RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-22 22:49:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2676, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՙ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ

Նաիր ՅԱՆ

Ե՞րբ է լուսանկարչությունը դառնում արվեստ. երբ մի լուսանկարի առաջ գամվում ես այնպես, ասես գեղանկարչական գլուխգործոցՙ վրձնած կտավ ես տեսնում, ոչ թե տեխնիկական սարքով, երեւակված ժապավենի վրա տպված կադր: Լուսանկարչություն կա, որ հազար գեղանկար արժե ոչ միայն իր գեղագիտական-գեղարվեստական նշանակությամբ, այլեւ պատմական արժեքով: Երեւելի դեմքերն ու դեպքերը, պատմական անձինք հաճախ հավերժանում են հենց մի հատիկ լուսանկարով, որ ի զորու է ոչ միայն հարատեւ դարձնել, սերունդներին փոխանցել պատմական պահը, այլեւ պահի արժեքն ու նշանակությունը. դա հենց գտնված, այլեւս կրկնության ոչ ենթակա ակնթարթն է, որ կադրի միջոցով պատմության պահ տալու բախտին է արժանացնում հազարավոր լուսանկարիչներից հենց միայն մեկին: Հիշենք Չե Գեւարայի, Ջոն Լենոնի, Չերչլի, Բրեժնեւի, Մայքլ Ջեքսոնի, Պիկասոյի, Արշիլ Գորկու ամենահայտնի լուսանկարները, որոնք դաջվել են մոլորակի հիշողության մեջ:

Մեր ժամանակներում էլ կան լուսանկարիչներ, որոնք ակամայից դառնում են ամենափայլուն ու անկրկնելի կադրի հեղինակը: Նրանց համար լուսանկարելը ոչ միայն պահի կարեւորության գիտակցումը մշտարթուն պահելն է, այլեւ կիկլոպյան աչքի միջոցով աշխարհը մեկ ուրիշ դիտանկյունից տեսնելն ու արժեւորելը:

Թե ինչ է լուսանկարչությունը Տաթեւ Մնացականյանի համար, իրեն հարցնելն ավելորդ է, որովհետեւ այն հսկա ու ծանր ալբոմը, որն ընդգրկում է նրա հազարավոր լուսանկարների մի փոքրիկ մասը միայն, ինքնին վկայում է, որ նրա համար գոյություն ունի մի չորրորդ ժամանակ, մի ութերոդ զգայարան ու մի երրորդ աչք:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ Տաթեւ Մնացականյանիՙ այս տարվա թվով վեցերորդ ցուցահանդեսը: «Սերունդների երկխոսություն» խորագրով շարքը վեց տարվա պատմություն ունի եւ ընդգրկում է աշխարհի շուրջ 17 երկրների արվեստագետների ու մտավորականների դիմանկարներ: Ցուցահանդեսին հրավիրված Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը , որի հայրենիքում եւս ճանաչում են հայ լուսանկարչուհուն, ընդգծեց. «Սխալ կլինի Տաթեւին համարել ուղղակի լուսանկարչուհի, որովհետեւ նա մեզ մատուցում է գեղարվեստ: Նրա դիմանկարներն ավելին են, քան լուսանկարը. լույսի ու ստվերի համադրությունը, իր հերոսներին ամենաբնական վիճակում պատկերելը մեկ այլ տպավորություն է թողնում, քան ուղղակի լուսանկարն է: Ես հիշում եմ նրաՙ Սիրիայի փախստականների շարքը. ցնցող լուսանկարներ են: Տաթեւը կարողանում է ներթափանցել մարդու ներաշխարհ, խառնվածքի շերտերն ու դուրս հանել այնտեղից ամենաբնորոշ հատկանիշները, անհատական գծերը: Ուրախ եմ, որ Գերմանիայում եւս Տաթեւը ցուցահանդես է ունեցել, ու նրա արվեստին հաղորդակցվելու հնարավորություն են ունեցել նաեւ իմ հայրենակիցները»:

«Սերունդների երկխոսություն» նախագծիՙ հայ արվեստագետներին նվիրված շարքում ընդգրկված են կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, Ստեփան Շաքարյանի, քանդակագործներ Արտո Չաքմաքչյանի, Վան Սողոմոնյանի, կինոօպերատոր Լեւոն Աթոյանի, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի, գրականագետ-բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի եւ այլ երախտավորների գեղարվեստական լուսանկարներ: Ընդամենը մեկ հատիկ դիմանկար. ու մարդը բացված-բացահայտված է մինչեւ վերջ:

Կինոօպերատոր Լեւոն Աթոյանը , որ շատ ժուժկալ է գովելու հարցում, Տաթեւ Մնացականյանի լուսանկարչությունն անվանեց գեղարվեստ. «Հիմա շատ մոդայիկ է. լուսանկարչական սարքը կախում են վզներից, մի քիչ մորուք թողնում ու ամեն քայլափոխիՙ չըխկ-չըխկ... ու ոչ մի բան: Տաթեւը բնատուր տաղանդ ունի, դրա համար էլ նրա ստեղծագործությունները բարձրարժեք են, բարձրաճաշակ, խոսում են մարդու ներաշխարհի հետ արվեստի լեզվով»:

Տաթեւ Մնացականյանը «Սերունդների երկխոսություն» նախագծով ստեղծել է հայ եւ համաշխարհային անվանի գործիչների դիմանկարների շարքՙ ընտրանի, որը մեկ ալբոմում ընդգրկվելովՙ նաեւ հանրագիտարանային նշանակություն է ձեռք բերում: Լուսանկարից բացի ոչ մի տեղեկություն չկա այդ մարդկանց մասին, սակայն Տաթեւ Մնացականյանն այնքան տիպիկ բնութագրումով է լուսանկարել նրանցՙ ընդգծելով գործունեության ոլորտները, որ թվում էՙ կենսագրական, մարդկային պատմության շարադրանքներ են զետեղված այդ էջերում: Լուսանկարները բացառապես սեւ-սպիտակ են: Առհասարակ Տաթեւի լուսանկարները մեծ մասմաբ սեւ-սպիտակ ենՙ լույսի ու ստվերի հետաքրքրական զուգորդմամբ, տարածության ու ծավալի անսովոր ընդգրկումով. սեւն ու սպիտակն այնքան մեղմ են համադրված, ասես աշխարհի գույները տվյալ լուսանկարի մեջ են:

«Սա ոսկու մի շերտ է, որ մենք ունենք: Սա մերօրյա պատմամշակութային շերտն էՙ մեծ մարդիկ, որոնց պետք է գնահատել ու ներկայացնել իրենց կենդանության օրոք: Հայ արվեստագետների ու մտավորականների դիմանկարները շրջել են աշխարհի շատ երկրներում: Ցուցահանդես այցելած օտարերկրացիները խենթացած բացականչում ենՙ փոքր ազգ եք, բայց այսքան տաղանդավոր մարդիկ ունեք: Վեց տարի է, ինչ աշխատում եմ այս շարքի վրաՙ զուգահեռաբար իրականացնելով նաեւ այլ նախագծեր: Ես մեր հայ մանուկների դիմանկարների շարք եմ ստեղծել. նրանց հիասքանչ, ազգային դիմագծերն ընդելուզված են հայկական զարդանախշերով: Սա հայկականությունն առավել ընդգծելու նպատակով եմ անում: Աշխարհահռչակ մարդկանց, հետաքրքիր, կոլորիտային դեմքեր գտնելու համար երկրե-երկիր եմ ման գալիս: Ամենադժվարն այս մեծ աշխարհում նրանց գտնելը, նրանց հետ ծանոթություն հաստատելն ու համագործակցությունն սկսելն է: Աներեւակայելի հետաքրքիր արվեստագետների եմ հանդիպել. եղել են դեպքեր, երբ լուսանկարելու համար պայմանավորվել ենք, բայց իմ հերոսը մահացել է, չեմ հասցրել նկարել:

Ես գեղանկարչուհի, դիզայներ եմ նաեւ, մասնակցել եմ միջազգային բիենալեների. լուսանկարչությունն իմ գործունեության ընդամենը մի ճյուղն է, որով փորձում եմ հարգանք ու խոնարհում ցույց տալ համաշխարհային մշակույթում մեծ ներդրում ունեցած մարդկանց»,- իր ցուցահանդեսի բացման առիթով ասաց Տաթեւ Մնացականյանը:

Փաստն այն է, որ նրան դրսում ավելի լավ են ճանաչում, քան մեր երկրում: Տաթեւի արվեստը սահմաններ, ազգություն, ժամանակ ու տարածություն չի ճանաչում: Նրա աչքը ներթափանցել գիտե երեւույթների խորքերը, մարդկային հոգու, բնավորության, ստեղծագործական տաղանդի, անհատականության ծալքերըՙ հաստատելով, որ չկա կրկնվող մարդ. յուրաքանչյուրն իր տեսակի մեջ միակն է ու բացառիկ:

Տաթեւ Մնացականյանի գեղարվեստական լուսանկարչությունն իր ողջ հմայքով հարգանքի տուրք է մարդկային քանքարի առաջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ