«ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆԵՐԸ» Հ. Ծ. Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչատունը հայկական մատենաշարի շրջանակներում լույս է ընծայել անգլերեն լեզվով Գրիգոր Բլդյանի «Ֆրանսահայ գրականության 50 տարիները» («Fifty Years of Armenian Literature in France»), տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 5-ի համարը: Մատենաշարի 6-րդ գիրքը, ըստ վերոնշյալ համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտիչյանի, ֆրանսերեն բնագրից անգլերեն է թարգմանել Քրիստոֆեր Ատամյանը: Գիրքը լուրջ ուսումնասիրություն է սփյուռքահայ կարեւոր համայնքներից մեկի գրական ժառանգության մասին, որի ներկայացուցիչներն են հանդիսանում Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը, Շավարշ Միսակյանը, Մկրտիչ Պարսամյանը, Շավարշ Նարթունին, Հրաչ Զարդարյանը, Վազգեն Շուշանյանը եւ ուրիշներ: Գրքերի հեղինակ եւ գրաքննադատ Բլդյանը 1967 թվից է Ֆրանսիայում ապրել եւ լավատեղյակ է այնտեղ ծավալված գրական շարժումներինՙ սկսած 1922-ի հետեղեռնյան շրջանից մինչեւ 1970-ական թվականները: «Հատորը նշանակալի ներդրում է մեր գրականագիտական պատմությանը եւ տեսական հիմք է հանդիսանում հասկանալու գոյատեւման զգացմունքային եւ հոգեբանա-մտավորական մարտահրավերները, որոնց դիմագրավել են մեր ֆրանսահայ գրողները», նշել է այս առթիվ գրքի խմբագիր Բարլոու Տեր-Մկրտիչյանը: |