ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԹՈՎՄԱՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՄԱՍԻՆ Հ. Ծ. Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գործող Արարատ-Էսքիճյան թանգարանում հունիսի 4-ին կայացել է դոկտ. Սեպուհ Ասլանյանի «Նախիջեւանից Նիդերլանդներ: Թովմաս վարդապետ Վանանդեցին եւ հայկական տպագրությունը Ամստերդամում, 1677-1708 թթ.» խորագրով դասախոսությունը, որը հովանավորել են վերոնշյալ թանգարանն ու հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR ազգային ընկերակցությունը: 1677-ին Գողթան գավառի Վանանդ Գյուղից Թովմաս եպիսկոպոս Վանանդեցին իր եղբորորդիների եւ քեռորդու հետ Փոքր Ասիայի եւ Եվրոպայի գլխավոր քաղաքներն են այցելել տպագրության արվեստը սովորելու եւ հետագայում Ամստերդամում չորրորդ հայկական տպարանը հիմնելու նպատակով: Հիմնվելով Լոնդոնում 1707-ին լատիներենով հրատարակված, դրանից առաջ 1691-ին Մադրիդում լույս տեսած մինչ այժմ անծանոթ Թովմասի հուշերի եւ արխիվային այլ նյութերի վրա, Ասլանյանը ներկայացրել է նրա եզակի դերը հայկական տպագրության եւ գրահրատարակման գործում: Հիշեցնենք, որ դոկտ. Ասլանյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) «Արդի հայկական պատմության ամբիոնի» վարիչն է 2012-ից ի վեր: Հեղինակ է բազմաթիվ գրքերի եւ հոդվածների: |