«ՋՈՒՐՆ ՍՊԱՆՈՒՄ Է» ԸՍՏ ՄԻՀՐԱՆ ԹՈՄԱՍՅԱՆԻ Հ. Ծ. «Դու կարող ես փորձել ջրի ճանապարհը փակել ավազապարկերով, կամ պատ կառուցելով, բայց ինչ էլ անես, ջուրը մի ճեղք գտնում է եւ շարունակում է հոսել, իհարկե, իր ճանապարհին հանդիպելով խոչընդոտների եւ գուցե նաեւ ցեխոտվելով: Բայց հոսքը չի դադարում եւ այս երկրում «ջրի ավերածությունները» մշտապես տեղի են ունենում: Իմ ներկայացումը այն մարդկանց մասին է, որոնք ջրի ճանապարհը իրենցն են դարձնում, փորձում են գտնել «ճեղքեր», որոնցով շարունակեն իրենց պայքարը»: Այսպես է բացատրել իր «Դու հո ձո՞ւկ չես» ներկայացումը կատարողական արվեստի ստամբուլահայ դերասան Միհրան Թոմասյանը, ով վերջերս ելույթ է ունեցել Բոստոնի Հայ մշակույթի եւ կրթության կենտրոնում (ACEC): Հրանտ Դինքին նվիրված այս ներկայացմամբ հեղինակը արդեն շրջագայել է երեք մայրցամաքներովՙ ելույթներ ունենալով ավելի քան 30 քաղաքներում: Այն խոսում է պայքարի, սպանությունների, կորած ձայների եւ այդ ամենի հետեւանքների մասին: Միհրանը ծնվել է Ստամբուլում: Հաճախել է Կեդրոնական վարժարանը: 2001-ին ավարտել է «Միմար Սինան Գեղարվեստից համալսարանի» ժամանակակից պարի բաժինը: Այնուհետեւ մեկնել է Ֆրանսիա եւ կատարելագործել պարային հմտությունները «ժամանակակից պարի ազգային կենտրոնում»: Ամերիկայում եւ Կանադայում պարել է Ռեբեկա Լազիերի հետ 1999-ին, եւ «Յարդ պարային խմբի հետ» 2000-ին: Մասնակցել է Նյու Յորքի «Դաունթաուն» փառատոնին: Ստամբուլում հիմնել է «Ciplak Ayaklar Kumpanyasi» (Բոբիկ ոտքերի ընկերությունը) պարային խումբը»: |