ՆՈՒԲԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ Հ. Ծ. Գլոուստրում (Մասաչուսեթս) բնակվող Նուբար Ալեքսանյանի համար կյանքը ստեղծագործելու հնարավորություն է: Կա՛մ պետք է ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանի, կա՛մ լուսանկարչական ալբոմ հրատարակի: Վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նա զբաղված է եղել ե՛ւ մեկով, ե՛ւ մյուսով: Լույս է ընծայել 113 էջանոց եւ 66 խոսուն, սեւ ու սպիտակ լուսանկարների «Գլոուստր: Երբ ձկներն առաջինը հայտնվեցին» ալբոմը, որտեղ ձկնորսների առօրյա կյանքն է պատկերված իրենց վճռականությամբ եւ հարատեւությամբ: Նա առափնյա այդ շրջաններում լուսանկարներ է առել սկսած 1971 թվից: Գրքի վաճառքից ստացված գումարի մի մասը նախատեսել է նվիրել «Նորթիսթ Սիֆուդ Կոալիշն» հիմնարկությանը: Մյուս կողմից իր դստերՙ Էբբիի հետ արդեն տասը տարի է, ինչ Նուբար Ալեքսանյանը աշխատում է «Լռության սպիները: Երեք սերունդ ցեղասպանությունից հետո» ֆիլմի վրա: Այդ ընթացքում որոշ ճշտումներ կատարելու համար նրանք մի քանի անգամ այցելել են պատմական Հայաստան: Ֆինանսավորումը նույնպես խնդիր է եղել, բայց դա հետ չի պահել նրանց իրենց գործը ավարտին հասցնելու համար: Հույս ունեն մոնտաժումը սկսել նոյեմբերին, իսկ ֆիլմը պատրաստ կլինի հավանաբար 2017-ի հունիսին: Ալեքսանյանը արդեն 38 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ եւ աշխատակցել է «Լայֆ», «Նյուզուիք», «Թայմ» եւ «Նեշընլ Ջեոգրաֆիք» պարբերականների հետ, շրջագայելով ավելի քան 40 երկրներում: Հեղինակ է հինգ գրքերի: Դուստրըՙ Էբբին, «Վասար քոլեջի» շրջանավարտ է: «Ես նոր եմ սկսել հասկանալ իմ ընտանիքի պատմությունը: Վերոնշյալ լիամետրաժ վավերագրական ֆիլմը այն մասին է, թե ինչպես լռությունը ընտանիքում եւ Թուրքիայի ժխտումը ազդում են երրորդ սերնդի ներկայացուցիչների վրա», նշել է Էբբին: |