ԹԵՀՐԱՆԻ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԸ Օվսաննա ԲԱՂՈՒՄՅԱՆ Էնղելաբ բառը պարսկերեն լեզվում նշանակում է հեղափոխություն: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանում շատ քաղաքների փողոցներ եւ այլ հասարակական վայրեր անվանվեցին «Էնղելաբ»: Այդպես է կոչվում նաեւ Թեհրանի կենտրոնական պողոտաներից մեկը: Մի փողոց, որը ծայրից ծայր լցված է գրքերով ու գրախանութներով: Էնղելաբ փողոցի գրախանութներից մեկը Էնղելաբ պողոտան ունի մոտ հինգ կիլոմետր երկարություն, որի մի գլխավորՙ Էնղելաբ եւ Վալի Ասր խաչմերուկի միջեւ ընկած հատվածի երկու կողմերում ինչքան աչքդ կտրիՙ գիրք է եւ գրավաճառանոց: Այստեղ է գտնվում նաեւ Թեհրանի համալսարանի կենտրոնական շենքը, եւ երկրի պետական ամենախոշոր համալսարանի առկայությունը տարիներ շարունակ դեպի իրեն է ձգել եւ հավաքել գրքի ու գրականության տարբեր կենտրոնների, երկրի լավագույն եւ խոշորագույն հրատարակիչներին: Սա միեւնույն ժամանակ Թեհրանի ամենամարդաշատ փողոցներից է, որտեղ աշխատանքային օրերին մարդկային հոսքը մի վայրկյան անգամ չի դադարում: Գրախանութների դռները անդադար բացվում են: Այստեղ կարելի է գտնել ինչ ուզես: Գրախանութներ, որ մատակարարում են տարբեր մասնագիտությունների վերաբերյալ գրականություն, թարգմանական գրքեր, իրանցի հեղինակների աշխատանքներից, արվեստի կամ լեզուների վերաբերյալ գրականություն, հին գրքեր, նոր գրքեր, ինչ մտքովդ անցնի: Ամեն մարդ կարող է գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան: Էնղելաբում ներկայացված են Իրանի հին ու նոր հրատարակչությունները եւ գրախանութներըՙ «Ամիրքաբիր»-ը, «Իրանիան»-ը, «Արիա»-ն, «Գոհար»-ը, «Ղողնուս»-ը եւ այլն, սակայն մեծ ու փոքր, նորակառույց եւ աղքատիկ խանութների կողքին տառացիորեն մայթերին կարելի է գրքեր գնել շրջիկ վաճառողներից: Առաջին շրջիկ գրավաճառները հայտնվեցին հեղափոխության տարիներին: Երիտասարդներ էին, որ վաճառում էին մինչ հեղափոխությունն արգելված կամ քիչ ճարվող գրքեր: Մինչեւ օրս էլ մի շարք գրավաճառներ շարունակում են այդ ավանդույթը: Ես ինքս վերջերս այդպիսի մի գրավաճառից հին տպագրության մի «Սաֆարնամե» գնեցի, որ ուրիշ ոչ մի խանութում չէի կարողանում գտնել: Էնղելաբ փողոցում ներկայացված գրքային հրավառությունը Իրանում գրքերի վաճառքի ընդամենը մի վառ օրինակն է: Տրադիցիոն կերպով համարվում է, որ այդ փողոցում կենտրոնացված է հիմնականում ուսումնական գրականություն, թեեւ, իհարկե, գրքերը բազմատեսակ են եւ տարաբնույթ: Մեկ այլ փողոցումՙ Քարիմ խանում, վաճառվում է գեղարվեստական գրականություն: Սրանք կարելի է ասելՙ գրքի վաճառքի մեծածախ կենտրոններ են: Սրանցից բացի գոյություն ունեն խոշոր գրախանութ-հանրախանութներ: Այդպիսին է «Շահրե քեթաբ»-ը կամ «Գրքի քաղաք»-ը, որը մեծ գրախանութների ցանց է Իրանի տարբեր քաղաքներում եւ որում ներկայացված են բազմապիսի հրատարակչություններ: «Շահրե քեթաբ»-ի գլխամասային շենքը կառուցվել է 2011 թվականին: Բաղկացած է 3 հարկից եւ տարբեր բաժիններիցՙ մեծահասակների, երեխաների, երաժշտական ու արտասահմանյան գրականության եւ այլն: Վերջին տարիներին ԻԻՀ-ում պետական մակարդակով մեծածավալ ծրագրեր են իրականացվում գրքերի հանդեպ հասարակության հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Կազմակերպվում են գրքի փառատոններ, որոնցից ամենանշանակալին Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսն է, որն անցկացվում է հատուկ այդ նպատակի համար կառուցված թաղամասում եւ սովորաբար տեւում է մոտ մեկ շաբաթ: Գրքերի արտադրությունը եւ վաճառքը խրախուսելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվում որոշ գրախանութների, եւ արդյունքում նրանք կարող են գրքերը վաճառել մինչեւ 20 տոկոս զեղչով: Գրքերի տպագրությունը Իրանում վերջին երեք տասնամյակի ընթացքում զգալի աճ է գրանցել: 1980 -1990 թթ. գրքերի տպագրությունը 274 անունից հասել է մոտ 53 հազարի: Մի կողմից շարունակաբար նոր գրքեր են հրատարակվում, մյուս կողմից վերահրատարակվում են մեծ պահանջարկ վայելող գրքերը: Օրինակՙ հայկական արմատներով կին գրող Զոյա Փիրզադի «Լույսերը հանգցնում եմ» վեպը վերահրատարակվել է 70 անգամ: Այս ամենը ցույց է տալիս, որ ինչպես Էնղելաբ փողոցում, այնպես էլ այլ վայրերում գրախանութների աճը պատահական չէ, այլ համակարգված եւ հետեւողական բնույթ է կրում, եւ ամենակարեւորըՙ Իրանում, անգամ ինտերնետային տիրապետության մեր օրերում, ընթերցասիրությունը չի նվազում: |