RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-09 21:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 971, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄՇՏԱՊԵՍ ՆՈՐ ՈՒ ՆՈՐԱՑՎՈՂ ՀԱՅԱՑՔ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսըՙ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Արտո Չաքմաքչյանը ակնհայտորեն հուզված էր: Նրա խոսքի կարճ դադարներըՙ ձայնն իրեն չենթարկեցնելուց, ավելի թափանցիկ էին դարձնում այն բառերը, որոնք չկարողացավ արտաբերել: Դժվար չէր կռահել հուզմունքի տակ թաքնված չասված միտքը, ինչպես արդեն դժվար չէ կարդալ նուրբ ուրվագծերից այն կողմ նրա երեւակայական պատկերումները, անֆիգուր-անմարմին աշխարհի բարդ փոխակերպումները: Այդՙ միայն առաջին հայացքից պարզ թվացող ուրվագծերի մեջ մարդկային կյանքի, նրա ենթագիտակցական աշխարհի գաղտնիքներն այնպես խորն են թաքնված, եւ մանավանդ ցուցահանդեսային աղմուկից այնքան են հեռանում ու անմատչելի դառնում, որ դրանք զգալու համար մեկ այլ ժամանակի ու իրականության անհրաժեշտություն ես զգում...

Անցնող տասը տարիներին Արտո Չաքմաքչյանը գրեթե ամեն տարի Հայաստանում է, նրան գնահատողներն ու նրա արվեստը հասկացողները նեղ շրջանակում էին հաղորդակցվում իր հետ, որովհետեւ ստեղծագործությունների հանրային ցուցադրություն չէր լինում: Այս վերջին այցելության ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կազմակերպեց նրա քանդակների եւ գրաֆիկական գործերի ընտրանու ցուցադրություն («Վերածնունդ»): Բացումը տեղի ունեցավ անցած ուրբաթ, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

«Մենք իրավունք չունենք ետ մնալու արվեստի համաշխարհային զարգացումներից: Չեմ ասում, թե ես այդ բացը լրացրել եմ, բայց այդ ուղղությամբ եմ աշխատել, եւ որքան կարենամ, պիտի շարունակեմ: Իմ ներշնչումներն այստեղից, ձեզանից են, ես ուժ եմ ստանում այստեղից: Խոստանում եմ մյուս տարի կրկնապատիկը ցույց տալ: Պիտի աշխատեմ, որ դրանք պահպանվեն այստեղ, հնարավորության սահմաններում այստեղ պահպանվի իմ արվեստը»: Չաքմաքչյանի արվեստիՙ ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակ միասնության գաղափարական հիմնասկզբունքը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մշակութային քաղաքականությանը շատ հարիր է, եւ այս ցուցադրությունը ցանկալի եւ տեղին է հենց այստեղ:

Նյութի, ֆիզիկական աշխարհի դիմադրության շարժումներում արձանագործն ամեն անգամ նոր հայտնության է գնում, նոր դռներ բացումՙ մարդու ներաշխարհի բացահայտման: Դրսից դեպի ներս ուղղված նրա հայացքից այդ աշխարհի գույներն ակամա են անգամ քողազերծվում,- նյութի անցանկալի պարտադրանքը նա փոխակերպում է սիրո, ի սկզբանե աշխարհում դատապարտված մարդու հանդեպ հանդես բերելով անսովոր, թաքնված կարեկցանք, դա երեւում է քարի, մետաղի մեջ դրված զգացմունքի կուտակումներից: Իսկ երբ իրեն ես լսում, աչքերի, ձայնի մեջ թաքնված հուզմունքն է այս մասին խոսում, զգում ես արվեստագետի ներաշխարհի փխրուն հաղորդականությունը, դաժանությունից կոշտացած ու խեղված իրականությունից հեռու ու հեռացող ձայնը: Ամենանյութական արվեստիՙ արձանագործության մեջ սահմանների բացահայտ խախտումով նա սկզբից եւեթ հրաժարվեց տիրող մտայնություններից, նյութի պարտադրանքիցՙ դրա կարծրության մեջ փորձելով որսալ բնության շարժը, ձայների նախնական հոսքը, որով կարող էր վերացարկվել արտաքին պայմանականությունից, էությունը փնտրել երեւույթների ընդերքում: Ինքն ասում է, որ դրանքՙ այդ զգայությունները ամենուր են, օդի մեջ, մեր շուրջն են, եւ որ արվեստագետը դրանք տեսնելու ճիգ պիտի անի ընդամենը, տեսնելու կարողությունը ունենա, մատուցման նոր ու նորովի միջոցներըՙ արվեստի համար մշտապես փոփոխվող ձեւերը ենթարկելով ներքին բովանդակությանը, զգացական, մտածողական վիճակներին: Ֆիգուրային կաղապարից աբստրահանված այդ կերպարները պատկերում են մարդու ներսի այդ շարժերըՙ արվեստը ծառայեցնելով իրենՙ մարդուն, մարդու միջոցով մարդկայինի արտահայտությանը: Արդյոք այդ խախատումնե՞րը չեն պատճառը նրա արվեստի տարբեր մեկնաբանությունների, հաճախ անըմբռնողության, անցյալներումՙ բացահայտ մերժման, չընդունման երեւույթների անգամ. - Արտո Չաքմաքչյանը նորարարական ոգու արվեստագետ է, նրա հայացքը իր ժամանակից առաջ է, այսօր էլ արվեստի մեջ նա նորի հայտնության կողքին է, միայն թե այնպես, որ այդ դրսեւորումների մեջ առկա լինի մակերեսից այնկողմն ու այնկողմնայինը...

Նրա Նարեկացին լուռ մենախոսության մեջ է, լուռ խոկումների մեջ է եւ Կոմիտասը: Երկուսի պարագայում էլ արտաքին ձեւերի վերացարկումով ստեղծված է կերպարային խիստ տպավորիչ ու ազդեցիկ ներկայությունՙ խորքից ելնող աղոթքի, սուրբ երգեցողության զգացողությամբ, մարդկային կյանքի դրամատիզմի արտահայտումով, այն ինչ ապրեցին ազգային խորհրդանիշ դարձած մեր երկու մեծությունները:

Այս ցուցադրության մեջ իր ալբոմներից, կատալոգներից արդեն ծանոթ գրաֆիկական գործերից ու քանդակներից կանՙ «Երեք մատներ», «Ճիչը», «Քայլող մարդը» (հեղինակի եւ շատերիս ցանկությունըՙ Երեւանում այս քանդակն ունենալու, ցավոք, մնաց չիրագործված), կոմիտասյան մոտիվներով գծանկարների տպավորիչ շարք, «Մատյան ողբերգության» չաքմաքչյանական ինքնատիպ մեկնություններ: Իր եւ կնոջՙ Նաիրիի դիմանկարները ներդաշնորեն ձուլված են այս ընդհանուր տրամադրություններին:

Արտո Չաքմաքչյանը կերպարային ընտրության մեջ նույնքան սկզբունքային է, որքան կերպարաստեղծման հնարքների,- նրա հայացքը ուղղված է այն անձանց, ովքեր ծառայում են մտքին ու գաղափարին, ովքեր իրենց անհատական ձեռագրով հետք են թողնում ժամանակի մեջ, նրանց մեջ եւՙ Կոստան Զարյանը: Այդ առումով խորհրդանշական եղավ ցուցահանդեսի բացման վերջաբանը. Երվանդ Տեր-Խաչատրյանը նրան հանձնեց տպարանից նախորդ օրը ստացված Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» գրքի ազդօրինակային երկրորդ նմուշը («Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատ., աշխատասիրությամբ` Երվանդ Տեր-Խաչատրյանի), որտեղ զետեղված է Կ. Զարյանիՙ Չաքմաքչյանի 1968-ին արված դիմաքանդակը: Հետաքրքական էր գրականագետի անդրադարձը դիմանկարի ու դիմաքանդակի ժանրինՙ գրողին ու քանդակագործին արժեւորող խոսքով:

Նկար 1. Քանդակագործը ելույթի պահին

Նկար 2. Կոստան Զարյանի դիմաքանդակը, 1968թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ