«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ԾՆՈՒՆԴԸ Նաիր ՅԱՆ Դեռ սովետական տարիներից իշխանությունները պատրաստվելիս են եղել հանրությանը ներկայացնել պատմամշակութային մի կոթող, որտեղ ժամանակի հայտնի արվեստագետները եւս պետք է իրենց հետքն ու ձեռագիրը թողնեին: Ճարտարապետական ժամանակակից լուծումներով ու արտահայտչամիջոցներով աչքի ընկնող կոթող պետք է լիներ Կասկադը: 1980-ականներին, երբ այն կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը համալիրի սրահներից մեկը ձեւավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, որն էլ հանձն է առել Կասկադի սրահներից մեկի պատը ձեւավորել: Նա ընտրել է Հակոբ Կոջոյանիՙ 1922 թվականին արված գրաֆիկական հայտնի աշխատանքներից մեկըՙ «Սասունցի Դավիթը». այն տասնհինգ անգամ մեծացնելովՙ քանդակագործն ստացել է 7x 9,2 մ. մոնումենտալ որմնաքանդակը, որի վրա աշխատել է չորս տարիՙ 1984-88 թթ.: Որմնաքանդակի կենտրոնում մեր ազգային էպոսի գլխավոր կերպարըՙ Սասունցի Դավիթը սրընթաց գրոհում էՙ Քուռկիկ Ջալալուն հեծած, Թուր Կեծակինՙ ձեռքին: Գլխավոր թեման շրջանակում են թվով երեսուն մանր դրվագներ, որոնք պատկերում են Սասունցի Դավթի ծնունդը, նրա առաջին որսը, գառնարածությունը, Մսրա Մելիքի հետ կռվի կարեւոր դրվագները: Յուրաքանչյուր պատկերում մեջբերված են տողերՙ էպոսից: Որմնաքանդակը երիզում են բնապատկերներ, Մարութա վանքը, ամրոցի պարիսպները: Հակոբ Կոջոյանի փոքրածավալ ջրաներկ ստեղծագործությունն (47x59 մմ) Արտաշես Հովսեփյանը ոչ թե կրկնօրինակել, այլ փորձել է կոթողային շունչ ու ոգի հաղորդելովՙ ստանալ մեր էպոսի էպիկական հնչեղությունը, ուժն ու ազդեցությունը: Սակայն աշխատանքը կիսատ է մնացել. վրա են հասել երկրաշարժը, այնուհետեւՙ արցախյան պատերազմը, Սովետական Միության փլուզումը: Կասկադի մեկ այլ սրահ ձեւավորել է Գրիգոր Խանջյանը: Եռամաս որմնանկարի վրա, որի առանձին հատվածները կոչվում են «Վարդանանք», «Հայոց այբուբեն» ու «Վերածնունդ», Վարպետն աշխատել է տասնհինգ տարիՙ մինչեւ մահ: Սակայն վերջինՙ «Վերածնունդ» հատվածը չի հասցրել ավարտել: Մութ ու ցուրտ տարիներին նա ստիպված էր աշխատել միայն ամռանը, քանի որ տարվա մյուս եղանակներին սրահում ցուրտ էր, ջեռուցում չկար: Որմնանկարի գլխին մի ուրիշ փորձանք էլ եկավ: Ինչ-որ արկածախնդիրներ մտել են սրահ, այրել նկարի մոմլաթե թաղանթը, որը սոսնձի պես կպել է պատին, ու երբ ստիպված են եղել այն մաքրելու համար քերել, որմնանկարը վնասվել է: Խանջյանի մոնումենտալ ստեղծագործությունը հետագայում շարունակել ու փորձել է ավարտին հասցնել Հենրիկ Մամյանը: Ի դեպ, Կասկադի շինարարությունը Կրեմլը մերժել էՙ պատճառաբանելով, թե շատ թանկ նախագիծ է: Որպեսզի իր վերադաս իշխանություններին համոզի Կասկադը կառուցել ու ավարտին հասցնել, Կարեն Դեմիրճյանն իր մոտ է կանչել Գրիգոր Խանջյանին ու Արտաշես Հովսեփյանինՙ նրանց հորդորելով պայմանագրում գրել, որ իրենց աշխատանքի համար վարձատրություն չեն պահանջում եւ մոնումենտալ ստեղծագործությունները նվիրում են համալիրին: Կարեն Դեմիրճյանն արվեստագետներին խոստացել է թղթաբանությունից դուրս անպայման վարձահատույց լինել նրանց: Սակայն կիսատ է մնացել ե՛ւ Կասկադի շինարարությունը, ե՛ւ պայմանավորվածությունը: Սովետական պետությունն Արտաշես Հովսեփյանին պարտք է մնացել 166.000 ռուբլի, «Սասունցի Դավիթ» որմնաքանդակն էլ մնացել է անավարտ: Անկախությունից հետո, երբ Ջերարդ Գաֆէսճեանը դարձավ Կասկադի սեփականատերը եւ հանձն առավ համալիրի շինարարությունը, «Սասունցի Դավիթ» սրահը չմտավ պայմանագրի մեջ: Եվ միայն 2016-ի մայիսին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավարները հայտարարեցին, որ այցելուներն այսուհետեւ կարող են անվճար դիտել Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» կոթողային ստեղծագործությունը: Փաստորեն, երեսուն տարի անց միայն «բացահայտվեց» այդ որմնաքանդակը, որը տեւական ժամանակ մեր կողքին էր, բայցՙ անհասանելի ու անտեսանելի: «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի «բացահայտումը» նվիրվում է Արտաշես Հովսեփյանի ծննդյան 85 ամյակին: Գաֆէսճյան արվեստի կենտրոնի ղեկավարները արվեստագետին հրավիրել էին իր իսկ ստեղծագործության բացմանը: Արտաշես Հովսեփյանը վատառողջ է, տեսողությունից գրեթե զրկված: Սակայն նա եկել էր «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացմանը: Ոչինչ չասաց, միայն ձեռքերով շոշափոց քարը, նվազ տեսնող աչքերով փորձեց ընդգրկել տարիների վաստակը, հասցրածն ու չհասցրածը, քթի տակ ինչ-որ բառեր մրմնջաց, բայց բարձրաձայն ոչինչ չասաց: Ներկաները ցանկություն հայտնեցին, որ կիսատ մնացած որմնաքանդակը որեւէ քանդակագործ շարունակի, սակայն հստակ որոշում դեռեւս կայացված չէ: Գաֆէսճյան արվեստի կենտրոնում այսուհետեւ պաշտոնապես կգործի «Սասունցի Դավիթ» սրահը, որը, փաստորեն, նախկինում էլ կար, այնտեղ բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ են կազմակերպվել, սակայն որմնաքանդակը երբեւէ չի ցուցադրվել ու ներկայացվել հանրությանը: Արտաշես Հովսեփյանն այժմ ի վիճակի չէ շարունակել իր ստեղծագործությունը, թեեւ ոչ հեռավոր անցյալում նա կարող էր դա անել, առողջությունն ու տեսողությունը թույլ կտային: Ո՞վ կշարունակի կիսատ մնացած աշխատանքը եւ արդյո՞ք նման մտադրություն գոյություն ունի, դեռեւս հայտնի չէ: Չգրված օրենքով, թե՞ նախախնամության կամոք, Գրիգոր Խանջյանի ու Արտաշես Հովսեփյանի մոմումենտալ ստեղծագործություններն անավարտ են մնացել: Սերունդներին են փոխանցվել ոչ միայն արվեստի կոթողային գործեր, այլեւ առեղծվածային, խորհրդավոր դիպվածներով լի պատմություններՙ մեկ անգամ եւս մեզ համոզելով, որ ստեղծագործությունները եւս ունեն ոչ պատահական ծնունդ ու ճակատագիր: |