RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016



«ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ»

Տեղադրվել է` 2016-05-26 21:22:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1756, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՎԵՐԱՊՐՈՒՄՆԵՐ ԳՈՒՅՆԻ ՄԵՋ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Անատոլի Գրիգորյանի հոբելյանական ցուցահանդեսը

Անկասկածՙ «Ֆիզիկական գույնից հոգին վերապրում է ոչ միայն զգայական տպավորություն, այլեւ ունենում է հոգեկան ապրում» (Ռուդոլֆ Շտայներ): Պատահական չէ, որ մարդկանց աուրան չափվում է գույնով... ուրեմն գույնը մեկնաբանություն է, ու դրա առաջին զգայողը նկարիչն է: Որքան անկեղծ է գույնը, այնքան ազդեցությունը տեւական ու խորն է (ինձ համար այդպիսին է Վան Գոգը, նրա գույնը իր հոգեկան անչափելի հարստության պատկերն է):

Գույնը բերկրանքի զգացողություն է առաջացնում, մի արտասովոր երեւույթ, որ ոչ միայն փոխում է աշխարհը, այլեւ առաջացնում է ապրումի նոր որակՙ թեեւ շատ սովորական դարձած աչքի համար, սակայն պատկերացնենք աշխարհըՙ անգույն ու համեմատենք այն աշխարհի հետ, որ ամեն օր բացվում է մեր աչքերին... Գույնը իմիտացիա չէ լույսի խաղային հնարքիՙ ո՛չ բնության մեջ, ո՛չ էլ արվեստում... երբ այն իրապես վերածվում է հոգեկան վերապրումի, երբ նկարը նայելուց հետո, ասենք դեղինը, դառնում է ներսիդ «մշտական բնակիչ», մտերիմ ուղեկից...

Նկարչության մեջ առաջինը, որ դիպչում է աչքիդ, երեւի գույնն է, գույնի մեկնաբանությունը: Անատոլի Գրիգորյանը գունանկարչության վարպետ է, նրա գույնը հենց այդպիսին էՙ սրտին դիպչող: Վառ, հյութեղ, երբեմն թանձր, թույլ կուտակումներով, հաճախ իրար «չհանդուրժող գույների» համադրումներով, ինչը թույլ է տալիս կտավն ընթերցել ավելի ազատՙ ըստ տվյալ պահի մտքի ու զգացողության ընթացքի: Նրա գույները մի առանձնակի փայլ ու շքեղություն են հաղորդում կտավին, դարձնում կենսախինդ, ինչպես Արամ Իսաբեկյանն է ասում, նույնիսկ այն գործերում, որոնց մոտիվացիաները, առիթը դառնությունը կամ հուսահատությունն են, դարձյալ ուրախ նոտաներ կան...

Նկարչությունը նա համարում է հիվանդություն, ասում էՙ լավ հիվանդություն, բայց եթե գույնը թերապիայի միջոցներից մեկն է, ուրեմն դա ոչ թե հիվանդություն, այլ բուժման ձեւ է, հնարավորություն:

Երկար տարիներ ահա Անատոլի Գրիգորյանը հայ գեղանկարչական դաշտը հարստացնում է ոչ միայն գույնի կենսախնդությամբ, այլեւ գեղարվեստական իր ընդհանուր մտածողությամբ, կտավի հետ ունեցած ինքնատիպ մտերմությամբ. «Սա է, մենք ուրիշ բան չենք կարող անել»,- անկեղծ ասում է: Այսինքն, նկարչությունը անընդհատաբար է նրա ներսում, անտրոհելի է, թե՛ արվեստանոցում, թե՛ դրանից դուրս. էություն է, կենսակերպ: Աշխարհի ձեւերը նա տեսնում էՙ մտապատկերում նախեւառաջ վերածելով կերպարի, կտավի առաջ դրանք վերամարմնավորվում, վերակերպավորվում ենՙ փոխում ձեւեր ու բովանդակություն: Նա միտումնավոր չի դեֆորմացնում դեմքեր ու դիմագծեր, նա արձանագրում է ներքին զգայական վիճակներՙ մարդկային էության, բնավորության խտացում- ընդհանրացումների: Այդ պատճառով նրա սպասումը մի քիչ տարբեր է, սերըՙ ավելի հակված գունափոխության...

Կտավին ծավալվող գործողությունների մեջ, սյուժետիկ անցումներում երբեմն մուտք են գործում անցյալի ստվերներ, հիշողության պատառիկներ, բայց ավելի հաճախՙ այլ մշակույթների, այլ ժամանակների բեկորներՙ հարազատացած վիճակներ ու ազդեցություններ, եվրոպական միջնադարից եկող ձայներ, կերպարներ, դիմարտահայտություններ:

Պատումի պես մի բան կա նրա նկարչության մեջ, սյուժետիկ բնորոշ շարժում, կերպարները գործողության մեջ դնելու միտում: Այս ամենը կտավներին հաղորդում է թատերայնություն, բեմական շուք, կերպարին կենդանություն տալիս, ընկալելի դարձնում տվյալ միջավայրի, վիճակի յուրահատկության մեջ: Գուցե հենց սա է պատճառը, որ նկարը իր համար չի ավարտվում, որովհետեւ շարժումը անընդհատ է, կյանքն անավարտ է... Գույնի, շարժումի այս խաղը տոնականության զգացողություն է առաջացնում, ակնհայտորեն փոխանցում լավատեսական լիցքեր, իրականությունը դարձնում ցանկալի մի վայրՙ ժամանակային ու միջավայրային, դիտումը սարքելով վայելք: Պահի, վայրի, տպավորության որոշակի արձանագրումի մեջ անգամ այս զգացողությունըՙ ժամանակային հոսքի, առկա է, ինչպես ահա տեսնում ենք Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված նրա հոբելյանական ցուցահանդեսի մի շարք աշխատանքներումՙ «Սպասում», «Ծաղիկներ», «Այգում»: Եվ կամՙ «Լոգանքը». թվում է կյանքային մի պահՙ առօրեական արարողության. կտավին հոսող դեղինը, սակայն, երանելիության, հաճույքի զգացողություն է բերում - կնոջ առանձնացման պահի ինտիմ մի խորհուրդ: (Ակամայից հիշում ես Դանիել Վարուժանի «Արեւելյան բաղնիք» բանաստեղծությունը,- պատկերի ինչպիսի՜ գեղեցկություն, տաք շնչառության ու գույնի բերկրանք...):

Ավելի քան 25 տարի Անատոլի Գրիգորյանը աշխատում է ուսանողների հետ, Գեղարվեստի պետական ակադեմիայում, նրանց փոխանցում ոչ միայն փորձ ու հմտությունՙ նկարչության տեխնիկական հնարքների ու միջոցների, այլեւՙ աշխարհը նկարչորեն տեսնելու գաղտնիք , սեր այս արվեստի հանդեպ, որն իր աշխատանքի ներքին շարժումն է, կենսախնդության գաղտնիքը, ինչը եւ հնարավորություն է տալիս 75-ամյա տարիքում էլ շարունակել նկարել երիտասարդական ավյունով: Ցուցասրահը լեցուն էր անկեղծ ջերմությամբ, մտերմիկ մաղթանքներով:

«Մտքի ու հոգու ճանապարհ ենք անցել, Անատոլի Գրիգորյանը մեր առօրյա, գորշ կյանքի մեջ հարստություն է», - ասում է Ռազմիկ Դավոյանը : «Ուրույն գեղարվեստական մտածելակերպով, աշխարհը ստեղծագործաբար զգացող նկարիչ», բնութագրում են կոլեգաներըՙ Փարավոն Միրզոյանը, Հաղթանակ Շահումյանը : «Անշփոթելի ձեռագրի ու ոճի կենսախինդ նկարչություն, սիրված, ճանաչված արվեստագետ, իրավամբ գնահատված»,- համոզված է Արամ Իսաբեկյանը:

«Նկարիչ, որի վրձինը որքան ժամանակից դուրսՙ իր ներքին աշխարհում, երեւեկայության մեջ է, նույնքանՙ ժամանակի զարկերակի վրա», - կարծում է Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը ու փոխանցում խորհրդանշական նվերՙ ժամացույց: Երկար տարիներ Անատոլի Գրիգորյանը եղել է արվեստի այդ կրթօջախի պետական որակավորման հանձնաժողովի նախագահը եւ եղել այն քչերից, ովքեր սերունդների մեջ կամուրջ են ձեւավորում, որով հավասարապես սիրելի է դարձել ոչ միայն կոլեգաներին, նաեւ ուսանողներին:

Մի հաղորդման մեջ, երբ նրան հարցրին, թե ուրիշ էլ ինչ կուզենար անել, ասաց. «Բարության դաս կներմուծեի ուսումնական ծրագրեր եւ կդարձնեի հիմնական առարկա»...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ