RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-05-26 21:22:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2026, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՆ Է»

Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ, «Օրեր», 2014

Հենց այն օրերին, երբ ողջ Հայաստանը, նաեւ հայությունը սեւեռված էին «Եվրոտեսիլ» կոչված քաղաքահեռուստատեսային մեծ շոուի, հատկապես նրա հայ մասնակցի վրա, Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, մայիսի 15-ին տեղի էր ունենում մրցանակաբաշխության հանդիսավոր մի արարողություն, որի արվեստային հետագիծը շատ ավելի մնայուն է լինելու եւ անհամեմատ ավելի կարեւոր. Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանն ստանում էր Միջազգային օպերային մրցանակ (The International opera Awards), որը դասական արվեստի բնագավառում ամենակարեւոր մրցանակներից մեկն էՙ համազոր «Օսկարի»: «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում, մրցակից ունենալով ռուսաստանցի հայտնի սոպրանոներ Եկատերինա Բականովային եւ մանավանդ Աիդա Գարիֆուլինային, ինչպես նաեւ ՀԱՀ-ից Գոլդս Շուլցին, Նոզուկս Մեմոնին եւ ԱՄՆ-ից Նադին Սիերային:

Այս կապակցությամբ, ավելի մոտիկից ճանաչելու համար մեր մրցանակակիր երգչուհունՙ ստորեւ վերատպում ենք 2014 թ.ին Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը նրա հետՙ երգչուհու կենսագրության մասին որոշ տվյալներով:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչներիՙ Գեղամ Գրիգորյանի եւ Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

1999-ին ավարտել է Լիտվայի երաշտության եւ թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաեւ ֆրանսիական Նիսում: Երկու անգամ լիտվական «Ոսկե խաչի» է արժանացել 2005 եւ 2010 թվականներին, 2010-ին նաեւ Ճանաչվել է «Տարվա ստեղծագործող»: Մեծ ճանաչում է նրան բերել Վիոլետայի դերերգը «Տրավիատա» օպերայից, որը նա կատարել է 2005-ին Վիլնյուսի օպերայում: Նույնը կատարել է նաեւ Երեւանում եւ Ռիգայում: Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, հանդես գալով Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան եւ Լիուի դերերումՙ «Օթելլո», «Քնած թագուհին», «Տրավիատա», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոթ» ներկայացումներում: Լիտվայում եւ արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, լարային քառյակի հետ ու կամերային նվագախմբի հետ: 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնում: 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում: 2014-ին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում եւ Գենտում, տարբեր ներկայացումներովՙ Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում եւ Մյունխենում, իսկ 2015-ինՙ Բեռլինի կոմեդիայի թատրոնումՙ Komische Oper-ում եւ Վիսբադենում: Չայկովսկու «Չարոդեյկայ»ի եւ Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» դերակատարումներով հանդես է եկել Վիեննայի եւ Շվեդիայի օպերաներում:

«Հայրս այդպիսի երազանք ուներ, որ ես էլ երաժիշտ դառնամ, ուստի մանկուց ինձ դաշնամուրի տվեց,- պատմում է Հասմիկը:- Ծնողներս բաժանվեցին, երբ ես ընդամենը 1,5 տարեկան էի: Այնպես որ նրանց միասին չեմ հիշում, բայց միշտ երկուսն էլ իմ կողքին են եղել եւ ամեն մեկն իր ձեւով դաստիարակել է: Ես նույնիսկ ամբողջ կյանքում երկու անուն եմ ունեցել, հայրս ասում էր Հասմիկ, մայրսՙ Աստա: Ես էլ որդի ունեմ, ում անունը Նոյ է: Ցավոք, ես էլ եմ բաժանվել, բայց նախկին ամուսնուս հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ անում ենք հնարավորը մեր տղային տալու ամենալավը: Ամենամեծ դաստիարակությունը սերն է»:

- Դուք ծնվել եք հայ-լիտվական ընտանիքում: Բայց կարողացել եք ապրելով Լիտվայում խոսել հայերեն: Ինչպե՞ս է հաջողվել:

- Այդ հարցում ամբողջովին խոնարհվում եմ հորս առջեւ. ես որեւէ տեղ հայերեն չեմ սովորել, դրա համար չեմ կարողանում կարդալ, բայց ուրախ եմ, որ գոնե երբեմն դժվարությամբ, բայց կարողանում եմ հայերեն խոսել:

- Ի՞նչն է Ձեզ մոտ հայկական եւ ինչըՙ լիտվական:

- Ինձ թվում է, իբրեւ անհատ ես ավելի հայ եմ, քան լիտվուհի, թեեւ դաստիարակվել եմ Լիտվայում: Սիրում եմ հայկական ջերմությունը եւ լիտվական սիմվոլիզմը: Լիտվան ինձ է սիրում, ես էլ իրեն: Ես այստեղ եմ ծնվել, հասակ առել: Հայկական համայնքի հետ գրեթե կապ չեմ պահպանում, համենայնդեպս այնքան, որքան որ ցանկալի լիներ: Բայց պետք է նշեմ, որ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանը իմ ամենածանր պահերին ինձ աջակցել է:

- Ինչպե՞ս է հաջողվել պահպանել ձեր հայկական ինքնությունը:

- Հարգանք իմ նախնիների նկատմամբ, ինքսՙ իմ նկատմամբ, սեր իմ երկրի, օդի ու հողի նկատմամբ:

- Կարծեմ սովորել եք նաեւ Իտալիայում:

- Իտալիայում ես ուսանել եմ մեկ տարի: Ես լավ երաժշտական կրթություն եմ ստացել: 5 տարեկանից դաշնամուր եմ նվագում, ունեմ երգչախմբի դիրիժորի մասնագիտություն, 17 տարեկանից սկսել եմ նաեւ երգել: Այն, որ տարբեր երկրներում եմ հանդես գալիս, դա մեր աշխատանքին բնորոշ է: Իմ երգացանկում կան եւ ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական, անգամ չեխական երգեր: Ես շատ եմ սիրում Դվորժակին: Իմ լավագույն դերերից մեկը համարում եմ Ռուսալկան (Ջրահարսը): Երեւանում շատ հաճախ ելույթներ չեմ ունենում, բայց այնտեղ մի քանի անգամ «Անուշ» եմ երգել եւ «Տրավիատա»:

- Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

- Կախված է, թե ով է քննադատում: Որոշ մարդկանց կարծիքը շատ կարեւոր է, մյուսներինըՙ ավելի քիչ: Բայց ես սիրում եմ քննադատությունը եւ միշտ ուշադրություն եմ դարձնում դիտողություններին: Բայց դա իմ անձնականն է: Երբեմն քննադատությունը կարող է վնասել, նույնիսկ սպանել:

- Ի՞նչն է ձեզ համար կարեւորը կյանքում:

- Աշխատանքը, ընտանիքը, եւ շատ այլ բաներ, որր կոչվում է կյանք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ