ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ «Ազգը» եւս մրցանակ ստացավ Դեկտեմբերի 22-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ «2016 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփիչ միջոցառումը: Մրցույթն արդեն յոթ տարվա պատմություն ունի եւ նախաձեռնել է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ինչպես նշեցին միջոցառման հյուրերը եւ համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները, այս մրցույթը, որն ամեն տարի պարտաճանաչորեն ճանաչում է այս կամ այն ուսանողինՙ տարվա լավագույն ընթերցող, լրացուցիչ խթան է ուսանողների համար, որպեսզի ավելի լավ սովորեն ու գիրք կարդան: Դեկտեմբերի 22-ին տարվա լավագույն ընթերցող ճանաչվեց քսան երիտասարդ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն օր այցելում են գրադարան, այլեւ արդեն իրենք են հոդվածներ գրում, զեկույցներ ներկայացնում, ինչն, անխոս, հնարավոր չէր լինի առանց ընթերցանության: Ուշագրավ է, որ դասախոսներից ամենաընթերցասերները եւս պարգեւատրվեցին: Այսպես, դասախոսների պարագայում, բոլոր նրանք ովքեր անցնող տարում երեք հարյուր օր եղել են գրադարանում, ստացան պատվավոր վկայականներ: Անգամ կատակեցինՙ եթե տարվա երեք հարյուր օրը դասախոսն անցկացրել է գրադարանում, բա մյուս 66 օրը որտե՞ղ է եղել... Առանձին վկայականներ ստացան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի բարեկամները: Հիշեցնեմ, որ անցյալ տարի նույն անվանակարգում վկայական էր ստացել «Ազգ» շաբաթաթերթը: Այս տարի ստացավ «Հայ զինվոր» թերթը: Սակայն «Ազգը» եւս ստացավ իր շնորհակալական վկայականն ու մրցանակըՙ անցնող տարում գրադարանին 900 անուն գիրք նվիրելու համար: Եւ մենք ենք շնորհակալ, որ կարդում են ու փաստորեն ընթերցողների մեջ լավագույններն էլ կան: |