RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-06 21:43:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 5507, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հունիսի 11-ից 20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացավ Բալետի արտիստների եւ խորեոգրաֆների XIII միջազգային մրցույթը: Մեր ազգային օպերայի եւ բալետի թատրոնի պարող Ռազմիկ Մարուքյանը մրցույթի երեք դժվարին փուլ անցնելովՙ «Բալետի արտիստ» երիտասարդների տարիքային խմբում գրավել է չորրորդ հորիզոնականը եւ նրան շնորհվել է «Մրցույթի դիպլոմանտ» պարգեւը: Հազիվ 17 տարեկանը լրացած երիտասարդն ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 2016-ին (ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանը): Ընդունվել է թատերախումբ եւ 2017-ին կատարել իշխան Զվեզդիչի դերը ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրած «Դիմակահանդես» բալետում: Ոչ վաղ անցյալում մեր Թատրոնի տնօրենությունը ստացավ Մոսկվայից նամակ, որտեղ առաջարկվում էր մրցույթին մասնակցության նպատակով ուղարկել երիտասարդ բալետի դերասան: Ընտրվեց Ռազմիկ Մարուքյանը:

Ամեն պրոֆեսիոնալ պարող չէ, որ իրավունք ունի մասնակցելու Մոսկվայի մրցույթին. պետք է անպայման ունենալ կոչում կամ լինել որեւէ այլ միջազգային բալետային մրցույթի հաղթող: Իսկ Մարուքյանն արդեն 2017 թ. փետրվարին մասնակցել էր Բրյուսելում կայացած բալետի, ջազի եւ ժամանակակից պարի «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել էր առաջին տեղըՙ արժանանալով նաեւ «Ամենից արտիստիկը» հատուկ պարգեւի: Այս գործում ունի մեծ ներդրում «Պարը հանուն զարգացման» հիմնադրամը, որը սատարեց երիտասարդ պարողին եւ ապահովեց նրա մասնակցությունը մրցույթում:

Երկու խոսք հիմնադրամի մասին: Այն հիմնադրել եւ ղեկավարում է Ազգային օպերայի եւ բալետի պարող Արման Բալմանուկյանը : Վերջինս 2014 թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բակալավրիատը «բալետի ռեժիսուրա» մասնագիտությամբ: Երկու բալետի եւ բազում պարային համարների բեմադրող է «ժամանակակից պար» ոճում: Բալմանուկյանի ֆոնդը մեծապես օգնում է երիտասարդ պարողներին եւ բալետմայստերներին, կազմակերպել է փառատոն 2017 թ.:

Ստացվեց այնպես, որ Արմանը ստանձնեց Ռազմիկ Մարուքյանի համար ժամանակակից համար բեմադրելու պարտականությունը (ժամանակակից պարային համար ներկայացնելը պարտադիր է մրցույթի երկրորդ փուլ անցնողների համար): Այս համարի մասին կխոսենք ստորեւ, իսկ այժմ նշենք, որ Բալմանուկյանը նաեւ օգնել է Ռազմիկին նախապատրաստել այն հինգ վարիացիաները, որոնք պարողը Մոսկվայում ներկայացրել է բոլոր փուլերում. առաջինումՙ Բազիլի վարիացիան «Դոն Կիխոտ» բալետի երրորդ գործողությունից, երկրորդում Ալիի վարիացիան «Կորսար» բալետից, վարիացիա «Փարիզի հուրը» բալետից եւ «Ամեն» ժամանակակից համարը Բալմանուկյանի բեմադրությամբ, իսկ առաջին եւ վերջին փուլումՙ արքայազն Դեզիրեի վարիացիան «Քնած գեղեցկուհին» եւ Ֆրանցի վարիացիան «Կոպպելիա» բալետներից:

Ինչպես նշեց Բալմանուկյանը. «Դասական համարները Ռազմիկը հիմնականում ինքն էր փորձում: Մի շարք պարողներ նրան խորհուրդներ են տվել, ես էլ`ժամանակ առ ժամանակ: Իսկ Մարուքյանի հետ հիմնականում աշխատում էի իմ բեմադրության կատարողական եւ արտահայտչական առանձնահատկությունների կատարելագործման ուղղությամբ: Այս համարը կոչվում է «Ամեն»: Այն բեմադրված է Եկմալյանի մշակած Պատարագի «Ամեն. Հայր Սուրբ» հատվածի երաժշտությամբ, սակայն վերագործիքավորված դուդուկի համար: Այս համարում մեծ խորհուրդ կա` դա ե՛ւ աղոթք է, ե՛ւ մեր ժողովրդի ցնծությունն ու վիշտը: Անշուշտ, աշխատել եմ, որ Ռազմիկի թե՛ պարային կատարողական առավելությունները, թե՛ նրա դերասանական արտահայտչականության երանգները մեծապես բացահայտվեն այս համարում, բայց պետք է նշեմ, որ Մոսկվայի մրցույթին նախապատրաստվելու ժամանակը սուղ էր, մոտ երկու ամիս, իսկ մենք թատրոնի դերասաններ ենք, պարտավոր ենք մասնակցել բալետի խմբի փորձերին ու հերթական ներկայացումներին, եւ միայն միջանկյալ ժամանակահատվածներում օրվա մեջ ընթանում էր մրցույթին նախապատրաստվելու աշխատանքը: Իհարկե, անմիջապես մրցույթին նախորդող օրերին` շատ ավելի ինտենսիվ: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական ընթացքն իրականացրել են բալետի խմբի վարիչ Բորիս Էմինյանը եւ բալետի խմբի տեսուչ Արթուր Կարճիկյանը »:

Պետք է նշել, որ մոտ 20-25 տարվա ընթացքում մեր պարողները, որոնցից շատերն այժմ աշխատում են արտերկրյա թատրոններում որպես առաջատար մենակատարողներ, իսկ մյուսները մեր թատրոնի մենակատարներն են, մասնակցել են միջազգային բալետային մրցույթներիՙ Լոզանում, Վառնայում եւ Յուրի Գրիգորովիչի անվան մրցույթներում Վորոնեժում եւ Սոչիում: Սակայն Մոսկվայում կայացած այս տարվա մրցույթը առանձնահատուկ է: Այդՙ 1969-ից սկսված Մոսկվայի բալետի արտիստների միջազգային մրցույթի անմիջական շարունակությունն է համարվում եւ հայտնի է որպես համաշխարհային բալետիՙ աշխարհում ամենաբարձրակարգ մրցույթներից: Մասնակիցներից եւ հաղթողներից քաջ ծանոթ են Լյուդմիլա Սեմենյական, Վեչեսլավ Գորդեեւը, Նադեժդա Պավլովան, Անդրիս Լիեպան, Նինա Անանիշվիլին, Ֆրանչեսկա Զյամբոն, Պատրիս Բարտը եւ այլն: Հայաստանի բալետի դերասաններից Ռազմիկ Մարուքյանը առաջինն է, որը մասնակցեց այս փառավոր միջոցառմանը եւ եկավ հաղթանակով:

Մրցույթի ընդհանուր մասնակիցների թիվը 300-ից ավելի էրՙ պարող-պարուհիներ եւ բալետմայստերներ աշխարհի բազում երկրներից: Բալետի արտիստ, երիտասարդների տարիքային կրտսեր խմբի մասնակիցներից 19-ը հասան երրորդ փուլի եւ միայն հինգը պարգեւատրվեցին մեդալներով ու դիպլոմներով: Եվ պարգեւատրվածների թվում էր Ռազմիկ Մարուքյանը:

«Ինձ համար անչափ արժեքավոր էր, - պատմում է Ռազմիկը, - շփումը ժյուրիի անդամների հետ` աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի, Սվետլանա Զախարովայի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Վլադիմիր Մալախովի եւ մեծահամբավ այլ բալետմայստերների եւ պարողների հետ: Նրանք բոլորն ինձ սատարում էին եւ անչափ ուրախանում, որ Հայաստանը նույնպես մասնակցում է մրցույթին: Իհարկե, կային նաեւ որոշ դժվարություններ: Դրանք կապված էին հատկապես Մեծ թատրոնի երկու բեմերի որոշ առանձնահատկությունների հետ: Առաջին եւ երկրորդ փուլը ընթանում էր Մեծ թատրոնի այսպես կոչված հին բեմում, որը վերանորոգման է ենթարկվել: Իսկ երրորդ փուլը Մեծ թատրոնի պատմական բեմում էր: Երկու բեմն էլ շատ ավելի ընդարձակ են, քան մեր թատրոնի բեմը: Իսկ ամենագլխավորը, դրանց հատակը ոչ թե «տափակ» է, այլ զառիթափ: Ես, իհարկե, տեղյակ էի այդ մասին: Սակայն մի բան է լսելը, ուրիշ բան` անմիջականորեն պարելն այդ բեմում: Առաջին փուլում ես հարմարվում էի թե՛ մեծ տարածքին եւ թե՛ զառիթափ բեմահարթակին եւ, իհարկե, որոշակի անհարմարություն էի զգում: Սակայն արդեն երկրորդ փուլից միանգամայն հարմարվել էի: Իհարկե, կային մեծ ապրումներՙ կապված այն իրողության հետ, որ ես հանդես եմ գալիս այդպիսի փառահեղ բեմում: Բայց դաՙ ելույթից դուրս: Իսկ երբ մտնում էի բեմ, ամբողջապես կենտրոնանում էի կատարման վրա: Առաջնայինը «ինչպեսն» էր, ոչ թե «որտեղը»:

Եվ վերջապես, ինչպես նշում են ե՛ւ Ռազմիկ Մարուքյանը, ե՛ւ Արման Բալմանուկյանը, «Չեք պատկերացնի, թե ինչ հպարտություն ես զգում, երբ տեսնում ես քո հանրապետության դրոշը մյուս աշխարհի երկրների դրոշների թվում եւ ինչ մեծ պատիվ է ներկայացնել մեր երկիրը` Հայաստանը, միջազգային այդպիսի հեղինակավոր մրցույթում»:

Նկար 1. Ռազմիկ Մարուքյանը Յուրի Գրիգորովիչի հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ