RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016



ԱՐԺԱՆԻՔՆԵՐ

Տեղադրվել է` 2016-11-25 13:14:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3105, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԱԶԲԱՂ ՈՒ ՈՐՈՆՈՂ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ` ՄԱՐՈ ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ

Գրականագետ, թարգմանչուհի Մարո Մադոյան-Ալաջաջյանը Հայաստան գալու համար հարմար առիթների չի սպասում: Ամերիկաբնակ մեր հայրենակցուհին, որ ծնվել է Լենինականում, ավարտել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տասնյակ թելերով կապված է հարազատ քաղաքի ու Հայաստանի հետ: Իր հիմնած «Արձագանք» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությամբ էլ նպատակ ունի ամեն կերպ աջակցել Գյումրի քաղաքի վերածննդին, գյումրեցի մանուկների լուսավոր ապագայի հետ կապված տարբեր ծրագրերի իրականացման գործին:

Բազմազբաղ ու որոնող մտավորական է Մարո Մադոյան-Ալաջաջյանը. մշակութային ու բարեգործական տարբեր ձեռնարկներ, հանդիպումներ, հարցազրույցներ, որոնք նա հասցնում է կազմակերպել եւ որոնց հասցնում է մասնակցելՙ շարունակելով հավատարիմ մնալ իր հիմնական կոչմանըՙ գրականությանն ու թարգմանչությանը: Նրա թարգմանությամբ մեր ընթերցողն արդեն ծանոթ է Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը», Պոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»», Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գեղարվեստական գործերին, ինչպես նաեւ բազմաթիվ այլ աշխատություններին եւ տարբեր խնդիրներ արծարծող էսսեներին, գրական ուսումնասիրություններին:

Զարմանքով ու հիացմունքով է խոսում այն մասին, որ դրսում գրեթե միշտ ճանաչված մի գրողի հերթական գիրքը լույս տեսնելիս, վաճառքում կարելի է տեսնել նաեւ նույն գրքի թարգմանությունը մեկ, նույնիսկ մի քանի օտար լեզուներով: «Հայաստանում վերջին տարիներին թարգմանությունների գործում նկատելի առաջընթաց անշուշտ կա, սակայն, ցավոք, մենք հաճախ դեռ հետ ենք մնում, հապաղում ենք, ուշանում»,- նկատում է Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Հենց այդ բացը ինչ-որ չափով լրացնելուն են ուղղված թարգմանչուհու ջանքերը: Այս անգամ էլ նա ձեռնունայն չի եկել Հայաստան: Այստեղ գտնվելու ընթացքում հուսով է, որ տպագրված կտեսնի իր թարգմանած հերթական գիրքըՙ 1913 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած կանադացի գրող Ալիս Մունրոյի «Ընտրանին» եւ եւս մի գիրք, որ չափազանց թանկ ու կարեւոր է իր համար: Մարո Մադոյան-Ալաջաջյանը դուստրն է թատերագետ Ռազմիկ Մադոյանի, ով գեղեցիկ հետք է թողել մեր հանրապետության մշակութային կյանքում. եղել է ՀՀ Կինեմատոգրաֆիայի նախարարի առաջին տեղակալ, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1984-1994թթ.ՙ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ: Ռազմիկ Մադոյանը նաեւ մեկ ու կես տասնյակ գրքերի հեղինակ է, որոնք վերաբերում են գլխավորապես մեր թատրոնի ու կինոյի պատմությանը: Իր գիտական թեզն էլ նվիրված է եղել Լենինականի թատրոնի 100-ամյա ճանապարհին: Հայրիկի հեղինակածՙ իր ծննդավայր Գյումրի-Լենինականի թատրոնի պատմությանը նվիրված գիրքն էլ առաջին հրատարակությունից շուրջ 50 տարի անց ուզում է վերահրատարակել երախտապարտ դուստրը:

Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում Մարո Մադոյան-Ալաջաջյանը, որոնց մասին գերադասում է լռել: Նրա ուշադրության կիզակետում մեր երկրի նոր սերունդն է եւ նրա ապագան: Ուստի յուրաքանչյուր բարեգործական ծրագիր ուղղված է այդ կարեւոր նպատակին, լինի դա մանկապարտեզ, մանկատուն, կամ Գյումրու մանկավարժական ինտիտուտ, որտեղ ուսանողներից շատերը սոցիալապես անապահով են: Այդ ծրագրերն իրականացնելիս միշտ ապավինում է Երեւանում իր համախոհ ու աջակից Նաիրա Աղաբեկյանի եւ Գայանե Եղիազարյանի օգնությանը: Այս անգամ էլ նա ուշագրավ մի նոր ծրագիր է կյանքի կոչել, որը վերաբերում է ուսանողությանը: Ամիսներ առաջ «Արձագանք» ԲԸ-ն եւ Մարո Մադոյանը հայտարարեցին մանկապատանեկան պատմվածքների մրցույթ, որի կազմակերպչական խնդիրները հանձն առավ կատարել Գայանե Եղիազարյանը (Երեւանի Ա. Շիրակացու անվան ճեմարան - կրթահամալիրի ուսումնական մասի տեսուչ): Նախնական մտադրությամբՙ մրցույթին պետք է մասնակցեին միայն գյումրեցի ուսանողները: Հետզհետե մրցույթն ընդլայնեց շրջանակները, եւ հիմա մասնակիցների թվում ուսանողներ կան նաեւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարբեր բուհերից ու սփյուռքից: Համահայկական ստեղծագործական այս մրցույթի ժյուրիի անդամներն են Արքմենիկ Նիկողոսյանը (բանասիրական գիտ.թեկնածու), Դավիթ Մաթեւոսյանը («Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ), Անահիտ Հակոբյանը (բանասիրական գիտ.թեկնածու, Գյումրու մանկավ. ինստիտուտի գրակ. ամբիոնի դոցենտ) եւ Աշոտ Գաբրիելյանը (բանաստեղծ, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր):

Շիրակ հայրենակցական միավորման գրասենյակում, հոկտեմբերի 21-ին ամփոփվեց ՄԱՆԿԱՊԱՏԵՆԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԸ:

Առավելագույն միավորներ հավաքած երեք հեղինակներ ստացան խրախուսական նվերներՙ գումարի տեսքով: Մրցանակային բոլոր տեղերը թափուր են մնացել: 47 միավոր ստացել է «Մայրենիք» պատմվածքը (հեղինակՙ Սյունե Սեւադա, Երեւան) , 46 միավորՙ «Իրական հեքիաթ` անիրական թվացող հերոսներով կամ` Լինում է, չի լինում... » պատմվածքը (հեղինակՙ Լիլիթ Հակոբյան, Երեւան), 45 միավորՙ «Լողացող բրնձահատիկներ» պատմվածքը (հեղինակՙ Լաուրա Հարությունյան,Գյումրի):

Մարո Մադոյան-Ալաջաջյանն արդեն մտածում է նոր ծրագրերի ու անելիքների մասին, փորձում է գտնել մանուկներին եւ պատանիներին օգտակար լինելու նոր հնարավորություններ, քանզի կյանքն իմաստավորելու առավել կարեւոր նպատակ չի պատկերացնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ