ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԸ Gallery Z-ՈՒՄ Հ. Ծ. Հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 2-ը Էլիբեկյան գերդաստանի ամենաերիտասարդ նկարիչ Արեգ Էլիբեկյանի կտավները հյուրընկալվելու են Փրովիդենսի (ԱՄՆ) «Z» պատկերասրահում (Gallery Z): Արեգը Վաղարշակ Էլիբեկյանի թոռն է, Ռոբերտիՙ որդին: Ծնվել է Երեւանում, 1970-ին, ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը 1992-ին: Ապրում է Մոնրեալում (Կանադա) եւ հաճախ է ամառները անցկացնում Փարիզում: Կտավներում, ինչպես «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրն» է բնորոշել, առկա են բացօթյա սրճարանների, առափնյա վայրերի, փողոցային աշխույժ առօրյայի տեսարաններըՙ իմպրեսիոնիստական գունագեղ վրձնահարվածների յուրահատուկ դրոշմով: Պահպանելով գերդաստանի ավանդական ոճըՙ նա ինքնուրույն մոտեցում է ցուցաբերում իր գործերում, որոնք իրենց մշտական տեղն են զբաղեցրել աշխարհի տարբեր պատկերասրահներում: Նրա կտավները, որոնք լավատեսական են եւ առհասարակ խաղաղությամբ տոգորված, ցուցադրվել են Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մ. Նահանգներում, Հայաստանում եւ Բելգիայում: Անհատական վերջին ցուցահանդեսը բացել է Պուանտ-Քլերի (Քվեբեկ) «Ստյուարտ Հոլում» 2016-ին: «Gallery Z-ում» ցուցահանդեսի պաշտոնական բացումը եւ այդ առթիվ հրատարակված ալբոմի ստորագրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին: |