RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 21:36:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2444, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՌԻՎԸ, ՄԱՆԱՎԱՆԴ ԿՅԱՆՔԸ

Հովիկ ԱՖՅԱՆ

Հնարավոր չէ ֆիլմ նկարել միայն կյանքի մասին, կամ միայն կռվի, քանի որ կյանքն ինքը կռիվ է: Գուցե պատերազմ չէՙ արյունոտ ճակատամարտերով, բայց հաստատ կռիվ է, հաճախՙ ներքին, եւ ամենեւին կարեւոր չէ, որ պատերազմում մենք արյունը տեսնում ենք, իսկ ներքին կռիվներում այն անտեսանելի է: Ներքին, նկատի չունեմՙ հեղափոխությունները, կամ ինչպես ավելի քաղաքական լեզվով են ասումՙ սահմանադրական կարգի բռնի տապալումները կամ դրանց փորձերը: Ներքինՙ նկատի ունեմ ամեն մեկիս կռիվը մեր ներսի բարու հետ, կամ չարի, կամ վախկոտի, կամ քաջի:

Հիմա, երբ դու պատմում ես մարդու մասին, ինչն ի դեպ բավականին հետաքրքրական բան է, եթե կարողանում ես (քչերն են կարողանում), չես կարող շրջանցել այդ կռիվը: Ավելին, երբ դու որեւէ մարդու, առավել եւս մարդկանց մասին պատմում ես եւ պատմությանդ վերնագիրը դնում ես «Կյանք ու կռիվ», կռիվ ասելով նկատի չունես, որ այդ մարդիկ պատերազմում էին, օրինակ մոնղոլների դեմ, այլ նկատի ունես այդ մարդկանց ներքին կռիվները: Ի վերջո, երբ պատերազմ է, կռիվը ոչ թե բուն պատերազմն է, այլ այնտեղ մեկնելու որոշում կայացնողների կամ չմեկնել որոշածների ներսի իրարանցումըՙ նախքան իրենց որոշում կայացնելը:

Այս համատեքստում լինում են ֆիլմեր (գրքեր էլ են լինում, գոնե առաջ շատ կային), որոնք պատերազմի մասին են: Սրանք այն ֆիլմերն են, որտեղ մենք տեսնում ենք պատերազմըՙ իր ողջ ահուսարսափով, արյամբ եւ այն ավարտված տեսնելու հույսով: Ընդ որում, նման ֆիլմերում ռեժիսորը կամ սցենարիստը կարող են ինչպես մեղանչել ճշմարտության դեմ, օրինակ ցույց տալով, թե ինչպես են մերոնք գրավում ինչ-որ բլուր, այն պարագայում, երբ այդ բլուրին մերոնք մոտ էլ չեն եկել, կամ չմեղանչեն ճշմարտության դեմՙ իրենց որոշած, շեշտում եմՙ իրե՛նց որոշած մանրամասնությունների չափով ցույց տալով, որ մերոնք այդպես էլ այդ բլրին մոտ չեն եկել, ավաղ:

Հանդիսատեսը այս առումով եւս տարբեր է լինում: Կան, որ հստակ գիտեն, թե մերոնք այդ բլրին մոտ չեն եկել, բայց կուզենային ֆիլմում գոնե տեսնել, թե ինչպես են այն գրավում, եւ հակառակըՙ կան, որ հստակ գիտեն, որ բլրին մերոնք մոտ չեն եկել եւ ֆիլմում տեսնելով, թե ինչպես են այն գրավում, մեղադրում են ֆիլմը ստեղծողներին ճշմարտությունը խեղաթյուրելու մեջ: Թե հանդիսատեսի ո՞ր խմբին պետք է բավարարի ռեժիսորըՙ ի՛ր ընտրության խնդիրն է, բայց որպես կանոն ռեժիսորները, արվեստի գործիչներն առհասարակ չեն էլ մտածում հանդիսատեսի ինչ-որ խմբին բավարարելու մասին, նրանք մարդկանցՙ երազանք ունեցող տեսակն են եւ մտածում են բացառապես իրենց երազանքը հրապարակայնացնելու մասին: Անգամ այն արվեստի գործերում, որոնք պատկերում են չոր ճշմարտությունը, երազանք կա, հույս կա, գոնե անողոք ճշմարտությունը բարձրաձայնելովՙ այլեւս երբեք նման բաներ թույլ չտալու հույսը, երազանքը: Հակառակ պարագայում դա արվեստ չէ:

Լինում են ուրիշ ֆիլմեր էլ, որոնք պատմում են կռվի մասին: Ընդ որում, կան նման ֆիլմեր, որտեղ պատկերված է նաեւ պատերազմը եւ կան, որտեղ պատերազմից մի կադր անգամ չկա, քանի որ կռիվը, հիշում ենք, պատերազմ չէ: Այնտեղ, որտեղ նաեւ պատերազմ կա, հիմնական իրադարձությունն այդ պատերազմը չէ, այլ այնտեղ մեկնողների կամ չմեկնողների որոշումը, ինչը ներքին կռվի արդյունք է միշտ լինում: Պատերազմից հեռու, խորը թիկունքում պատերազմում գտնվողներին սպասողների ներքին կռիվները, անհանգստությունները, վախերը, փոքրիկ ուրախությունները, հույսերը, երազանքները,... Եւ կրկին ու ամենակարեւորը, այն մանրամասնության չափով, որը որոշում է տվյալ ֆիլմը ստեղծողըՙ համապատասխան իր երազանքին, ասելիքին ու նպատակին:

Օրինակ Ալբերտ Մկրտչյանը երբ նկարահանում էր իր «Հին օրերի երգը» ֆիլմը, կարո՞ղ էր չսպանել Հայաստան մայրիկի բոլորՙ չորս որդիներին ֆիլմի բուն իրադարձություններին զուգահեռաբար, շեշտում եմՙ բուն իրադարձություններին զուգահեռաբար ընթացող պատերազմում: Իհարկե կարող էր, բայց սպանեց: Ինչո՞ւ, ինքն է որոշել, ըստ նրա այդպես ավելի ազդեցիկ կլինի: Իսկ կարո՞ղ էր նա չորս որդիներին կորցրած մոր անունը Հայաստան չդնել, այլ, օրինակ, Գայանե դներ, կամ Անուշ, իհարկե կարող էր, բայց որդեկորույս մորը հենց Հայաստան անվանելովՙ ռեժիսորը ցանկացել է ցույց տալ (մեղանչելով, ի դեպ, ստույգ ճշմարտության դեմ), որ Հայաստանը մայրիկը չէ, երկիր է, որ այդ պատերազմում կորցրեց իր բոլոր որդիներին: Բայց նույն ֆիլմն ավարտվում է պատերազմից վերադարձողների կադրերով, ու չնայած նրանց թվում Հայաստան մայրիկի չորս որդիներից ոչ ոք չկա, բայց մենք տեսնում ենք, որ պատերազմն ավարտվել է, որ այնտեղ զոհերն անխուսափելի են եւ որ այդ զոհերը հենց մեր որդիներն են, անգամ եթե մեր միակ որդին պատերազմից ողջ առողջ է վերադառնում: Հիմա մենք կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ «Հին օրերի երգը» պատերազմի մասին կինո է: Ես որ չեմ պնդի, կպնդեմ, որ այն կռվի մասին կինո է, հիշենք օրինակ պատերազմի պատճառով ընդհատված թատրոնի դերասանների ներքին կռիվըՙ թատրոնը պահելու (ապրելու), հիշենք սեւ թուղթ բաժանող Մհեր Մկրտչյանի հերոսի ներքին կռիվները ամեն անգամ Հայաստան մայրիկի տան դուռը բախելուց առաջ: Մի խոսքով, սա կռվի, ոչ թե պատերազմի մասին կինո է, չափազացրած կինո է, ինչպես յուրաքանչյուր կինո, ինչպես արվեստն առհասարակ:

Բայց դառնանք մեր պատերազմին (հին օրերի պատերազմը չնայած հայրենական էր, բայց մերը չէր): Մհեր Մկրտչյանը ֆիլմ է նկարել, վերնագիրն էլ դրել էՙ «Կյանք ու կռիվ»: Մհեր Մկրտչյանը հին օրերի կռվի մասին ֆիլմ նկարած Ալբերտ Մկրտչյանի որդին է: Ալբերտն Մկրտչյանն էլ, գիտենք, Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի եղբայրն է: Պտուղն էլ, էլի գիտենք, ծառից հեռու չի ընկնում, չնայած ոչ բոլոր դեպքերում, բայց դա այլ, առավելաբար քաղաքական խոսակցություն է: Այսինքն Մհեր Մկրտչյանը տաղանդավոր մարդ է, հետեւաբար նրա նկարած կինոն պետք է տաղանդավոր լինի եւ ամենակարեւորըՙ պատերազմի, թե խաղաղության ժամանակ կռիվ ցույց տալու գենետիկ ունակություն պետք է ունենա: Ֆիլմում համ կռիվ կա, համ պատերազմ, բայց ֆիլմը, հիշում ենք, վերնագրված է ոչ թե «Կյանք եւ պատերազմ», այլ «Կյանք ու կռիվ»: Այսինքն կարեւորը պատերազմը չէ, չնայած այն ղարաբաղյան պատերազմն է, ինչը մեզ համար արդեն շուրջ երեսուն տարի ամենակարեւորն է: Ամենակարեւորը կռիվն է, նկատի ունեմՙ ֆիլմում: Հետեւաբար ամենակարեւորը ոչ թե այն է, որ գլխավոր հերոսներից երկուսը, ոչ թե գլխավոր հերոսը, այլ նրանցից երկուսը պատերազմից հետ չեն գալիս, այլ այն, որ նրանք գնում են պատերազմ եւ այն է, թե նրանք ինչո՞ւ են գնում պատերազմ, ի՞նչ կռվով անցնելուց հետո, ո՞ւմ հաղթելով... Հաղթելով:

Ճշմարտության դեմ մեղանչումներ կա՞ն, իհարկե կան, այդ ո՞ր կինոյում չկան, կամ գրքում, կամ կտավում, կամ կներեքՙ լրագրողական հոդվածում,... Բայց ֆիլմին չի սպանում ճշմարտությունը խեղաթյուրելը կամ այն ամենայն մանրամասնությամբ չպատմելը, ֆիլմին սպանում է այնտեղ սիրո, հավատի եւ երազանքի բացակայությունը: Ինչպես մարդուն, ինչպես կյանքում, որի ամեն օրը մենք կռվում ենք, ովքեր ուզում են առաջ գնալՙ իրենք իրենց հետ են կռվում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ