ՉՈՒԽԱՋՅԱՆԱԿԱՆՆ ՈՒ ԽԱԲԿԱՆՔԸ Նաիր ՅԱՆ Անցյալ տարվա նոյեմբերին օպերայի եւ բալետի ագային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հանդիպել է ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Փափազյանին (Բաբազյան) ու նրան հրավիրել Հայաստանՙ օպերային թատրոնում մյուզիքլային թեթեւ ժանրի ներկայացում բեմադրելու: Ժիրայր Բաբազյանը մարտին Հայաստան է եկել ու աշխատանքն սկսել: Հունիսի 25-ին օպերային թատրոնում կներկայացվի «Կարինե» կոկտեյլը: Այն փորձնական է, առայժմ չի ընդգրկվի թատրոնի խաղացանկում, բայց ավելի մեծածավալ բեմադրությունների հիմք ու հենք կհանդիսանա: Ներկայացումից երկու օր առաջ Ժիրայր Փափազյանը պատմեց չուխաջյանական ու ոչ չուխաջյանական «Կարինեի», «Արշակ Երկրորդի» մասին եւ ոչ միայն:
- Պարոն Փափազյան, նախ շտապեմ իմանալ, թե ինչ ենք տեսնելու հունիսի 25-ի երեկոյան օպերային թատրոնի բեմում: - Երեկոյի առաջին մասում դաշնակահար Լեւոն Ջավադյանի ստեղծած երիտասարդական ծրագրի երգիչները, կոնսերվատորիայի ուսանողները ներկայացնելու են տարբեր արիաներՙ «Ռիգոլետո», «Լա բոհեմ», «Այդպես վարվում են բոլոր կանայք» օպերաներից եւ սեքստետՙ «Արշակ Երկրորդից»: Ընդմիջումից հետո հանդիսատեսին կներկայացնենք «Կարինե» օպերետի առաջին արարը: Սա փորձնական տարբերակ է, որպեսզի պարզ դառնա, թե ինչ ներուժ ունենք, ինչի է ընդունակ մեր ստեղծագործական կազմը: Ես կուզեի «Կարինեն» էլ, «Արշակ Երկրորդն» էլ շուտ ու ամբողջական բեմադրել, երկու ստեղծագործություններն էլ ներկայացնել այնպես, ինչպես գրել է Տիգրան Չուխաջյանը: Ի վերջո, նա մեր ազգային օպերայի հիմնադիրն է ու արժանի, որ օպերային թատրոնի երկացանկում լինեն նրա գործերը: Մանավանդ որ հիմա արդեն իմ ձեռքին են երկու ստեղծագործությունների բնօրինակները: Ինչո՞ւ դրանք չհնչեցնել այնպես, ինչպես գրել է մեծանուն կոմպոզիտորը: - «Արշակ Երկրորդին» դեռ կանդրադառնանք, իսկ «Կարինե» օպերետը մեզ ծանոթ ստեղծագործությո՞ւնն է լինելու, որը Արման Մանարյանը երաժշտական ֆիլմի է վերածել եւ որը հենց օպերայի եւ բալետի թատրոնում տասնամյակներ առաջ էլ բեմադրվել է: - Այո եւ ոչ: Ես Ֆրանսիայում հինգ տարի առաջ հայտնաբերել եմ Տիգրան Չուխաջյանի «Կարինեի» նոտաները, որը «Կարինե» չի կոչվում, այլ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»: Նոտաների տակ բառեր են գրված: Այդ լիբրետոն բացարձակ ուրիշ է, ոչ մի ընդհանրություն չունի Չուխաջյանի մահից երեսուն տարի հետո Թագվոր Նալյանի գրած ու Պոլսում հրատարակած լիբրետոյի հետ: Ես Ֆրանսիայում ֆրանսերեն լիբրետո եմ գրել: Օպերետի դեպքում լիբրետոն, իմ կարծիքով, երկրորդական դեր ունի:Հունիսի 25-ին ներկայացվելիք «Կարինեում» լիբրետոն հայերեն է. ես եմ ֆրանսերենից թարգմանել: Որոշ հատվածներ կան, որոնք ձեր իմացած «Կարինեից» եմ վերցրել, օրինակՙ «Այնպես պիտ ծեծեմ, որ հիշե հոր հարսանիք» արտահայտությունը: - Այսինքնՙ մինչեւ հիմա մեր իմացած «Կարինեն» կե՞ղծ է: - Երբ 1943-ին Ղազարոս Սարյանը «Կարինեն» առաջին անգամ բեմադրել է, Հայաստանում օպերետի միայն ստեղնաշարային հատվածն է եղել, նվագախմբային մասերը գոյություն չեն ունեցել: Ստեղնաշարայինի հիման վրա էլ այստեղի կոմպոզիտորները հորինել են մնացածՙ հիմնական երաժշտությունը: Հետո Ղազարոս Սարյանը Տիգրան Մանսուրյանի հետ ստեղծել է նվագախմբային գործիքավորումը: Իսկ «Կարինեի» բառերը թարգմանել են թուրքերենից, որտեղ «Այնպես պիտ ծեծեմ, որ հիշե հոր հարսանիք» արտահայտությունը չի եղել, այն հնարված է: Իսկ իմ ֆրանսերեն տարբերակում հայերիս ծանոթ անուններըՙ Արմեն, Մարգար եւ այլն, պահպանել եմ: Դրանք մենք գիտենք «Կարինե» ֆիլմից, որը ճանաչված է նաեւ Սփյուռքի հայաշատ երկրներում: Թե՛ նախկին բեմադրություններում ու ֆիլմում, թե՛ իմ ներկայացման մեջ Թագվոր Նալյանի գրած թուրքերեն լիբրետոն օգտագործված չէ: Թուքերեն պատմությունը հարեմի մասին է: Թուրք իշխանը առեւանգում է Ֆաթիմա անունով մի աղջկա ու տանում իր հարեմ: Աղջկա հայրը փորձում է նրան հանել-փախցնել անբարոյական միջավայրից: Իմ գրած լիբրետոյում ես հարեմը դարձրել եմ թատրոն: Կարինեն ուզում է թատրոնում խաղալ, իսկ հայրը ջանում է նրան դուրս բերել, իր կարծիքով, անբարոյական միջավայրից: Թատրոնի դերասանուհիները հոր մտադրությունը ձախողելու համար գայթակղող իրավիճակ են ստեղծումՙ հարեմ: Իմ լիբրետոյում ես շինծու, կեղծ հարեմի տեսարան եմ ստեղծել, մինչդեռ թուրքերեն լիբրետոյում հարեմն իրական է: Ես «Հազար ու մի գիշերների» հեքիաթն եմ ներկայացնում. Հոր-հոր աղային դերասանուհիները բերում են մի սենյակ, նարգիլեները նրա դիմացն են դնում ու սկսում պարել: Չուխաջյանական երաժշտությունը ես պահպանել եմ նոտա առ նոտա, ինչպես իմ գտած բնօրինակում է: - Փաստորեն, մերոնք օպերետի թե՛ վերնագիրն են փոխել, թե՛ գլխավոր հերոսուհու անունը. Ֆաթիման դարձրել են Կարինե, իսկ գործողությունները, սյուժեն ոչ մի ընդհանրություն չունեն Թագվոր Նալյանի գրած լիբրետոյի հետ: Թեման մերոնք հայկականացրել են: Դուք նույնպես 80 տարի առաջ սկզբնավորված այդ փոփոխությունները շարունակել եք: - Լիբրետոն փոփոխելը էական չէ: Կարեւորը Չուխաջյանի ստեղծագործությունը, երաժշտությունն անխախտ պահպանելն ու մատուցելն է: Չուխաջյանի ստեղծագործության արժեքն այն է, որ նա արեւելքն ու արեւմուտքը միացրել, համադրել է: Փարիզում էլ եմ բեմադրել «Կարինե», բայց բեմը փոքր էր. նվագախումբը 10-15 հոգանոց էր, իսկ հայաստանյան բեմում առաջին անգամ պիտի հնչի 120 տարուց ավելի կորած համարված Չուխաջյանի նվագախմբային օրիգինալ ստեղծագործությունը: Օպերային թատրոնի բեմը մեծ է եւ թույլ է տալիս «Կարինեն» ամբողջ ծավալով հնչեցնել: - «Լեբլեբիջի Հոր-հոր աղան» Չուխաջյանի կենդանության օրոք բեմադրվե՞լ է: - Այո, բեմադրվել է Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում, Հունաստանում. Օսմանյան կայսրությունում օպերետը մեծ հռչակ է ունեցել: Բայց Չուխաջյանի մահից հետո նոտաները կորել են: Մեկն ասում է, թե օրիգինալները Եգիպտոսում գրավ են դրվել, մյուսը մեկ այլ պատմություն է պատմում: Եվ այդ ամբողջ ընթացքում որտեղ էլ որ բեմադրվել է «Կարինեն»ՙ նույն «Լեբլեբիջի Հոր-հոր աղան», տարբեր կոմպոզիտորների հորինած երաժշտության հիման վրա է ներկայացվել, որովհետեւ, ինչպես ասացի, նոտաներն անհետացել էին: Օպերետից ստեղնաշարային ինչ-որ մեղեդիներ են եղել միայն, որոնց հեղինակը ոչ թե Չուխաջյանը, այլ նրա աշակարտներն են, որ իրենց ուսուցչի մահից տարիներ անց գրել են այդ հատվածները: Դրանք Հայաստան էլ են հասելՙ մեկը ավելի արեւելյան մեղեդայնությամբ, մյուսըՙ արեւմտյան: Դրանց հիման վրա էլ հենց այստեղ ստեղծվել է «Կարինե» օպերետը: - Հիմա անդրադառնաք, թե ինչպես է Ձեզ հաջողվել գտնել մեր «Կարինեի», այսինքնՙ Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղայի» օրիգինալ նոտաները: - Ես հետքերը գտել էի Փարիզում: Մեկ դար առաջ գրված մի հոդված կարդացի Չուխաջյանի կյանքի ու գործունեության մասին, որտեղ ասվում էր, թե այն բոլոր լեբլեբիջիները, որ բեմադրվում են, ընդօրինակումներ են, իսկական օրիգինալը Փարիզի «Ժուբերն» հրատարակչությունում է: Փնտրեցի այդ հրատարակչությունը, պարզվեցՙ երկար տարիներ ի վեր գոյություն չունի: Հետո տեղեկացա, որ մի այլ հրատարակչատուն ժառանգել է փակված, այլեւս չգործող տպագրատների արխիվները: Այդտեղ էլ փնտրեցի, ոչինչ չգտա: 1904 թվականին Փարիզում լույս տեսածՙ Չոբանյանի «Անահիտ» ամսագրի մեջ լուր կարդացի, որ մեծն Տիգրան Չուխաջյանի գործերից մեկըՙ «Արեւելյան ծաղիկը», պետք է բեմադրվի: Ֆրանսիացի գործընկերս գտավ այս լուրի աղբյուրը: Հետքերով գնացինք, հասանք «Լա շապել» միջազգային մեծ երաժշտական հրատարակչատուն, որտեղ պահվում են հսկայական արխիվներ: Այստեղ էլ գտանք Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղայի» բնօրինակը: Այն դժվարությամբ ձեռք եմ բերել մեծ գումարի դիմաց: Կանադահայ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանի հետ երկու-երեք տարի աշխատել ենք, օպերետը մաքրել-հավաքել համակարգչում: - Ու հիմա առաջին անգամ Հայաստանում հունիսի 25-ին ներկայացվելու է իսկականՙ չուխաջյանական «Կարինեից» մեկ արիաՙ հետագայում ամբողջական ներկայացումը բեմադրելու ակնկալիքո՞վ: - Այո, եթե ամբողջական օպերետը բեմադրվի, հրաշալի կլինի: Դա ոչ միայն մշակութային, այլեւ պատմական իրադարձություն կլինի: 140-150 տարի հետո չգիտես ինչպիսի ոդիսական անցած, որտեղ դեգերած օպերետի բնօրինակը հայ մարդու ձեռք է ընկել ու բարձրանում է երեւանյան թատրոնի բեմ: Օպերային թատրոնի ղեկավարըՙ Կոնստանտին Օրբելյանը, շատ է ուզում, որ «Կարինեն» ամբողջությամբ բեմադրվի. ժամանակի ու միջոցների հարց է, մեկ էլ պետք է, որ թատրոնի բեմն այնքան շատ զբաղված չլինի, ինչպես հիմա է, որպեսզի կարողանանք փորձեր անել: Առավոտյան «Կարինե» ենք փորձում, մի քանի ժամ հետոՙ «Սասունցի Դավիթ», երեկոյան «Տոսկայի» հերթն է: Նաեւ փորձասենյակների խնդիր ունենք. չեն բավականացնում: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին էլ եմ մի քանի անգամ հանդիպել. նա նույնիսկ ուզում է, որ հաջորդ տարի Ֆարնկոֆոնիայի շրջանակում «Կարինեն» ֆրանսերեն բեմադրեմ: Իսկ առաջիկա համերգին հնչելիք հատվածները դեռ ոչ ոք չի լսել. նորություն են բոլորի համար: Շատ գեղեցիկ կտորներ են, մեր երիտասարդ երգիչ-երգչուհիներն էլ հրաշալի են կատարում: Մեցո-սոպրանոյի մի կտոր կա, որը երգելուց բացի, պար էլ է պահանջում: Այդ հատվածը եւս մեր իմացած «Կարինեում» չի եղել երբեք: - Մեր օպերային թատրոնի ստեղծագործական կազմի մասին գովեստներ միշտ չէ, որ հնչում են: Դուք, երեւում է, հիացած եք: - Օպերային թատրոնի ներկայացումները, համերգներն իրար հերթ չեն տալիս: Բեմն անընդհատ զբաղված է: Մենք փորձեր անելու քիչ հնարավորություն ու ժամանակ ենք ունեցել, թեեւ բոլորն էլ շատ խանդավառված ենՙ թե՛ երգիչները, թե՛ նվագախումբն ու պարողները: Բոլորն էլ սիրով ու հետաքրքրությամբ են կատարում այս գործը: Ընդհանրապես հրաշալի երիտասարդներ ունենք. լավ ձայներ են, միայն թե օպերային երգիչներ պատրաստելիս մեր ուսուցիչները նաեւ նրանց դերասանական խաղի վրա պետք է ուշադրություն դարձնեն: Եթե դա էլ շտկվի, արտիստական հրաշալի կազմ կունենանքՙ պատրաստ որեւէ բեմադրության: - Ձեր անունը այլ թատրոնների ազդագրերում եւս կա: Բավականին հաջող ինտեգրվել եք մեր մշակութային կյանքին: - Այո, համագործակցում եմ Համազգային թատրոնի, Մալյանի անվան թատրոնի հետ: Մեծ հաճույք եմ ստանում նոր սերնդի հետ աշխատելուց: Ուրիշ սերունդ է եկել. նորերն էլ ավելի լավն ենՙ գեղեցիկ, տաղանդավոր, առաջադեմ մտածողությամբ, առողջ դատողությամբ: Ֆրանսիական թեթեւ ժանրի բեմադրություն արեցի. ոմանք թերահավատորեն ասացինՙ մեր երիտասարդներն այդ ոճում չեն կարող աշխատել: Բայց եկեք ու տեսեք, թե ինչ փայլուն են խաղում ու ինքնադրսեւորումՙ արագ, թեթեւ, շամպայնի պես: Ժամանակակից ոգով ու ոճով «Ատամնաբույժն արեւելյան» բեմադրեցի Մալյանի անվան թատրոնում: Երիտասարդներն ամեն ինչ կարող են, միայն թե նրանց հետ պետք է ճիշտ աշխատել: - Խոսենք «Արշակ Երկրորդի» մասին: Այն մեր օպերային թատրոնի խաղացանկում է, բայց Դուք ուզում եք նորի՞ց բեմադրել: - Այն հայկական առաջին օպերան է: Մեր իմացած «Արշակ Երկրորդը» Ես Փարիզում «Տիգրան Չուխաջյան» կենտրոն եմ հիմնադրել: Ինձ հաջողվեց 2001-ին Սան Ֆրանցիսկոյում բեմ հանել «Արշակ Երկրորդի» օրիգինալ տարբերակը, որը իտալերեն է. պոլսահայ բանաստեղծ Թովմաս Թերզյանն է գրել: Իտալացիների գնահատմաբՙ հիանալի լիբրետո էՙ պոետիկ ու ընտիր իտալերենով: Սան Ֆրանցիսկոյում տարաձայնություններ եղան, թե ինչու օպերան իտալերեն է եւ ոչ թե հայերեն: Ես դժկամությամբ այն թարգմանեցի հայերեն ու այդպես խաղացին: Երեք միլիոն դոլար ծախսվեց օպերայի վրա: Հասմիկ Պապյանն էլ էր հրավիրված: Գիտեմ, որ երբ Հայաստանում այն բեմադրեմ, նույն կռիվներն այստեղ են լինելու, նաեւ դժգոհություններ են հնչելու, թե մեր իմացած Արշակը հերոս է, իսկ այս տարբերակումՙ ոչ: Եթե Հայաստանում «Արշակ Երկրորդը» բեմադրվի, դա կլինի համաշխարհային պրեմիերա, որովհետեւ առաջին անգամ կներկայացվի իտալերեն ու ամբողջ ծավալովՙ չուխաջյանական օրիգինալ տարբերակով: - Չուխաջյանի գործերից եւ ոչ մեկը, փաստորեն, մինչեւ հիմա չենք լսել, որովհետեւ երկուսն էլ փոփոխված են ներկայացվել: Ընդամենը մեզ թվացել է, թե չուխաջյանական արվեստին ծանոթ ենք: - Ձեր իմացած «Արշակ Երկրորդ» օպարայի 80 տոկոսը 1940-ականների սովետահայ կոմպոզիտոր Լեւոն Խոջա Էյնաթյանի գրածն է, Չուխաջյանից ընդամենը աջ ու ձախ սփռված արիաներ են պահպանվել: Օրինակՙ այն արիան, որ Գոհար Գասպարյանն էր երգում, բնօրինակում տենորի համար է գրված: Սովետական մտածողությանը հատուկՙ փոփոխության են ենթարկել օպերան, որպեսզի հաղթական, պաթետիկ ոգին իշխի: Արմեն Գուլակյանին էլ հանձնարարել են լիբրետոն գրել: Նա հայերեն տեքստ է գրել, բայց թե ինչու են երաժշտությունն էլ փոխել, մինչեւ հիմա անհասկանալի է: Սյուժետային փոփոխությունը բացատրել կարելի է. մեջտեղում քաղաքական հարցեր կային, բայց օպերայի լավագույն կտորները դուրս գցել, կամայականություններ անել այնպես, որ օպերան անճանաչելի դառնա, հետո բոլորին խաբել, թե Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդն» է, անհասկանալի բան է: Օպերայից հասկացողներն անմիջապես գլխի են ընկնում, որ 1868-ին Չուխաջյանը չէր կարող այդպիսի երաժշտություն գրել: Եվ իսկապես, օտարները լսել են ու ասելՙ ո՞ւմ եք ուզում խաբել, ինչպե՞ս կարող էր 19-րդ դարում Պրոկոֆեւի ոճով օպերա գրվել: «Արշակ Երկրորդ» օպերայի օրիգինալՙ իտալերեն տարբերակից Ժիրայր Բաբազյանը արիաների նոտաներ է տրամադրել, եւ «Արամ Խաչատրյան» վոկալ-մրցույթի մասնակիցները դրանք կատարել են: Բոլորն ապշել են, որովհետեւ առաջին անգամ են լսել այդ ստեղծագործությունները. արիաներն իրենց իմացած «Արշակ Երկրորդ» օպերայի հետ ոչ մի կապ չեն ունեցել: |