«...ԽՈՐԻՆ ՏԽՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԺՊԻՏՈՎ»... Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Փետրվարի 6-ի լուսաբացին կյանքի վերջին րոպեներն ապրեց հայ կերպարվեստի նվիրյալներիցՙ արվեստաբան Պողոս Հայթայանը : Հեռացավՙ որքան մեր արվեստին թողած ստեղծագործական արժեքավոր ժառանգությամբ, գուցե դրանից առավելըՙ իր շրջապատի, արվեստագետ ու նկարիչ մտերիմների հիշողություններում բանավոր սփռած, եւ նույնքան էլ տարավ իր հետՙ չասված մտքեր, դեռ չարված, չգրված հոդվածներ: Այս կյանքում ոչինչ չի ավարտվում, ամեն բան կիսատ է մնում, բայց կարեւոր էՙ ինչպես ես այդ կիսատը թողնում... Չնայած առաջացած տարիքին եւ արդեն տկարացող մարմնինՙ մինչեւ վերջին պահը պահպանեց սթափՙ իրեն բնորոշ վերլուծական մտածողություն, արժեքների չսասանվող համոզմունք, անաչառ վերաբերմունքՙ ոչ միայն արվեստի ու արվեստագետի հանդեպ, այլեւ առհասարակ մարդկային կյանքի: Դա ակնհայտ երեւաց ընդամենը մի քանի ամիս առաջ, աշնան վերջերին, երբ Ժամանակակից արվեստի թանգարանում նշվում էր ծննդյան 80-ամյակը: Եվ անգամ դժվար լսելի բառերը, - որովհետեւ շատ ցածր էր խոսում,- շատ բան չէին փոխում, որովհետեւ անհրաժեշտ էր կարդալ ոչ այնքան բառերը, որքանՙ աչքերը, որոնց մեջ գոնե ես ափսոսանք ու խորը կարոտ էի տեսնում: Գուցե իր հետ իմ բազմաթիվ երկար զրույցներից գիտեիՙ թե ոնց է վերապրում, ինչ կարոտ է ապրում իր ներսումՙ անցած դարի հայ կերպարվեստի 60- 70-ականների արվեստային անկրկնելի մթնոլորտիՙ գեղարվեստական մտքի ու մտածողության նոր, առաջադիմական, հետաքրքրական, նաեւ հակասական գաղափարներով փոթորկող, պոռթկացող, բոհեմական այդ կյանքի նկատմամբ, որի կիզակետում է եղել մշտապես: Առաջիններից է եղել տաղանդավոր ու նոր մտածողություն կերպարվեստ ներմուծող արվեստագետին հայտնաբերելիս ու գնահատելիս, նկարիչների իսկական բարեկամն ու ընկերն էր, ասես զինակից, սատարելով միայն տաղանդավորներինՙ վերաբերմունքով, ճշգրիտ բնորոշումներով, արվեստաբանական հոդվածներով, կատալոգների, ցուցահանդեսների կազմակերպմամբ, նաեւ անաչառ դիտողություններով, դիպուկ, շահեկան նկատառումներով: Նա զարմանալի ուշադիր էր նաեւ մամուլի հրապարակումներին, «Բարեկամություն» մետրոյի գետնանցուղում հաճախ էի հանդիպում իրեն. ամեն առավոտ դուրս էր գալիսՙ թերթեր գնելու: «Ազգ» թերթի մշակութային հավելվածի հեղինակներից ու լավագույն ընթերցողներից էր: Կերպարվեստի մասին գրվածՙ ինձ լուրջ թվացող յուրաքանչյուր հոդված անհնար էր նրա դիտարկու հայացքին ու վերաբերմունքին չարժանանար, իսկ այդպիսի հայացքը միշտ զգոն է պահում, քանի որ ներքին սլաքը միշտ չէ, որ արթուն է: Լինել արվեստասեր, սիրել նկարչություն, ապրել Երեւանում եւ չիմանալ, չմտերմանալ Պողոս Հայթայանի հետ, անկարելի էր: Նրա բանավոր խոսքի (ըստ որումՙ շատ գունեղ, կոլորիտային, որովհետեւ երբ պատմում էր, մի ողջ էպոխա էր խոսքի մեջ կենդանացնում, ոչ թե նկարագրում) անսպառ թվացող տարողությունըՙ էքզիստենցիալ եւ տրանսցենդենտալ վիճակներիՙ չափվում էր խորքով, եւ երբ տարածական կամ ժամանակային էր հոսքը, կրկին վերադառնում էր ծավալայինի: Հայ եւ համաշխարհային մշակույթի, կերպարվեստի խորը իմացությունը զուգահեռվում էր բացառիկ ինտուիցիային, որ ցուցաբերվում էր ամենաթույլ արտահայտված ակնարկի դեպքում անգամՙ տեսնելու տաղանդի առկայությունը, եւ արտահայտվելու ձեւը ամենքին էր հայտնիՙ շիտակ, դիպուկ, ձայնի ու տեմբրիՙ միայն իրեն բնորոշ հնչողությամբ: Այդպիսի մարդիկ, այդպիսի արվեստաբանները շատ սակավ են, եւ կորուստը իսկապես թանկ է, տեղը թափուր է մնում: Կյանքը շարունակվում է դատարկվել, բովանդակությունըՙ աղքատանալ... Ինձ այնպես է թվում, որ ամբողջ այս կյանքը նա ընկալում, տեսնում, զգայում էր իբրեւ հսկայական, անավարտ մի կտավ, հավերժորեն նորոգվող, անընդհատաբար փոփոխվող, որովհետեւ ապրելն իր համար ստեղծագործություն էր, պայքար էր, արարում: Բառը պատկեր էր, սերըՙ գույն, գույնըՙ երաժշտություն, նա ապրում էր գոյության այդ շերտերի, այդ ելեւէջումների մեջՙ ի հեճուկս կյանքիՙ իրեն էլ տեսանելի, ծանոթ ու քննելի գորշ երեւույթների: Նա այս երկրի, այս քաղաքի մարդն էր, ազնիվ նկարագիր ու դիմագիծ պահպանած մտավորական, նվիրումի վերջին շնչով ապրած հայ մարդՙ ներքին ազատությամբ, գեղեցիկի պաշտամունքով եւ... անպաշտպան: Անպաշտպանՙ որովհետեւ ազնվությունը միշտ է անպաշտպան: ...Մարտին Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում փետրվարի 6-ին այս գրառումն է թողել. «Ի դեմս նրա, վերջին պոետը եւ մարդը հեռացավ, որը նյութի համար սպառազինված, ոտքի ելած շառաչուն երթին նայում էր խորին տխրությամբ ու հազարամյա ժպիտով»: Մեկ նախադասության մեջ ամեն ինչ ասված է: Նրա վերջին ժպիտը կյանքին եղել է նկարչությունը, վերջին հայացքը շոյել է որդու արած վերջին շարքըՙ նույնքան զգայուն, սթափ, պատկերի յուրաքանչյուր դետալի, գծի աներեւույթ շարժումի մեջ խորացած: Նկարչությամբ ամբողջությամբ ապրած հոգի, որ հեռացավ նկարչությանը նույնքան սիրահարված եւ համոզված, որ այս երկիրը հայ կերպարվեստն է փրկելու: Որովհետեւ այնտեղ էր տեսնում գեղեցկության ուժը... |