ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Նաիր ՅԱՆ Մենք ուղղակի խենթանում ենք, երբ օտարները հայերեն են երգում: Հայաստան եկող, հատկապես համերգով հանդես եկեղ յուրաքանչյուր օտարերկրացու անպայման հարցնում ենք. «Հայկական երգ-երաժշտությանը ծանո՞թ եք, լսե՞լ եք Արամ Խաչատրյանի, Կոմիտասի մասին»: Մեծ մասամբ պատասխանում են. «Մասամբ, բայց խոստանում ենք ավելին իմանալ ու հայ կոմոպոզիտորներին ներառել մեր երկացանկում»: Իսկ երբ պարզվում է, որ օտարազգի հյուրերը սպասածից ավելին գիտեն հայի ու Հայաստանի մասին, ուրախությունից աշխարհով մեկ ենք լինում: Ցեղասպանության չլուծված հարց ունեցող, հայրենիք կորցրած փոքր ազգի բարդույթ է. ի՞նչ արած: Այսքանը հերիք չէ, դեռ տնտեսական ու քաղաքական առումներով էլ ոչ մեկին չենք հետաքրքրում, որ գոնե հայ ու Հայաստան անուններն աչքներով ընկած լինեն: Մեկ շաբաթով Հայաստանում էր Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երգչախումբը: Նորվեգացի հյուրերը մեր երկիր էին այցելել սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ: Ամբողջ ծախսը հենց իրենք էլ հոգացել են: Բերգենի հայկական համայնքը փոքր է: Հայ ընտանիքներից մեկը երգչախմբին պատմել է Հայաստանի մասին ու առաջարկել հայերեն երգերի նոտաներ: Նորվեգացիներին առաջարկը հետաքրքրել է. նրանք բավական ժամանակ սովորել են հայերեն երգերի տեքստերը: Դրանք կոմիտասյան երեք երգեր են եւ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանը»: Երեք տարի նորվեգական «Լիդերհորնը» նախապատրաստվել է, որպեսզի Հայաստան գա ու այստեղ ելույթ ունենա: Առհասարակ երգչախմբի երկացանկում բազմալեզու երգեր կան, որովհետեւ տարբեր ազգերի երգ-երաժշտությամբ հետաքրքրվելուց բացի, խմբի անդամները հատուկ առաքելություններ են իրականացնում: Նրանք ընտրում են այն երկրները, որոնք ազգամիջյան, աշխարհաքաղաքական, սոցիալական խնդիրներ ունեն, չլուծված հարցեր, արդարության պահանջ, ու այցելում են հենց այդտեղ: Ամեն երկրում կատարում են երգեր հենց այդ լեզվովՙ որպես զորակցության, մարդասիրության ժեստ: «Լիդերհորնը» եղել է Հարավային Աֆրիկայում ու ձեռք մեկնել բազմաթիվ խնդիրներ ունեցող տեղաբնակներին: Նորվեգական երգչախումբն իր հովանավորության տակ է առել աֆրիկյան մանկատներից մեկը: Երգչախումբը համարվում է սիրողական. կազմավորվել է 1973-ին: Նոր անդամների հետ այստեղ երգում են նաեւ երգչախմբի հիմնադիրները, որոնց համար «Լիդերհորն» անունը սեփական անունից թանկ ու պատվաբեր է: Իրականում այս մարդիկ դասական ու հոգեւոր երգերի միջոցով ոչ միայն ինքնամաքրվում են, այլեւ փորձում ներազդել ուրիշների վրա: Խնդրահարույց թեմաներով օտարալեզու երգերի միջոցով նրանք դիվանագիտական հարցեր են բարձրացնում: Համերգին հնչում են Պաղեստինի, Աֆրիկայի, Կուբայի լեզուներով երգեր. հանդիսատեսը հետաքրքրվում էՙ ինչի՞ մասին են երգում: Պատասխանում ենՙ այսինչ խնդրի, որը տարիներ շարունակ այսինչ ազգը չի կարողանում լուծել: Այդպիսի օրինակներ իսկապես եղել են երգչախմբի կենսագրության ընթացքում: Նորվեգական այս խումբն ուզում է, որպեսզի մարդիկ իրենց երգերի միջոցով տեղեկանան, թե տարբեր ազգեր ինչ խնդիրներ ունեն, որ աշխարհի ուշադրությունից դուրս են մնում ու չեն լուծվում: Այդպես նրանք հետաքրքրվել են նաեւ Հայաստանով ու Հայոց ցեղասպանության պատմությամբ, իսկ առիթը եղել են հայկական երգերը, որոնց հետ նորվեգացիներին ծանոթացրել է Բերգենում ապրող Դավթյանների ընտանիքը: Կոմիտասն ու «Էրեբունի-Երեւանն» ուղղակի դյութել են նորվեգացիներին: Այդ երգերը սովորելուց հետո նրանք վճռել են անպայման այցելել Հայաստան: Այդ հարցում նրանց դարձյալ օգնել է Դավթյանների ընտանիքը: Որդինՙ Մարտին Դավթյանը կազմակերպել է «Լիդերհորնի» հայաստանյան այցն ու համերգները: Նորվեգական երգչախումբը հյուրընկալվել է Կոմիտասի թանգարանում, երգել «Սպեղանի» երգչախմբի հետ: «Մեզ թվում էր, թե բավականին տեղեկացված ենք Հայաստանի մասին, բայց այստեղ գալովՙ պարզեցինք, թե ինչքա՜ն բան չգիտեինք: Մոտիկից ծանթացանք հայ երգերին, Կոմիտասին, նրա կենսագրությանը, Հայոց ցեղասպանության պատմությանը ու հիմա ավելի խորությամբ ենք հասկանում ու ընկալում կոմիտասյան երգերի լուսավոր տխրության պատճառները: Հրաշալի երկիր ունեք, դյութիչ երգեր, անբացատրելի ձգողականություն է սա, որ չեմ կարող նկարագրել ու պատմել»,- իր ոգեւորությունը հայտնեց «Լիդերհորնի» հիմնադիրներից Ռյունե Քրիստիան Դալը : Քառասնամյակը երեք տարի առաջ տոնած երգչախումբը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր երգիչներիցՙ զբոսաշրջության, բանկային ոլորտների մասնագետներ, Բերգենի համալսարանի, դպրոցների աշխատակիցներ, խմբավարներ: Նրանց համախմբել է մարդասիրության գաղափարը, երգի միջոցով ազգերի խնդիրները բարձրաձայնելու, միմյանց ձեռք մեկնելու, միմյանց ցավի նկատմամբ անտարբեր չլինելու ձգտումը: Ի դեպ, «Լիդերհորնը» հայաստանյան մանկատներից մեկի համար խոշոր հանգանակություն է արել: Նվիրատվությունը նրանք պետք է փոխանցեին հասցեատիրոջը, բայց հենց մեր երկրում ինչ-ինչ պատճառներով գումարը կես ճանապարհին է մնացել: Սակայն նորվեգացիներն այն անպայման տեղ կհասցնեն: Երգչախումբը մեր երկրում ավելի խորությամբ տեղեկացավ ցեղասպանության մասին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Լիդերհորնը» հանդես եկավ փոքրիկ համերգով: Ունկնդիրների համար անակնկալ էր. նորվեգացիները կատարեցին կոմիտասյան երգեր: Հատկապես հուզիչ էր «Հով արեքը»: Համերգը եզրափակվեց Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանով»: Այս երգերը նորվեգացիներին բառ առ բառ սովորեցրել է բերգենաբնակ Մարտին Դավթյանի մայրը: Երգչախումբը խոստացավ, որ հայկական երկացանկը շուտով կհամալրի այն նոր երգերով, որոնց նոտաներն իրենց հետ տարան Հայաստանից: Կարեւոր մի հանգամանք. համերգների ժամանակ յուրաքանչյուր երգից առաջ երգչախմբի անդամներից մեկը ծանոթացնում է երգի պատմությանը, ներկայացնում, թե այն ինչի մասին է: Այս բացատրությունները մեծ տեղեկություններ են պարունակում: Այդպես երգչախումբը տարբեր բեմերից ներկայացնում է նաեւ հայկական երգերը, թե ով է Կոմիտասը, ինչ ճակատագիր է ունեցել, որտեղ է Էրեբունի Երեւանը եւ այսպես շարունակ: «Հայերեն երգերը կատարելիս մենք ոչ միայն հուզում ենք մարդկանց, այլեւ ինքներս ենք հուզվում: Այդ զգացողությունը տասնապատկվեց այստեղՙ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Ֆանտաստիկ հող ու հայրենիք ունեք, այսպիսի էներգետիկա ոչ մի տեղ չեմ զգացել: Եթե անգամ հայերեն չհասկանաս, դարձյալ կհուզվես այս երգերը լսելիս»,- ասաց «Լիդերհորնի» խմբավար Ռիկե Լինա Սորել Մաթիեսնը : Ծիծեռնակաբերդում հնչեցրած երգերից մեկը, որով բացվեց համերգը, առաջին իսկ հնչյուններից հայկական թվաց, սակայն ոչ մի բառ հասկանալի չէր: Երգն այնքան հարազատ հնչերանգներ ուներ, ասես կոմիտասյան լիներ: Պարզվեցՙ նախապատմություն կա: 1998 թվականին մի շվեդուհի է եկել Հայաստան ու հենց ապրիլքսանչորսին եղել է Ծիծեռնակաբերդում: Նա այնպես է ներշնչվել, որ երգ է գրել, բառերըՙ շվեդերեն, երաժշտությունըՙ մաքուր հայկական: Այդ երգը ներառվել է «Լիդերհորնի» երկացանկում: Մի անգամ այն հնչեցրել են Պաղեստինում: Երգիչները պատմում են, որ իրենց է մոտեցել մի կին ու հուզված ասել. «Ես հայ եմ, այս երգի խոսքերը չեմ հասկանում, որովհետեւ զարմանալիորեն օտար լեզվով է, բայց ակնհայտ է, որ երգը հայերեն է, երաժշտությունն անվիճելիորեն հայկական է»: Երգչախմբի խմբավարը պատմեց, որ երգը հարազատներին կորցրած մարդու ցավի ու կարոտի մասին է: Շվեդուհին, փաստորեն, այսպես է զգացել ցեղասպանության ցավն ու տպավորությունների հիման վրա այդպիսի երգ գրել: Մեկնելուց երկու օր առաջ «Լիդերհորնը» ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահումՙ ավելի ընդլայնված երկացանկով: Նորվեգացիները դեռ երեք ամիս առաջ Բերգենից Երեւան ամրագրել էին «Տոսկա» օպերայի տոմսերը, որպեսզի իրենց երեւանյան այցի ընթացքում բաց չթողնեն մեր Հասմիկ Պապյանին լսելու հնարավորությունը: |