RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-04-29 22:14:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2997, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՎԱՐԴ ԱՎԱԳՅԱՆ, Գրող, թարգմանիչ

Մտորումներ «Ոգու մատրիցա» գրքի եւ նրա հեղինակի ստեղծագործական դավանանքի շուրջ

«Ոգու մատրիցա». այսպես է կոչվում Արցախում ստեղծագործող եւ արդի հայ բանարվեստում իր տեղը ճանաչելի դարձրած բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանիՙ 2014 թվականին լույս ընծայված գիրքը, որը ներառում է հեղինակի նախորդ («Որպես մի դարձող բանազավր», 2010) ժողովածուից հետո գրված բանաստեղծություններն ու պոեմները:

Հրանտ Ալեքսանյանն աներկբայորեն պատկանում է ինտելեկտուալ պոեզիայի եւ մասնավորապեսՙ վերլիբրի դավանակիրների շարքին: Նա գրքից-գիրք հանդես է գալիս արժեքավոր պոեզիայովՙ ամեն անգամ բանաստեղծական ներուժի նոր ու հետաքրքրական սահմաններ գծելով... Հրանտն այն գրողներից է, ովքեր սկզբնապես կարծես թե չեն էլ մտածել այդպիսին լինելու մասին (եւ այս առումով գուցե պատահական չէ, որ տեխնիկական թեքումով բարձրագույն կրթություն ունի), բայց որոնց տաղանդավոր լինելը, նրանց «կամքին հակառակ», քաշել-բերել է գրականության աշխարհ: Իր պարագայումՙ պոեզիայի: Եվ դա տեղի ունեցավ մի ժամանակ, երբ հայ բանարվեստում վերլիբրը դեռ լիովին, Արթյուր Ռեմբոյի բնորոշմամբՙ «գործողության ռիթմ» չէր... Այսօր արդեն ազատ բանաստեղծությունը կարելի է կոչել ոչ թե «նորարարական», այլՙ «արխայիկ» ժանր: Նրան կարելի է հանդիպել ամենուր, ոչ միայն գրական հանդեսներում... ու, թերեւս, արժե գնահատել որպես ոչ միայն գրական, այլեւ սոցիալական երեւույթ, որովհետեւ չափազանց շատ մարդկանց է թույլ տալիս իրենց զգալ բանաստեղծ եւ հասարակական նշանակալի անձ: Իսկական վերլիբրը մարդուն դարձնում է լիարժեք արվեստագետ, թույլ վանկա-շեշտային բանաստեղծությունը բազմացնում գրչակների շարքերը...

«Ոգու մատրիցա»-ն կազմված է չորս բաժնից. «Ես եւ քաոսը», «Բանը եւ քաոսը», «Ժամանակը եւ քաոսը», «Նաիրին եւ քաոսը»: Դրանք հարադրելով` կարելի է արձանագրել, որ Հ.Ալեքսանյանի նոր գիրքն անհատի եւ ազգի ճակատագրի գեղարվեստական ընթերցման նոր եւ ուրույն փորձ է «քաղաքակրթական դարձդարձումների հեռապատկերին»: Հեղինակի «պահանջն» անհատից ուրվագծված է գրքի հենց առաջին բանաստեղծության մեջ (այստեղ ու հետո մեջբերումներսՙ հատվածաբարՙ ոչ այնքան տեղ կամ ժամանակ խնայելու, որքան մտքային կարեւոր շաղկապումները միմյանց մոտեցնելու համար). «Աճյունափոշի չես... սառը սափորում ... դեռ չես մոխրացել... թեպետ անցնում ես հրալեզվակների անտառի միջով առանց պաշտպանիչ համազգեստի, այրվածքներ ունես, շնչահեղձվում ես ծուխ ու տապի մեջ, բայց դու ողջ ես պետք, ջինջ ու կատարյալ- Նրան, որ վաղուց հսկում է երթդ Կրակից անդին...» :

Ժամանակակից ռուս վերլիբրագիր Կոնստանտին Կեդրովի «Սիրահար տեքստը» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան. «...բառերը ծնվում են կոկորդում / պտղավորվում են եւ աճում սրտում/ եթե ֆոնեմները հնչեցված են/ հնչյուններն էլ իմաստավորված/ նշանակում է դա պոեզիա է/ եթե բառերը տեքստում սիրում են իրար/ նշանակում է դա բանաստեղծություն է» : Հիմա էլ կարդանք Հրանտին: Իր խնդրո առարկա գրքի «Բանազավրի բլոգից» պոեմում նա բանաստեղծության «գործիքակազմ» է մտցնում նաեւ ... ձեռքը . «Կրակի միջից հանել թանկարժեք բառ ու նախաբառեր- /նվիրել համրերին, սսկվածներին իզուր:- (Նրանք անդադար խոսում են մտքում/ եւ ինչ ասվում էՙ երիցս շիտակ ու պահանջված է: -) ... Տեսնու՞մ եքՙ որքան թրծված են ձեռքերս,/ իսկ դուք ուզում եքՙ կրակից միայն շագանակներ հանեմ.../ իրար անրջում են բառերն ու ձեռքերը» :

Ազատ բանաստեղծությունը կարող է լինել պարզեցված, որի դեպքում այն կարելի է ընկալել որպես տողերի բաժանված կարճ պատմություն, եւՙ բարդացված, երբ ներառում է տարատաղաչափական` հիբրիդային ձեւեր, որոնցում այն հարեւանություն է անում հանգավորված եւ այլ «խիստ» ձեւերի հետ (ինչն, ի դեպ, «դժվարություն է ստեղծում» հեղինակի համար, բայց եւՙ բանաստեղծությունը դարձնում ավելի հետաքրքրական): Այն բանից, որ Հրանտի ոչ միայն «Ոգի մատրիցա» գրքում, այլեւ ընդհանուր ստեղծագործության մեջ այնքան էլ հաճախ չենք հանդիպում նման բանաստեղծությունների, կարող ենք եզրակացնել, որ նա հավատարիմ է «մաքուր վերլիբրին», ինչը նրա պարագայում ոչ միայն չի վնասում ազատ բանաստեղծության հետաքրքրական լինելուն, այլեւ նպաստում է դրան: Ահավասիկ.

Ապա լսիր երգն այսՙ «երազ իմ երկիր...»,

լսիր քերթվածն այս անուշ Հայաստանի...

ունկ դիր ոսկեբառ լեզվի կարկաչին...

ահա քնքշանքի հրաշք մի դրվագ...

ահաՙ ինչպես են երազում...հաղթում...

ոգեշնչվում որպես ընտրյալ հոգի...

ահա պատվիրանը աստվածահղյալՙ

դու ոտից գլուխ սեր ես ու բաղձանք...

...ծնվելու համար այնքա՜ն առիթ կա,

իսկ բուն պատճառը թող մնա իբրեւ

աստղոտ մի գաղտնիք

(«Խթանիչներ չծնվածների համար»)

Հ. Ալեքսանյանի նախորդ գրքերի նման «Մատրիցան» եւս ներկայացնում է դեպի «ներսն ուղղված» պոեզիա, որը «նախատեսված չէ» կոլեկտիվ ընթերցանության, ամբոխի առջեւ ընթերցելու համար: Այն կարդալ հարկ է լռության ու մենության մեջՙ թափանցելով յուրաքանչյուր բառի խորքը: Միայն այդպես կարելի է որսալ նրա հատուկ ռիթմը, տեքստի ռիթմիկ կառուցվածքը. շատ դեպքերում առանձնահատուկ դադարները, որպիսիք չեն լինում դասական բանաստեղծություններում, անհավասար տողատարածությունների «համերաշխոււթյունը», որոնք հավասարակշռում են իրացվելիք մտքի ծավալը: Ես դա ընդգծում եմ, որովհետեւ Ալեքսանյանի պոեզիայում դրանք, ըստ իս, հատուկ ուշադրություն են գրավում: Ինչո՞վ: Նախ նրանով, որ շեշտում են որոշակի բառերի իմաստային բեռնվածությունը, շեշտում են հնչյունը, որը բանաստեղծությանը հաղորդում է երաժշտություն, եւ ապա շեշտում են տեքստի գրավիտացիոն բաղադրիչը, առանց որի նույնիսկ ամենանուրբ, ամենախոր վերլիբրը կլիներ պարզունակ ազատ բանաստեղծություն, որից բացակայում է գլխավորըՙ պոեզիան... Ամբողջ խնդիրն այն է, որ բանարվեստն ամենից առաջ հեղինակի ոչ ստանդարտ հայացքն է առ աշխարհը եւ ունակություննՙ օգնելու ընթերցողինՙ այդ աշխարհին նայել իրՙ հեղինակի աչքերով:

Իսկ թե առանց պոեզիայի ինչպիսին է ներկայանում աշխարհը Հրանտ Ալեքսանյանին, կարող են բացատրել այս տողերը.

Երբ պոեզիան կորցնում է քվեներն իր

համաշխարհի հոգու խորհրդարանում,

ծագում են տնտեսական ճգնաժամերը, պատերազմները,

համաճարակները զարմանազան.-

պոեզիայի մարգարեական ձայնի ներքո են

արարվում իրական բարիքներըՙ խաղաղությունը, խինդը,

մանուկները....

(«Բանազավրի բլոգից»)

21-րդ դարի աշխարհի քաղաքացու ներքին ընդվզումը կա «Մատրիցայի» շատ բանաստեղծություններում, թեեւ արտաքուստ թվում է, թե հեղինակն ուղղակի արձանագրում է ժամանակի կոշտ իրողությունները, որովհետեւՙ

ես ընդամենը բաց նախագիծ եմ,

եւ ինձ վերծանում են զգայուն իրերը

տիրոջ հայացքը կարդացող շան պես...

(«Քարը որսում է ելեւէջները...»)

«Հուշաթերթիկ հավերժահարսերի համար» բանաստեղծության մեջ Ժամանակակից աշխարհի դիմանկարն ու հիվանդ զարկերակի ռիթմերը բանաստեղծը ներկայացնում է մեկ-երկու վրձնահարվածովՙ հիշեցնելով, որ 7 միլիարդբնակչություն, 200 պետություն, 6 հազար լեզու, սպիդ եւ այլ չարիքներ ու բարիքներ ունեցող մոլորակի վրա հա՜ ստորագրվում են փոխըմբռնման հուշագրեր, սակայն ամենուր գերիշխողը մնում է անվստահությունը, բույսերն ու կենդանիներն էլ գնալով հայտնվում են «Կարմիր գրքում»: Բայց շա՜տ քիչ կլիներ, եթե «Հուշաթերթիկ հավերժահարսերի համար»-ն այդ նոտայի վրա ավարտվեր. աշխարհի քաղաքացի Ալեքսանյանի մեջ արթնանում է սեփական հայրենիքի՛ քաղաքացին կամ, որ նույնն է, հիշյալ 6 հազար լեզուներից մեկի կրողը... ու հնչում է վերլիբրին անհրաժեշտ վերջին ակորդը..

Սակայն դրախտային անկյուններ դեռ կան Երկրի վրա,

ուր բնությունը հրաշալի տեսք ու հնչեղություն ունի,

եւ մարդիկ բարի են, տոկուն ու լիասիրտ,

գիտեն գեղեցիկ առասպելներ կերտել, սիրել ու հիանալ:-

Հավերժահարսեր, երբ ցանկանաք կրկին իջնել երկիր,

լուր տվեք, որ ձեզ հիշեցնեմ իմ Հայրենիքի անունն ու հասցեն:-

Եվ ընդհանրապեսՙ ձեր վերադարձի

ժամանակն է հիմա:

Հենց այս կետից է, որ ուզում եմ քայլ անել դեպի գրքի չորրորդ բաժինըՙ «Նաիրին եւ քաոսը»: Հրանտը սիրում է տողը գործիքավորել բանալի-բառով, ինչպես նաեւ մտքին տալ փիլիսոփայական խտացածություն, նրան տանել դեպի աֆորիստիկ հնչողություն: Նրա մոտ մտքի տրամաբանական զարգացումը հաճախ է ավարտվում երկար մտապահվող «թեւավոր» տողով, որը նախապատրաստված է լինում հակադրությունների միասնությունը բացահայտող ամբողջ նախնական բանաստեղծական խոսքով (տեքստով):

Նրա փոխաբերություններն ու համեմատությունները զարմացնում են իրենց թարմությամբ ու ներքին ճշգրտությամբ. «Խավար մտքերի ուռկանից ելնող / լիալուսինը հասավ աչքերիս- / հեռվից առաքված կարմիր բծերով ավետիս որպես,- /ու՞մ զավակները հարություն առան, / ո՞ր անդունդի մեջ քրքումը գտավ կարմիր սաղմոսներ»: «Հայերի հաղթերգը մտքիս բարձունքներին- /ելնում եմ կրկին Հայկական բարձրավանդակ /մի վերաբնակի պես, որին պատմությունը /վարկ է տվել բարձր տոկոսներով... («Դարձի պայմանագիր»): Մեկ ուրիշ տեղ. «Առավոտն ուզում է մտնել գրկիդ մեջ որբ աղջնակի նման»: «Խելառ շոգեր եղան Երեւանում /արեւը ծածուկ զուգավորվում էր քաղաքի հետ: Ամռան հարդարանքը խառնշտել է խելառ օգոստոսը / ժառանգությունից օտարված արքայազնի նման... Երեւանՙ այրվող ուրանի կտոր, որ հալեցնում է ապագայի մռայլ սառցալեռը» : Հարուստ է, այո (կարծում եմՙ նաեւ ուսումնասիրության արժանի), Հրանտ Ալեքսանյանի գեղարվեստական լեզուն: Անդուլ հերկողի նման նա բացում է նոր բառաշերտեր, «վերագործարկում» մոռացվա՛ծ բառեր, հաճախ է հորինում, մասեր շաղկապելովՙ ստանում նոր հնչողության եւ նոր իմաստի բառեր: «Գոնե մի համեստ քրքում լինեիր մութ տարածության հուզաբացվածքին»: «Օրըՙ Կարմիր ծովՙ ոչ թե փորձության, /այլ ընծայի պես/, բայց, միեւնույն էՙ օրահեղձները փոքր-ինչ նման են պատանությանը քո...»: «Քամահրանքը հանդեպ ազգայինի եւ խռովքները աննաիրյան» : Հրանտը կարողանո՛ւմ է ընդլայնել բառի սահմանները, նոր շնչառություն տալ նրան:

«Ոգու մատրիցա» ժողովածուի անվերապահորեն լավագույն գործ կարելի է համարել «Նաիրին եւ քաոսը» բաժնի «Նաիրյան մատրիցա» պոեմը (հեղինակն այն ժանրավորել է որպես... մեգապոեմ մինիպոեմներով), թեեւ իրենց ե՛ւ հոգեբանական ներգործության, ե՛ւ գեղարվեստական հնչողության առումով չեն զիջում եւ «Բանազավրի բլոգից»-ն ու «Սիրո հարացույցը»: «Նաիրյան մատրիցայում» վեց մասից բաղկացած, չարենցյան տողերից էլ վերցված վեց բնաբանի տակ ընթացող, հեղինակային խոկումներից չգիտես որին տալ նախապատվությունը, այդուամենայնիվ... նախավերջին մասը ես երկրորդ անգամ կարդալու պահանջն եմ ունեցել: Մաս, որի «նավարկորդը» (նկատի ունեմ բնաբանը) «Օՙ, չի եղել մեր գայլը պղնձյա / եւ ոչ մարմարիոնյա, եւ ոչ անգամ քարե» տողն է: Այս պոեմում Հայոց անցյալի եւ ավելի շատ ներկայի անատոմիան է վերլուծում բանաստեղծը:

Եթե պետք լիներ, ասենք, վերնագիր ընտրել հիշյալ մասի համար, երկար մտածելու պետք չէր լինի, որովհետեւ լավագույն վերնագիր կարող է դառնալ նրա առաջին իսկ տողը. «Գրողի ծոցը կորչեն հավետ...» : Ովքե՞ր : Դժբախտաբարՙ շատերը. «անդեմ ու բռի թերուս ընչաքաղց իշխանավորները», «օլիգարխները մաֆիոզ անագորույն գլուխները /իրենց հաստավիզ թիկնազորով կապիտալով ժարգոնով ցինիզմուվ...», «դիպվածով կնքված կեղծ ու ավարառու /ասֆալտի պարահանդեսի գեներալները», «ազգային պառակտումներ սերմանողները / երեւանամոլները եւ արցախամոլները..../ կիրթ խուճապարարները», «փափկասուն տարագրվողները /շինծու փախստականի փութաջանությամբ»... Չակերտներից դուրս գամ. ձրիակեր իրազեկիչներն ու գործակալները, տարաստիճան պնակալեզները, գծուծ գործատուները, համասեռամոլները, փարիսեցիները, օտարասերներն ու այլատյացները, հիդրայատեսք շանտաժը, հիշաչար ու նենգ հետապնդումը, հուսալքությունը, աղքատությունը, մեղսահնար խավարամտությունը...

Խոսք չկաՙ ազնիվ է: Խոսք չկաՙ թափով է: Բայց.. լավ է, որ «Նաիրյան մատրից (ո՜ւր է թե...). «Իմ սերը, Հայոց աշխարհ, թող քո ազատության ճեպընթացի հետին մի անիվը լինի, իմ սերը քեզ համար թող բարօրության բյուջեդ համալրող թեկուզ մի բարակ խողովակ լինի, իմ սերը թող գտնի մի օր քո մոլորված-կորած զավակներից գոնե մեկ-երկուսին, տունդարձի պատրաստ քո որդիներից թեկուզ մեկի համար ուղետոմս լինի, մնա Սփյուռքի վերջին գաղթօջախ որպես, հուժկու զենքիդ ռումբերից մեկը լինի, դաշնագրերիդ դրվող կնիքի թանաքը լինի, աղետները ազդանշանող կայանի համեստ մի լապտերը վառ, քո ներհամերաշխության ու միաբանության արցախագույն ոգու շաչյունը լինի, էկոլոգիապես մաքուր թութն ու ծիրանը լինի, ժողովրդագրությունդ բարեփոխող ջինջ սեքսի տոն լինի, վերածնության շարական-ձոնի «կեցո» սուրբ բառի հնչույթն ունենա, քո հավերժության, խաղաղության համար անտես ամպհովանի լինի... ու չթողնես, Հայոց նրբազգաց աշխարհ, որ քո ընկճախտի սուր պահերին անգամՙ քեզ համար պաշարած սերս ցիրուցանվի կործանված օդանավի բեկորների պես...» :

Կասեքՙ բայց օրատորիան ...: Համաձայն եմ, մեկ տարբերություն կաՙ Հրանտը հանդես է գալիս ո՛ւ նվագախմբի, ե՛ւ երգչախմբի, ե՛ւ մենակատարի դերում: Չգիտեմ, գուցե ոմանց էլ կթվա, թե «Սիրո հարացույցն» ավելի շատ աղոթքի է նման: Թող այդպես լինի: Հ. Ալեքսանյանի թեկուզ ողջ «Ոգու մատրիցա»-ն կարդացողը թող այն ընկալիՙ ինչպես կամենում է, դա ավելի քան բնական երեւույթ է, միայն թե կարդա: Կարդա, որովհետեւ մեր օրերում իրենց բանաստեղծ համարողներն ավելի շատ են, քան ընթերցողին հոգու տոն պարգեւող իսկականները, որոնց թվին է պատկանում, իմ խոր համոզմամբ, արցախցի վերլիբրիստը, ի դեպՙ բազում լեզուներով թարգմանված իր շուրջ երկու տասնյակի հասնող գրքերով եւ վաստակած մի շարք միջազգային ու պարզապես հեղինակավոր մրցանակներով:

Ես վերլիբր գրել չեմ սիրում ու չեմ գրում: Անշուշտ, կարդացել եմ Ռեմբոյին էլ, Ուիթմենին էլ, Խլեբնիկովին էլ, մերոնց էլ... եւ ասում եմ այն, ինչ կաՙ վերլիբր չեմ գրում: Հրանտ Ալեքսանյանի վերջին գիրքն ընթերցելուց հետո ինձ հարց տվիՙ իսկ ինչո՞ւ ոչ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 14-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ