RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 24-06-2016



Տեղադրվել է` 2016-06-23 21:59:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1335, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՏՔՈՎ: ՀԱՅԿԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Այս խորագրի ներքո, Լոս Անջելեսում հասակ առած եւ հետագայում հետազոտող-լրագրող դարձած Դոուն Անահիտ ՄակՔինը (Dawn Anahid MacKeen) վերջերս իր պապիՙ Ստեփան Միսքեճյանի (մահացած 1974-ին) հուշերը օգտագործելով մի գիրք է հրատարակել, որն արժանացել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրիՙ Ալին Գրիգորյանի ուշադրությանը, իսկ աշխատակիցներից Արամ Արքունը գրախոսել է այն, շեշտելով հատկապես այն փաստը, որ Դոունը չբավարարվելով միայն օրագրային նյութերով, որոշել է անձամբ կտրել-անցնել իր պապի տարագրության ճանապարհըՙ սկսած նրա ծննդավայր Ադաբազարից մինչեւ Սիրիայի անապատները, ընդհուպ Դեր Զոր, որի մոտերքում նա հաջողացրել է հանդիպել իր պապին փրկած արաբ շեյխիՙ Մահմուդ էլ-Աեքլե-ի (մահացած մոտ 70 տարեկանին 1930-ական թվերին) հետնորդներին եւ հայտնել իր երախտագիտությունը: Գիրքըՙ «A Hundred-year Walk: An Armenian Odyssey» (հրատարակությունՙ Houghton Miqqlin Harcourt-ի, 2016 թ.), ըստ գրախոսի, կարդացվում է արկածային վեպի հետաքրքրությամբ, եւ կարեւոր ներդրում է ցեղասպանագիտության ասպարեզում:

«Մինչեւ 1919-20 թվականները պապս շատ ծանր հետ-տրավմատիկ սթրեսի (PTSD) խանգարումներ է ունեցել, անընդհատ կրկնելով իր դստերՙ Անահիտին (Դոունի մայրը), որ հաջորդ տարի մահանալու է», նշել է Դոունը Ալին Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: «Սարսափի տեսարանները, զրկանքը, ծարավն ու սովը իրենց անջնջելի հետքն էին թողել, բայց նա հետագայում կարողացավ ուժ գտնել եւ պատմել այդ բոլորի մասին: Ես պարզապես պարտավոր էի փոխանցել աշխարհին նրա ոդիսականը»:

Բայց դա հեշտ գործ չի եղել: Նախ Դոունը հայերենին չի տիրապետել: Հայրը շոտլանդացի է: Երկրորդՙ օրագրում բացթողումներ եւ հարցականներ շատ են եղել: Բայց նա վճռականությամբ հաղթահարել է դժվարություններըՙ գործի լծելով Մ. Նահանգներում, Ֆրանսիայում եւ այլուր գտնվող ազգականներին, որպեսզի իրենց հիշողություններով ամբողջացնեն պապի պատմությունը: Հետազոտող-լրագրողի մասնագիտությունը մեծապես օգնել է նրան: Այցելել է բազմաթիվ եվրոպական գրադարաններ:

Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ արվարձանում հասակ առած Դոունը բակալավրի աստիճանը ստացել է Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանից, իսկ մագիստրոսի աստիճանըՙ Նորթվեստերն համալսարանից: Աշխատակցել է մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք են «Սալոնը», «Նյուզդեյը» եւ «Սմարթմանին»:

«Չափազանց հուզիչ էր այդ բարեգութ Շեյխի հարազատներին հանդիպելը: Բացի անցյալի հուշերից հուզիչ էր նաեւ այն առումով, որ այդ մարդիկ հիմա ապրում էին պապիս տառապանքները ընթացիկ պատերազմի հետեւանքում: Դրանով էր նաեւ պայմանավորված գրքիս վերնագրի ընտրությունը: Դա կոչ է աշխարհին վերջ տալու այդ ասպնջենական երկրի ժողովրդի ներկա վիճակին եւ խաղաղության հաստատմանը», բացատրել է Դոունը Ալին Գրիգորյանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ