ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու Այո՛, իրապես կան անհատականություններ, որոնք իրենց էությամբ մշտապես մեզ հետ են. երեկ, այսօր եւ վաղըՙ ընդմիշտ: Առկա են բացականեր, որոնք հավերժող ներկաներ են: Նմանների թվին է պատկանում այս տարվա դեկտեմբեր ամսին իր ծննդյան 80-ամյակը բոլորած Տիգրան Լեւոնյանը: ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի երգիչ եւ ռեժիսոր, հարուստ հոգեմտային, գրչական ձիրքով օժտված տաղանդավոր անհատականություն: Տիգրան Լեւոնյանը տակավին երիտասարդ տարիքում Լիբանանից հայրենադարձվեց Հայաստանՙ իր տաղանդն ի սպաս դնելու հայրենյաց մշակույթին: Այս սրբազան նպատակը իղձ էր, նվիրաբերում, անխոնջ ստեղծագործական կյանքի վերընթաց: Տիգրան Լեւոնյանի անունը երկար տասնամյակներ իմաստավորեց եւ զարդարեց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բազում ազդագրերըՙ որպես ներկայացումների գլխավոր հերոսների դերակատար, պրեմիերաների բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր: Տիգրան Լեւոնյանը արդեն իսկ մի թատրոն էր: Իր ժամանակի օպերային բեմարվեստի հարուստ կրողը: Դա էին վկայում Տիգրան Լեւոնյանի նորովի բեմադրած ներկայացումները, դրանց թվում Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ը, Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն, Ռուջիերո Լեոնկավալլոյի «Պայացներ»-ը, Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոսը»: Դա էին հաստատում նրաՙ դրամատիկ տենորի մարմնավորած օպերային հերոսների յուրովի մեկնաբանած կերպարները: «Ես մեծ ոգեւորություն եմ ապրում նայելով «Օթելլոն»: Ուրախ եմ, որ բաբախում է այս հզոր սիրտը, որ կոչվում է Տիգրան Լեւոնյան: Մենք կարող ենք այս ներկայացումը ցանկացած բեմ բարձրացնել ցանկացած երկրում: Եվ մեր ոգեւորությունը կբազմապատկվեր այնքան երկրներով, որքան մեզՙ հայերիս ավելի լավ կճանաչեին որպես մշակույթի ժողովուրդ, իրապես մշակույթի երկիր: Տիգրան Լեւոնյանը դրանում կունենա իր նշանակալի դերը»,- ժամանակին դիպուկ գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը : Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տաթեւիկ Սազանդարյանը ասել է. «Օթելլոյի» նոր բեմադրությունը ուղղակի ապշեցրեց: Եվ դաՙ շնորհիվ թատերական գործիչ, հիանալի երգիչ, ռեժիսոր եւ հոյակապ դերասան Տիգրան Լեւոնյանի»: Իր խառնվածքով եւ աստվածատուր կոչմամբ լինելով արտիստ , Տիգրան Լեւոնյանը, իրապես, դերասանական ձիրք էր դրսեւորում նաեւ իր բեմադրական արվեստում: Ներկայացման յուրաքանչյուր բեմավիճակում, կերպարների դրամատուրգիական զարգացման ամեն մի փուլում, նրաՙ բեմադրողի մտքին համընթաց, տրոփում էր նաեւ Լեւոնյան-դերասանի միտքը եւ յուրովի ինքնատիպություն հաղորդում ամբողջ ներկայացմանը: Եվ ընդհանրապես, նա իր ռեժիսորական հարուստ, որոշ դեպքերում նաեւ անսպասելի հնարներն ի նպաստ էր դնում կերտելու այնպիսի բեմադրություն, որը գրեթե կատարյալ էր իր ամփոփ ձեւակառուցմամբ: Տիգրան Լեւոնյանի բեմադրած ներկայացումները (ինչպես նաեւ իր կերտած դերերգերը) բեմականորեն ճկուն եւ միաժամանակ ավարտուն էին իրենց ասելիքի մեջ: Նա հմտորեն օգտագործում էր բեմը որպես ներկայացման տվյալ պատմական դարաշրջանի, դրա հասարակական-բարոյական հենքի եւ խորքի ցուցադրման լայն եւ բազմաշերտ ասպարեզ: Ազատորեն տիրում էր եւ իր վառ արտիստիկ երեւակայությանն էր հնազանդեցնում բեմի համապարփակ տարածությունը: Ներկայացման դրամատուրգիայի հանգուցային մեկնակետերն, ասես կենդանի որմնանկարների տեսքով, բաշխում-տեղադրում էր բեմի տարբեր հարթությունների վրա: Առանձնահատուկ էր նաեւ այն, որ Տիգրան Լեւոնյանի բեմադրություններում երգչախումբը եւ նվագախումբն ստանձնում էին ոչ թե սոսկ նվագակցողական դեր (ինչին հաճախ ենք հանդիպում), այլ լիարժեքորեն զարգացնում եւ խորացնում էին ներկայացման կառույցը եւ ընդհանուր ասելիքը: Այդպիսի բարձր արվեստով էին օժտված Տիգրան Լեւոնյանի ե՛ւ ազգային, ե՛ւ արեւմտաեվրոպական օպերաների բեմականացումները: Այս հատկություններն իրենց բարձրագույն արտահայտումը գտան նրա բեմադրած «Պողիկտոս» օպերայում: Մոսկվայի Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Վասիլեւը գրել է. «Չափազանց բերկրալի զգացում ունեմ «Պողիկտոս» ներկայացումից: Ներկայացման մեջ ամեն ինչ արված է կատարյալ. հիանալի է բեմադրությունը, եզակիորեն խորաթափանց է նյութի մեկնաբանումը, չափազանց վառ եւ պատկերավոր է ռեժիսորի մտահղացած ամեն մի տեսարանի էությունը»: Իսկ հոլանդացի արվեստագետ Պիեր Վա Դեր Սլութը , Երեւանում ունկնդրելով Տիգրան Լեւոնյանի բեմադրած «Արշակ Բ» օպերան, վավերագրել է. «Ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց «Արշակ Բ» օպերան: Ներկայացումն իրականացված է բարձրագույն միջազգային մակարդակով»: Տիգրան Լեւոնյանը իր բազմակողմանի տաղանդի արդյունքում նաեւ կերտեց մի շարք անմոռանալի դերակերպարներ, որոնք պատկանելով ոչ հաճախ հանդիպող դրամատիկական տենորի սեռին, անմոռանալի հետք թողեցին նրա հանդիսատեսի հիշողության մեջ: Հատկապես նշելի են Օթելլոն (Վերդի, «Օթելլո»), Ռադամեսը (Վերդի, «Աիդա»), Կանիոն (Լեոնկավալլո, «Պայացներ»), Կավարադոսսին (Պուչինի, «Ֆլորիա Տոսկա»): Տիգրան Լեւոնյանի շնորհիվ համաշխարհային օպերային արվեստի այդ գլուխգործոց օպերաները երկար տարիներ պահպանեցին իրենց տեղը Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի խաղացանկում: Նրա թե՛ երգեցիկ, թե՛ թատերախաղային առումներով յուրօրինակորեն կերտած այդ յուրաքանչյուր կերպարը մեծապես օժտված էր հարուստ հոգեաշխարհով, վառ անհատականությամբ: Կերտելիս իր դերերգերը Տիգրան Լեւոնյանը անկեղծ էր, հուզական: Հանդիսատեսը հավատում էր նրա հերոսների զգացմունքներին, տառապանքին: Օժտված լինելով գերզգայուն, խոր ալեկոծումներով հարուստ հոգեաշխարհով, նա, երբեք չնույնացնելով իրեն իր հերոսների հետ (ինչը դերասանական տարածված պարզունակ եւ անընդունելի միջոց է) ստեղծում էր նույնպես հարուստ հուզաշխարհով դրոշմված կենդանի մարդկային կերպարներ եւ դրանցով ապրեցնում իր հանդիսատեսին: Իսպանիայում ջերմ ընդունելության արժանացած թատրոնի հյուրախաղերից հետո, ամփոփելով Տիգրան Լեւոնյանի թե՛ բեմականացման, թե՛ երգեցիկ, թե՛ դերասանական բարձր արվեստը, Սեւիլիայի մշակույթի դեպարտամենտի «Օպերան դեպի ժողովուրդ» պարբերականը գրել է. «Տիգրան Լեւոնյանի ղեկավարած Հայաստանի օպերայի եւ բալետի Ազգային թատրոնը ներկայացրեց մեծածավալ մի գործ («Պողիկտոս»), ուր առկա էր արվեստի հանդեպ նոր մոտեցումը: Դա դասականի եւ ժամանակակիցի, ազգայինի եւ միջազգայինի համաձուլվածք է, բեմադրություն, որ հրաշալի ներդաշնակություն է իր ամբողջականության մեջ»: ...Վերը հիշատակեցինք, որ Տիգրան Լեւոնյանը նաեւ գրչին օտար մարդկային էություն չէր: Դրա վառ ապացույցներն են իր «Առերեսում» գիրքը («Վան Արյան» հրատ., 2009 թ.): Ինչպես ճշմարտացիորեն նշված է գրքի նախաբանում, ստեղծագործական կենսափորձից տարիների ընթացքում ծնված այս մտքերն ու ասույթների ձեւով բյուրեղացված դիտարկումները, ընթերցողին հնարավորություն են տալիս, գոնե մասամբ, մերձենալու Տիգրան Լեւոնյան արվեստագետի գեղագիտական հավատամքին, նրա ստեղծագործական սկզբունքներին, մտածողության առանձնահատկությանն ու նրա մարդկային անհատականությանը: Նաեւՙ վերջերս կրկին «Վան Արյան» հրատարակչության կողմից լույս տեսած Տիգրան Լեւոնյանի «Վերադարձ» կենսագրական հուշապատում-վիպակը, որի շնորհանդեսը մեծ ուշագրավությամբ տեղի ունեցավ Հայաստանի Գրողների միության Կլոր սրահում (տես «Ազգ», 14.10.2016): ...Գոյություն ունի հին դարերից եկող ճշմարտություն. իսկական արվեստագետները չեն ծերանում: Տիգրան Լեւոնյանի նման արվեստագետները չունեն տարիք: Նրանք հավերժորեն մնում են իրենց ստեղծագործական թռիչքի տարիքում, իրենց տաղանդով նվաճած բարձունքի կիզակետում: Նրանք դրանով իսկ երջանիկ էակներ են, որովհետեւ իրենց մարդկային եւ ստեղծագործական գոյով ի զորու են եղել մարդկանց երջանկություն ու բերկրանք պարգեւել: Նրանք միշտ մեզ հետ ապրող Հավերժի ճամփորդներ են: |