RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-29 22:14:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3031, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՐԵԿԱՑԻՆ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀՆՉԵՑ ԼԱՏՎԻԵՐԵՆ

Նաիրա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վաղուց, շատ վաղուց Լատվիայի մայրաքաղաք Ռիգան չէր ապրել հայկական ոգով այսքան գերհագեցած օրեր, ինչպիսիք էին վերջին մի քանի ապրիլյան օրերը (ապրիլի 4-ից 7-ը), երբեք այսքան հաճախ չէր հնչել հայի անունն ու հայերեն խոսքը, հայը չէր եղել Լատվիայում այսքան հասկանալի ու ընդունված, մեծարված ու գնահատված: Հիմա, երբ բոլոր միջոցառումներն արդեն անցյալում են եւ մնացել են միայն թարմ հիշողություններն այդ օրերից ու հանդիպումներից, հարկ կա եւս մի անգամ նշելու, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են եւ սպասված:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ անձամբ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ձեռնարկել էին լայնածավալ միջոցառումներ Ռիգա քաղաքումՙ նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության լույսընծայմանը: Թարգմանության հեղինակն է լատվիացի հայագետ եւ թարգմանիչ, Հայաստանի մեծ բարեկամ Վալդա Սալմինյան , որը երկար տարիներ է նվիրել այս գործին եւ վերջապես ընթերցողի դատին հանձնել իր բազմամյա տքնաջան աշխատանքի արդյունքը: Անշուշտ, սա իրադարձություն էր թե՛ լատվիաբնակ հայերի, թե՛ լատվիացիների համար, եւ դեսպան Մկրտչյանի ջանքերով այն ստացավ արժանի արձագանքն ու հանդիսավորությունըՙ ընդգրկելով մի քանի աննախադեպ միջացառում, որոնց թվում էինՙ գրքի շնորհանդեսը, «Յումավա» հրատարակչության եւ Արմենպրեսի հետ համատեղ հայ միջնադարյան եկեղեցիների ֆոտոցուցահանդեսը: Այս երկու միջոցառումներն իրենց հյուրընկալ տանիքի տակ էր առել Լատվիայի համալսարանի գիտական գրադարանը: Շնորհանդեսին ներկա ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը Լատվիայի հայ հոգեւոր եւ մշակութային ոլորտի նվիրյալներինՙ թարգմանիչ Վալդա Սալմինյային, Մերձբալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանին եւ Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանին շնորհեց «Նարեկացի» հուշամեդալներ: Պատվոգրերով պարգեւատրվեցին նաեւ Լատվիայում բնակվող գործարարներ Մխիթար Մխիթարյանն ու Հովիկ Մկրտչյանը:

Հաջորդ մեծ իրադարձությունը Գրիգոր Նարեկացուն նվիրված գիտաժողովն էրՙ կազմակերպված ՀՀ դեսպանության եւ Լատվիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի համատեղ ջանքերով: «Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցները ներկայացրին միջնադարի մեծ մտածողի ու բանաստեղծի, երաժշտագետի եւ նրա հանճարեղ աշխատությունների յուրօրինակ ընկալումներն ու գիտական մոտեցումները: Մասնակիցների թվում էին նարեկացիագետներ եւ հայագետներ ինչպես Հայաստանից (Արուսյակ Թամրազյան), այնպես էլ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, այդ թվումՙ Թեո վան Լինթը (Մեծ Բրիտանիա, Օքսֆորդի համալսարան), Աբրահամ Տերյանը (ԱՄՆ), Յուոկո Ն. Մարտիկայնեն (Ֆինլանդիա), Հայկ Ութիճյանը (Չեխիա), Վալդա Սալմինյան, Օրեստս Սիլաբրիեդիսը, Անդրիս Պրիեդեն (Լատվիա): Անդրիս Պրիեդեն նաեւ վերոնշյալ թարգմանության լատվիերեն տարբերակի նախաբանի հեղինակն է:

Ապրիլի վեցի երեկոյան Ռիգայի Մայր տաճարում տեղի ունեցած համերգը ցնցեց ներկաների հոգիներն ու լսողությունը: Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի եւ Լատվիայի ռադիոյի պետական երգչախմբի կատարմամբ (խմբավարՙ Սիգվարդս Կլյավա ) հնչեցին հայկական հոգեւոր ստեղծագործություններ, Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային համերգըՙ գրված 1985 թվականին Նարեկացու «Մատյան ողբերգության»ՙ Նաում Գրեբնյովի ռուսերեն թարգմանության հիման վրա: Իրենց կատարումներով հիացրին նաեւ Մայր տաճարի երգեհոնահար Իլզե Ռեյնեն ու շեփորահար Յանիս Պորիետիսը : Ունկնդիրները հեռացանՙ հոգեւոր ու մշակութային մեծ լիցք ստացած եւ շնորհակալության խոսքեր շռայլելով կազմակերպիչներին:

Հայաստանի մշակույթին նվիրված միջոցառումները եզրափակեց Թեո վան Լինթի բացառիկ դասախոսությունըՙ նվիրված Եղիշե Չարենցի պոեզիային ու կյանքին եւ եղեռնազոհ հայ բանաստեղծներին:

Լատվիական մայրաքաղաքը դեռ երկար կմտապահի մշակութային բազում միջոցառումներով հագեցած այս օրերի բացառիկ ապրումներն ու շունչը, իսկ լատվիացի ընթերցողն ու մտածողն իրենց համար կբացահայտեն մի նոր երեւույթՙ Սուրբ Գրիգոր Նարեկացի եւ «Մատյան ողբերգության» գրական կոթողն իրենց մայրենի լեզվով եւ հրաշալի թարգմանությամբ:

Ռիգա-Երեւան

Նկար 1. Ռիգայի նարեկագիտական գիտաժողովի մասնակիցները

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ