RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-25 13:14:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2449, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՆՇՈՇԱՓԵԼԻՆ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Ավստրալահայ լուսանկարիչ Ջեք Մաջարյանը (Մաճարյան) նոր կամուրջ է ասես ստեղծում մարդու եւ բնության միջեւ. այն ինչը խզվել կամ աղավաղվել էր ժամանակների մեջՙ նա վերադարձնում է նորիցՙ բացահայտելով այնպիսի նրբագույն գեղեցկություններ, որ միայն զգայուն աչքը կարող է տեսնել: Նրա այս սերը բնության հանդեպ այնքան ուժգին է, որ հնարավորություն է ստեղծում տեսնելու ներքին շարժեր ու երեւույթներ, որոնք երեւակայությամբ իր արվեստի մեջ վերափոխվում, վերածվում են գեղանկարչության եւ լուսանկարչության յուրօրինակ սինթեզի: Ակնհայտորեն Ջեք Մաջարյանը նկարչի հայացքով է աշխարհը տեսնում, իր զգացողությունները վերարտայահտելով տեխնիկական սարքի միջոցով: Հիմնական առանձնահատկությունը շարժման իլյուզիան է, որ հաղորդվում է լուսանկարներինՙ գունային արտակարգ գրավիչ անցումներով: Նա իսկապես վեր է հանում իրերի, բնության թաքնված, սակավ տեսանելի գեղեցկություններ: Սա նրա երկրորդ ցուցահանդեսն է, որին ներկա եմ լինում, առաջինըՙ Ժամանակակից արվեստի թանգարանում, անցած աշնանը, որտեղ նրա գեղագետ հայացքը որոնել ու որսացել էր լույսի ու մութի հանդիպումների հազվագյուտ պահեր, դրանց արտափայլումների մեջ ներկայացրել բնության տարրեր, մասնիկներՙ մենավոր մի ծառ, շեկ մի ժայռաքար, արտացոլել երկնային լուսատուներիՙ աստղերի շարժումներըՙ ստեղծելով լողացող - միրաժային պատկերներ: Ահա վերջերս նա հանդես եկավ մի նոր ծրագրովՙ այս անգամ ՀայԱրտ կենտրոնումՙ ամբողջ շարքը նվիրված Հայաստանի բնաշխարհին, որով իսկապես նոր հայացք է առաջարկում-պարտադրում դիտողինՙ երեւակայությամբ հարուստ, տեղ-տեղ նաեւՙ անսովոր:

Ջեք Մաջարյանը ծնունդով Հորդանանից է, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, Սիդնեյ: Հայաստան առաջին անգամ այցելել է 1991-ին: Երբ երկրորդ անգամ, 2002-ին, դարձյալ այցելում է Հայաստան, միանգամայն տարբեր ճամփորդություն էր սպասվում նրան: Ոտքով անցնում է Հայաստանի մի զգալի հատվածՙ շուրջ 1000կմ, նոթագրում եւ լուսանկարում ճամփորդական տպավորությունները, որի արդյունքը 2003-ին լույս տեսած «Իմ հայացքը Հայաստանով մեկ» ալբոմն էր, որին մեկ տարի անց հետեւեց երկրորդըՙ «Հայաստանՙ հակադրությունների երկիր» գիրք- ալբոմը: Այս վերջին ցուցահանդեսում հակադրություններ կարծես չկան, այստեղ գույների ու ձեւերի անվերջանալի շղթա է, մեղեդու պես ներդաշնորեն շարունակվող:

Այստեղ նա հայտնաբերում է ի՛ր Հայաստանը, քարի ի՛ր գույնը, թափանցում խորքեր, հայտնաբերում ծաղկի ներքին կյանքը, ծառի տաք շնչառությունը... Շատ բանաստեղծական է այն, ինչ ներկայացնում է նա. արտաքին աշխարհի ձեւերը փոխադրելով իր մտաշխարհՙ միանգամայն ուրիշ որակներ ու հատկանիշներ է ստանում, վերարտահայտության մեջ մնալով ինքնատիպ: Տեխնիկական հնարավորությունները, որ կիրառում է, անշուշտ դեր ունենում են, սակայն գլխավորը երեւակայությունն է, հայացքի ուղղվածությունը, թե ինչպես է նա մատուցում աչքի համար այլեւս սովորական դարձած մի երեւույթ, որպեսզի նոր դրսեւորում ունենա դա: Ահա սա է գրավիչը, անակնկալը, իսկ լուսանկարների մատուցումը դիտողինՙ ուղղակի անթերի է: Այսով հանդերձ է, որ նրա պատկերները իրականության եւ երեւակայության սահմաններին ենՙ թե՛ ձեւի, թե՛ գույնի մեկնաբանության, թե՛ զգացողական մակարդակներում. մարդը, արվեստագետըՙ ներքին աշխարհի եւ արտաքին ինֆորմացիայի միջեւ: Այս պարագայում առավել արտահայտվածը շարժման, ինչ - որ տեղ վերացարկման հանգամանքն է: Երկար կարելի է կանգնել ճանապարհի շարժումը արձանագրող, պատի երկայնքով ձգվող լուսանկարաշարի առջեւ. սա ժամանակ է, արագություն, շարժում: Հողագույնի նրբերանգների բազմաթիվ անցումները որպես կյանքի, ճանապարհի խորհրդանիշ են նկատվում, թերեւս: Գունային այս նույն մթնոլորտի մեջ, բայց միանգամայն տարբեր զգացում ու վիճակներ են արտահայտում Հայոց լեռնաշխարհի քարեղեն գեղեցկություններըՙ ներդաշնակորեն միաձույլ, շարունակվող, ասես երկնքից իջնող գույներ, խստության մեջ քնքշության ակնարկով, որովհետեւ մեղեդային ինչ- որ բան կա այնտեղ... Եվ որքա՜ն բանաստեղծորեն է արտահայտված Պարույր Սեւակի այգին, ի՜նչ լուսավոր կարոտ ու ջերմություն են արձակում ծառերը: Հեղինակը տպավորապաշտ էՙ անմիջական իր զգայությունների ունկնդիրը: Այս շարքում իր բնույթով առանձնանում է մի գործՙ վերնագրված «Զոհը»ՙ ազդեցիկ, դրամատիկ պատկեր. ճանապարհին վրաերթի ենթարկված, անշնչացած կենդանինՙ անհուսալի թվացող ամայության մեջ... Խորքի մեջ դա մարդու եւ բնության օտարացման ազդանշան է, ավելի շուտ ցավՙ մարդկային հետզհետե ահագնացող անտարբերության հանդեպ:

Ջեք Մաջարյանի լուսանկարչական սարքը պատկերի վերացարկումով ստեղծում է խորհրդավոր երեւույթներ. լողացող գույները տարատեսակ զուգորդումներով կառուցում են երեւակայական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հայացք կարող է ունենալ սուբյեկտիվ զգացողություններ: Դրանցից մեկը խորագրված է «Եվա», այստեղ խոսում է գույնի լեզունՙ տարբեր դրսեւորումներովՙ մերթ ներդաշնակ, մերթ հակասական անդրադարձումներով:

Նա փորձում է տեսանելի աշխարհի շերտերի մեջ հայտնաբերել թաքնվածը, թափանցել խորքեր, գույնի մեջ գտնել նոր հատկանիշ, ձեւի մեջ նոր ասելիք դնելՙ տեխնիկական վարպետությունը օգտագործելովՙ արտահայտել իր ներքին հայացքը, ոչ թե փոխել նրանց բնույթը, այլՙ նոր ասպեկտներ, տարբեր շեշտադրումներ, տրամադրություններ ստեղծել, ձեւերիՙ երբեմն կրկնվող բազմաքանակության մեջ գտնել առանձնացողը, տարբերվողը:

Նրա լուսանկարչությունը բնութագրվում է որպես հիպնոսացնողՙ պատրանքի եւ իրականության միջեւ, որ «զգուշորեն բացում է մեր տեսնելու կարողությունըՙ թույլ տալով ընկալել եւ զգալ կրկնվող ու տարբեր աշխարհի անշոշափելի շերտերը»: Ջեքը փորձում է հասանելի դարձնել այդ անշոշափելին, բացահայտել կրկնությունների տարբերությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ