ԳԱՆՁԸ ՄԵՐ ՏԱՆԸՙ ԱՂՔԱՏ ԵՐԿԻՐ ԵՆՔ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Նոյս, Գերմանիա Ինչո՞ւ դրսում խրախուսվող արվեստը ներսում պարգեւ չի ստանում Հունիսի 4-ին Նոյսի ավետարանական Քրոյցքիրհեում կայացավ ջութակահար Լիլիթ Տոնոյանի եւ թավջութակահար Դավիթ Մելքոնյանի համերգը, որ համոզված եմ, Հոգեգալստյան տոնի հիշարժան նվեր դարձավ ներկաների համար: Գերմանիայում այս տոնի հանդեպ յուրահատուկ սպասում կաՙ մի մասին ոչ աշխատանքային մի քանի օրերին արձակուրդի մեկնելու գաղափարն է ուրախացնում, իսկ ընդհանրապես երաժշտության հանդեպ հատուկ զգայունություն ունեցող այս երկրում, նկատել ենք, այդ տոնը շատերի համար իմաստավորվում է ունկ հագեցնելով: Հայ երաժիշտների մատուցած «Հայ հոգեւոր երգեր եւ Յոհան Սեբաստիան Բախ» ծրագիրը արդարացված շաղկապ էր. աղոթքՙ երաժշտական հնչյուն դարձած տարբեր լեզուների, հին ու նոր ժամանակների, տարածություն հաղթահարած ու սիրտ գրկող: Օդի մեջ կախված «ահաբեկչություն» բառը մեր առօրյան կնքող դաժան գործողությամբ, թվում է լրահոսից խույս կտա, կամ ավելի ճիշտՙ մեր հոգու դյուրաբեկ լարերի վրա երկյուղ չի փռի, երբ երկու լարայիններիՙ իրար խիստ ներդաշնակ այս մեկժամանոց երկխոսության հույզը որսա: Իբրեւ վիզուալ գեղագիտություն նկատենքՙ ավետարանական եկեղեցու զարդարանքից ողորկ բեմում երկու գույն կարՙ սեւահեր, սեւազգեստ երաժիշտների մութ գույներին «լրացնում» էր նրանց գործիքների կարմրաշագանակագույնը, տեսողական մինիմալ երկու գույնին «հակադրելով» լսողականՙ երաժշտական առատ գույներով ներկապնակ (հոդվածին կից լուսանկարը համերգի ազդագիրն է- Ան. Հ.): Համերգի հենց սկզբում Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն Լիլիթ Տոնոյանի մեկնաբանությամբ հազարագույն դարձավՙ ջութակի փոխարեն ասես երգեհոն էր հնչում, այնուհետ առանց դադարի սահուն ագուցվեց Բախի «Ինվենցիա 11»-ին: Երաժշտական քննադատի մասնագիտական հացը չխլենք, նրա անհրաժեշտ գնահատականին սպասենք առաջիկայում, երբ օգոստոսին այս երաժշտական նախագծի ձայնագրությունը բարեհաջող ավարտ կունենա, իսկ 2018- ի փետրվարինՙ լույս կտեսնի: Արձանագրողիս համերգային օրվա տպավորությունը հարկադրում է խոստովանելՙ Սահակ Ձորափորեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Պահլավունու, Մակար Եկմալյանի, Մխիթար Այրիվանեցու, Հովհաննես Երզնկացու եւ Բախի կապն այնքան գույն ու հնչյուն խտացրեց եկեղեցու ներսում, որ ավետարանական «անպաճույճ» սրահը դարձավ շքեղ, զարդարուն շինությունՙ մեր ներսում գծագրելով մեղքերի թողության անպարագիծ կտավներ: Այս երաժշտական ծրագիրը Լիլիթի նախաձեռնությունն է, եւ օգոստոսին նախատեսված ձայնագրության «ստուգողական փորձը» հանրությանը ներկայացված հունիսի 4- ի համերգն էր, որ ունկնդրի ջերմ ընդունելությանն արժանացավ: Իսկ ինձ երկու ազնվագույն երաժիշտների մասին գրելու, բառեր որոնելու չափուկշիռ է տալիս Ներսես Շնորհալին, որ Լիլիթ Տոնոյանի եւ Դավիթ Մելքոնյանի կազմած համերգային ծրագրում հեղինակ դառնալով, ոգեղենացած շերտերիս բառերն է սանձում, եւ ես խոնարհաբար երկու «լարախաղացների» մասին «շնորհալի» եզրից անդին գովասանքի սահմանը ստիպված եմ չհատել: Լիլիթի երաժշտական ծրագիրը, որ սատարում գտավ գաղափարակցիՙ միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր Դավիթ Մելքոնյանի կատարողական վարպետությամբ, երկու երաժիշտների բեմական համերաշխությամբ, մեծ ոգեւորությամբ ընկալվեց: Համերգի ավարտին մեր ականջը որսաց գերմանացիների ամենամեծ զարմանք-հարց-հիացումըՙ Սահակ Ձորափորեցու 7-րդ դարի մեղեդին ինչպե՞ս է մեր օրեր հասել: Թե՛ Լիլիթ Տոնոյանը, թե՛ Դավիթ Մելքոնյանը կատարողական բարձր վարպետությանը զուգահեռ տպավորեցին իրենց մտավոր պաշարով, հարցերին սպառիչ պատասխանելու կարողությամբ: Մեզ հուսադրում է անշուշտ, թե հայ հոգեւոր երաժշտության հանդեպ այս արթնությունը նոր ոգեւորությունների, համերգային նոր ծրագրերի, նոր հրավերների առիթ է դառնալու: 1986-ին Երեւանում ծնված, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի այս սաները, որ Գերմանիայում հղկել են իրենց մասնագիտական բարձրագույն կրթության որակը, ապրում ու գործունեություն են ծավալում այս երկրում, Հայաստանի անկախության սերունդն են, իրենց դպրոցական մութ ու ցուրտ տարիները հիշում են եզակի ջերմությամբ, մանավանդ, երբ մտաբերում են 90- ականների առօրյայիՙ «Լույսը եկավ» տոնական շեշտը: Խոստովանում ենՙ իրենց երկրում ավելի շատ Բախ են նվագել, քան հայ հոգեւոր երգ լսել: «Ջերմեռանդ հավատացյալ չեմ, Աստծո հետ կապն իմ մեջ որսացել եմ Բախի միջոցով, Հայաստանում ժողովրդական երգը միշտ է հետաքրքրել, իսկ հայ հոգեւոր երգը բացահայտեցի «պատահական»: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի համերգային ծրագիր կազմելիս, առաջին անգամ փորձ արեցի Կոմիտասի «Տեր ողորմեա»- ն մշակել սոլո ջութակի համար ու հնչեցնել: Ունկնդիրն այնքան քաջալերեց, որ որոնեցի ու գտա իմ «ինքնության» երկու մասերըՙ Բախն ու հայ հոգեւոր երգը, մեր զրույցում պատմում է Լիլիթը: Իսկ մենք անհրաժեշտ հավելումն անենքՙ Կոմիտասի «Տեր ողորմեա»-յի, ինչպես նաեւ Բախի ստեղծագործության Լիլիթի մեկնաբանությունն արժանացել է Նոյսի 2015- ի քաղաքայինՙ արվեստագետներին խրախուսող մրցանակին: Ժյուրին գնահատել էր երիտասարդ ջութակահարուհուՙ երաժշտական երկերի տեխնիկապես բարդ հատվածները վիրտուոզ կատարելու, քնարական մասերը հզոր հուզականությամբ ներկայացնելու վարպետությունը: «Տեր ողորմեա»-յի պարագայում շեշտադրված էր նաեւ այն հանգամանքը, որ հայ եկեղեցական ծիսական երգի Լիլիթի մշակումը երեւակել էր երաժշտական երկի բազմաշերտությունը, հատկապես ընդգծելով երաժշտությանՙ ինչպես նորագույն, այնպես էլ համաշխարհային դրոշմը: Ժյուրիի բարձր գնահատականն առիթ դարձավ, որ Լիլիթը հայ վաղ միջնադարյան տաղերը ջութակի լարերով «վերաձայնավորելու» համարձակությունն ունենա: Իսկ ստեղծագործական որոնումների ընթացքն առիթ տվեց ըմբռնել, որ հայ միջնադարյան տաղը հոգեւոր ամուր աղերս ունի Բախի ժառանգության հետ: Համերգից հետո մի հարց իմ մեջ դեռ պատասխան է որոնումՙ ո՞ւր է մեր անկախությանՙ հոգեւոր նոր վերելք տանող ձայնը, տաղը, մեղեդին: Թվում էՙ անկախ երկրի հեռուստաընկերությունները, ունենալով անհամար գանձեր, մեր երաժշտական ճաշակը չպիտի հասցնեին ռեստորանային այնպիսի խեղճուկրակ մակարդակի, որ պետական տոների առիթով ցուցակ համալրող «վաստակավորների» նոր անունները լինեին մեզ մատուցվող «հոգեւոր» ճաշացանկը: Վերոնշյալ երաժշտական ծրագրում ներկայացված հայ հոգեւոր գոհարների համեմատությամբ, այս «վաստակավորների» ձայնն ու ներկայացրած «տաղն» ինձ համար, ներեցեք համարձակությանս, ահաբեկչական պայթյուն է ու երկրաշարժ: Էլ ինչպե՞ս դիմակայենք մեր սահմաններին մոտեցող արհավիրքներին, երբ դրանք... մեր ներսի սահմանն են սողոսկել: Ստամոքսը լիքը «վաստակավորների», ստամոքս լցնող «վաստակավորների» կոկորդի աղմու՞կն ենք պահ տալու վաղվա Մատենադարանին... որի դարակներից դանդաղ վտարանդի է դառնում ճգնակյաց տաղասացների երգն ու խորհուրդըՙ դրսի հեռուներում որոնելով հոգեւոր Հայաստան կերտելու երազով ապրող անկախության սերնդին: |