ՆԱՀԱՏԱԿՎԱԾ 13 ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆ «The Martyred Armenian Writers: 1915-1922» (Նահատակված հայ գրողները: 1915-1922) խորագրով Նյու Յորքում լույս է տեսել ճանաչված գրող, դրամատուրգ, գրաքննադատ, թատերագետ, հմուտ թարգմանիչ, նաեւ դերասան եւ բեմադրիչՙ դոկտ. Հրանտ Մ. Մարգարյանի հերթական գիրքը, որը մամուլի գնահատականներով բնութագրվել է «բարձրորակ», «առանձնահատուկ» եւ «սքանչելի»: Եվ իրոք, «Լիբրա-6 պրոդակշնզ» մշակութային հրատարակչատան լույս ընծայած անգլերեն թարգմանությունների այս ժողովածուն բարձր ճաշակով ու թարգմանչական արվեստի գերազանց մատուցմամբ, 245 էջից բաղկացած հիանալի մի հատոր է բաժանված երեք հիմնական մասերի, որոնցից առաջինում ներկայացված են հայկական ինքնության պատմական նախադրյալները եւ հայ ազգի գոյության կարեւորագույն ազդակներըՙ լեզու, գրականություն, կրոն, ճարտարապետություն եւ մշակույթ: Այստեղ զետեղված է նաեւ 19-րդ դարում Օսմանյան Թուրքիայում եւ Ցարական Ռուսաստանում արեւմտահայերեն գրականության զարգացման մասին հակիրճ ակնարկ: Երկրորդումՙ Հայոց ցեղասպանության մասին քաղաքական, պատմական եւ վերապրողական բնույթի տեղեկություններ են բերված, ներառյալ Գրիգորիս ծ. վրդ. Բալաքյանի «Հայ Գողգոթան» հուշագրությունից դեպքերի ժամանակագրությունն ու Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի եւ Ինտրայի նահատակությունների նկարագրությունները գրված ականատեսներՙ առաջին երկուսի դեպքում Միքայել Շամտանճյանի, իսկ երրորդի դեպքումՙ Օհան Պետիկյանի կողմից: Հատորի երրորդ հիմնական մասում օտար ընթերցողին է մատուցվում 13 նահատակված հայ գրողների կենսագրություններն ու նրանց ստեղծագործություններից պատառիկներ: Այստեղ ընդգրկված են գրողներ Հրանտը, Թլկատինցին, Գրիգոր Զոհրապը, Սմբատ Բյուրատը, Երուխանը, Արտաշես Հարությունյանը, Ռուբեն Զարդարյանը, Ինտրան, Սիամանթոն, Գեղամ Բարսեղյանը, Դանիել Վարուժանը, Տիգրան Չյոկյուրյանը եւ Ռուբեն Սեւակը: Վերջում օգտագործված գրականության ցանկն է, դոկտ. Մարգարյանի կենսագրական գծերը եւ ստեղծագործությունները: Այնուհետեւ գրքի բովանդակությունն ու Մարգարյանի չափազանց հուզիչ եւ զգայուն վերջաբանըՙ բանաստեղծության տեսքով եւ «Վառված մոմը» խորագրով, որտեղ տաղաչափական գերազանց ռիթմով եւ բառերի բծախնդիր ընտրությամբ նա գրում է, որ վառված մի հատիկ մոմը գուցե բավարար չլինի ցրելու մթությունը, ողբալու հարազատների կորուստը կամ բարձրաձայնելու կորսված արդարության մասին, սակայն այն քո հոգում վառ պահելով կարող է վերածվել անսահման արեւի, որը կենդանություն կտա մեր ահել թե ջահել նահատակներին: «Այնպես որ մի մոմ վառիր ինձ ու քեզ համար», պատգամում է նա: Հրանտ Մարգարյանը բակալավրի, մագիստրոսի եւ դոկտորի գիտական աստիճաններ է ստացել քիմիայի, իսկ մագիստրոսի աստիճանՙ տեխնոլոգիաների կառավարման բնագավառներում: Բացի այդ նա սցենարիստական եւ ռեժիսորական դասընթացների է հետեւել «Շրեյբր ստուդիայում» եւ Նյու Յորքի համալսարանի արվեստի «Թիշ» քոլեջում: Ծնվել է Բասրայում (Իրաք): Առաջին բանաստեղծությունը «Գոյամարտ» շաբաթաթերթում (Բաղդադ) լույս է տեսել 1957-ին, իսկ բեմադրողական առաջնաելույթը կատարել է 1958-ինՙ դարձյալ Բաղդադում: Գրել է թատերագություններ («Վարդանանք», «Սողոմոն Թեհլիրեան», «Փոթորիկ գաւաթի մը մէջ», «Աղօթքիս մի խառնուիր», «Մեռնիլ չգիտցող անցեալը», «Աստուածները բոպիկ են» եւ այլն), բանաստեղծությունների եւ ճանապարհորդական նոթերի մեկական գիրք: Հեղինակ է 13 հատորների: Բեմադրել է 53 պիես եւ դերեր է ստանձնել ավելի քան 50 ներկայացումներում: Մարգարյանը հիմնել է Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Համազգայինի թատերական խումբը, տասը տարի խմբագրել է «Վարագ» պարբերականը եւ ներկայիս Բեյրութի «Բագին» գրականության եւ արվեստի ամսաթերթի խմբագրական կազմում է ընդգրկված: Դասախոսություններով հանդես է եկել Մ. Նահանգներում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Սիրիայում, Հայաստանում եւ Արցախում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաեւ «Մովսես Խորենացի» մեդալինՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Հակոբ Մեղապարտ մրցանակին»ՙ Հայաստանի ազգային գրադարանի կողմից: Անշուշտ մեծապես խրախուսելի է օտար, տվյալ դեպքում անգլիախոս ընթերցողին ներկայացնել հայ գրողների մտքի գոհարները, որոնք, պետք է խոստովանել, ոչնչով չեն զիջում համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններին: Եվ նույնիսկ որեւէ հայ գրողի միեւնույն գործի երկու կամ երեք տարբեր թարգմանություններն հետազոտական ուսումնասիրության լավ թեմա կարող են հանդիսանալ մեր համալսարանների թարգմանչական գործով զբաղվող ամբիոնների ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների համար: Սակայն մտահոգություն առաջացնող մի հարցի շուրջ ցանկանում եմ նշել այստեղ: Հայ գրողների ստեղծագործությունների հայերենից անգլերեն թարգմանված ինձ ծանոթ առնվազն չորս գրքերումՙ 1. «Classical Armenian Short Stories» by Sarkis Ashjian (Beirut, 1959), 2. «Anthology of Armenian Poetry» by Diana Der Hovanessian and Marzbed Margossian (New York, 1978), 3. «The Heritage of Armenian Literature» by Agop Hacikyan, Gabriel Basmajian, Edward Franchuk, Nourhan Ouzounian (Detroit, 2005), 4. «The Martyred Armenian Writers: 1915-1922» by Herand M. Markarian (N. York, 2015), չկա հայ գրողների անուն-ազգանունների միաձեւ գրություն, ինչը զարմանք եւ շփոթմունք կարող է առաջացնել օտար ընթերցողի մոտ: Այսպես հանդիպում ենք Kegham Parseghian եւ Gegham Barseghian, Taniel Varoozhan եւ Daniel Varuzhan, Chubookyarian եւ Chpugkyarian, Dikran Chogyoorian եւ Tigran Cheokiurian (Chogurian), Adom Yarjanian եւ Atom Yarchanian, Roopen Zartarian եւ Ruben Zardarian, Yerookhan եւ Yerukhan գրելաձեւերին: Խոսքը սոսկ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն արտասանությունների մասին չէ, որը նույնպես չպետք է արտացոլվեր օտար ընթերցողին ներկայացված հատորներում, այլ միեւնույն գրքում («Classical Armenian Short Stories») մեր երկու Ռուբենների (Զարդարյան եւ Սեւակ) տարբեր գրելաձեւին. մի դեպքումՙ Rooben Zartarian (էջ 32) եւ մյուս դեպքումՙ Roupen Sevag (էջ 136), դեռ մեկ այլ գրքում էլՙ Roopen եւ Ruben: Չմոռանանք նաեւ, որ օտար անունների հետ համահունչ հայկական անունները, ընդունելի լինելու համար, պետք է գրվեն օտար անվան տարադարձությամբ, օրինակՙ Daniel եւ ոչ թե Taniel: Տարբերակներով մոտեցումը, իմ կարծիքով, այպանելի էՙ անթույլատրելի: Պարտավոր ենք հստակ եւ միատեսակ ներկայանալ օտարներին: |