RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017



ԱԼԲՈՄ

Տեղադրվել է` 2017-02-09 21:36:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2960, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԼՄԱՐԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Մարինա ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արվեստաբան

Հայտնի գեղանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) կարողացել է յուրահատուկ հավաքածու կազմել իր գործընկերների մոտ 150 աշխատանքներից, որոնք նվեր է ստացել, փոխանակել սեփականի հետ, երբեմն էլ, ցանկանալով աջակցել օգնության համար իրեն դիմած ընկերոջը, գնել է իր հավանած նկարը: Այսպես է ձեւավորվել ստեղծագործությունների այս հրաշալի հավաքածունՙ առաջին հայացքից չմիավորված ո՛չ թեմայով, ո՛չ կոնցեպցիայով, ո՛չ գաղափարով: Սակայն հենց նվիրատվության, նկարների փոխանակման կամ նույնիսկ միմյանցից գումարովՙ հավանած գործերի ձեռքբերման գործընթացը նկարիչների միջավայրում ինքնին մեծ իմաստ ունեցող երեւույթ է: Դա հանդես է գալիս որպես կապակցող օղակ այն եղբայրության, որը հնուց ի վեր ավանդապես բնորոշ է նման ստեղծագործական միջավայրին:

Այս մտքերն առաջ են գալիս Վալմարի հավաքածուում տեղ գտած հայ նկարիչների պատկառելի քանակության գործերին ծանոթանալու ընթացքում: Նկարչի համար, ով կազմել է այս պատկերագիրքը, սա միշտ ճանապարհորդություն է հիշողությունների մի կետից դեպի մյուսը: Վալմարի համար յուրաքանչյուր աշխատանքն ազդանշան է հիշողության համար, որին այն արձագանքում է ոչ իբրեւ սոսկ կյանքից վերցված մի դրվագի, այլ սրտին շա՜տ թանկ մի զգացումով, որում նկարիչը փնտրում է աջակցություն, նոր հույզեր, խորհուրդ: Անցել են այնՙ արդեն առասպելական դարձած տարիները, սակայն նկարչի համար (արվեստասերի համար նույնպես) այս հատընտիր հավաքածուն եզակի է դառնում:

Ճիշտ է, հավաքածուն համակարգված չէ, նրանում ինչ-որ չկանոնակարգված բարդություն է զգացվում, սակայն նկարչի համար գոյություն ունեն ուրույն կանգառներ ու շրջադարձեր, հիշողության շարժման ուրույն կանոններ: Պատկերագրքում հայտնված այս կամ այն նկարչի մեկ ստեղծագործությունն ասես պատառված բոլորաշրջան է, կտրված շնչառություն, բայց յուրաքանչյուրն առիթ է տալիս կրկին անգամ սուզվել այն մեկ ուրիշ ապրելակերպի մեջ, որը հեռու է որեւէ տեսակի կաղապարատիպերից, երբ նկարիչների միջեւ տիրում էր սերնդային համահավասարություն: Յուրաքանչյուր աշխատանք կապված է հիշողության մեջ հստակ ամրացած որոշակի օրվա հետ (ի դեպ, որոշ մասն ուղեկցվում է հաջողության ջերմ մաղթանքների եւ ընկերական զգացմունքների խոստովանության մակագրություններով): Դրանք առավելապես նվիրված են, եւ նվիրվել են ոչ թե հենց այնպես, այլ հանդիպումների ժամանակ, ստեղծագործական քննարկումների թոհուբոհի ընթացքում: Կրկին ու կրկին աչքի անցկացնելով աշխատանքները, Վալմարն, անկասկած, հստակ ու պարզ վերհիշում է ամեն մի ստեղծագործության ձեռք բերելու հետ կապված ա՛յն օրն ու ա՛յն ժամը: Եվ դա նույնպես ստեղծագործելու համար լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ:

Հանդիսատեսի համար Վալմարի այս անհատական հավաքածուն եւս մեկ ապացույց է վառ հայկական անհատականության, որը երբեք չի ընթանա պարզունակ միասնականացման այն ճանապարհով, որով ամբողջ մարդկությանը ստիպում է գնալ մեր մոլորակի տխրահռչակ մտավոր կենտրոնը: Հուզապոետիկ վերաբերմունքն աշխարհի հանդեպ նկատելի է յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Պատկերագիրքը կարելի է բացել յուրաքանչյուր էջի վրա, եւ յուրաքանչյուր աշխատանք ցույց կտա մեզ, թե որքան էլ նրանք տարբերվեն միմյանցից, այնուամենայնիվ, ունեն մի ընդհանրությունՙ բոլոր գործերն էլ ապացուցում էին իրենց գենետիկական կապը գույնի եւ լույսի հայկական ընկալման հետ: Այդ արմատները հնարավոր չէ արմատախիլ անել մեր աշխարհընկալումից, քանի որ նա (կյանքը) շատ հազարամյակների ընթացքում զարգացել է այս արեւի ներքո, մեր լեռների, դաշտավայրերի, լճերի, կիրճերի միջավայրում: Բավական է դիտել Էդուարդ Արծրունյանի, Բագրատ Գրիգորյանի, Ալբերտ Պարսամյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Ռոբերտ եւ Հենրիկ Էլիբեկյանների, Անատոլի Գրիգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վարդան Թովմասյանի, Մարտին Պետրոսյանի, Կարեն Աղամյանի, Ֆերդինանդ Մանուկյանի, Զուլում Գրիգորյանի եւ այլոց այստեղ հավաքված գործերը եւ հասկանալ, թե ինչպես մեր առջեւ բացահայտվում է ազատության աննկարագրելի զգացումըՙ որպես երանգներով գերհագեցած զգացմունքների արտահայտչամիջոց գույնն օգտագործելու միջոցով:

Հավաքածուն իր ողջ անկանոնակագրվածությամբ եւ տարբեր ժանրերի գործերի պարզ հանրագումար ներկայացնելով հանդերձ, միավորված է իրականությունն արտացոլելու մղումով, ինչը հեղինակների աշխատանքներում ստանում է ռեալիզմի անհատական, սեփական ձեւավորում: Որքան էլ միմյանցից տարբերվում են Մարտին Պետրոսյանի, Վրույր Գալստյանի, Աշոտ Մելքոնյանի, Արտաշես Հունանյանի, Սամվել Համբարձումյանի, Այվազ Ավոյանի, Ռուբեն Աբովյանի եւ ուրիշների, կամ սփյուռքի նկարիչներիցՙ Գառզուի, Ժանսեմի ու Քաջազի գործերը, որքան էլ խիստ անհատական են նրանց լուծումները, ըստ էության բոլորն էլ ձգտում են սեփական զգացմունքների եւ գիտելիքների բացարձակ անկեղծության: Իրականության արտաքին ձեւերը նրանց ստեղծագործությունների հայելու մեջ այնպես են տեղաշարժում իրենց պատկերացումենրը, որ նրանց իրական իմաստն ու բովանդակությունը միշտ ներքին խորը եւ սուր խռովքով է ի հայտ գալիս: Իսկ կան ստեղծագործություններ, որ չեն թաքցնում գեղագիտական հավասարակշռության կամ ցնծացող ուրախության իրենց ձգտումը (Փարավոն Միրզոյան, Հակոբ Հակոբյան, Սեդա Բեքարյան, Բարթուխ Վարդանյան, Գաստելլո Գասպարյան, Հարություն Հարությունյան եւ այլք):

Որքան էլ խայտաբղետ լինի այս հավաքածուն, որքան էլ որ (որոշ նկարիչների ընդգրկված չլինելու պատճառով) հիշեցնի մեզ ժամանակի «կտրտված ընթացք», որտեղ շատ են ընդհատումներն ու բացթողումները, բայց եւ այդ աշխատանքների միահյուսման մեջ ընթերցվում են ժամանակի եւ մարդկային փոխհարաբերությունների խորհրդավոր նախշերը: Նվիրաբերված, ջերմ մաղթանքներով ուղեկցվող, գնված, փոխանակված բոլոր նկարները մեծ հարգանքով ու սիրով միավորված են Վալմարի կողմից մեկ կազմի ներքո, որպես հիշատակի տուրքՙ անկրկնելի եւ անվերադարձ ժամանակների: Նկարչի ջանքերով հավաքված այս փոքրածավալ «պատկերասրահը» օրինակ է իր ժամանակակից գործընկերների աշխատանքների հանդեպ տածած հուզումնալից վերաբերմունքի: Հավաքված նկարների ողջ քաոսայնության հետ մեկտեղ կազմվել է մի ինքնատիպ խառնուրդ, որում կարելի է ոչ այն է նկատել, ոչ այն է զգալ, ոչ այն է հաշվարկել այն նորամուծությունները, որոնցով այդքան հարուստ է արդի գեղանկարչության կտավը: Այն ձեւավորվել է դեռ խորհրդային ժամանակահատվածում, երբ ա՛յլ պատմություն էր, ա՛յլ գործող հերոսներ, գաղափարներ եւ փոխհարաբերություններ, եւ, միգուցե, այդ ժամանակն անվերադարձ անցել է, եւ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ են խոստանում մեզ նոր ժամանակները, սակայն, հենքը միեւնույն է մնում էՙ հայկական քարքարոտ, չոր, չենթարկվող, դժվար, ողբերգական եւ, այնուամենայնիվ, բեղմնավոր իրականությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 10-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ