RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017



ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ

Տեղադրվել է` 2017-06-29 21:50:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5703, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԼԻՔԻ ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

«Միայն դուք կարող եք հանդիպել Համասյանին», հեռախոսով լսածն ինձ է փոխանցում կազմակերպիչներից մեկն ու եսՙ արտոնյալս, ներքնահարկ եմ սուրում: Մի 10 հոգի կլինեն, բոլորը Տիգրանից բարձրահասակ, նրան շուրջառել, կանգնած գարեջուր են խմում: Հարց են տալիսՙ Հայաստանի ո՛ր կետն ինչքա՞ն է ծովի մակերեւույթից բարձր, Հայաստանի իրական բնակչությունն ինչքա՞ն է, Արտո Թունջբոյաջյանն ու իր «Հայկական նավատորմն» ո՞ր ջրերում են լողում: Մեր երկրում եղած մարդիկ են, շատերի խոսքից գլխի եմ ընկնում, որ Երեւանում էլ, Գյումրիում էլ եղել են, բայց Տիգրանը մեր երկրի իրենց բարոմետրն է, ու նրանից մայրաքաղաք- հայրաքաղաքի «հակամարտություն»- տարբերությունն են ձգտում հասկանալ: Սպասում եմ, ավելի ճիշտՙ Տիգրանի ֆրանսիացի մենեջերի հետ մի ականջով լսած իմ զրույցը փորձում եմ «հագեցնել» Համասյանի պիանո- պիանիսիմո պատասխանները որսալով: Բավարար չէ ալբոմի «Լենինական» գործը չկատարեց, հիմա էլ այնքան համեստ է, որ թվում է... գյումրեցի չէ: Ախր Գյումրին թելադրող էՙ ֆորտե, ֆորտիսիմո... «Տիգրանից առաջ Շառլ Ազնավուրն արդեն հուշել էր Հայաստանի տեղը», ասում եմ ֆրանսիացի մենեջերին ու փորձում պարզելՙ ո՞րն է Համասյանի արվեստի ձգողականության բանալին: «Այդ երաժշտության մեջ նրա հայկական արմատները, ասում էՙ վրա բերելով, թե Ազնավուրն Հայաստանում չի ապրել, չի ապրում, իսկ Տիգրանը վերադարձել է»: «Հրաշալի պատմում էիք, ու գիտե՞ք ինչն է կարեւոր, որ մենք էլ ձեր երաժշտությունն ունկնդրելիս մտովի մեր պատմությունն էինք կերտումՙ առանց իրար խանգարելու», գերմանացու առոգանությամբ անգլերեն խոսող ունկնդրիՙ Տիգրանի հետ զրույցից այս գնահատականը միայն իրենը չէ, համերգից հետո տարբեր մարդկանցից հաճախ լսեցի: Իսկ ավստրալիական մամուլի գործընկերներիս խոստովանությամբՙ Տիգրանի արվեստը խորությամբ ընկալելու համար ունկնդիրը սովորում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Գեորգի Գյուրջիեւի անունները, իսկ « An Ancient Observer»- ը որոնել է տալիս Զահրատի, Չարենցի աշխարհը:

Տիգրանի ստացած միակ ծաղկեփունջը ( Գերմանիայում գրեթե չեմ տեսել, որ ունկնդիրը ծաղիկներ տանի բեմ, համերգի կազմակերպիչներն են հոգում- Ան. Հ.), որ դաշտային ծաղիկներիՙ մանուշակագույնի առատությամբ կոկիկ փունջ է, հար նման իր երաժշտության գույներին, ինձ նման սպասում էՙ ինքն իր ջրին, եսՙ Համասյանին: Հո հավերժ դիտորդ չե՞մ լինելու: Իմ ձայնագրիչը ստորեւ ներկայացվող մեր կեսգիշերային զրույցի րոպեներն է հաշվումՙ առանց խղճի խայթի, թե զրուցակցիս ու իմ միջեւ 8 ժամվա տարբերությունը հսկայական բեռ է: Տիգրանը շատ հոգնած ասում էՙ Ավստրալիայի ժամացույցը դեռ չի անջատվել: Բայց զրույցի պատրույգըՙ «Լույս ի լուսո» սկավառակից ծայր առած զրույցը ոգեւորության մեր թիթեռին դեռ մինչեւ « An Ancient Observer» թեւաբախելու լիցք է տալիս:


- Տիգրան, սկսել եք աշխարհը դիտել, Հայաստանը, այնտեղ ապրելն օգնու՞մ է:

- Այո, իհարկե: Այն ինչ կա ձայնասկավառակում, ամբողջը ծնվել է Հայաստանում: Եթե ապրեի քաղաքի կենտրոնում, ուրիշ մտքեր հյուր կգային, ապրում եմ բնությանն ավելի մոտ, հետեւաբարՙ մտքերս էլ ուրիշ են:

- Ձեր անբառ վոկալի մեջ թերեւս նկատելի է բնության ներկայությունը:

- Այո, օրինակ «Վերածննդի քարանձավ» ստեղծագործության մեջ բնության ձայները շատ են. մարդու հոգեւոր աշխարհի մասին է, պիտի կարողանաս ինքդ քո մեջ մեկուսանալու քարանձավը մտնել, խորանալովՙ ինքդ քեզ գտնես, վերածնվես:

- Դաշնամուրը չի՞ բավարարում, ու անբառ վոկալը սկսում է լրացնել, թե՞...

- Ձայնը վաղուց էր եկել: Երեխա ժամանակ երգել եմ, նույնիսկ եղել էՙ ավելի շատ երգել, քան նվագել եմ:

- Բայց հանդիսատեսը չի՞ իմացել:

- Չէ, չի իմացել: Անհրաժեշտությունն այսպիսի բնական բան էՙ 3 տարեկանից երգել եմ սիրում: Սա ինձ թվում է միակ պատասխանն է, բայց հետագայում, երբ սկսեցի ստեղծագործություններ գրել, պրոֆեսիոնալ ծրագրեր կազմել, մեղեդիներ կային, որ անընդհատ երգում էի, նույնիսկ այն, ինչ դաշնամուրի համար էի ստեղծում, երգելով էի ստեղծում: Դա էր բնականը, եւ մտածեցիՙ միգուցե ոչ թե ինձ համար տանը երգեմ, այլ բեմի համար մի բան անեմ: 2009- ից արդեն սկսեցի զբաղվել դրանով:

- էլեկտրոնային «օգնությունն» անհրաժեշտությո՞ւն է ձեր ասելիքը տեղ հասցնելու համար, դաշնամուրն ու մարդու ձայնը չե՞ն բավարարում:

- Այն ձայները, որ փորձում եմ ստանալ, շատ մոտ են բնությանը: Անապատն օրինակ կարելի է զգալ «Եգիպտացի պոետը» ստեղծագործության մեջ: Էլեկտրոնիկայի շատ մեծ ռեպերտուար կա եւ տարբեր ժանրեր, որ ուսումնասիրել եմ, բայց շատ փոքրիկ մասն եմ օգտագործում. Այն, ինչ ինձ է դուր գալիսՙ ինտելեկտուալ էլեկտրոնիկայի մասին է խոսքը: Իմ ստեղծագործությունն էնպիսի ձայներով, էնպիսի հնչյուններով եմ հարստացնում, որ դաշնամուրով հնարավոր չէ ստանալ:

- Քյոլնի ֆիլհարմոնիայի ամֆիթատրոնը հարմա՞ր վայր էր ձեր համերգային վերնագրին:

- Սոլո դաշնամուրի համար իդեալական է այս դահլիճը, ակուստիկան ֆենոմենալ է, լույսի մասին նույնը չէի ասի, ավելի ժամանակակից սրահներում լուծումներն ավելի հետաքրքրական են, այստեղ իհարկե ամբողջը դասական է:

- Գերմանիան, որ դասական երաժշտության սիրահար երկրպագու անհամեմատ շատ ունի, նկատել եմ, ուշադիր, նույնիսկ գերուշադիր է ձեր արվեստի, նոր լույս տեսած սկավառակների հանդեպ, մամուլը միշտ դրական գրախոսությամբ հաստատել է դա: Ինչո՞վ եք պայմանավորում նման վերաբերմունքը:

- Ճիշտ ասած չգիտեի, որ նման արձագանք կա: Գերմանացիք միգուցե կարոտ են հայկական երաժշտության, հայկական ձայնին, իրենք ծանոթ են թուրքական, արաբական երաժշտությանը, ժողովուրդներ, որ նկատելի շատ են Գերմանիայում, Հայաստանի մասին շատ քիչ են լսել, հայկական երաժշտությունը կամ հայ երաժշտին երբ լսում են, զգում են, որ նոր է, ինձ թվում էՙ ավելի հետաքրքրական է դառնում այն, ինչ իրենք չեն լսում առօրյայում:

- Տիգրան, հանդիսատեսը որքան էլ շռայլ, այդուհանդերձ իր ծափով կտրում էր ձեզ ստեղծարարության «գերյալ» վիճակից, կյանք վերադարձնում:

- Ջազի ավանդույթի մեջ դա կա, երբ երգը լավ ես կատարում, կարող են նույնիսկ կեսից ծափահարել: Բայց քանի որ Քյոլնի ֆիլհարմոնիկ սրահում էինք, ժողովուրդն իրեն թույլ չէր տալիս այդպիսի բան: Ինձ համար ավելի կարեւոր է, որ հանդիսատեսը մինչեւ վերջ է լսում, այսինքնՙ վերջացնում եմ երգը ակորդի վրա, ուզում եմ, որ հանդիսատեսը մինչեւ վերջ լսի, ինչպես է ակորդը «նահանջում», ձայնը կամաց- կամաց կորչում... Երբ մինչեւ վերջ է լսում, լավ հանդիսատես է, ինչպես Քյոլնում: Հայաստանում օրինակ շատ է լինում, երբ հանդիսատեսը չի համբերում... կարծես կրկես եկած լինի:

- Իսկ եղե՞լ է համերգասրահ, ուր մինչեւ վերջ, առանց ծափով ընդհատելու լսել են ու ամենավերջում են «պարգեւատրել»:

- Իհարկե: Այստեղ ոչ այնքան ծափահարելու, որքան տեղին ծափահարելու մշակույթի մասին է:

- Մասնագետներն ասում ենՙ մեր երկրում կա ջազի ձեւավորված ավանդույթ:

- Կա: Բայց նոր ջազից, կարելի է ասել, գրեթե չեն հասկանում: Նրանք, որոնք այսօր ներկայացնում են համաշխարհային ջազը եւ որոնց Քյոլնի ֆիլհարմոնիկում են ունկնդրում, շատ քչերը գիտեն Հայաստանում:

- Ինչպե՞ս պիտի կրթվի ունկնդիրը Հայաստանում:

- Գոնե հետաքրքրվելով: Հնարավոր է դուր չգա, բայց ջազի սիրահարները պիտի նվազագույնը տեղյակ լինենՙ հիմա ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է ջազ համերգի կազմակերպիչներին, պիտի տեղյակ լինեն, թե որ մեծ փառատոնում ինչն է հիմա խիստ արդի: Ջազը Հայաստանում տխրագույն վիճակում է: 80- ականների վերջին Հայաստանում ապոկալիպտիկ վիճակում ենք եղել, կտրված, ջազի մասին ի՞նչ խոսք, բայց հիմաՙ ինտերնետ կա: Պիտի լավ համերգներ կազմակերպվեն, փոխարենը Հայաստանում Ջո Կոկերի (Joe Cocker ) համերգն են որպես ջազ ներկայացնում կամ Ջոն Մակ Լաֆլինին ( John McLaughlin) հրավիրում: Նա իհարկե ֆանտաստիկ երաժիշտ է, բայց նրա հետ պիտի բերել նաեւ այսօրվա ջազը: Մտավախություն կա, որ արդի ջազը միայն ավանգարդ է, եւ մարդիկ ընդհանրապես չեն հասկանա: Տարբեր ոճերի ջազ կա, իհարկե ավանգարդ էլ, բայց կա նաեւ այնպիսի ջազ, որ մարդիկ ջազ չիմանալով էլ կարող են լսել ու հասկանալ:

- «An Ancient Observer»-ի համերգային ուղեծիրը էլ որտե՞ղ է կատարվելու:

- Առաջինը հնչել է Լոս Անջելեսում, փետրվարի 25- ին, հետո ամերիկյան շրջագայությամբ մոտ 12 համերգ ունեցա: Էլի էս տեսակ լավ համերգներ էին: Լոս Անջելեսում, Նյու Յորքում 1500 տեղանոց սրահում կնվագեմ, Չիկագոյում էլ նույնը, բայց մեծ մասամբ մյուս վայրերումՙ 300- 500 տեղանոց փոքր սրահներ են: Նույնիսկՙ 100 տեղանոց ակումբային սրահում եմ նվագել: ԱՄՆ մեծ երկիր է, Գերմանիայի հետ չի կարելի համեմատել, բայց համենայնդեպս ջերմ են ընդունել: Ի դեպ երկրորդ ձայնասկավառակն է, որ թողարկվեց ամերիկյան «Նանսաչ» (Nonesuch Records) ընկերության հետ:

ԱՄՆ- ից հետո Եվրոպայում համերգներ ունեցա, մոտ ամիսուկես, հետոՙ Հայաստան (մայիսի 7, 8- ին Արամ Խաչատրյան համերգասրահում- Ան. Հ.), հետոՙ Ռուսաստան, հետոՙ Ճապոնիա, Ավստրալիա, հետոՙ Եվրոպա, հետո հուլիսի 1- ինՙ Մոնրեալի ջազ փառատոնին եմ մասնակցելու, հետո Եվրոպայում էլի մի շարք փառատոնների կմասնակցեմ, հոկտեմբեր- նոյեմբերին սպասվում է եվրոպական ջազ երկար ելույթաշար: Գերմանիայում էլ մի 4- 5 համերգ կլինի, մինչեւ 2018- ի տարեվերջ:

Երբ հարցազրույցն ավարտած արտիստական դռանը հասա, տեսա, որ 1 ժամ անց էլ երկրպագուները դեռ սպասում են: Մի հուզված ձայն շարժս կասեցրեցՙ «շատ եմ ուզում Համասյանին մոտենալ, կգա՞ք ինձ հետ, չեմ համարձակվում»: Երիտասարդ մի կին լաց լինելու պատրաստՙ իմ որոշմանն էր սպասում, երբ նկատեցինք Համասյանն իրեն ուղեկցող խմբով դեպի դուռն է ուղղվում: Մոտեցավ, իր ստեղծագործությունների սկավառակը վախվորած մեկնեց Տիգրանին, հուզմունքից անգլերենը գերմաներենին խառնած ասացՙ կես թուրք եմ, գիտեմ մեր ժողովուրդների պատմությունը, ահավոր վատ եմ զգում, հույս ունեմՙ մի օր կկարողանանք ձերբազատված ապրել...ահա ստեղծագործություններս, Ձեր խորհրդի կարիքն ունեմՙ շարունակե՞մ...ձեռքն էլ, ձայնն էլ դողում էին: Տիգրանը հանդարտ լսեց, խոստացավ ունկնդրել, ավելի ուշ կարծիք հայտնել: Արեւմտյան Հայաստանից Գյումրի հասած Համասյանների շառավիղ Տիգրանը զոհից բեմ նվաճող ու դատավոր է դարձելՙ վճիռ է կայացնելուՙ արժե՞ նոր ապաշխարող Ձայնով լցնել բեմը:

Տիգրան Մեծին սպասող մեր ժողովուրդը ժամանակ առ ժամանակ հենց Տիգրաններով աշխարհին հուշում է, թե կարող է գերտերություն լինելՙ Պետրոսյան, Մանսուրյան, Համասյան ծնելով: Թեեւ վերջինը, ուշադիր նայենք, երկար մազերով Տիգրան Համասյանը Չարենցի գանգրահեր տղան է: Գանգուրները կտրել, բայց գալիքից չի կտրվել: Այդ գալիքն է նրան Հայաստան բերել:

Շարունակությունը նախորդ համարից եւ վերջ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 30-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ