ԱՐՁԱԳԱՆՔ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ԱԶԳ»-ՅԱՆ ՀՈԴՎԱԾԱՇԱՐԻՆ Նորայր ԱԴԱԼՅԱՆ Գրականագետ Ավիկ Իսահակյանը, որ իսահակյանագիտության առաջատարներից է եւ զգալի վաստակ ունի իր Վարպետ պապի երկերի գիտական հրատարակության ու մեկնությունների ասպարեզում, իսկ մեծ Վարպետը մեկը չէ, այլ, ինչպես Թումանյանը, հայ նոր գրականության խորքային պատմություն, վերջին տարիներս, գիտությանը զուգահեռ, հանդես է գալիս Երեւանի, իր տեսած ականավոր մարդկանց վերաբերյալ զգայուն ականատեսի էսսեաոճ հոդվածներով ու ակնարկներով, որոնք արձագանք են գտնում ընթերցող լայն շրջանակներում: 2014-ին լույս տեսավ նրա «Երեւանը երազում եւ արթմնի երկու դարի միջեւ» ծավալուն հատորըՙ լի ազգային-քաղաքային կենցաղի, հոգեւոր կյանքի, ժամանակի նշանների հետաքրքրական փաստագրությամբ: (Ինչ խոսքՙ բնորոշ փաստն ավելին է, քան սովորական փաստը, երբեմն այն իրենից երկար է ապրում): Այս գիրքը, որը շարունակություն է ունենալու, հեղինակի հայրենական դիտարկումների հավաքական ընդհանրացումն է (*): Սակայն ընթերցողիս բուն արձագանքը վերաբերում է նրա «Ազգ» պարբերականում շարունակաբար տպագրված «Երթալը ճիշտ է...» ընդհանուր խորագրով հոդվածաշարին (26 օգոստոսի - 23 սեպտեմբերի 2016 թ.), որն իր խճանկարային շարադրանքով վերաբերում է «ներգաղթ-արտագաղթ» այսօր էլ չափազանց արդիական խնդրին: 1946-ին տեղի ունեցավ պատմական ներգաղթը, այդ ու հաջորդ մի քանի տարիներին շուրջ 350.000 հայություն Մերձավոր Արեւելքից եւ այլ ցամաքներից եկավ մայր հայրենիք մշտական բնակության: Կես դար հետո եւ հետագայում դա շրջվեց արտագաղթի, որ ներկայումս ահեղ մարտահրավեր է հայրենյաց գոյապահպանությանը: Ավիկ Իսահակյանի հոդվածաշարը վերաբերում է այս երկու հակընդդեմ գործողության վերլուծությանըՙ մանրակրկիտ փաստարկումներով: Ազգային ուրախություն եւ ողբերգություն կա այս ներկայացման մեջՙ ժողովրդի գալուստ եւ անվերադարձ հեռացում: Հոդվածաշարի շատ էջեր վերաբերում են սիրով, հպարտությամբ ու կարոտով հայրենիք տեղափոխված հայության թե՛ բարոյական եւ թե՛ ֆիզիկական ճակատագրին, որ խոր հիասթափություն առաջացրեց նրա բարի, աշխատասեր ու առաքինի շարքերում: Մենքՙ տեղացիներս, նրանց որակեցինք ծաղրալից «ախպար» բառով, արհամարհեցինք, կասկածեցինք, մատնեցինք աշխատազրկության, 1949-ին ոմանց աքսորեցինք Սիբիր (ես մի պատմվածք ունեմ «1949 թվականի երկար գիշերը» վերնագրով), դուրս մղեցինք հասարակական ու ընկերային կյանքից, ամեն ինչ արեցինք, որ նրանք մայր հայրենիքում լինեն օտար մարմին, եկվոր եւ ոչ հայրենիքի իրական քաղաքացի: Եվ նրանք ասացին. «Աս ի՞նչ երկիր է», եւ մղկտալի հիշեցին ու կարոտեցին այն վայրերը, որտեղից եկել էին: Եվ նրանք եզրակացրին. «Երթալը ճիշտ է», այսինքնՙ ետ վերադառնալը, ինչը, սակայն, շատ դժվար գործընթաց էր: Այս սահմռկուն պատկերը, որ առկա է նաեւ Տիգրան Լեւոնյանի վերջերս տպագրված «Վերադարձ» գրքում, որից Ավիկ Իսահակյանը մեջբերում է արել, հոդվածաշարի հեղինակը ներկայացնում է բազում փաստերով, որքան էլ նա անում է խաղաղ, թեթեւասահ շարադրանք, նրա տողերում ցավ ու դրամա կա, սեր ու մտահոգություն ժողովրդի ճակատագրի հանդեպ, ափսոսանք, հայրենիքի բնիկ մարդու մեղքի զգացողություն, թեեւ իսկական մեղավորները, որոնք ստալինիզմի դպրոցի սաներ էին, երբեք չապաշխարեցին, մնացին ստալինական առ այսօր, թեեւՙ թաքնված: Հոդվածաշարի երկրորդ մասում Ավիկ Իսահակյանը հետեւում է «Ճիշտը երթալն է» մտայնությամբ գնացողների կյանքի հանգամանքներին սփյուռքյան հորիզոնականներում, հատկապեսՙ ամերիկյան, նկարագրում նրանց կյանքը, որն իր լուսավոր գույներով հակադարձվում է երեկվա իրականությանը: Այդուամենայնիվ այստեղ էլ տխրություն կա, կրկին արթնացած հայրենիքի կարոտը, հայ մարդու հոգում մշտապես ներկա անքուն հակասությունների դրաման: Չեմ ուզում եւ ի վիճակի չեմ մանրամասնել հեղինակի զգացմունքային շարադրանքը, այս գրությունս այդ նպատակը չունի, պարզապես ընթերցողների ուշադրությունն եմ հրավիրում «Ազգի» հետաքրքրական հրապարակման վրա: Եվ ցանկանում, առիթից օգտվելով, ոչ անկարեւոր շեղում անել իմ «Արձագանքից»: Ժամանակին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Շեւարդնաձեն իր վրացիներին զգուշացրել էՙ շատ էլ մի ոգեւորվեք Հայաստանի հայերի քաղաքական պայքարով, մի մոռացեքՙ նրանք իրենց թիկունքում Սփյուռք ունեն, որը դուք չունեք: Այո, մենք հզոր Սփյուռք ունենք, որը մեզ սատարում է մեր շատ ու տարբեր գործողություններում, սա գիտակցենք ամբողջի խոր գիտակցությամբ: Բայց արդյո՞ք բոլորս ենք գիտակցում: Վերջին շրջանում մեզանում լսելի են որոշ անմիտ ձայներ, թե, գիտեք ինչ, Սփյուռքը մեզ ի՞նչ... թող ամբողջ Սփյուռքը գա Հայաստան,- ասում են,- միավորվենք, միասնականանանք: Սրանից կեղծ ու նեղճակատ հայրենասիրության հոտ է փչում: Սա վտանգավոր մոլորանք է: Ես կարծում եմ, ոչ միայն ես, որ շատ վտանգավոր է հայությանը հավաքել 30.000 կամ նույնիսկ ավելի տարածքում: Մի՞թե չեք հասկանում, որ այս խառնակ, ռազմատենչ տարածաշրջանի մեր փոքրիկ հողակտորի վրա բավական է ընկնի մի «պարզունակ» ատոմային ռումբ, որ ամբողջ հայ ժողովուրդն աշխարհից վերանա: Այս ճանապարհով ազգային միավորվածության ջատագովներն ո՞ւմ հուշումներն են փորձում իրականացնել եւ ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում: Մարդկությանը քաջ հայտնի է, որ 2000 տարի հրեա ժողովուրդը գոյատեւել է շնորհիվ իր սփռվածության աշխարհով մեկ, նա այսօր թեեւ հայրենիք ունիՙ Իսրայելը, սակայն նրա պետությունն ու ժողովուրդը բոլոր հրեաներին բուն օրրանում հավաքվելու կոչեր չի անում, գիտակցում է, որ սփռվածությունը գոյապահպանության ավելի վստահելի պատվար է: Փոխառություն չհամարեք, նույնը պիտի ասեմ նաեւ մեր մասին. մենք հավերժական ենք նաեւ Սփյուռքով, որը կապրի այնքան ժամանակ, որքան եւ աշխարհը, հնարավոր չէ թեկուզ եւ գերհզոր ռմբահարությամբ նրան վերջ տալ: Եթե ուզում ենք համախմբվելՙ դիմենք հոգեղեն տարածքների միասնականացմանը, արվեստներին, ազգային լուսավոր բարոյականությանը, հայոց լեզվին, հայ մտքին ու գիտությանը: Այս ուղղություններով, իհարկե, պետք է լրջորեն աշխատել: Կարդացեք Ավիկ Իսահակյանի հոդվածաշարը, որը շուտով լույս կտեսնի առանձին գրքով: Մտորենք մեր երեկվա, ներկայիս ու գալիք օրերի մասին: *) Այս գրքի բազմաթիվ էջեր ժամանակին լույս են տեսել «Ազգ»ի շարունակական համարներում: Ծ.Խ.: |