«ՀԱՅԵՐԸ ՎԵՐՍԱԼԻ ՊԱԼԱՏՈՒՄ» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Հանդիպում-դասախոսություն Կլոդ Մութաֆյանի հետ Ֆրանսահայ մաթեմատիկոս, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հայագետ Կլոդ Մութաֆյանը «Ազգի» ընթերցողական լսարանին հատկապես շատ ծանոթ անուն է, բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ են տպագրվելՙ Գոհար Աճեմյանի հեղինակությամբ նրա ուսումնասիրությունների, նորընծա հրատարակությունների, կազմակերպած ցուցահանդեսների առիթներով: Նա հեղինակել է արժեքավոր մենագրություններՙ հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող («Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում», «Հայաստանի 12 մայրաքաղաքները», «Լեւանտյան Հայաստան»), կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներՙ «Կիլիկիայի հայոց թագավորությունը» (Սորբոնի մատուռ), «Հռոմ-Հայաստան» (Վատիկան, Սիքստինյան մատուռ), «Գրի մոգականությունը» (Մարսել): Երեւանյան հաճախակի այցելությունների ընթացքում հանդիպումներ են կազմակերպվում պատմաբան- հայագետի հետ, որտեղ ուշագրավ նոր փաստեր է ի հայտ բերում հեղինակը: Այդպիսի հանդիպում-դասախոսություն տեղի ունեցավ վերջերս Գեղարվեստի պետակադեմիայի արվեստագիտության եւ հումանիտար գիտւթյունների ամբիոնի դասախոսների, ուսանողների հետՙ «Հայերը Վերսալի պալատի Խաչակիրների սրահում» թեմայով, կազմակերպությամբՙ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանի : Խաչակրաց արշավանքներիՙ այս բարդ, բազմակի մեկնաբանությունների տեղիք տվող պատմական ժամանակաշրջանը ներկայացվեց այս թեմայով Վերսալի թանգարանի հինգ սրահներում գտնվող նկարների հետաքրքրական մեկնաբանություններով: Նա առանձնացրել էր մասնավորապես այն աշխատանքները, որոնք տարբեր առումով առնչվում են հայկական նյութի հետ: Ուշագրավ էր մատուցման եղանակըՙ պարզ, թեթեւ խոսք, տեղ-տեղ հումորային, որ ինքնին ուշագրավ թեմայի ունկնդրումը դարձրեց ավելի գրավիչ: Պատմական ժամանակաշրջանիՙ կրոնական, դավանաբանական, քաղաքական, բարքերի, սովորույթների առանձնահատկությունների եւ գեղանկար գործերի մանրազնին ուսումնասիրությունները հնարավորություն են տվել հեղինակին նոր եզրահանգումների ու մեկնաբանությունների: Խաչակրաց արշավանքները, որոնցում մեծ դերակատարություն են ունեցել Ֆրանսիայի թագավորությունը եւ Սրբազան Հռոմեական կայսրությունը, ներկայացվեցին հայերին առնչվող բազմաթիվ հետաքրքրական իրողություններով: Նիկեա քաղաքի վրա խաչակիրների առաջին անհաջող գրոհին հաջորդած հարձակումը, քաղաքի պաշարումն ու գրավումը 1097 թվականին, շարունակություն ունեցավ հետագա արշավանքներով, որին հետեւեց Անտիոքի երկարատեւ պաշարումը, ինչն ավարտվեց այն բանից հետո, երբ քաղաքի դարպասները բացեց ծագումով հայ մի զինվոր: Հաջողությամբ ջախջախելով դեպի Անտիոք շարժվող մուսուլման բանակը, ստեղծեցին Անտիոքի առաջին պետությունը, որից հետո ծովափնյա մի շարք քաղաքների գրավումով մոտեցան Երուսաղեմին: Չնայած համառ դիմադրությանըՙ կարողացան մտնել ներս եւ գրավել քաղաքը: Խաչակրաց առաջին արշավանքների հետեւանքով ստեղծվեց 4 թագավորությունՙ Անտիոքի դքսություն, Եդեսիայի կոմսություն, Տրիպոլիի կոմսություն եւ ամենախոշորըՙ Երուսաղեմի թագավորություն, որոնք համարվեցին Արեւելքի Լատինական պետություններ: Խաչակիր ասպետները իրենց արշավանքներին կին չէին տանում, կին ընտրում էին տեղացիներից, սակայն այդ ընտրությունն այնքան էլ պարզ կամ հեշտ չէր: Անհրաժեշտ էր, որ նա լիներ քրիստոնյա, հույն պիտի չլիներ, իշխանական տիտղոս պիտի ունենար եւ իհարկեՙ լիներ գեղեցիկ: Այնպես էր ստացվել, որ այս պահանջները լիարժեք բավարարում էին միայն հայ կանայք: Պատմագրության մեջ Երուսաղեմի առաջին թագուհին հիշատակվում է ծագումով հայ Արդանՙ Հայկական Ռուբինյան իշխանական տոհմից: Նա եղել է Երուսաղեմի թագավոր Բոլդուին I-ի կինը: Հետաքրքրական մանրամասներ հաղորդվեց այս ամուսնության հետ կապված: Մի քանի տարի անց, երբ Բոլդուին I-ը որոշում է բաժանվել նրանից, Կաթոլիկ եկեղեցուն իբրեւ պատճառաբանություն, ինչը պարտադիր էր, ներկայացնում է կնոջ անպտղաբերությունը: Պատմագիրները սակայն դրդապատճառները համարում են քաղաքականՙ երբ նա հայերով բնակեցված Եդեսիայի կոմսն էր, ձեռնտու էր հայուհի կին ունենալը, Երուսաղեմում դրա անհրաժեշտությունը չկար: Ըստ ժամանակին արված Բոլդուին I-ի դիմանկարիՙ բանախոսը ավելի անձնական մեկնաբանություն տվեց այս հարցին, պայմանավորելով այն սեռական կողմնորոշմամբ, եւ կամՙ հիվանդությամբ: Երուսաղեմի հաջորդ հայ թագուհինՙ Մալաթիայի կառավարիչ Գաբրիել իշխանի դուստր Մորֆիան, Բալդուին II-ի կինն էր: Նրանց դուստր Մելիսինդան, ամուսնանում է Անժուի դուքս Ֆուլկի հետ, որի մասին խոսվեց ավելի հանգամանորեն: Նա հայտնի է եղել իր արդարամտությամբ եւ բարեպաշտությամբ: Ամուսնու մահից հետո Մելիսինդան թագավորությունը կառավարում է որդուՙ Բոլդուին III-ի հետ: Նրա կառավարման շրջանում Երուսաղեմում եւ հարակից շրջաններում կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ: Նրա անվան հետ է կապվում Աստվածածնի գերեզմանի տաճարի վերակառուցման պատմությունը: Երբ ամբողջ իշխանությունն անցնում է որդունՙ Մելիսինդան դառնում է նրա գլխավոր խորհրդականը մինչեւ իր մահը: Քաղաքական անցուդարձերում շատ հարցեր որոշող խառն ամուսնությունները այս կամ այն կերպ անդրադառնում են տվյալ ժողովուրդների վրա. հնչեցին հարցերՙ արդյոք հայ թագուհիները պահպանել են առաքելական դավանանքը, եւ արդյոք հայկականության տարրեր փոխանցվել են արքունական միջավայրին: Հետաքրքրական էր բացատրությունը, թե քանի նրանք կաթոլիկություն են ընդունել, անտեսվել են հայ պատմագիրների կողմից, ուստի եւ այս առումով շատ տեղեկություններ չկան: Նկարներում տիրապետողը հաղթանակի, ռազմական ոգին էՙ պատկերող խաչակիրների արշավանքները, նրանց մուտքը Սրբազան հող, որոնցում հատկապես շեշտված է Ֆրանսիայի ներկայությունը, Ֆրանսիայի պատմական դերը Խաչակրաց արշավանքներում: Հայկականությանն առնչվող տարրերը, դրվագները, Վերսալի պալատում հայկականության այս ներկայությունը մեզ համար նոր, հետաքրքրական եւ կարեւոր երեւույթ է: Դասախոսության ավարտին ներկայացվեց վերոհիշյալ թեմայով Ֆրանսիական 2-րդ հեռուստատեսության թողարկած վավերագրական ֆիլմ, որի առաջին ցուցադրությունը կայացել է 2009-ի դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ծննդյան օրըՙ ամենամյա կիրակնօրյա «Արեւելյան քրիստոնյաներ» հաղորդման ժամանակ: Հայկական թեման, որ առաջարկել է Կլոդ Մութաֆյանըՙ կապված ֆրանսիականի հետ, շահեկանորեն հետաքրքրություն է առաջացրել: Ֆիլմի գաղափարական մոտիվներից մեկն այն է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ուշ դարերում չէ որ սկսվել են, դրանք ձեւավորվել են դեռ հազարամյակներ առաջ: |