RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017



ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

Տեղադրվել է` 2017-05-25 20:25:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2116, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐՔԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Ժիրայր ԲԱԲԱԶԵԱՆ, Փարիզ-Երեւան

Մայիսի 14-ին Գյումրիում, Բենիամին եւ Եղիա Էքմեքճիան դահլիճում, իսկ 16-ինՙ Երեւանում, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում, Թուրքիայի Բուրսայի Նիլուֆերի քաղաքապետարանի թատերախումբը ներկայացրեց Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն Արեւելյան» կատակերգությունըՙ թուրքերեն թարգմանությամբ:

Ներկայացումը նախապես տեղի էր ունեցել Ստամբուլում (2012թ.)ՙ հատկապես շեշտելով հայերի էական դերը թուրքական թատրոնի ստեղծման գործում:

Ես լսել էի Ստամբուլի ներկայացման հաջողությունների մասին եւ կարդացել հայ թատերական գործիչներ Հակոբ Վարդովյանին, Մարտիրոս Մնակյանին, Վահրամ Փափազյանին ու հատկապես Պարոնյանի հանճարին նվիրված նրանց հայտագրի հոդվածները:

Անհամբեր էի տեսնելու թուրքերեն թարգմանված այս գործը, որն, ի դեպ, առաջինն է, որ կատարվում է Թուրքիայի պետական մի թատերախմբի կողմից, մանավանդ որ, հաճելի զուգադիպությամբ, ինքս պատրաստվում եմ աշնանային սեզոնի բացմանն այն բեմադրելու Հենրիկ Մալյանի թատրոնում:

Ես չգիտեմ, թե ի՞նչ ծավալով էին կատարվել պատմական նման երեւույթին վայել ազդերը Հայաստանում, սակայն ցավալի էր, որ դահլիճն աչքի էր ընկնում մեր թատերական գործիչների բացակայությամբ:

Ցավալի է այն պատճառով, որ թուրքական թատերախմբի ներկայացումը, բացի Պարոնյանի գործը լինելուց, բեմական լուրջ աշխատանքի իսկական վայելք էր, որից պիտի ներշնչվեին ու ոգեւորվեին մեր բեմադրիչները, դերասանները, բեմի նկարիչները եւ հատկապես զգեստների ու գրիմի մասնագետները: Իսկ, վերադառնալով Պարոնյանին, պետք է շեշտեմ, որ այս ներկայացումը դաս էր նրանց, ովքեր դեռ մտածում են, թե Պարոնյանը եւ մասնավորապես «Ատամնաբույժը» «հնացած, էժանագին, հազար անգամ ծեծված եւ այլեւս բեմ բարձրացնելու անարժան» երեւույթներ են:

Արեւմուտքի մեր հարեւանները մեզ փառահեղ կերպով ապացուցեցին, որ Պարոնյանի այս գործը ոչ միայն արդիական է, այլեւ Մոլիերի կամ այլ դասականների գործերի նման ՀԱՎԵՐԺԱԿԱՆ, որոնք բեմադրելիս լայն մտահորիզոնով օժտված բեմադրիչները կարող են մշտապես բեմական նորանոր գաղափարներ հղանալ:

Մոտ 15 հոգուց բաղկացած (գումարած 4 երաժիշտ), բարձր պրոֆեսինալիզմով եւ փայլուն պլաստիկայով մարզված թատերախումբը հագնված էր Կոմեդիա դել Արտեյի կամ ասենքՙ կրկեսային զգեստներ, որոնք, գեղեցիկ ու արդիական ճաշակով, սպիտակի եւ բաց դարչնագույնի տարբեր երանգներով հիշեցնում էին Վենետիկյան Կառնավալի ամենագեղեցիկ ու շքեղ զգեստները:

Գրոտեսկի մոտեցող զավեշտային մեկնաբանությունն ու կատարումը սակայն, համեմված երգերով ու պարերով, բաձրաճաշակ հումորով էր պարփակված, եւ խաղի ռիթմն ու հրաբխային էներգիան ոչ մի րոպե չմարեցին երկու ժամից ավել տեւողությամբ ներկայացման ողջ ընթացքում:

Ակնհայտ հաճույք վայելեց նունիսկ քաղաքական որոշ (եւ հասկանալի) նախապաշարումներով եկած հանդիսատեսը: Հաճույքն ակնհայտ էր նաեւ կատարողների մոտ, եւ դա է հաջողության գաղտնիքը:

Թափառնիկոսի գլխավոր դերը վիրտուոզ կերպով կատարեց նույն ինքըՙ խմբի գեղարվեստական ղեկավար ու ներկայացման բեմադրիչ Էնգին Ալքանը , որը նաեւ երգերի սրամիտ տեքստերի հեղինակն էր:

Հարկ է նշել նաեւ ներկայացման ընթացքում առկա գեղեցիկ, զվարճալի եւ հանդուգն Էրոտիզմըՙ ի զարմանս այն բանի, թե հասարակական ավանդական ինչպիսի դժվարությունների դեմ է պայքարում այսօր Թուրքիան:

Ներկայացման ավարտին խոսք առավ բեմադրիչ Ալքանը եւ դահլիճին հաղորդեց իրենց հետապնդած նպատակները: Նա ասաց, որ իրենց համար երազ էր հանճարեղ երգիծաբանի գործն իր հայրենիքում ներկայացնելը, եւ որ թատրոնի արվեստագետները նույն մարդ-արարածներն են, որոնք, Շեքսպիրի խոսքերով, «տառապում են նույն ցավերով եւ ուրախանում նույն հաճույքներով» եւ նույն պայքարն են մղում ամեն տեսակի քաղաքական բռնությունների, ստերի եւ հրեշային չարագործությունների դեմ:

Ցեղասպանության եւ Արցախյան հիմնահարցի հետ կապված բարդ փոխհարաբերությունների այս օրերին թուրք արտիստները փորձում են այսպեսՙ արվեստով բեկել պատմության տաբուները:

Քաղաքական այս ակտը սակայն երեկոյի միակ պատգամը չէր:

Արտիստիկ հաղթանակն էր կարեւորը:

Նրանք հիանալի տուրք մատուցեցին հայ հանճարին:

Այս առթիվ, Պարոնյանի եւ մեր դասական ժառանգության նկատմամբ թերահավատներին կցանկանայի ասել. «Զարթի՛ր, լաո», բայց քանի որ էնքան շատ են գործածվել այդ բառերը, պարզապես ասեմ. «Բացե՛ք ձեր աչքերը, հարգելիներս»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ