«ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ՕՐԱՏՈՐԻԱՆ» ՀՆՉԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Հ. Ծ. Մոտ 700 հոգի մարտի 25-ին ներկա է գտնվել Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական մայր տաճարում տեղի ունեցող երաժշտական նշանակալի իրադարձությանըՙ նվիրված նահատակ լրագրող Հրանտ Դինքի 10-րդ տարելիցին եւ Կոնստանդնուպոլսի հայկական օգնության ընկերության (CARS) հիմնադրման 90-ամյակին: Վերջինիս եւ 13 մշակութային, կրթական եւ բարեգործական ընկերությունների կազմակերպած համերգի ընթացքում լսվել է Պերճուհի Բերբերյանի խոսքերի հիման վրա գրված կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի երգչախմբային ստեղծագործությունը: «Հրանտ Դինք օրատորիան» հնչել է Քրիս Գալֆայանի ղեկավարությամբ եւ Կարին Չիբուքչյան-Պոզկուրտի, Էլի Բերբերյանի եւ Պողոս Եղիազարի մենակատարումներով: Համերգային երեկոն նախագահել է Խաժակ արք. Պարսամյանը, ով իր խոսքում նշել է. «Մեր պարտքն է շարունակել Հրանտ Դինքի առաքելությունը, որը միտված է թուրք հասարակության շրջանում ավելացնել իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին եւ որոնել Թուրքիայի հետ խաղաղ հարաբերակցության ուղիներ»: Համերգից հետո տեղի է ունեցել ճաշկերույթ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով պարգեւատրվել է Կոնստանդնուպոլսի հայկական օգնության ընկերության նախագահ Թամար Գայսերյանը: |