հեղինակային կամ տեքստաբանական-բանասիրական-կազմողական-հրատարակչական յուրաքանչյուր հատոր եւ այնտեղ զետեղված նրա գրականագիտական կամ արվեստագիտական բազմազան հոդվածները` լինի Կոստան Զարյանի տեքստերի հրատարակությունը, թե, ասենք, Խոան Միրոյի «Զրույցների» հրաշալի առաջաբանը, Հրանտ Նազարյանցի «Աստեղահեռ մենությունը», իր ազնվագույն ընկերոջ` Ալբերտ Կոստանյանի «Բացարձակի որոնումը» գրքի հրատարակությունը, թե ժամանակակից ականավոր քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Դիմապատկերների» վերջաբանը: Այս ամենը ոչ միայն կատարված աշխատանք է, այլեւ բանասիրության եւ տեքստաբանության նմուշ: Այդպես են աշխատել անցյալի մեր մեծ բանասերները: Երվանդ Տեր-Խաչատրյանը, իբրեւ քչերից մեկը պահելով նմուշի պատվախնդրությունը, իր այդ աշխատանքով մեզ ասում է. այդպես պետք է աշխատել նաեւ այսօր` իմիջիայլոցությունների եւ գրականությունն ու գրականագիտությունը թեթեւաբարոյության վերածող մեր այս հակասական օրերում: Անգնահատելի է Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատանքը նախ եւ առաջ զարյանագիտության մեջ (չխառնեք, հայ գրականության մեջ մի Զարյան կա` վարպետ Կոստան Զարյանը, ում գոյությունը մենք վայելում էինք մեր ուսանողական տարիներին`սրճարաններում հեռվից-հեռու հետեւելով այդ մեծ մարդու ներկայությանը, ով մի տեսակ սպիտակ ագռավ էր այդ տարիների «քննադատական ռեալիզմի» Երեւանում, եւ ում թաղմանը սոսկ մի քանի հոգի էին ռիսկ արել մասնակցել): Հայ նորագույն գրականության մեջ միգուցե դժվար լինի գտնել ուրիշ մի հեղինակ, ում ստեղծագործություններն այդքան կրճատված (դրսում) եւ «մաղված» (ներսում) լինեն, որքան Կոստան Զարյանինը: Ինքնըստինքյան հասկանալի է, թե ինչ մեծ եռանդ եւ նվիրում է պահանջվում` այդ ամենն իր ելման կետին վերադարձնելու եւ իր «բնական վիճակով» այնտեղից դարձյալ ընթերցողին առաքելու համար: Ահա այդ նվիրումն ու անբասիր բանասիրական աշխատանքն է, որ ականավոր գրողի «Նավատոմար», «Դեպի Արարատ», «Միացյալ Նահանգներ» գրքերին, հռչակավոր «Անցորդը եւ իր ճամբան» վեպին, անտիպ եւ անծանոթ բանաստեղծությունների «Բառերի ոսկին» ամփոփ հատորին ապահովել է բանասիրության եւ տեքստաբանության նավամբարներում խառնիխուռն լցված հարուստ եւ գրագետ նյութով, ինչը դրանց այնուհետեւ երկար նավարկություն է ապահովում: Ինչ ասես միայն, որ չարժեն դրանց ծանոթագրությունները. ես պատկերացնում եմ այն տանջալից աշխատանքը, որը կատարել է գրականագետը դրանք կազմելիս. դրանք շյուղ առ շյուղ, հատ առ հատ հավաքել եւ ի մի բերել կարող է միայն նա, ով գիտակցում է իրեն վստահված նյութի կարեւորությունը եւ իրեն պատասխանատու է համարում դրա հետագա ճակատագրի համար (ի դեպ, 2003, 2008 եւ 2012 թթ. Երվանդ Տեր-Խաչատրյանի նախաբաններով եւ ծանոթագրություններով Կ. Զարյանի «Իսպանիան», «Միացյալ Նահանգներն» ու «Անցորդը եւ իր ճամբան» վեպը «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել նաեւ ռուսերեն): Ինչպես ասացի, իմ սեղանին վերջերս լույս տեսած Ինտրայի երկերի երկհատորյակն է. 2014 թ. Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչության հրատարակած Խաչատուր Աբովյանի անմեռ «Վերքի» բնագրի հրատարակման հետ մեկտեղ (պատրաստող` Գուրգեն Գասպարյան) ես այն համարում եմ վերջին տարիների մեր բանասիրական կյանքի կարեւորագույն նվաճումը: Արեւմտահայ իրականության Չորրորդապետության (ես նկատի ունեմ Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի եւ Սիամանթոյի հետ միասին) այս լիիրավ անդամը մեզանում ընդամենը մի հրատարակություն է ունեցել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` կասկածելի հրատարակություն` բազմաթիվ կրճատումներով, տեքստային աղավաղումներով, չհասկացված նախադասություններով եւ դրանից բխած ոչ հեղինակային, հաճախ կամայական եւ մտքի ընթացք փոխող կետադրությամբ: Մեր զույգ` արեւմտահայ եւ արեւելահայ իրականության մեջ Ինտրան փաստորեն առաջին անգամ հրատարակվում է իր հավաստի տեսքով: Կարելի՞ է երվանդտերխաչատրյանական այս Ինտրան տեքստի համարժեքության տեսակետից համարել վերջնական: Համենայն դեպս` արեւմտահայ մեծ գրողի գրությունների վրա կատարվող բոլոր աշխատանքների համար այն իբրեւ հեղինակային-սկզբնաղբյուրային հրատարակության ելակետային նշանակություն է ունենալու: Ամենեւին չնսեմացնելով դեռեւս հեղինակի կենդանության օրոք հրատարակված նրա ստեղծագործությունների պատմական նշանակությունը (արդեն դրանցում առկա անճշտություններին հեղինակն ստիպված է եղել անդրադառնալու 1906 թ. «Բիւզանդիոն» օրաթերթում տպագրած ««Ներաշխարհն» իր հեղինակէն դիտուած» ծավալուն հոդվածաշարով, որը միաժամանակ, Մ. Մեծարենցի «Ինքնաքննադատութեան փորձ մը»-ի հետ միասին, հայ գրականության հեղինակային ինքնանդրադարձի լավագույն էջերից է), ամենեւին ստվեր չգցելով Կարիկ Պասմաճյանի (վաղամեռիկ այս բանաստեղծի «Ավարտախաղ» բանաստեղծությունների ժողովածուն նույնպես կազմել, ամփոփ առաջաբանով եւ վերջաբանով համեմել է Երվանդ Տեր-Խաչատրյանը)` 1974 թ. Բեյրույթում տպագրած եւ Ս. Յափունջյանի ու Ստ. Թոփչյանի`1980 թ. Երեւանում հրատարակած «Երկերի» քիչ թե շատ ամբողջական գրքերի վրա` մենք պարտավոր ենք ասել հետեւյալը. Երվանդ Տեր-Խաչատրյանի այս երկհատորյակը մեծ գրողի երկերի առայժմ հնարավորինս ամբողջական հրատարակությունը լինելով (ասում եմ` «առայժմ հնարավորինս», որովհետեւ բացառված չէ, որ մամուլում կամ մասնավոր անձանց մոտ ի հայտ գան նորանոր ստեղծագործություններ. այդ մասին գրում է ինքը` հրատարակիչը, իր ծանոթագրություններում. «Գրողի ստեղծագործության շուրջ վկայություններ կան, որոնք թույլ են տալիս մտածելու, որ Չրաքյանի [Ինտրայի] գրական ժառանգության ծավալի եւ սահմանների մասին որեւէ դատում այսօր ամբողջական եւ վերջնական լինել չի կարող»)` միաժամանակ բավարարում է քննական ուսումնասիրության բոլոր պահանջները թե՛ իր տեքստային անբասիր աշխատանքով եւ թե՛ ակադեմիականության միտող ողջ ապարատով` բանասիրական նյութով եւ մանրամասն ծանոթագրություններով: (Միայն կարելի է ցավել, որ գիրքը ինտրայական ինքնատիպ բառապաշարի որոշ բառերի բառարան չունի, ինչը նրա հանճարեղ գրություններում արեւմտահայերենի` այսօր դժվար հասկանալի որոշ բառեր ավելի մատչելի կդարձներ ընթերցողի ավելի լայն խավի համար): Ինձ մնում է միայն ավելացնել, որ գրողի ողբերգական կյանքի (որն ինքն արդեն առանձին մի Ներաշխարհ է) եւ ստեղծագործության ամփոփ մի պատկեր է տրված «Տիրան Չրաքյան. գիր եւ ուղի» առաջաբանում:- Երվանդ Տեր-Խաչատրյանը ոչ միայն Ինտրայի տեքստերի ուսումնասիրողը եւ հրատարակիչն է, ուզում եմ ասել` դրանց բանասերը, այլեւ դրանց արժեքն ընկալողը. եթե նկատի ունենանք, որ մեր հոգեւոր իրականության մեջ (եթե այդպիսին, իհարկե, դեռ մնացել է) Ինտրան դեռ նոր-նոր է սկսելու իր ուղին, ապա առաջաբանում ճշգրիտ կռահված եւ մատնացուցված են ցայժմ մեր տեսողության ոլորտներից անդին, իսկ այս հրատարակությամբ ահա նրա կենտրոնում հայտնված այս պայծառ եւ միստիկական մոլորակի տեղը հայ գրականության արեգակնային համակարգության մեջ. կասկած չկա, որ լինելով իր ժամանակի համաշխարհային գրականության զուգակշիռ երեւույթ («Ներաշխարհի» տեղը ես տեսնում եմ այնպիսի գլուխգործոցների կողքին, ինչպիսիք, ասենք, իրենից ավելի վաղ ասպարեզ եկած «Չարի ծաղիկները» կամ իրենից հետո հանդես եկած «Դուինյան էլեգիաներն են»). Ընդհանրապես Էջեր հարկավոր կլինեն թվարկելու այն հսկայածավալ աշխատանքը, որը տարիների ընթացքում կատարել է նվիրյալ գրականագետը եւ հրատարակիչը: Դրանք բոլորն էլ արված են բարձր մակարդակով: Սակայն ինձ համար երկու հրատարակություն թանկ են նաեւ մարդկային առումով. ես առաջին հերթին նկատի ունեմ վաղամեռիկ եւ անմոռանալի Ալբերտ Կոստանյանի «Բացարձակի որոնումը» հոդվածների եւ խոհագրությունների ժողովածուն («Սարգիս Խաչենց-Փրինտինֆո», 2004 թ.): Իբրեւ 70-ական թթ. գաղափարապես ամենածանր շրջանի ամենաանկախ մեր մտավորականներից մեկը` Ալբերտ Կոստանյանը միաժամանակ ամենաառեղծվածայիններից էր. բոլորը կարծում էին, թե նա զբաղված է բոհեմիկ-ճգնակեցականի իր առօրյայով: Քանի որ հազվադեպ էր տպագրվում (ասենք` չէր էլ տպագրվում), շատերը կարծում էին, թե չի աշխատում, ոչ ոք չէր կռահում այն ահռելի աշխատանքը, որը նա կատարում էր աչքից հեռու, միայն մի քանի մտերիմների գիտության սահմաններում: Ահա ծածուկ այդ աշխատանքի արդյունքն ավելի քան 800 էջանոց այս գիրքն է, որն իր եւ մեր ընկերոջ կերպարը կապում է գիտության եւ գեղագիտության ամենատարբեր հարցերին` հայ ժողովրդի ծագումնաբանության խնդիրներից մինչեւ իր ժամանակի մշակույթի, արվեստի եւ գրականության հիմնախնդիրները: Գրեթե 40 էջանոց առաջաբանում մեր առջեւ հառնում է Ալբերտ Կոստանյանի այն կերպարը, որը շատ նման է բոլոր ժամանակների իսկական հայ մտավորականի կերպարին. համեստ, չարքաշ, մեկուսի, աննշան, իրեն երեւան չհանող, իրեն աչք չկոխող, իրեն չպարտադրող, բայց խնդիրներն ու հիմնախնդիրներն իր ուսերին առնելու ատլանտյան պատրաստակամությամբ: - Մյուս գիրքը, որն ամենայն բարեխղճությամբ կազմվել եւ հրատարակվել է, Աբրահամ Ալիքյանի բանաստեղծությունների «Հեզ իրիկուն» ժողովածուն է (նույն հրատարակչությամբ, 2008 թ.): Երվանդ Տեր-Խաչատրյանի այս հրատարակությամբ առաջին անգամ ի մի է բերվում եւ համահավաք ներկայացվում է հետչարենցյան մեր բանաստեղծության ամենանուրբ, ամենախորունկ, միաժամանակ ամենաարվեստավոր բանաստեղծներից մեկը, ում մեր քննադատությունը շատ ճարպկորեն կարողացել է անտեսել երկու պատճառով. սփյուռքահայ այդ տաղանդավոր հեղինակի գաղափարական եւ գեղագիտական անկախության հետ շփվելու գլխացավանքից հեռու մնալու եւ, ապա, ամենակարեւորը, համաշխարհային պոեզիան այդքան հայերենի մեջ ներ-բերած եւ հայ բանաստեղծությունը եւ հայերենը համաշխարհային բանաստեղծության կշիռների մեջ այդքան ներ-տարած այս ունիկալ երեւույթը վերլուծելու եւ արժեքավորելու իր անկարողությունը թաքցնելու: Հայաստանյան կյանքի իր շրջանում բազմաթիվ ինտրիգների եւ բամբասանքների մեջ հայտնված այս բանաստեղծը եւ թարգմանիչը (դեռ լավ է, որ դրանք նրա կյանքը չարժեցան, ինչպես նրա գրչակից եղբայրը` Հայաստան ներգաղթած Անդրանիկ Թերզյանը անկասկած ոչ պատահականորեն պարզապես հայտնվեց ավտոմեքենայի անիվների տակ), ով կարողանում էր արեւելահայերենն ու արեւմտահայերենն այնպես սնել միմյանցով (ինչպես մեծ դերասան Վահրամ Փափազյանը), որ երբեմն չես էլ զանազանում նրանց սահմանները, 20-րդ դարի հետչարենցյան շրջանի մեր «նզովյալ բանաստեղծներից» է, ում ստեղծագործության գեղագիտական արժեքն ամենաբարձրերից է. ես նրան համարում եմ այն եզակի բանաստեղծներից, ովքեր Չարենցից հետո մեր բանաստեղծություն ներխուժած աշուղության միջավայրում վառ պահեց մեծ բանաստեղծի մահով հանգած մի ճրագ, ինչը կոչվում է արվեստ, գեղագիտություն, մշակույթ, եւ որտեղ իշխում են ոչ թե մերկ ու անօգնական կլկլոցները, այլ բանաստեղծության բաղադրիչները` լեզուն, ռիթմը, պատկերը, մետաֆորը... Երվանդ Տեր-Խաչատրյանն այս ամենը չէր կարողանա անել կամ այս որակով ու մակարդակով չէր անի, եթե ինքը չունենար այն որակներն ու մակարդակը, որոնք մեր ժամանակներում թեեւ ընդլայնում են անձնական դիստանցիաները, սակայն կրճատում են քո եւ քո գործի միջեւ եղած անհաղթահարելի անջրպետը: Միանգամից ասեմ. Երվանդ Տեր-Խաչատրյանը քաղցր, էլ չեմ ասում` քաղցր-մեղցր մարդ չէ, նրա հետ չես կարող թեյախմություն կազմակերպել: Ես ինչքան հասկացել եմ` նրա ամենամտերիմը նրա գործն է: Ինչպես բոլորս` նա նույնպես երբեմն տրտնջում է, թե ո՞ւմ համար է անում այդ գործը. ո՞ւմ համար այսօր դժվար չէ դոֆինի գալուստը կռահելը: Անգամ կարելի է ինքնախաբեության մեջ չընկնել եւ ասել` հնարավոր է, որ նա երբեք էլ չգա:- Բայց թե` մենք ում կանչում ենք` նա էլ գալիս է: Մենք գիտենք, որ անգամ անապատում են ձայն բարձրացնում: Եթե ոչ ոք չի գալիս` ուրեմն չի կանչվել: Երվանդ Տեր-Խաչատրյանը` անապատում այդ կանչողներից մեկը, գուցե դեռ երկար սպասի: Բայց մի՞թե կարեւորը դա է: Իր չքնաղ մատյանի վեցերորդ գլխում մի այլ դառը ժամանակի մասին Եղիշեն զարմանալի մի միտք է ասում. «Ամեն մարդ ինքն իր եկեղեցին էր եւ նույն ինքը քահանա»: Այսպիսի եկեղեցիության եւ այսպիսի քահանայության մեր այս ժամանակներում մենք զանգվածային ոչ մի երեւույթի սպասելու իրավունք չունենք: Միայն թե չպակասեն այն Հինգը, Մեկն ու Ոչմեկը, հանուն որոնց քաղաքների վրա հուր ու ծծումբ չի թափվում. սոդոմական մեղքի մեջ մեն-մենակ մնացած Ղովտը, Երիքովի անհատը, անհատականությունը, անվարձահատույց նվիրյալը, ինչպես հայ բանաստեղծն է ասում` «մի կում հաց ու ջրի» ճգնակյացը... Մենք մեր ժամանակների պատմությունից մի խորհրդանշական փաստ ենք հիշում, ինչից ծնվել է ամենայն հավանականությամբ Վիկտոր Շկլովսկու կողմից շրջանառության մեջ մտցված եւ իսկույն թեւավոր խոսք դառած «համբուրգյան հաշիվ» արտահայտությունը: Բանն այն է, որ երբ սպորտը, ինչպես եւ ամեն ինչ, սկսեց վերածվել թամաշայի, մարզիկները ամբոխին դուր գալու համար մարզասպարեզներում, կրկեսներում, հրապարակներում կամ տոնավաճառներում («սնափառության տոնավաճառներում») պարտվում կամ հաղթում էին հրամաններով եւ հրահանգներով` ամբոխին զվարճացնելու համար: Այդ ժամանակ իսկական մարզիկները պայմանավորվեցին տարին մի անգամ հավաքվել Համբուրգ քաղաքում եւ փակ դռների հետեւում, ամբոխի ու հանդիսականի զվարճական աչքից հեռու պարզել իսկականներին: Ովքե՞ր են համբուրգյան հաշվով մեր այսօրվա դոկտորներն ու ակադեմիկոսները` «այս է խնդիրը»: Այսօր, երբ բոլորը բարեհաճ են միմյանց հանդեպ, «ինչպես ավազահատիկներն են բարեհաճ ավազահատիկների հանդեպ»: Որքան էլ ավազահատիկային այս բարեհաճությունն իրեն կնքի «հանդուրժողականություն» բառով, միեւնույն է, այն չի թաքցնում բանի էությունը: Ինքը` Երվանդ Տեր-Խաչատրյանը, սխալի, անճշտության, էլ չասած` տգիտության եւ անպատասխանատվության հանդեպ ոչ բարեհաճ է, ոչ էլ հանդուրժող: Եվ եթե դուք նրա աշխատանքներում որոշ թերություններ եք նկատել եւ դա ձեր մեջ եք պահում, ապա նրան խնայելու եւ դա նրանից թաքցնելու ջանք մի թափեք. հանգիստ եղեք, ես կռահում եմ, որ այս անհանգիստ եւ խռովահույզ մարդն ինքը պատրաստվում է իր ամենախիստ բանավեճին եւ քննադատական անխնա մերկացումներին,- ես մի անգամ հենց իր բերանից եմ լսել իր դեմ ուղղված իր բանախոսության վերնագիրը` «Երվանդ Տեր-Խաչատրյանն ընդդեմ... Երվանդ Տեր-Խաչատրյանի»... |