«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՐՈՒՍՏ ԿԼԻՆԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԼՄԵՐՈՎ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնն օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ մի շարք ծրագրեր կիրականացնի: Անդրադառնալով ֆրանսիական կինոյին նշենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի եւս «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց, որ կինոփառատոնի ընթացքում կանցկացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը` Բենուա Ժակոյի «Աղախնի օրագիրը», Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ», Լյուսի Բորլըտոյի «Ֆիդելիո. Ալիսի ոդիսականը», Ալիքս Դըլապորտի «Մուրճի վերջին հարվածը», Էրիկ Շերիերի «Դաժանը», Էմանուել Մուռեի «Կապրիսը»: «Ոսկե ծիրան»-ը հիանալի հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային կինոարվեստի դրսեւորումներին: Ներկայացվում են տարբեր միջազգային փառատոներին ներկայացված եւ հաղթած ֆիլմեր: Ավելին, դեսպանն ընդգծեց, որ տարին շատ կարեւոր է, որովհետեւ Հայոց ցեղասպանության տարելիցն է, եւ փառատոնի ընթացքում էլ անդրադարձ է կատարվում նաեւ այդ թեմային: Փառատոնի շրջանակում կներկայացվի կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում զգալ մի ամբողջ ժողովրդի անցած աղետը, ընտանեկան ողբերգությունը: Կիրականացվի նաեւ «Գերմանակական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության եւ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Փյունիկ», Անդրեաս Դրեզենի «Երբ մենք երազում էինք», Բուրհան Քուրբանի «Մենք երիտասարդ ենք, մենքՙ ուժեղ», Զիլքո Էնդերսի «Շյոնեֆելդ բուլվարը», Դոմինիկ Գրաֆի «Սիրած քույրեր» ֆիլմերը: Գերմանական ֆիլմերի մեծ ընտրանի կա նաեւ փառատոնի մրցույթային ծրագրերում. հիմնական մրցույթում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մշակութային կցորդ Աննեմարի Կուլումանը նշեց, որ իրենք ուրախ են մասնակցելու փառատոնին, որին աջակցել են առաջին իսկ օրվանից: «Այս տարի կներկայացվի մոտ 20 գերմանական ֆիլմ: Գերմանական թեմաների լայն ընդգրկում ունեն այս ֆիլմերը: Իսկապես դժվար էր ընտրել, թե որ ֆիլմերն են ցուցադրվելու, մենք նույնպես չենք տեսել այդ ֆիլմերը»,- նշեց Աննեմարի Կուլումանը: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը կից գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինի խոսքովՙ «Ոսկե ծիրան»-ի ընթացքում Հայաստանը համաշխարհային կինոյի կենտրոն կդառնա. «Հայաստան են գալիս անվանի դերասաններ, ռեժիսորներ, կինոքննադատներ, որոնք ներկայացնելու են իրենց ֆիլմերը, վայելելու են Երեւանը եւ այս եղանակը: Մեզ համար շատ հաճելի է մասնակցել այս փառատոնին, գրեթե բոլոր անվանակարգերում ռուսական ֆիլմեր կան»: Փառատոնի մրցութային ֆիլմերից են Սերգեյ Պուսկերպալիսի «Քլինչը», Սերգեյ Դախինի «Անջատիչը», Սոֆյա Չերնիշովայի «Դարաշրջանի վերջը» եւ այլն: Անդրադառնալով լեհական կինոյի օրվան, նշենք, որ փառատոնին կհուրընկալվի լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զաննուսին: Լեհական ֆիլմերը միշտ էլ «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերում մեծ ընդգրկում են ունեցել: Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը: Փառատոնի ընթացքում կանցկացվի լեհական կինոյի օր, կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե արջ» մրցանակին արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը եւ այլն: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: |