RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016



ԹԱՏՐՈՆ

Տեղադրվել է` 2016-09-22 22:49:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2552, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎ. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

Սաշա Գիթրի. ԱՐԻ ԵՐԱԶԵՆՔ...

(Հայաստանյան պրեմիերա)

Հեղինակը

Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր Սաշա Գիթրին (1885-1957) արդեն իսկ երիտասարդ տարիքում բավական հռչակ է ձեռք բերում: Նույնիսկ 1914-1918թթ. պատերազմի ծանր եւ դաժան տարիներին Գիթրին թեթեւ, անհոգ պիեսներ է գրում, որոնք թարմ շունչ էին փարիզյան բեմերում: Նա վերականգնում է բարքերի կատակերգությունը, թեթեւացնում ժամանակի բուրժուական կանոնները: Գիթրիի կերտած հերոսները սերում են իրականությունից, պիեսներում երկխոսություններն առօրյա կյանքից են բխում, իսկ ոճն ու խոսքն անմիջական են եւ նորարարական: Սաշա Գիթրին երբեք չի սահմանափակվում մեկ ժանրում, իսկ նրա գաղափարախոսությունը կոտրում է ավանդականի շրջանակը:

Պիեսը

«Արի երազենք» թատերգությունը Սաշա Գիթրին գրել է երիտասարդ տարիքում: Առաջին անգամ պիեսը բեմադրվել է 1916 թվականին: Դերերը կատարում էին հեղինակի ընկեր Ռեմյուն (Ժյուլ Մյուրեր), առաջին կինըՙ Շարլոթ Լիզեսը եւ հենց ինքըՙ Գիթրին: 1921 թվականին, պիեսի երկրորդ բեմականացման ժամանակ Լիզեսին փոխարինում է Գիթրիի երկրորդ կինըՙ Իվոն Պրենտանը: 1936 թվականին պիեսի էկրանավորման ժամանակ դերը կատարում է հեղինակի երրորդ կինըՙ Ժակլին Դլյուբակը, իսկ Գիթրին եւ Ռեմյուն պահպանում են իրենց դերերը: Այսպես, կանայք փոխարինում են մեկը մյուսին, իսկ ընկերներն անփոխարինելի են:

Պիեսը բազմաթիվ անգամներ բարձրանում է փարիզյան բեմերումՙ թե հեղինակի կատարումներով, թե նրա մահից հետո:

Բեմադրիչը

Ժիրայր Փափազյանը ծնվել է Կահիրեում: Նա ավարտել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանը, ապա Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը:

Փափազյանն ապրում է Փարիզումՙ միաժամանակ աշխատելով ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում:

1981թ. Ժիրայր Փափազյանը Միչիգանի օպերային թատրոնում բեմադրում է «Անուշ» օպերան (արեւմտյան պրեմիերա, դիրիժորՙ Րաֆֆի Արմանյան), որն ամերիկյան մամուլում որակվում է որպես թատերաշրջանի լավագույն ներկայացում: «Անուշը» վերականգնվում է 2001թ. (գլխավոր դերերումՙ Հասմիկ Պապյան, Ալին Քութան, Եղիշե Մանուչարյան):

1997թ. Փափազյանը հիմնադրում է «Տիգրան Չուխաճյան միջազգային ինստիտուտը»: Նա հիմնականում աշխատում է Իրինա Բրուքի հետ:

2010-ին եւ 2013-ին, տարիներ տեւած պրպտումներից հետո Ժիրայր Փափազյանը Փարիզում եւ Մարսելում բեմադրում է Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերանՙ իր իսկ թարգմանությամբ: 2015թ. «Կարինեի» անգլերեն թարգմանությամբ տարբերակը Փափազյանը բեմադրում է Լոնդոնի Արկոլա թատրոնումՙ արժանանալով քննադատների ջերմ ընդունելությանը:

Փափազյանը հայտնի է նաեւ գեղարվեստական ֆիլմերում եւ հեռուսասերիալներում խաղացած իր դերերով:

2011թ. նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ «Մովսես Խորենացի» մեդալիՙ ավելի քան 30 տարի հայկական մշակութային ժառանգությունը միջազգայնորեն հանրահռչակելու համար:

Բեմանկարիչը

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, աշխատել «Երեւաննախագիծ» ինստիտուտում: 1990 թ. տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ ստեղծում է FRUCTUS ARMENICUS տիկնիկային թատրոնը: Սովորում է եւ կիրառում ամուսնու օրթոպեդիկ տեխնիկայի միջոցներն ու իրականացնում 3 ներկացայում: Նա մարիոնետների, դեկորների, զգեստների, ցուցահանդեսների ձեւավորման, տոնական երթերի, մանկական օպերաների հեղինակ է:

2013թ. Վ. Ռիեդո-Հովհաննիսյանն ընդունվում է Ցյուրիխի արվեստների ակադեմիայի բեմանկարչության բաժնի մագիստրատուրան: 2015թ. իր դիպլոմային նախագիծն իրականացնում է Երեւանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում, որպես «Հովնան» բեմադրության բեմանկարիչ (բեմադրիչՙ Նարինե Գրիգորյան): Շվեյցարական ակադեմիայի դիպլոմային ժյուրին, ներկա գտնվելով պրեմիերային, բարձր գնահատական է տալիս բեմադրության բոլոր գործոնների ամբողջական մտահղացմանը, բեմադրողի եւ բեմանկարչի սերտ համագործակցությանը:

Այժմ Վ. Ռիեդո-Հովհաննիսյանը տեղափոխվել է Երեւան, աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային եւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում:

Դերասանները

Մխիթար Ավետիսյանը սովորել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնումՙ Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում (1994-1999): 1996 թվականից որպես դերասան աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: 2015թ. Մխիթար Ավետիսյանը պարգեւատրվել է «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Նարինե Գրիգորյանն ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժինըՙ Ալ. Գրիգորյանի արվեստանոցը: 2003 թվականից որպես դերասան աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Տարվա լավագույն երիտասարդ դերակատարուհի անվանակարգում 2005թ. եւ 2009թ. արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: 2015թ. նույն մրցանակին արժանացել է Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ անվանակարգումՙ Համազգային թատրոնում բեմադրված «Լյու-Բոֆ» ներկայացման համար: 2013թ. Նարինե Գրիգորյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Արման Նավասարդյանը սովորել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնումՙ Ս. Սարգսյանի արվեստանոցում (1999-2003թթ.): 2005 թվականից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: 2015թ. Արման Նավասարդյանն արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի»:

Նարեկ Բաղդասարյանն ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինըՙ Ս. Սարգսյանի արվեստանոցը: 2010 թվականից որպես դերասան աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

Ռեժիսորական մեկնաբանությունը

«Արի երազենք» պիեսի բաբազյանական մեկնաբանությունը տարբերվում է նախորդներից: Բանն այն է, որ Սաշա Գիթրիի թատերգությունն ունի չորս արար, սակայն, որպես կանոն, բեմականացումներն ավարտվել են երրորդ գործողությամբ. փաստորեն ներկայացումների վերջաբանը տարբերվել է պիեսի հանգուցալուծումից: Ժիրայր Փափազյանի խոսքերով. «Եթե հեղինակը մեզ պատիվ աներ եւ վերեւից մեզ նայեր, կարծում եմՙ դեմ չէր լինի, որ այսօր, մեկ դար անց, ես անհրաժեշտ եմ համարել վերականգնել պիեսի չորրորդ գործողությունը»:

Ներկայացման օրերՙ սեպտեմբերի 26, 27 եւ 29, ժամը 19:00-ին, Համազգայինի թատրոնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ