RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 20:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2325, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԳԵՏՆԻՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

Հովիկ ԱՖՅԱՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը եղել է Մշակույթի նախարարությունում: Հանդիպել է աշխատակազմի հետ, տեղեկացել նախարարության, ինչպես ձեւակերպված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «մարտահրավերներին, ծրագրերին եւ արած գործին», եւ անշուշտ տվել է հանձնարարականներ: Ինչո՞ւ անշուշտ, որովհետեւ Կարեն Կարապետյանը ՀՀ ամենաշատ հանձնարարական տվող վարչապետն է:

Ինչեւէ, սա թողնենք Գինեսի ռեկորդների գրքի խմբագիրներին: Մշակույթի նախարարությունում, տեղեկանալով ողջ իրադրությանը ու ամենակարեւորըՙ մարտահրավերներին, վարչապետն հանձնարարել է, որ հայ մշակույթն առավել ճանաչելի դարձնեն ու շեշտել է բառացիորեն հետեւյալը. «Մշակույթը պետք է հասանելի լինի բոլոր մարզերում եւ շերտերի համար»: Պատկերացրեցի՞ք: Այսինքն, ենթադրենք սիմֆոնիկ երաժշտությունը, եթե այն, իհարկե, կառավարության ղեկավարի ընկալմամբ մշակույթ է ներկայացնում, պետք է հասանելի լինի ոչ միայն Երեւանում, այլեւ Շիրակի մարզի Ամասիայում, Տավուշի մարզի Աչաջուրում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակում, Սյունիքի Ագարակում ու մանավանդ Տեղ գյուղում: Սա լավ է, նախ սիմֆոնիկ նվագախմբի անդամները հնարավորություն կստանան մայրաքաղաքից կտրվել, շրջել Հայաստանով մեկ, գուցե անգամ նրանցից ոմանք ծանոթանան, ճանաչեն Հայաստանին ու Հայաստանը, բացի այդ մարզերի մեր բնակիչները հնարավորություն կստանան իրենց բնակավայրերում հաղորդակցվել բարձր մշակույթին: Բայց, ի՞նչ է նշանակում «բոլոր շերտերին հասանելի մշակույթ»: Իմ կարծիքով «բոլոր շերտերին հասանելի մշակույթը» մշակույթի մասնիկ է: Այսինքն սա այն մշակույթն է, որը հասկանում են բոլորը, իսկ բոլորը հասկանում են բացառապես պրիմիտիվը: Օրինակՙ եթե նույն սիմֆոնիկը համերգ տա, հեռու չգնանք, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, հանդիսատեսի մեծ մասը ոչինչ չի հասկանա, ու այդ երաժշտությունը նրա համար կմնա անհասանելի: Իսկ եթե Բալահովիտում համերգ տա, օրինակՙ Թաթան, ապա բոլորը կլինեն գոհ ու երջանիկ, մի քիչ էլ քրտած, քանի որ ողջ համերգի ընթացքում պարած կլինենՙ բառիս բուն իմաստով հաղորդակցվելով ու հասնելով այդ մշակույթին, ավելի ճիշտՙ մշակույթի այդ տեսակին:

Հիմա ես ուզում եմ հասկանալ վարչապետիՙ «բոլոր շերտերի համար մշակույթ» հանձնարարականի նպատակը: Մենք ուզում ենք, որ մարդկանց բռնի ուժով բերենք համերգասրահներ ու նրանց այնտեղ երկու ժամ պահենք, որպեսզի հասնեն սիմֆոնիկ երաժշտական թռիչքների հետեւի՞ց, թե՞ ուզում են, որ սիմֆոնիկ երաժշտությունը դադարի թռչել ու գետնի վրա տրնգի պարի իր համերգին եկած բոլոր հանդիսատեսների հետ: Գուցե բոլորս վարչապետից հանձնարարակա՞ն ստանանք, որ պարտավոր ենք հաղորդակցվել բարձր մշակույթին: Ասենք ամեն համերգից կամ ցուցահանդեսից առաջ վարչապետն իր ֆեյսբուքյան էջով հանձնարարական ուղարկի մեզ, թե բաՙ «այսինչ շերտի հարգելի ներկայացուցիչ, հանձնարարում եմ Ձեզՙ վաղն այցելել այսինչ համերգասրահ, քանի որ այնտեղ մշակույթը հասանելի է լինելու Ձեզ»: Չներկայացողն էլ տուրք տա: Ամեն դեպքում, եթե մշակույթը պարտադրելու են, ապա դա հնարավոր չէ, անգամ Վիեննայում: Եթե մշակույթը իջեցնելու են, ապա դա հանցագործություն է նույնիսկ Երեւանում, որտեղ, ինչպես գիտենք, շատ հանցագործություններ չեն լինում, քանի որ շատ հանցագործներ չկան: Այնպես որ, «բոլոր շերտերի համար մշակույթ» հանձնարարականը կա՛մ անհնարին բան է, կա՛մ հանցագործություն: Ու քանի որ մեր վարչապետը չի կարող հանցագործություն անել, եզրահանգենք, որ անհնարին բան է:

Վարչապետն ամեն օր կամ գնում է ինչ-որ մարզ, նախարարություն եւ կամ ընդունում է ինչ-որ նախարարի, մարզպետի, պաշտոնյայի, ու նրանց բոլորին տալիս է հանձնարարականներ: Բայց սաՙ իմիջիայլոց:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ