RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-06-22 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3509, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԼԳԱ ՖՈՐՇ. «ԵՍ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՇԱՌԱՎԻՂՆ ԵՄ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուս գրականության մեջ թե՛ ներկայում, թե՛ անցյալում եղել են տասնյակ հայուհիներ: Անցյալից ամենաճանաչված անուններն են Մարիետա Շահինյանը եւ Նինա Բերբերովան: Կիսով չափ մեր հայրենակցուհին է եղել նաեւ ժամանակին հայտնի, այսօր գրեթե մոռացված մի արձակագրուհիՙ Օլգա Ֆորշը, որին էլ նվիրված է սույն ակնարկը:


Ռուսական բանակի գեներալ, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից, ազգությամբ ուկրաինացի Դմիտրի Կոմարովը (1831-1881) Թիֆլիսում ամուսնացել է հայուհի Նինա Գրիգորի Շադինովայի հետ: Վերջինս ազգակցական կապ ուներ մեծանուն աստվածաբան, փիլիսոփա Պավել Ֆլորենսկու (վերջինս նույնպես հայ մոր զավակ էր) եւ վրացի փաստաբան Լուարսաբ Անդրոնիկովի (ռուս գրող, գրականագետ Իրակլի Անդրոնիկովի հոր) հետ: Դմիտրի Կոմարովը եւ Նինան ունեցել են մեկ որդիՙ Պյոտր եւ մեկ դուստրՙ Օլգա: Վերջինս աշխարհ է եկել 1897-ին, Դաղստանի Գունիբ աուլում, որտեղ հայրը ռազմական շրջանի նախագահն էր: Գունիբ աուլը հայտնի է որպես Կովկասի լեռնականների առաջնորդ լեգենդար իմամ Շամիլի վերջին հենակետը, որտեղից էլ նրան 1859-ին գերեվարել էր հայազգի զորավար Իվան Լազարեւը...

«Ես մի քանի ամսական էի, երբ մայրսՙ երիտասարդ մի հայուհի, թողել է ինձ դայակի խնամքին եւ հորս հետ մեկնել Պետերբուրգ, որտեղ հանկարծակի մահացել է խոլերայից»,- գրել է Օլգա Ֆորշը: Դմիտրի Կոմարովը նորից է ամուսնացել, սակայն աղջիկն ութ տարեկանում զրկվել է նաեւ հորից: Խորթ մայրը նրան հանձնել է Ստավրոպոլի Օլգինյան գիմնազիան, որտեղից աղջկան տեղափոխել են Մոսկվայի Նիկոլաեւյան որբերի ինստիտուտը:

Օլգային նախապես գրավել է կերպարվեստը: Ուսանել է Կիեւի, Օդեսայի եւ Սանկտ-Պետերբուրգի նկարչական դպրոցներում, որպես նկարչության ուսուցչուհի աշխատել Ցարսկոե Սելոյում: Կերպարվեստից առավել, սակայն, նրան գրավել է գրականությունը, նա անհագ կարդացել է, ոգեւորվել Շիլլերի հերոսներով, ամենից շատ սիրել է Դոստոեւսկուն: Իր հուշերում պատմել է, որ մի անգամ տեսել է ալեզարդ Լեւ Տոլստոյին: 1897-ին ամուսնացել է զինվորական Բորիս Ֆորշի հետ, ունեցել են մեկ դուստրՙ Թամարա: Միասին շրջել են Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում: Ի դեպ, Իտալիայում բարեկամացել է Մաքսիմ Գորկու հետ, որը հետագայում բարձր է գնահատել նրա «Քար հագածները» եւ «Ժամանակակիցները» վեպերը:

Առաջին պատմվածքներն Օլգա Ֆորշը տպագրել է 1907-ինՙ Ա. Թերեք ծածկանվամբ, «Պուտ» («Ճանապարհ») թերթում: Մոսկվայում եւ Կիեւում աշխատել է տարբեր թերթերի խմբագրություններում: 1914-ին լույս է տեսել նրա առաջին գիրքըՙ «Ում ինչ է դուր գալիս» պատմվածքների ժողովածուն: 1923-ին հաստատվել է Պետրոգրադում ու նվիրվել գրական գործունեությանըՙ հեղինակելով բազմաթիվ պատմվածքներ, նովելներ, վեպեր, թատերախաղեր, կինոսցենարներ, ճամփորդական նոթեր: Ֆորշի գրական ժառանգության կարեւոր էջերն են «Տաք արտադրամասը» (1926), «Խելահեղ նավը» (1931), «Ագռավը» (1933, պատմում է 1905-1907 թթ. իրադարձությունների, 1910-1920-ական թթ. մտավորականության կյանքի մասին, կերտել է Գորկու, Բլոկի, Սոլոգուբի դիմանկարները), «Ռադիշչեւ» (1932-1939), «Միխայլովյան ամրոցը» (1946), «Ազատության առաջնեկները» (1950-1953) պատմավեպերը, քաղաքի եւ գյուղի բնակիչների կյանքը պատկերող պատմվածքների ժողովածուներՙ «Բնակիչները» (1923), «Ամառային ձյուն» (1925), «Մոսկովյան պատմվածքներ» (1926), «Պրիմուս» (1927), «Գմբեթի ներքո» (1929), «Փարիզի տիկնիկները» (1930), «Երեկվա օրը» (1933): Դրանցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով: 1923-ին նրա եւ Պավել Շչյոգոլովի սցենարով էկրան է բարձրացել Ալեքսանդր Իվանովսկիի «Դղյակը եւ ամրոցը» ֆիլմըՙ ըստ «Քար հագածները» վեպի:

Օլգա Ֆորշը վայելել է գրչակիցների եւ քննադատների բարեհաճ վերաբերմունքը: Նրան բարձր է գնահատել նաեւ ռուս արձակագիր Պրիշվինը, սակայն պրոլետարական գրաքննադատությունը հաճախ է հարձակվել նրա վրաՙ նրա պատմավեպերում նկատելով մի տեսակ կարոտախտ ռուսական Արծաթե դարի նկատմամբ եւ զգուշավոր քննադատությունՙ նոր վարչակարգի հասցեին: Այդուհանդերձ, Ֆորշն իր ժամանակի մարդն էր, եւ նա էլ թույլ է տվել իր ժամանակակիցներին բնորոշ վրիպումներ: Բավական է նշել, որ նա առաջարկել է սկսել նոր թվականությունՙ Ստալինի ծննդյան տարեթվից... Ուստիեւ պատահական չէ, որ գորբաչովյան վերակառուցումից հետո նրա անունը մոռացվեց ոչ միայն գրական, այլեւ ընթերցողների շրջանում, թեեւ 1986-ին կինոռեժիսոր Վալերիու Գաժիուն կրկին էկրանավորեց Ֆորշի «Քար հագածները»ՙ «Խորհրդավոր բանտարկյալը» վերնագրով: Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերակատարն է Դմիտրի Խառատյանը...

Մեզ առավել հետաքրքրողն, ինչ խոսք, Օլգա Ֆորշի կյանքում եւ ստեղծագործության մեջ հայկականի առկայությունն է, եթե այդպիսին, իհարկե, եղել է: Ստեղծագործության մեջ մեզ հայտնի միակ կապը (թեեւՙ բավական թույլ) նրա «Կամո» վիպակն է: Գրողի մտերմուհիներից է եղել Լենինգրադի գրական շրջանակներում հայտնի փորձառու խմբագիր, թիֆլիսեցի հայուհի Մարգարիտա (Մարո) Ստեփանովնա Դովլաթովան (1907-1975)ՙ նշանավոր Սերգեյ Դովլաթովի մորաքույրը: Ինչպես վկայել է վերջինս իր «Մերոնք» հիանալի ինքնակենսագրական գրվածքում. «Մորաքույրս խմբագրել է բազմաթիվ հիանալի գրողների: Օրինակ, Տինյանովին, Զոշչենկոյին, Ֆորշին... Եվ յուրաքանչյուրի մասին որեւէ զավեշտական պատմություն ուներ: ...Հանգստյան տանը Ֆորշը թերթել է բողոքի գիրքը: Հայտնաբերել է հետեւյալ գրառումը. «Շիլայի մեջ շատ հաճախ լինում են ամենատարբեր անտառային միջատներ: Վերջին ընթրիքի ժամանակ կեղեւակեր բզեզ գտա...»:

- Ի՞նչ եք կարծում,- հարցրել է Ֆորշը,- սա բողո՞ք է, թե՞ գովասանք»:

Մարո Դովլաթովան գրել է, որ մի անգամ, 1930-ականների կեսին, Ֆորշին այցի են եկել հայ գրողները եւ խոսել նրա «Կամո» վիպակի էկրանավորման մասին: Նրանք, ինչ խոսք, նեղմտություն են դրսեւորելՙ տխրելով, որ կես հայ եւ իր հայ մորը երբեք չտեսած Ֆորշը հայերեն չգիտի: «Օլգա Դմիտրիեւնան իրեն մեղավոր զգաց, մանրամասն բացատրեց, թե ինչու է այդպես: Սակայն տեղնուտեղն արդարացավ.

- Տեսնո՞ւմ եք, արտաքնապես ես նման եմ մորսՙ տիպիկ հայուհի եմ: Իմ զավակները նույնպես պահպանել են ազգային դիմագծերը: Եվ ես ոչ մի վայրկյան չեմ մոռանում, որ Սասունցի Դավթի շառավիղն եմ:

- Դուք բնավ հայկական առոգանություն չունեք,- ասաց հյուրերից մեկը, եւ նրա ձայնի մեջ դառը վիրավորանք զգացվեց:

Օլգա Դմիտրիեւնան կրկին իրեն մեղավոր զգաց, բայց կրկին դրությունից դուրս եկավ.

- Իսկ ահա Մարոն զտարյուն հայուհի է: Մխիթարե՛ք նրանց, Մարո, խոսե՛ք մայրենի լեզվով, թե չէ սկսել եք մոռանալ:

Կարմրելովՙ ես հայրենակիցներիս մի քանի հայերեն բառ ասացի: Քրքջոց պայթեց. պարզվեց, որ մի բան այնպես չեմ ասել: Ամենից շատ զվարճացավ Օլգա Դմիտրեւնան, երբ նրան բացատրեցին իմ սխալները» (տես «Օլգա Ֆորշը ժամանակակիցների հուշերում», Լենինգրադ, 1974, էջ 301-302, ռուսերեն):

Հայ գրողները Ֆորշին հրավիրել են Երեւան: Նա ասել է, որ միշտ շատ է ուզել գալ Հայաստան, բայց իրեն չափազանց հեռու է թվացել: Խոստացել է գալ, լինել Սեւանում, որի մասին իրեն շատ է պատմել Մարիետա Շահինյանը: Ի դեպ, այս երկու արձակագրուհիները միասին լուսանկարվել են ու մակագրելՙ «Երկուՙ մի քիչ բազմամյա վարդեր»:

Դովլաթովան նաեւ վկայել է, որ Ֆորշը Հայաստան ուղեւորությանը «պատրաստվում էր մտածված կերպով, ինչպես որ պատրաստվում են կարեւոր մի իրադարձության: Երկարատեւ հիվանդությունից ուժասպառՙ նա ինձ, համենայն դեպս, խնդրեց տեղեկացնել Հայաստանի գրողների միությանը մեր հավանական այցի մասին» (նույն տեղում, էջ 285): Եվ իսկապես, 1939-ին Օլգա Ֆորշն այցելել է Երեւան եւ մասնակցել Սասունցի Դավթի տոնակատարություններին: Նրա հայաստանյան ուղեւորության մասին վրացի կին գրող Մարիջանը (Ալեքսիձե) գրել է. «Մեր վեցերորդ հանդիպումը կայացավ Հայաստանի հողում: Ներկա գտնվեցինք մի վիթխարի տոնակատարության: Հրաշալի, հարուստ աշուն: Բոլոր ծայրերից, բոլոր հանրապետություններից հրավիրված էին գրողներ: Եկավ Օլգա Դմիտրիեւնան, եւ ոչ մենակ, Թամարայի հետ: Ապրում էր «Սեւան» հյուրանոցում: Հարմարավետություն, հարմարություններ...»:

Օլգա Ֆորշը մահացել է 1961-ին, Տյառլեւոյում (Պավլովսկի մոտ), թաղվել Պուշկինի Կազանյան գերեզմանատանը: Այսօր նրա անունով են կոչվում փողոցներ Պետերբուրգում, Վոլգոգրադում եւ Իզմայիլում (Ուկրաինա):

Հիշենք նաեւ, որ Օլգա Ֆորշի եղբորՙ Պյոտրի դուստրը նույնպես իր անունն է թողել ռուս գրականության մեջ: Նինա Խաբիասը (1892-1943) ֆուտուրիստ բանաստեղծուհի էր, որը 1920-ականներին հանդես է եկել բանաստեղծական երկու ժողովածուով: 1937-ին մեղադրվելով հակախորհրդային ագիտացիայի մեջՙ աքսորվել է Սիբիր, ազատվելովՙ հաստատվել է Թուրքմենիայում, որտեղ էլ հավանաբար մահացել է: Հետաքրքրական է, որ քառորդ հայկական արյամբ Նինա Խաբիասը եւս արտաքնապես նման է եղել հայուհու...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ