RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2016-12-22 21:43:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 5699, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆԱ ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ՎԱՌ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԷՐ». ԳԱՅԱՆԵ ԽԱԼԱՅՋԻԵՎԱ-ԽՈԼՈԴՈՎԱ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1918 թվականին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին, Դոնի Ռոստով քաղաքում, սովի, ավերածության եւ անորոշության պայմաններում մի խումբ երիտասարդ արվեստասերներ, խանդավառված համաշխարհային հիմնախնդիրներովՙ փիլիսոփայական եւ գեղարվեստական, հիմնել են մի նոր, փոքրիկ, ինքնագործ ստեղծագործական կոլեկտիվՙ Թատերական արվեստանոցը: Երիտասարդ բեմադրիչ Պավել Վեյսբրեմը թատրոնի շուրջը համախմբել է քաղաքի առաջատար ստեղծագործ ուժերինՙ բեմադրիչ Արկադի Նադեժդովին, նկարիչ Անատոլի Արապովին, երգահաններ Խեյֆեցին եւ Գնեսինին, դերասաններ Ռաֆաիլ Խոլոդովին, Վարվառա Մյասնիկովային, ինչպես նաեւ Վարշավայի համալսարանիՙ Ռոստով տեղափոխվելու առիթով այդ քաղաքում հայտնված դերասան եղբայրներ Անտոն եւ Եվգենի Շվարցներին (վերջինը հետագայում պիտի դառնար ողջ ԽՍՀՄ-ում հռչակված թատերագիր): Հայաշատ այդ քաղաքում ստեղծված նոր մշակութային օջախի կայացմանը մասնակցել են նաեւ առնվազն երեք հայազգի արվեստագետներՙ արդեն մեծ համբավ վայելող Մարտիրոս Սարյանը, ինչպես նաեւ երկու սկսնակ դերասաններՙ հետագայում Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Տուսուզովին (Թուսուզյան) եւ Գայանե Խալայջիեւան, հետագայումՙ Խոլոդովա:

Ռուսական թատրոնի եւ էստրադայի այսօր մոռացված համեստ մշակներից մեկըՙ Գայանե Նիկոլայի Խալայջիեւան ծնվել էր 1898-ին, Նոր Նախիջեւանում: Մայրըՙ Իսկուհի Ռոմանոսի Խալայջիեւան (1870-1958), ծնյալ Խաչատուրովա, եղել է Միքայել Նալբանդյանի քրոջ դուստրը: 1910-ականների վերջից հանդես է եկել թատրոնում: Թատերական արվեստանոցում նրա կատարած լավագույն դերը եղել է Տուրանդոտըՙ Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտի» բեմադրության մեջ: Կատարել է նաեւ Մերիի (Պուշկինի «Խնջույք ժանտախտի ժամանակ»), ձկնորսի այրու (Հեյերմանսի «Հույսի» կործանումը»), Լերայի (Գումիլյովի «Գոնդլա») դերերը, մասնակցել «Տենտաժիլի մահը», «Դիմակահանդես», «Պատելենի փաստաբանը» եւ այլ ներկայացումների: Պահպանվել է այս ժամանակաշրջանից Գայանե Խալայջիեւայի մի գծանկարը, որ կատարել է երիտասարդ նկարիչ եւ թատրոնի ու կինոյի ռեժիսոր, հետագայում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուտկեւիչը:

Ռուս թատերագետներին Խոլոդովայի անունը հայտնի է որպես հանրահայտ գրող, թատերագիր Եվգենի Շվարցի (1896-1958) առաջին կինը լինելու իրողությամբ: Նշանավոր գրող-գրականագետ Կոռնեյ Չուկովսկու որդինՙ Նիկոլայ Չուկովսկին, իր հուշերում հետաքրքրական մի միջադեպ է վկայել է Շվարցի եւ Խոլոդովայի հարաբերությունների սկզբնական շրջանի մասին: Ըստ նրա Գայանեն կամ Գանյան, «մի փոքրիկ կինՙ աղմկոտ, բուռն, շատ գեղեցիկ: Նա երկար դիմադրել է Շվարցի սիրահետումներին, երկար ժամանակ չի համաձայնվել ամուսնանալ նրա հետ: Մի անգամ, նոյեմբերի վերջին, ուշ երեկոյան, նրանք Ռոստովում քայլելիս են եղել Դոնի ափին, եւ Շվարցը հավատացրել է Գանյային, որ առաջին իսկ խոսքի դեպքում կկատարի նրա ցանկացած քմահաճույքը:

- Իսկ եթե ասեմՙ թռիր Դոնի մե՞ջ:

Շվարցն անմիջապես ցատկել է ճաղաշարի վրայով եւ թռել Դոնի մեջՙ վերարկուով, գլխարկով, կրկնակոշիկներով: Գանյան աղմուկ է բարձրացրել, եւ Շվարցին դուրս են հանել: Այդ ցատկը համոզել է Գանյային, եւ նա ամուսնացել է հետը»:

Դա եղել է 1919 թվականին: 1921-ի հունիսին, մահից երկու ամիս առաջ, Դոնի Ռոստովով անցնելիս է եղել բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովը, որն իր բարեկամ նկարիչ Յուրի Աննենկովից տեղեկացել է իր «Գոնդլա» դրամատիկ պոեմի հաջող բեմադրության մասին ռոստովյան բեմում, մի գործի, որը դրանից ո՛չ առաջ, ո՛չ հետո որեւիցե բեմադրիչ չի կարողացել ինչպես հարկն է բեմադրել: Գայանե Խալայջիեւայի վկայությամբՙ թատերաշրջանն ավարտված է եղել, սակայն հանուն հեղինակի գիշերը ժամը 1-ին միմիայն նրա եւ թատրոնի տնօրենի ներկայությամբ խաղացվել է ներկայացումը: Գումիլյովը շատ է հավանել ներկայացումը եւ ասել է. «Այստեղ իզուր տեղը թթվելու եք, դուք պետք է մեկնեք Պետրոգրադ»: «Երդվե՛ք, որ մեզ այնտեղ չե՛ք մոռանա»,- բացականչել է Գայանե Խալայջիեւան: Գումիլյովը բարձրացրել է ձեռքը եւ ասել. «Երդվո՛ւմ եմ»: Եվ հաստատ չէր մոռանա, եթե կյանքն այլ կերպ չտնօրիներ: Ռոստովցիները երկու ամիս անց մայրաքաղաք հասնելու վրա են եղել, երբ գնացքում ստացել են Գումիլյովի գնդակահարության լուրը: Պետրոգրադում նրանք «Գոնդլան» ներկայացրել են չորս անգամ, իսկ հինգերորդը չեղյալ են հայտարարելՙ հեղինակիՙ գնդակահարված լինելու պատճառով: Ի դեպ, հետագայում Գայանեն հանդես է եկել Գումիլյովի մասին հուշագրությամբ, իսկ «Գոնդլայի» մասին Յուրի Աննենկովը գրել է. «Հիշվում էր Լերայի հմայիչ դերակատարուհուՙ Գ. Խալայջիեւայի անունը, որն ինքնատիպ եւ վառ դերասանուհի էր»:

Շվարց ամուսիններիՙ Պետրոգրադում հաստատվելուց որոշ ժամանակ անց Գայանեն իր մոտ է բերել մորը - կրտսեր եղբորըՙ Ֆեոդորին: Նույն Նիկոլայ Չուկովսկին գրել է. «Շվարցի զոքանչըՙ Էսկուի (sic) Ռոմանովնա Խոլոջիեւան (sic) գեղեցիկ, բարի եւ իմաստուն ծեր կին էր, գրեթե անգրագետ, թեեւ սերում էր լավ հայկական ընտանիքից. նրա հարազատ քեռին Նալբանդյանն էրՙ հայտնի հայ լուսավորիչը, Գերցենի ընկերը: Ֆեդյանՙ կոկորդային ձայնով մի վառվռուն երիտասարդ, շուտով ամուսնացավ, եւ փոքրիկ բնակարանում հաստատվեց նաեւ նրա կին Լելյան: Այդ աղմկոտ ընտանիքում Ժենյանՙ մեղմ ձայնով, տխուր հումորով եւ նրբանկատ զիջողականությամբ, լրիվ իրեն կորցրել էր: Նա չուներ տեղ ո՛չ աշխատելու, ո՛չ հանգստի համար: Եվ դրանով հանդերձ նա այդ բազմաթիվ Խոլոջիեւների միակ կերակրողն էր, նաՙ փակված թատրոնի դերասանը եւ գրողը, որը դեռ ոչինչ չէր գրել»:

1925 թվականին երիտասարդ տարիքում ինքնասպան է եղել Գայանեի եղբայրըՙ Ֆեոդորը: Այս մասին Շվարցը հիշատակել է իր «Հեռախոսագրքույկը» ստեղծագործության մեջ: Գրելով բնակարանում եղած տեխնիկական նորույթիՙ հեռախոսի մասին, նա նշել է. «Հենց այդ ապարատից ես 25 թվականի հոկտեմբերի 3-ի սարսափելի օրը իմացա իմ աներորդի Ֆեդյա Խալայջիեւի սարսափելի մահվան մասին»: Սակայն նույն հեռախոսից Շվարցն իմացել է նաեւ ուրախ լուրեր: 1929 թվականի «ապրիլի 16-ի լուսաբացին զանգը հնչեց, եւ Իսկուհի Ռոմանովնան բացականչեց. «Ծննդատնի՛ց է»: Եվ ես լսեցի հիվանդապահուհու անտարբեր, սակայն ջանասեր ձայնը. «Դուք աղջիկ եք ունեցել, սեւուլիկ, ութ ֆունտՙ քառորդով: Ձեր կինն իրեն նորմալ է զգում»: Ես այդ ամենը կրկնեցի Իսկուհի Ռոմանովնային, ու նա լաց եղավ, անօգնական եւ ուրախ, ինչպես եւ 54 թվականի մարտին, երբ նրան զանգահարեց Կատերինա Իվանովնան եւ ասաց, որ Նատաշան, այդ նույն «սեւուլիկ եւ առողջ աղջիկը» ծննդաբերել է աղջիկ, նույնպես 8.5 ֆունտ»: Այս վերջին վկայությունը ցույց է տալիս, որ թեեւ Շվարցն ամուսնալուծվել է Գայանեից, սակայն մշտապես կապ է պահպանել նրա եւ դստերՙ Նատալյա Շվարց-Կրիժանովսկայայի (1929-1996) հետ: Պատմում են, որ Եվգենի Շվարցի երկրորդ ամուսնությունն ավելի երջանիկ է եղել. հավանաբար ոչ հայ կինը չի ստիպել հանդուրժել նաեւ իր ազգուտակին...

Գայանեն սկսել է հանդես գալ Լենինգրադի Կարմիր, Մեծ դրամատիկական եւ այլ թատրոններում, այնուհետեւ որպես ասմունքողՙ էստրադայում, որտեղ էլ սկսել է գործածել Խոլոդովա կեղծանունը: Նաեւ դասավանդել է Կենտրոնական թատերական ուսումնարանում:

Խոլոդովայի մտերիմ ընկերուհիներից մեկի դուստրըՙ Մարգարիտա Ռուպերտը, իր հուշերում այսպես է հիշել նրան. «Գայանե Նիկոլաեւնան կամ Գանեչկան, ինչպես անվանում էին նրա բարեկամները, տեմպերամենտով մի հայուհի, հրաշալի ասմունքող, էստրադայից կարդում էր ռուս դասականներին, պատերազմի եւ հիանալի խորհրդային իրականության մասին հայրենասիրական բանաստեղծություններ: Հիշում եմ նրա հաճախակի վրդովմունքը «ռեպերտկոմի»ՙ այն ժամանակվա բեմական գրաքննության պահանջների առթիվՙ ունենալ գաղափարային-զսպված եւ քաղաքականապես ճիշտ տեքստեր: Ստալինի մահից հետո նա բուռն կերպով մեզ արտահայտեց իր մտահոգությունը շուտափույթ կազմելու նոր երկացանկՙ արդեն առանց Սուլեյման Ստալսկու եւ Ջամբուլ Ջաբաեւի: Գանեչկայի զգացմունքային պատմությունները ցանկացած կենցաղային առիթի մասին վերածվում էին փոքրիկ ներկայացումների: Երբեմն դրանք էսքիզներ էին կյանքիցՙ Զոշչենկոյի ոճով, երբեմնՙ «ընթացիկ պահի» իրադարձություններՙ պատմված եզոպոսյան լեզվով, երբեմնՙ հիշողություններ բազմաթիվ հետաքրքրական մարդկանց եւ հանդիպումների մասին»:

Կյանքի վերջին տարիները Գայանե Խոլոդովան անցկացրել է Լենինգրադի Բեմի վետերանների տանը: Մահացել է 1983-ին, Լենինգրադում, թաղված է Բոգոսլովյան գերեզմանատանը, մորՙ Իսկուհու շիրիմի կողքին:

Ավելացնենք, որ ստեղծագործ գեները փոխանցվել են նաեւ Գայանե Խոլոդովայի թոռներին: Նրանցից Անդրեյ Կրիժանովսկին (1950-1994) բանաստեղծ էր, իսկ Մարիա Կրիժանովսկայան (ծն. 1954)ՙ գրականագետ, որը զբաղվում է մեծ հորՙ Եվգենի Շվարցի ստեղծագործության ուսումնասիրությամբ...

Նկար 2. Ս. Յուտկեվիչ. Գայանե Խալայջիեւայի նկարը Նոր Դրամայի թատրոնում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 23-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ