ԱՅՆՃԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է Հ. Ծ. Լիբանանի Բեքաա շրջանում գործող Այնճարի հայկական ավետարանական դպրոցն այս տարի բոլորում է իր գոյության 75-ամյակը: 1942-ին բացված այս կրթօջախը ծառայել է Մուսա լեռան հերոսների երեխաներին, դառնալով միջնակարգ գիշերօթիկ դպրոց գերմանական Հիլֆսբունդ միսիոներական ընկերության հսկողության ներքո: Շրջանավարտների առաջին հունձքը դպրոցը թողել է 1956-ին: Այդ առթիվ, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, հունիսի 23-ին Գլենդեյլի «Իմպրեշըն» հանդիսությունների դահլիճում հատուկ ճաշկերույթ են կազմակերպելու դպրոցի նախկին սաներըՙ մեծարելու համար իրենց սիրելի կրթօջախի երբեմնի դասատուներին ու տնօրեններին, որոնց թվում նաեւ 87-ամյա քույր Հաննա Քրիստիենին, որ 50 տարի է ծառայել այնտեղ: Թոշակի անցնելուց հետո նա կամավոր անդամակցել է Ամերիկայի հայկական Միսիոներական AMAA ընկերակցությանը եւ իր նպաստը բերել Հայաստանի սահմանամերձ (Նոյեմբերյան, Բերդ) եւ այլ վայրերում թոշակառուների համար ձրի ճաշարաններ բացելու գործին: «Ես ծնունդով գերմանացի եմ, բայց հոգով ու սրտովՙ հայ», խոստովանել է նա այս առթիվ: Նկար 1. Այնճարի ավետարանական դպրոցը |