ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Ապրիլի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաեւ հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքրական մանրամասներ:Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը : Արսեն Ասլանյանն ավարտել է Երեւանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետեւ` Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական եւ օպերատորական բարձրագույն կուրսերը: 1966 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում. սկզբում` որպես լուսավորող, այնուհետեւ որպես օպերատոր եւ ռեժիսոր: Նրա բազմաթիվ աշխատանքներ միջազգային տարբեր փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների եւ դիպլոմների: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լեւոն Իվանյանը , որ հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ նմանատիպ ձեռնարկները կրելու են շարունակական բնույթՙբացահայտելու մեր երկրի պատմությունն ու մշակույթը: Ելույթ ունեցան նաեւ Առինջի Սուրբ Հովհաննես եւ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Սմբատ քահանան, ով խոսեց շաբաթվա ու «Ավագ Չորեքշաբթիի» խորհրդի մասինՙ մեջբերումներ անելով ավետարանից: Վերջում ամփոփիչ ու շնորհակալան ելույթով հանդես եկավ Արսեն Ասլանյանը, որ հույս հայտնեց, որ մոտ ապագայում կաշխատի ներկայանալ նոր ֆիլմերով: Ֆիլմի դիտումն ավարտվեց կինոնկարի բաց քննարկումով: |