RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3636, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

(Մ)ՈԳԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Քյոլնի ֆիլհարմոնիայում հոտնկայս ողջունեցին Տիգրան Համասյանի առաջին ելույթը

Հունիսի 10-ին ժամը 20-ին Քյոլնի ֆիլհարմոնիան սպասում էրՙ տարիներ արդեն ջազաշխարհի ուշադրության կենտրոնում իր գունապնակը երաժշտական ամենահամարձակ նրբերանգներով հարստացնող Տիգրան Համասյանի մենահամերգին: Քյոլնի ֆիլհարմոնիան մեծ է, Մայր տաճարի ստվերն արեւ օրերին գրկում է այսՙ չափերով ավելի փոքր հոգեւոր տաճարը, իսկ այնտեղ ելույթ ունեցողի առջեւ մարտահրավեր դնումՙ երկնքին կապող սանդուղքը կա, թե կարող ես, բարձրացիր:

Հունիսյան արեւառատ օրը, մայրամուտից առաջ, դեռ հրաժեշտ չտված, հանդիպման գողտրիկ սպասումը կախելՙ հետեւում է ջերմաչափին. Ծագող արեւի երկրից, հեռավոր արեւելքից 29-ամյա Տիգրան Համասյանը Քյոլն է հասել եւ ֆիլհարմոնիկում իր արարողի վարպետությունն է փորձարկելու առաջին անգամ: Նա աշխարհն արդեն իրենով է արել, գերմանական մամուլն էլ անգլալեզու իր գործակիցներից հետ չի մնացել, հետեւել, լուսաբանել, գովեստից զերծ չի պահել Համասյանի արվեստը, նրա ստացած պատվաբեր մրցանակների մասին իրազեկելով ժամանակին, իսկ հիմա Ֆիլհարմոնիան մայիս- հունիսյան իր ամսագրի շապիկին հենց նրա լուսանկարն է մեծացրել, առաջին հոդվածը նվիրել Համասյանի արվեստին, մասնավորապես հանգամանալից մեկնաբանել մենահամերգային «An Ancient Observer»-ը:

Տիգրանը Ավստրալիայի երաժշտական շրջագայությունից մեկ օր առաջ է ժամանել, իր հետ նույն մայրցամաքից երկրպագուների աշխույժ ներկայություն բերելելով: Կես ժամ առաջ տոմսարկղի մոտ հետեւում եմ համերգասրահ շտապողներին: Դիտելը, լրագրողի համար պարտադիր պայման լինելուց բացի, այս համերգի վերնագրի կարեւոր բաղադրիչն է: Տարբեր տարիքի, երեկոյան ծանր հագուկապը մերժած մարդիկ են գալիս Համասյանի համերգին: Հայեր իհարկե կան, բայց փոքրամասնություն են, գերմանացիներն իհարկե գերակշռում են, ֆրանսերեն շատ է լսվում, մի մեծ խումբ երիտասարդներ ենՙ տարբեր քաղաքներից: Ճապոնացիներ էլ կան, իրենց երկրում ունկնդրել են, հիմա էլ առիթը կա նրան նորից կենդանի լսելու, տարածություն կտրել, հասել են Քյոլն: Ինձ անծանոթ դեմքեր են, բայց հոգեւոր այնպիսի համերաշխություն կա, ասես բոլորս մի դասակարգից ենք:

1986-ին Քյոլնը հարստացրած, մինչեւ 2000 տեղ ունեցող ֆիլհարմոնիայի համերգասրահը ամֆիթատրոնի կառուցվածքն ունի, պատեր չկան, որ արձագանքը խանգարի, ակուստիկ հնարավորություններն անթերի են: Ամֆիթատրոնում տեսանելի է վերնագրի հետ նոր զուգահեռՙ «հին, հնամենի» բաղադրիչն էլ, «դիտորդն» էլ հենց ամֆիթատրոնում հարազատ միջավայրում են:

Մթնեց, սեւ պարզ շապիկով, բեմ մտավ Տիգրան Համասյանը, նստեց դաշնամուրի մոտ ու էլ ոտքի չելավ. Նույնիսկ այն ժամանակ, երբ դահլիճը նրա ամեն կատարում գնահատում էր շռայլ ծափերով, իսկ ինքն ի պատասխան խոնարհվում էր մի քանի անգամ, դարձյալ աթոռից չէր կտրվում: «Եթե դուք այստեղ չլինեիք, ես էլ Քյոլն չէի գա», ասաց անգլերեն, ցածրՙ ի նշան երախտագիտության: Խոնարհումը երկուսի առջեւ էրՙ հանդիսատեսի ու դաշնամուրի: Մազերը կարճ են, ընդգծված երկար պարանոցն առաջ չէի նկատել, այնպես պլաստիկ է արձագանքում օդի մեջ լցվող հնչյուններին, երբեմն նույնիսկ այնքան ցած է իջեցնում գլուխը, որ խաբկանք է ստեղծում, թե մատների հետ դեմքն էլ ստեղների վրա սահում է տեղ-տեղ, միաժամանակ ասես հաստատելով, թե մարդ արարածի մատներն անկարող են այդպես նվագել:

Գիտեմՙ վիրտուոզ բառի հետ ինքը վեճ ունի, «կատարման տեխնիկային վերաբերող տերմին է» բացատրությամբ, բայց ուրիշ ի՞նչ բառ գտնես, երբ ստեղներին սահող նրա մատներն այլեւս հաստատ տասը չեն: Ինքըՙ հոգեւոր տարածքում, բաց երեւակայության հորիզոններում ոգում է իր պատմությունը, իր էպոսը, ասքը, նրա կոմպոզիցիան ու իմպրովիզացիան անպարագիծ հորիզոններից են սնվումՙ որքան էլ ստեղծածի մեջ տարբեր ոճեր է խառնումՙ ամերիկյան ջազ, պրոգրեսիվ ռոք, հայ հոգեւոր, ժողովրդական երաժշտություն, բարոկկո, հիփ հոփ, գլխապտույտ չես ունենում ունկնդրելիս, ինչպես մեռոնի սափորում միմյանց ձուլված ծաղիկների առանձին բույրն այլեւս չես մտաբերում. հոտն այլեւս սուրբ դրոշմ ունի, զգայարաններդ օծելով հասնում է ներքին շերտերիդ: Տիգրանի արարումը, նրա մելոդիկ խոստովանությունն այնպես են թակում սիրտդ, որ մոռանում ես վախի մասին, ավելի ճիշտՙ կամացուկ համոզվում ես, որ երաժշտական ոճերն դեղագործի վարպետությամբ խառնած, իր բաց նյարդի մեջ եռ գտած կոմպոզիցիայի այս քիմիան դուրս է ժայթքելուՙ լավայի մեջ ողողելով այն ամենը, ինչ ունկնդրել ես նախկինում:

Տիգրան Համասյանին 2009-ին եմ լսել Արամ Խաչատրյան համերգասրահում, շատ է փոխվել, Քյոլնի համերգին պատրաստվելիս, «An Ancient Observer»-ի ձայնագրության որոշ երգերին մի օր առաջ եմ ծանոթացել, բայց դրանք չկանՙ համերգասրահում արարումն է նոր, որ համոզում է, թե հիմաՙ մեր աչքի առաջ է ոգում ներսում անընդհատ կատարելություն փնտրող, գտնված ու վերագտնվող մեղեդին: Ճապոնիայում մի քանի օր առաջ նրան ունկնդրած երկրպագուն այսօր Քյոլն է եկել հենց այդՙ կենդանի, նոր հանդիպման տոնական ակնկալիքով: Ավստրալիայից էլ երկրպագուներ կան, թեեւ Տիգրանը Քյոլն եկել է համերգից մեկ օր առաջ այդ մայրցամաքի մի քանի խոշոր քաղաքներում փառատոնային ելույթներից հետո: Ինքն իրեն գերազանցելովՙ քո սպասելիքներն է գերազանցում:

Նախ սինթեզատորի ներկայությունն ենք զգումՙ տուփից խորհրդավորության ստվերը դանդաղ ճամփա է ելնումՙ նախապատրաստելու տեսանողի, ժամանակների վկայի անցյալի պատմությունը: Բեմում երեք գործիք կաՙ դաշնամուրը, սինթեզատորը, Fender Rhodes-ը (էլեկտրամեխանիկական երաժշտական գործիք, որ ծառայում է որպես դաշնամուրին կցվող հավելամաս- Ան.Հ.), դրանք են միջավայր կերտում, իսկ մարդկային ձայնըՙ Տիգրանի անբառ երգը, մերթ ողբասացությամբ, մերթ ողբը «քամուն տված», մերթ դարերի փոշին թափ տալով սուրում է, հասնում մեր ժամանակներ: Մեր բոլորի անցյալն է ասեսՙ պատմության դասագրքից ծանոթ, մեր անցյալն ու ներկան էՙ Տիգրանի վերընթերցմամբՙ ամեն կատարման հետ նոր, անծանոթ: Նա, ինչպես ալբոմի ու նույնանուն համերգի վերնագիրն է թարգմանաբար հուշում, պատմության դիտորդ է, բայց ավելի շուտՙ սեպագրեր վերծանողը, ավելի շուտՙ դաշնամուրի ստեղներին մատնահարումներով խորախորհուրդ վկայությունները փոշուց քերողը, խազեր կարդացող-վերծանողը, ժամանակներն ու տարածությունները մեկուկես ժամանոց համերգի մեջ ագուցողն ու քանդողը: Եթե հարցնեքՙ կախա՞րդ, հրաշագո՞րծ, թե՞ մոգ, ես բառերից վերջինը կընտրեմ: Նստել եմՙ ուրիշների հոտնկայս ծափերն եմ դիտում, նույնիսկ անգլերեն հնչման մեջ գյումրեցու շեշտը չթաքցնող Տիգրանը, հասկանալի է, միայն մերը չէ, համաշխարհային երեւույթ է: Նույն օրը Հայաստանում ջազի աշխարհը հրաժեշտ էր տալիս Արմեն Թութունջյան-Չիկոյին, երբ Քյոլնում իր երկրի հոգեւոր անսահման քարտեզն էր վերահաստատում նրանից կրտսերըՙ խորհրդային փլուզվող երկրում ծնված, մասնագիտական կրթության աշխարհից հավաքած նեկտարն իր տուն բերած մեղուն:

Համերգի ավարտին առաջինը կանգնում են գերմանացիները, կամՙ ավելի ճիշտՙ օտար ունկնդիրը, հայկական թամադայությունն այստեղ ավելորդ է: Մեր սին հպարտությունն էլ ձայնը կորցրել, բարեբախտաբար հասկացել է, որ սա իր անպոչ գդալի տեղը չէ: Թեեւ համերգասրահը մեծ է, բայց մթնոլորտն այնքան ինտիմ է, ասես բոլորն իրար ճանաչում են, էներգիայի փոխակերպման օրենքը լավ է գործում: Կողքիս նստած գերմանացիներն, որ նկատելի անգիր գիտեին, թե ներկայացման մեջ հայկական ո՛ր մեղեդին որտեղ է իր դերը խաղալու, ինչպես ավարտին պարզվեց, Համասյանի հանդեպ հետաքրքրությունից մեր երկիր էին գնացելՙ նույնիսկ մի քանի անգամՙ հայ հոգեւոր գանձերը տեղում որոնելու, լսելու, մեր երկրի գաղտնաբառը գտնելու հույսով: Ասում ենՙ նույնիսկ ճաշերի, խոհանոցի բույրն են վերհիշում Համասյանի մենահամերգին: Անսովոր էներգիա է կուտակվել, ամֆիթատրոնի պատերի մեջ նրա երաժշտության ձայները, թվում է, պահածոյացել, մեր զգայականը տակնուվրա արել, գիտակցությանն են իշխում: Երկրպագուները գնում են համերգի ձայնասկավառակը, վերջին հանդիպման մի հույս փայփայելով, թե Համասյանը կգա, կստորագրի: «Նախատեսված չէ», համերգի կազմակերպիչների պարզաբանումը լսելուց հետո մի մասը դժվար հեռանում է, մյուս մասըՙ սպասում: Իսկ Տիգրանի մենեջերները դեռ պիտի պատասխանենՙ հայ լրագրողիս կարտոնե՞ն առանց նախնական պայմանավորվածության հանդիպել համերգից անմիջապես հետո:

(շարունակելի, վերջըՙ «Ազգի» հաջորդ համարում)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ