RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 24-06-2016



ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2016-06-23 21:59:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1307, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՄՈՒՐՋԻ ՍՅՈՒՆԵՐԸ

Զրուցեց ԿԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

2016 թվականի ապրիլին հայրենիք հյուրախաղերի էր եկել Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որը հայաստանյան հանդիսատեսին ներկայացրեց Պերճ Զեյթունցյանի «Դատարանն է, ոտքի՛» պիեսըՙ ֆրանսահայ տաղանդավոր դերասան, հայտնի բեմադրիչ Ժիրայր Փափազյանի բեմադրությամբ: Թատերախումբն ունեցավ երեք ներկայացում. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում եւ Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում, որին ներկա էր նաեւ հեղինակըՙ Պերճ Զեյթունցյանը: Երեք ներկայացումներն էլ, որոնք կազմակերպվել էին Հայաստանի Թեքեյան մշակութային միության ջանքերով, անցան լեփ-լեցուն դահլիճներումՙ հանդիսատեսի ջերմ եւ սրտահույզ ընդունելության մթնոլորտում:

Թատերախմբի խաղացանկը բազմազան էՙ ամենատարբեր հեղինակների մոտ քսան գործեր. Հ. Պարոնյան, Վ. Սարոյան, Մ. Հեննիքր, Կ. Կոլտոնի, Վ. Շեքսպիր, Էդուարդո դե Ֆիլիպո, Ժ. Անանյան, Լ. Շանթ, Ե. Օտյան, Պ. Զեյթունցյան: Թատերախումբը բեմ է բարձրացել մոտ 60 առիթներովՙ խաղալով Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Դետրոյթի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Մոնրեալի, Չիկագոյի եւ այլ քաղաքների բեմերում: Ունեցել է տարբեր բեմադրիչներՙ Վարդան Հովհաննիսյան, Պերճ Ֆազլյան, Հարութ Չաթմաջյան, Հովհաննես Բաբախանյան, Գագիկ Կարապետյան, Գրիգոր Սաթամյան, Ժիրայր Փափազյան:

Ձեզ ենք ներկայացնում Ժիրայր Փափազյանի եւ Մհեր Մկրտչյան թատերախմբի հիմնադիր եւ առաջին բեմադրիչ Թամար Հովհաննիսյանի հետ ունեցած մեր զրույցը:

- Պարոն Փափազյան, Դուք կրկին հայրենիքում եքՙ ազնվագույն առաքելությամբ. Հայաստան եք բերել Ձեր բեմադրած ներկայացումըՙ հայ մարդու համար ամենացավոտ թեմայով: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այս այցելության ժամանակ:

- «Մհեր Մկրտչյան» թատերախումբը սիրողական է, եւ այս հյուրախաղերը նրա ամենասպասված ելույթն էր հայրենիքում: Պետք է ասել, որ ոչ միայն ես, այլ նաեւ ամբողջ խումբը մեծապես տպավորված ենք հայրենքում այս դրամատիկ իրադարձություններով հագեցած օրերին ելույթ ունենալու առիթով: Սկզբում մտավախություն կար, թե պատերազմական իրավիճակի պատճառով կարող է օդանավակայանը փակ լինի, թռիչքները հետաձգվեն, կամ վախի ու խուճապի մթնոլորտի հետեւանքով ներկայացումներին հանդիսատես չլինի: Այս կանխատեսումներով հանդերձՙ դերասաններից ոչ մեկը ետ չկանգնեց Հայաստան գալու մտադրությունից: Այս հյուրախաղերը նրանք համարեցին ճակատագրի դիպված, որը իրենք պիտի անցնեն պատվով: Փառք Աստծո, իրավիճակն արդեն կայունացել էր, եւ հնարավոր եղավ ներկայացումները խաղալ, ինչպես նախատեսել էինք, լիքը դահլիճներում եւ առավելագույն պատասխանատվությամբ: Ներկայացումներն սկսեցինք մեկ րոպե լռությամբՙ ի նշան Արցախյան կռվում զոհված զինվորների հիշատակի: Շրջագայությունն անջնջելի տպավորություն թողեց դերասանների վրա: Հավանաբար պետք է ամբողջ կյանքը Սփյուռքում ապրելՙ պատկերացնելու համար, թե ինչ է հայ սիրողական թատերախմբի համար հայրենիքում ելույթ ունենալը: Նրանք բոլորն էլ եկել են իրենց ֆինանսական միջոցների հաշվինՙ թողնելով կամ հետաձգելով գործերը, ինչը միշտ չէ, որ հեշտ է լինում: Առհասարակ, սիրողական խմբերն ունեն մի զարմանալի առավելություն. դա նրանց նախանձելի խանդավառությունն է: Նրանք ամեն ինչ անում են ոչ միայն առանց վարձատրության, այլեւ սեփական միջոցներովՙ հաճախ շատ թանկ վճարելով մեկ կամ երկու ժամ բեմ վարձելու համար: Սիրողական խմբի համար ահռելի մեծ շռայլություն է Բրոդվեյի վրա շենք վարձելը եւ ներկայացում խաղալը: Մեծ շռայլություն է նաեւ խումբը Հայաստան բերելը: Սակայն «Մհեր Մկրտչյան» թատերախումբը գնում է այդպիսի շռայլություններիՙ հանուն հայապահպանության, հայ թատրոնը օտար ափերում ապրեցնելու, մայրենին նորից ու նորից բեմից բարձր հնչեցնելու նպատակի:

- Միայն հայե՞ր են ընդգրկված թատերախմբում:

- Ես գիտեմ, որ խումբն ունեցել է ոչ միայն հայազգի դերասաններ: Սակայն միայն դա չէ զարմանալի: Մենք չպետք է մոռանանք, որ «Մհեր Մկրտչյան» թատերախմբի դեպում խոսքը Լոս Անջելեսի մասին չէ, որտեղ բոլորը գիտեն ու խոսում են հայերեն. սա Նյու Յորքն է, որտեղ հայերը ցավալիորեն հեռացել են մայրենիից: Մեծ մասը կա՛մ չգիտի հայերեն, կա՛մ հասկանում է, բայց չի խոսում, կա՛մ էլ իրենց գիտեցածը ոչ թե գրական, այլ ընտանեկան, խոսակցական հայերենն է: Եվ երբ փորձերի ու ներկայացումների ժամանակ այսքան մարդ բեմի վրա խոսում ու զգում է մաքրամաքուր գրական հայերենով, սա արդեն մեծ հաղթանակ է: Ավելին, ներկայացումների ժամանակ դահլիճ են գալիս նրանց հարազատները, ընկերներըՙ հայ կամ օտարՙ նրանց խաղը դիտելու (ի դեպ, այստեղՙ Հայաստան էլ շատերը եկել էին ընտանիքներով), եւ այս հանգամանքը եւս նպաստում է մայրենիի հետ հաղորդակցվելուն: Այս կազմում, որով եկել էինք, շատերը չէին խոսում հայերեն, բայց նրանք կարողացան այնպես խաղալ, որ դահլիճից չզգացվեց այդ չիմացությունը: Ներկայացումներին եկող օտարների համար բեմի էկրանին գրվում է անգլերեն սուբտիտրը, ինչն էլ իր հերթին նպաստում հայկական է թեմաներին հաղորդակից դարձնել նաեւ օտարներին:

- Հայաստանյան ներկայացումներից ո՞րն եք համարում առավել տպավորիչ:

- Ես էլ, ամբողջ խումբն էլ շատ տպավորված ենք երեք ներկայացումներից էլ, բայց պետք է առանձնացնեմ Գյումրիի ներկայացման խանդավառությունը: Գյումրիի հանդիսատեսը միշտ էլ խստապահանջ, բարձր ճաշակի տեր հանդիատեսի համարում է ունեցել: Ասում ենՙ Գյումրիի բեմում քննություն բռնած դերասանը որեւէ բեմի վրա էլ կարող է խաղալ: Այստեղ մենք այցելեցինք Մհեր Մկրտչյանի շիրիմին. շատ հուզիչ եւ պատասխանատու պահ էր: Գյումրեցիներն էմոցիոնալ ժողովուրդ են եւ վարակեցին նաեւ մեզ: Գյումրիում ուրախությունն ու տխրությունն ասես միշտ էլ միախառնված են իրար: Մի կողմից քաղաքը նոր էր հողին հանձնել իր հերոս զինվորներին, մյուս կողմիցՙ Նորվեգիայից ստացվել էր ցնծալի լուրՙ Նազիկ Ավդալյանը դարձել էր ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՙ իր հաղթանակը նվիրելով Արցախում կռվող զինվորներին: Հուզիչ էր նաեւ նրանց պատրաստած անակնկալը, երբ բեմ բարձրացան Գյումրիի մանկատան սաները:

- Դժվար չէ՞ սիրողական խմբի հետ այսպիսի լուրջ ու ծանր ներկայացում բեմադրելը:

- Անշուշտ դժվար է: Ե՛վ կատարած աշխատանքը, ե՛ւ արդյունքը սովորականից մի փոքր տարբեր են: Բնականաբար, պրոֆեսիոնալ խմբի դեպքում ես չէի գոհանա այսպիսի արդյունքից: Բայց այս խումբը բեմ է հանում իր հնարավորությունների առավելագույնը, եւ այս իմաստով ես գոհ եմ նրանից: Տեխնիկական տեսակետից շատ մտահղացումներ ունեի, որոնք, ցավոք, չկարողացա իրականացնել: Լուսային, ձայնային էֆեկտների շատ լուծումներ հնարավոր չեղավ ցույց տալ: Բայց այն, ինչ ներկայացվեց, դրանից գոհ եմ: Առիթը բաց չթողնելով պիտի ասեմ, որ պիեսը արեւելահայերենից արեւմտահայերենի փոխադրելը կարեւոր պայման էր Սփյուռքում այն ներկայացնելու եւ հասանելի դարձնելու համար: Սակայն միայն դա բավարար չէ. շատ գովելի է որակը, որով կատարվել է այդ փոխադրումը: Նման գործ այդպես անթերի կարող էր կատարել միայն երկու գրական լեզուների քաջ գիտակ մասնագետըՙ Պայծիկ Գալայջյանը, ում ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը: Ներկայացումը հայրենիք բերելու առավելությունների մեջ խիստ կարեւոր է մայրենիի հետ շփումը. թարմացավ ու նորոգվեց դերասանների հայերենը, լեզվամտածողությունը, ասես բացվեց նրանց լեզուն:

Զրույցը շարունակում է Թամար Հովհաննիսյանը

- Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները թատերախումբի հայաստանյան ներկայացումներիցՙ որպես թատերախմբի հիմանդիր:

- Ուրախ եմ, որ ես այսօր հայրենիքում դիտում եմ «Մհեր Մկրտչյան» թատերախմբի ելույթը: Երբ մոտ քսան տարի առաջՙ 1997 թվականին, ինձ բախտ վիճակվեց Նյու Յորքում հիմնել այս թատերախումը եւ անվանակոչել մեծ հայիՙ Մհեր Մկրտչյանի անունով, այն ժամանակ երազանքի պես մի բան էր պատկերացնել նրա հյուրախաղերը Հայաստանում: Դա թվում էր հեռավոր ու անիրական: Սակայն տարիները, ժամանակն ու մեծ ցանկությունը բերեցին նաեւ այդ օրը: Այս թատերախմբի առաջին բեմելը կայացավ 1998 թվականի ապրիլի 17-ին «...Եվ դարձյալ Պարոնյան» ներկայացումովՙ Նյու Ջերսիի ՀԲԸՄ-ի «Նազարյան» սրահում: Բարեգործականի կենտրոնն արդեն փակվել էր, սակայն թատերախումբը բացեց այն մեկ անգամվա համար: Թատերախումբն իր գործունեությունը սկսել է ինը դերասաններով եւ հինգ վարչական անդամներով: Փառք Աստծո, որ այսօր ոչ միայն պահպանվել է թատերախումբը, այլ նաեւ բախտ է վիճակվել խաղալ հայրենիքում եւ այն էլ այսպիսի հաջողությամբ: Ես շատ ուրախ եմ, որ իմ սկսած գործը շարունակվել է, եւ բեմի վրա տեսնում եմ գրեթե նույն կազմը, որով մենք սկսեցինք մեր աշխատանքը: Ընդ որում, տարիքային ընդգրկումն էլ շատ մեծ էՙ ամենաերիտասարդից մինչեւ ամենատարեցըՙ Վանում ծնված 91-ամյա Հովհաննես Գարթալեանը:

Սփյուռքում հայկական թատերախումբ ունենալն ու պահելը մեծ դժվարությունների հետ է կապված, սակայն ես ուզում եմ խոսել նաեւ բեմադրիչի դժվարությունների մասին: Այնպիսի պրոֆեսիոնալի համար, ինչպիսին Ժիրայր Փափազյանն է, սիրողական խմբի հետ աշխատելն իսկապես հեշտ չէ: Եվ եթե նա բարձր գնահատական է տալիս «Մհեր Մկրտչյան» թատերախմբի ներկայացումներին, դա իր պրոֆեսիոնալ գնահատականը չէ թատրոնին, դերասանի խաղին ու վարպետությանն առհասարակ: Նրա պրոֆեսիոնալ աչքը տեսնում ու զգում է բեմըՙ իր բոլոր առավելություններով ու թերություններով: Ժիրայրի գոհունակությունը գնահատականն է այն զոհողությունների, որոնց գնում են սիրողական դերասաններն ու թատրոնի կազմակերպիչները այսպիսի ներկայացում բեմ հանելու համար: Նրանք ամեն ինչ անում են իրենց ծանրաբեռնված աշխատանքային օրվա ավարտից հետո, իրենց հանգստի հաշվին, ինչը խիստ գնահատելի նվիրում է: Այդ նվիրումը փոխհատուցվում է նրանով, որ նրանց հետ աշխատում են թատրոնի ոլորտի միջազգային վարպետներ աշխարհի տարբեր վայրերից, նրանք հաղորդակից են դառնում հնագույն արվեստի գաղտնիքներին, շփվում ու ծանոթանում համաշխարհային դրամատուրգների գործերին: Բեմադրիչներն էլ իրենց հերթին կրկին ու կրկին վարպետանում են տարբեր դերասանների հետ շփվելու արդյունքում: Ժիրայրը, լինելով թե՛ պրոֆեսիոնալ դերասան, թե՛ պրոֆեսիոնալ բեմադրիչ, հրաշքներ չակնկալելով, փոխելով արվեստագետի իր պահանջների ու չափանիշների սանդղակը, այնուամենայնիվ, աշխատում է ամբողջ նվիրումովՙ ներկայացումից ստանալով այն առավելագույնը, ինչը հնարավոր է ստանալ ժամանակի եւ տարածության խոչընդոտների պայմաններում: Աշխատելով սիրողական խմբի հետՙ ես համոզվել եմ, որ դա նույնպես դերասանների հետ աշխատելու մեծ փորձառություն է, ինչ-որ առումով ավելի հետաքրքրական, քան պրոֆեսիոնալների հետ: Ցանկությունս է, որ նման թատերախմբերը Սփյուռքում ոչ թե փակվեն, այլ ավելի ընդլայնվեն, ու բացվեն նորերը:

Հ.Գ. - Ընթերցողներին ուզում ենք տեղեկացնել, որ դերասան եւ բեմադրիչ լինելուց զատ, Ժիրայր Փափազյանը նաեւ թատրոնի եւ երաժշտության հրաշալի տեսաբան է: Լինելով Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի հայ օպերայի եւ թատրոնի պատմության փայլուն գիտակՙ նա դասախոսություններով հանդես է գալիս Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Հայաստանում եղած սուղ ժամանակի պայմաններում Ժիրայր Փափազյանը հասցրեց հանդիպում կազմակերպել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանումՙ աշխատակիցների եւ հանդիպման մասնակիցների հետ կիսելով վերջին նորությունները Տիգրան Չուխաջյանի արխիվային նյութերի մասին, խորհուրդներ տալով դրանք օգտագործելու նրբությունների վերաբերյալ: Փարիզում հայտնաբերված Չուխաջյանի «Լեբլեբիջի Հորհոր աղա»-յի մոտ 200 էջ ձեռագրերը, որոնք ձեռք բերելու համար մեծ գումարներ են պահանջվել, այժմ նրա մոտ են, չորս մասնագետներ աշխատում են դրանց վրա: Գիտաշխատողներին ներկայացվեցին եւ ցուցադրվեցին հատվածներ Չուխաջյանի «Կարինե» օպերայից անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներովՙ Ժ. Փափազյանի թարգմանությամբ եւ գլխավոր դերերգի հրաշալի կատարմամբ:

Ժ. Փափազյանի ցանկությունն է Չուխաջյանի մեծությունը աշխարհին ներկայացնելու համար բեմ բարձրացնել նաեւ «Արշակ Երկրորդ» օպերան: Իտալերեն տեքստի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն թերի է, հնարավոր չէ խաղալ: Անհրաժեշտություն է առաջացել իտալացի մասանգետների հետ գրել նոր տեքստՙ հիմնվելով Թ. Թերզյանի ամբողջական լիբրետտոյի վրա:

Ժ. Փափազյանը իր շնորհակալությունը հայտնեց հայ արվեստի հրաշալի գանձարանինՙ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանինՙ հատկապես Տ. Չուխաջյանի ձեռագրերն ու նրա մասին նյութերը պահպանելու եւ իրեն տրամադրելու համար:

Նկար 1. Ձախից աջ` Հ. Չաթմաճյանը, Հ. Վարդիվառյանը, Ռ. Միրզախանյանը, Թ, Հովհաննիսյանը, Պ. Գալայճյանը. Գ. Մուրադյանը, Ռ. Կոզմոյանը, Ժ. Փափազյանը եւ Ռ. Ամիրխանյանը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ