ԲԱԼԵՏԻ ՀԵՐՈՍՆ Է ՀԱՆՃԱՐԵՂ ՇԱՆՍՈՆՅԵՆ Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Բալետ ականավոր նկարիչի, քանդակագործի, բանաստեղծի, գրողի երաժշտի մասին... Այս տիպի պարային երկերը մեծ տեղ են գրավում անցյալ դարի երկրորդ կեսի եւ XXI դարի սկզբի բալետմայստերների ստեղծագործության մեջ: Նման բեմադրություններ են կերտել Մորիս Բեժարը, Ռոլան Պըտին, Բորիս Էյֆմանը... Այսօրինակ բալետների թվին է պատկանում «La Boheme» բալետը, որն արդեն մոտ 20 օրվա ընթացքում երեք անգամ ներկայացվեց Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը : Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մեկընդմեջ դիմել է կենսագրական բալետի, կամ դիմանկար-բալետի ժանրինՙ բեմադրության հերոսներ դարձնելով Գրիգոր Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Մոցարտին, Բախին, Արշիլ Գորկուն: «La Boheme»-ի հերոսը հանճարեղ Շառլ Ազնավուրն է: Բալետի երաժշտական պարտիտուրն ընտրված է շանսոնյեի երգացանկիցՙ նրա իսկ կատարմամբ 12 երգից (ներկայացումն ընթանում է ձայնագրության ներքո): Երգերի ընտրությունը եւ հերթականությունը պայմանավորված է սցենարի բովանդակությամբ, որ պատկերում է Ազնավուրի անցած ստեղծագործական ուղինՙ արվարձանից եկած երիտասարդի հայտնվելը Փարիզի գեղարվեստական կյանքի կենտրոն Մոնմարտրում եւ նրա նպատակասլաց առաջխաղացումը մինչեւ փառքի գագաթնակետին հասնելը: Որպես բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հակված է իր բեմադրությունները հագեցնել տարբեր տեսակի եւ ծագման խորհրդանիշներով: Սակայն «La Boheme» բալետում չկան խորհրդանիշներ: Այնուամենայնիվ, այն լի է պատկերագրական նշաններով, որոնք կրում են թե՛ կառուցվածքային, թե՛ գործառույթային նշանակություն: Ներկայացումը վերլուծելիս կարելի է արձանագրել պատկերագրական նշաններ` բեմահարդարման ու զգեստների, բեմական իրերի մեկնաբանման, կերպարների մակարդակով, ինչպես նաեւ պատկերագրական շարժում-նշաններ, դիրք-նշաններ, իրադրություն-նշաններ: Սկսենք բեմական տարածքի մեկնաբանումից: Գործողությունը ընթանում է երեք հարթություններով` երկու հորիզոնական եւ մեկ ուղղահայաց: Առաջին հորիզոնական հարթությունն է բուն բեմը, որտեղ ծավալվում են հիմնական իրադարձությունները: Երկրորդ հարթակը բեմի խորքում զետեղված փոքր բարձունքի վրա ավելի փոքր բեմահարթակն է: Այն միանում է հիմնականի հետ աստիճաններով, եւ նրա մեկնաբանումը միանշանակ չէ: Սա թե՛ «բեմ է բեմում», թե՛ երազների աշխարհ է եւ թե՛ հիմնական գործողությունը լրացնող տարածք: Երրորդ` ուղղահայաց հարթությունը բեմի հետեւի վարագույրն է: Մեր օրերում այն չափից դուրս շատ է խաղարկվումՙ հանդես գալով որպես էկրան, որի վրա լուսարձակվում են նկարներ եւ տեսագրություններ: Դրանք հաճախ չեն համալուծվում բեմական գործողությանը, երբեմն էլ շեղում են հանդիսատեսի ուշադրությունը: Պատճառն այն է, որ ժամանակակից հանդիսատեսը հիմնականում հակված է գործողությունը դիտել համակարգչային մոնիտորներով կամ հեռուստաէկրաններով: Այս առումով «La Boheme» բալետը առանձնանում է` հետեւի բեմավարագույրը խաղացվում է զուսպ եւ ճաշակով: Այստեղ զուգակցվում են Մոնմարտրի Sacre Cօeure բազիլիկի գծանկարչական պատկերը եւ լուսա-գունային փոփոխությունները. միայն երկու տեսարանում է ետնավարագույրը շարժական դառնում: Չորրորդ տեսարանում` Մոնմարտրում, ներմուծված է «եռաձայն» կամ եռաշերտ գործողության հնարքը, երբ ետնավարագույրում սրընթաց հաջորդափոխվում են ստվերային դրվագներ` մենապարային եւ զուգապարային, մեկընդմեջ ներթափանցում են հետիոտների եւ վերուվար սլացող մարդկանց ստվերապատկերները: Նույն պահին հիմնական եւ փոքր բեմահարթակներում կատարում են պլաստիկ զուգապար: Հետզհետե ստվերները վերածվում են իրական Մոնմարտրի կերպարների, որոնք հայտնվելով փոքր բեմում, իջնելով աստիճաններովՙ գրավում են հիմնական բեմի տարածքը. այստեղ էլ ամբողջականանում եւ ավարտվում է «Մոնմարտր» տեսարանը: Բալետի նախավերջին տեսարանում բեմի ետնավարագույրի վրա լուսարձակվում է երգող Շառլ Ազնավուրը, իսկ հիմնական բեմահարթակում զարգանում է խայտաբղետ Մոնմարտրի «բոհեմի» պլաստիկ-պարային շարժուն կոմպոզիցիանՙ պատկերելով երգի բովանդակությունն ու իմաստը: Այստեղ պետք է ակնարկել, որ ներկայացվող բալետում չկա կորդեբալետ (մասսայական պարախումբ) հիմնական իմաստով: Չնայած ներկայացման մեջ ընդգրկված են մոտ 25 պարող, նրանցից յուրաքանչյուրն անձնավորված է` Սիրահարված զույգ, Ծաղկավաճառուհի, Պարուհի, Ակրոբատ, Հեծանվորդ, Անվաչմշկորդներ, Լուսանկարիչ եւ այլն: Այսպիսով, գործողության մեջ ներգրավված ամեն պարող-պարուհի ունի փոքր կամ քիչ ընդլայնված մենապարային կամ զուգապարային դրվագներ: Որոշ տեսարաններում միավորվելովՙ նրանք, այնուամենայնիվ, ստեղծում են բազմերես բոհեմի կերպարը: Բեմական իրերն ու կահույքը շատ քիչ են օգտագործված եւ գործառույթային են: Հիմնական բեմական կահույքն են աթոռները, որոնք ընկալվում են մե՛րթ որպես այգու նստարաններ, մե՛րթ որպես հանդիսատեսի աթոռներ համերգասրահում: Դրանք կենտրոնական նշանակություն են ստանում ութերորդ տեսարանում, որտեղ պատկերվում է բոլորիս մանկուց հայտնի խաղը, երբ երեխաները քայլում են աթոռների շուրջը (դրանց քանակը մեկով պակաս է խաղի մասնակիցներից): Ըստ նշանիՙ երեխաները պետք է արագ զբաղեցնեն աթոռները, եւ մեկն անպայման դուրս է մնում խաղից: Հետզհետե, խաղացողների թիվը պակասում է, իսկ հաղթում է նա, որը նստում է վերջին միակ աթոռին: Այսպես, այլաբանորեն Խառատյանը ցույց է տալիս հերոսի դժվարին առաջնության մարտը, որից Ազնավուրը հաղթող է դուրս եկել: Բալետի պարային լեզուն ժամանակակից դասական բալետն է, որը հերթագայվում կամ միաձուլվում է ակրոբատիկ շարժումների հետ: Իններորդ տեսարանում, որը կատարվում է Ազնավուրի մշակած հայտնի «Երկու գիթառ» երգի ներքո, ներմուծված են բեմական գնչուական պարերի տարրեր: Առկա է նաեւ կենցաղային շարժումների պլաստիկ վերամշակումը: Վառ տպավորության են նպաստում Աստղիկ Ստեփանյանի կատարած բեմի եւ բեմական զգեստների ձեւավորումները, որոնք զուգորդվում են գունավոր գրավյուրի հետ: Ներկայացման հիմնական կերպարն, անշուշտ, Ժան Շառլն է (այդպես է անվանվում Ազնավուրը բալետում). այս առումով բեմադրությունը կարելի է բնորոշել նաեւ որպես մոնո-բալետՙ բազմադեմ ինտերյերում: Առաջին երկու ներկայացման մեջ Ժան Շառլի դերում Գարեգին Բաբելյանն էր, որը վերջին տարիներին դրսեւորվել է որպես մեծահմուտ եւ արտահայտիչ դերակատարՙ հանդես գալով մի շարք մենապարային դերերով թե՛ մեր թատրոնի բալետային խաղացանկի ներկայացումներում, թե՛ որպես «Ballet 2021» հիմնադրամի բալետային խմբի (գեղարվեստական ղեկավարՙ Ռուդոլֆ Խառատյան) մենապարող: Գարեգինը 2015 թ. հանդես եկավ Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետում Արշիլ Գորկու դերով: Տիրապետումը բարդ թռիչքների, պտույտների տեխնիկային, հպարտ կեցվածքը, լայնաշուրջ շարժումները եւ, ամենակարեւորը, ներթափանցումը բալետի հերոսի կերպարի յուրօրինակությունների մեջ, մասնավորապեսՙ Շառլ Ազնավուրի ժեստերի ու դիմախաղի խորը վերլուծությունը եւ դրանց պլաստիկ ու դիմախաղային համոզիչ մատուցումը թույլ տվեցին պարողին ստեղծել ամբողջական եւ տպավորիչ կերպար: Իսկ Ժան Շառլի սիրած աղջկա դերակատար Տաթեւիկ Գրիգորյանը նույնպես աչքի ընկավ թե՛ տեխնիկական վարպետությամբ եւ թե՛ դերասանական խաղովՙ ստեղծելով Մոնմարտրի տիպիկ ներկայացուցչի, տեղ-տեղՙ երազկոտ, քնարական, այլ դրվագներում` էքսցենտրիկ կերպարը: Անշուշտ, բեմադրության առավելություններից է մեծ մասամբ երիտասարդ պարողների մասնակցությունը: Այս առնչությամբ պետք է անպայման տրվի երկրորդ կազմի գլխավոր դերակատարողների գնահատականը: Ժան Շառլի դերը կատարած մեր թատրոնի շնորհալի երիտասարդ պարող Անդրանիկ Աբովյանը 2014 թ. ավարտել է Երեւանի Պարարվեստի պետական քոլեջը (ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանը): Արդեն 2016 թ. դարձել է Սոչիում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան կատարողների XII միջազգային մրցույթի դիպլոմանտ: Հանդես է եկել մի շարք մենակատար դերերովՙ Էսկամիլիո («Կարմեն սյուիտ»), գլխավոր դերՙ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակելին Սարխոշյանի բեմադրած «Երազ» բալետում: Դասական պարի հմտություններին լավագույնս տիրապետող Աբովյանի կատարմամբ Ժան Շառլի կերպարը ստացավ ավելի քնարական երանգավորում: Կարինա Շիկանյանը , որը երկրորդ կազմում հանդես եկավ Ժան Շառլի սիրած աղջկա դերով, նույնպես գրավեց հանդիսատեսի ուշադրությունը: Այս պարուհու մասին խոսելիս պետք է նշել մի քանի հանգամանք: Առաջինը, որ նա ծոռնուհին է 30-40-ական թթ. մեր բալետի առաջնային պարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Լյուբով Վոինովա-Շիկանյանի եւ ժամանակին Թիֆլիսի թատրոնում որպես բալետի մենակատար, հետագայում մեր օպերային թատրոնի դիրիժոր աշխատած Դմիտրի Շիկանյանի: Ապա. 2016 թ. Կարինան ավարտել է Երեւանի պետական պարարվեստի քոլեջը (ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանի դասարանը)ՙ ավարտական համերգում կատարելով Կիտրիի տեխնիկապես բարդ դերը («Դոն Կիխոտի» III գործողության մեջ): Ի դեպ, տեղին է ասել , որ արդեն քանի տարի է, որ մեր Պարարվեստի պետական քոլեջն ավարտած շատ շնորհալի պարող-պարուհիները չեն ընդգրկվում Օպերայի եւ բալետի թատերախմբի կազմում. ոչ թե անարժան լինելու պատճառով, այլ որովհետեւ թատրոնը չունի դրույքներ: Նշելով այս ցավալի փաստը, որն առանձին հոդվածի առարկա էՙ ընդգծենք, որ Ռուդոլֆ Խառատյանը ոչ միայն իր նոր ներկայացման մեջ ընդգրկել է սկսնակ պարուհի Կարինա Շիկանյանին, այլեւ վստահել է նրան գլխավոր դերերից մեկը: Ժան Շառլի սիրած աղջկա դերում Շիկանյանն աչքի ընկավ բալետային մենապարային եւ զուգապարային դժվարին հնարքների տիրապետմամբ եւ քնարականությամբՙ բացահայտելով նաեւ դերասանական օժտվածության նոր երանգներ: «La Boheme» ներկայացումը պայծառ հետք է թողնում հանդիսատեսի հոգում, ուստի կսպասենք, որ այն իրոք կմտնի եւ կմնա մեր թատրոնի խաղացանկում: |