ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄ Կարմեն ԱՀԱՐՈՆՅԱՆ Ամռան սկիզբը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար մեկնարկեց բազմազան ու բովանդակալից նախաձեռնություններով: Քանի որ տարին չուխաջյանական էՙ մարտ ամսին լրացավ հայ անվանի կոմպոզիտոր, ազգային օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի 180-ամյակը, այդ պատեհ առիթն իր գեղեցիկ անդրադարձն ունեցավ նաեւ օպերայի եւ բալետի ազգային թատրոնի ամառային նախագծերի ու ներկայացումների մեջ: Կարեւորելով Չուխաջյանի կատարած գործի դերն ու նշանակությունը հայ երաժշտության պատմության մեջՙ թատրոնի տնօրենությունըՙ գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ իրականացրեց հետաքրքրական նախաձեռնություններ: Մեծ կոմպոզիտորի 180-ամյա հոբելյանին ընդառաջՙ Հայաստանում է ֆրանսահայ տաղանդավոր դերասան, հայտնի բեմադրիչ եւ ռեժիսոր, երաժշտաթատերագետ, անվանի չուխաջյանագետ, Փարիզում «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի» տնօրեն Ժիրայր Փափազյանը , ով կատարել է արժեքավոր ուսումնասիրություններՙ երաժշտասեր հասարակայնությանը Չուխաջյանին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Հաճելիորեն պետք է փաստել այն իրողությունը, որ Ժիրայր Փափազյանը վերջին ժամանակներս ավելի ակտիվ է մասնակցում հայաստանյան մշակութային կյանքին: Հիշենք 2016 թվականի ապրիլի 12-17-ը հայրենիք հյուրախաղերի եկած Թեքեյան մշակութայի միության Նյու Յորքի մասնաճյուղի «Մհեր Մկրտչյան» թատերախմբի հյուրախաղերը, որը ներկայացրեց Պերճ Զեյթունցյանի «Դատարանն է, ոտքի՛» պիեսըՙ Ժիրայր Փափազյանի բեմադրությամբ: Նույն թվականի սեպտեմբերին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 25-ամյակի հոբելյանական թատերաշրջանը բացվեց ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Ս.Գիթրիի «Արի երազենք» պիեսի ներկայացմամբ, որի բեմադրիչն էր Ժ. Փափազյանը: Պիեսը նոր շունչ ու թարմություն հաղորդեց թատրոնի խաղացանկին: Այս անգամ Ժ. Փափազյանի այցը հայրենիք կապված է հատկապես Տ. Չուխաջյանի հոբելյանի հետ: Ապրելով սփյուռքում եւ բեմադրելով մեծ կոմպոզիտորի գործերըՙ անվանի արվեստագետը սիրով ու հպարտությամբ է արձանագրում այն փաստը, որ Տ. Չուխաջյանը սիրված եւ ընդունված կոմպոզիտոր է թե՛ հայ եւ թե՛ օտար հանդիսատեսի եւ կատարող արտիստների համար: Չուխաջյանական հոբելյանի մեկնարկը տրվեց Արամ Խաչատրյանի 13-րդ վոկալ փառատոնի շրջանակներում: Ժիրայր Փափազյանի եւ Կանադայից ժամանած անվանի երաժշատագետ, կոմպոզիտոր, Չուխաջյանի ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ Ժան Սարգսյանի առաջարկով, ինչպես նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ համաձայնության արդյունքում որոշում կայացվեց, որ մրցույթի մասնակիցները իրենց պարտադիր ծրագրում կատարեն Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի իտալերեն բնագրից արիաներ եւ երգամասեր, որոնք երբեւէ չէին կատարվել: Արդյունքների ամփոփման ժամանակ մրցույթի ժյուրին եւ մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնեցին նման նախաձեռնության համար: Չուխաջյանի հայտնի գործի առաջին կատարումները եւ ունկնդրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեցին երիտասարդ երգիչների, ժյուրիի եւ հանդիսատեսի շրջանում: Տ.Չուխաջյանի հոբելյանին նվիրված հաջորդ երաժշտական իրադարձությունը հուլիսի 25-ի ինքնատիպ ու անմոռանալի համերգ-ներկայացումն էր, որի առաջին մասում երիտասարդական խումբը օպերայի հայտնի մենակատարների հետ ներկայացրեց հատվածներ Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններից: Երկրորդ մասում ներկայացվեց Չուխաջյանի անմահ «Կարինե» օպերա- բուֆֆայի առաջին արարը: Երկու տարի առաջ հայկական մամուլին տված հարցազրույցներից մեկում Ժ. Փափազյան ասել էր, որ Չուխաջյանի ամբողջական գործերը, կենսագրությունն ու ստեղծագործությունը դեռեւս մնում են անհայտ հայ եւ օտար հանրությանը: Անվանի արվեստագետը հույս էր հայտնել, որ Չուխաջյանի 180-ամյակի կապակցությամբ իր հայրենիքում «օպերային արվեստի սիրահարները հնարավորություն կունենան առաջին անգամ վայելելու Չուխաջյանի զավեշտական գլուխգործոցըՙ իր ամբողջական եւ սեփական հրաշալի գործիքավորմամբ, այնպես, ինչպես հղացել է մեծ կոմպոզիտորը: Այժմ «Լեբլեբիջի Հոր Հոր աղա»-ի հեղինակային ամբողջական տարբերակի երաժշտության խմբագրական աշխատանքը ընթացքի մեջ է Ֆրանսիայում եւ Կանադայում, Փարիզի «Տիգրան Չուհաճեան միջազգային ինստիտուտի»-ի հսկողությամբ, որպեսզի Չուխաջյանի գլուխգործոցը պատշաճ կատարմամբ բարձրանա բեմ»,-ասել էր նա: Հարյուր տարուց ավելի կորած համարվող նվագախմբային մասի գործիքավորման նոտաներըՙ գրված Չուխաջյանի ձեռքով, Ժ. Փափազյանը գտավ Փարիզում. դա մի երկար ու գեղեցիկ պատմություն է, ինչի մասին նա պատմել է «Անդին» հանդեսում տպագրված հոդվածում: Երեւանյան համերգը այն երկար սպասված իրադարձությունն էր, ինչի մասին երազել է Ժ. Փափազյանը: Ներկայացման մեջ ընդգրկված էին հիմնականում թատրոնի երիտասարդ ուժերը, ովքեր հանդես եկան պրոֆեսիոնալ բարձր մակարդակովՙ կատարելով բարդ եւ ինքանտիպ արիաներ: Համերգի երկրորդՙ օպերային մասում ընդգրկված էին նաեւ երտասարդական օպերային ծրագրի մենակատարներ, ինչպես նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներ: Համերգի դիրիժորն էր Հարություն Արզումանյանը , երաժշտական ղեկավարը Լեւոն Ջավադյանը : Երաժշտասեր հանդիսատեսի համար հիշարժան ու ինքանտիպ էր համերգի երկրորդ մասը, որտեղ ներկայացվեց Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերա -բուֆֆայի առաջին արաըըՙ նոր մեկնաբանությամբ: Հնչեց հեղինակային գործիքավորման առաջին կատարումըՙ վերջերս Փարիզում հայտնաբերված նոր գործիքամասի, Տ. Չուխաջյանի արխիվային այլ նյութերի հիման վրա: Լիբրետոյի հեղինակն ու բեմադրիչը Ժիրայր Փափազյանն է: Այս նույն լիբրետոյի անգլերեն տարբերակը Ժիրայր Փափազյանի թատերախումբը ներկայացրել էր Լոնդոնում դեռեւս 2010 թվականինՙ այն համապատասխանեցնելով երաժշտական թատրոնի մինիմալիստական հնարավորություններին: Դերակատարների կրճատման արդյունքում պատմողի դերում հանդես եկավ բեմադրիչը. «Ես այնտեղ պատմողի դեր էի խաղում, որոշ անցումների ժամանակ պատմում էի, թե ինչ է կատարվում, եւ անցնում էինք առաջ: Քանի որ ամբողջությամբ չէինք կարող բեմադրել եւ ամեն ինչ ցույց տալ, արդյունքում ստացվեց ներկայացման մի շատ զվարճալի տեսակ, ինքնատիպ մի ժանր: Ես նույնիսկ կատակեցիՙ ասելով. «Սիրելի՛ հանդիսատես, սա կիսաբեմադրություն է, ուրեմն ես կիսաբեմադրիչն եմ, սա էլ կիսադիրժորն է, սա էլ մեր կիսաֆիլհարմոնիկ նվագախումբն էՙ ցույց տալով դաշնամուրը»: Վերջնական արդյունքը եղավ այն, որ հանդիսատեսը իսկապես գոհ մնաց մեր էքսպերիմենտից: Շատ ուրախ ներկայացում էր»,- հիշում է Ժ. Փափազյանը: Նման ռեժիսորական լուծումներ մտահղացվեցին նաեւ երեւանյան «Կարինե»-ի բեմադրության ժամանակ, ինչը թարմություն էր հայ հանդիսատեսի համար: Հաճելի ու զարմանալի էր տեսնել, թե փոքրիկ բեմական հնարավորությունների պայմաններում ինչ մեծ ու պրոֆեսիոնալ աշխատանք էին կատարել երգիչներն ու բեմադրիչը: Ներկայացումն ընթացավ լույսերի, պարզ դեկորացիաների, ինչպես նաեւ Ժիրայր Փափազյանի հանդիսավարության, նրա կենդանի, գրավիչ խոսքի ու հումորի ուղեկցությամբ: Արդյունքում ստացվեց շատ վառ, թեթեւ ու հաճելի մի ներկայացում, որը նորություն էր հայ օպերային ներկայացման մեջ: Ներկայացման ընթացքում իր ամբողջ կազմով փայլեց նաեւ թատրոնի նվագախումբըՙ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մեզ ծանոթ «Կարինե»-ում կատարված սյուժետային փոփոխությունները առավել համոզիչ ու հետաքրքրական էին դարձրել միջավայրն ու ժամանակաշրջանըՙ առանց շեղվելու երաժշտական հիմնական գծից: «Թարգմանելով եւ կատարելով համապատասխան փոփոխություններՙ ես ավելի պարզ դարձրի Հոր-Հոր աղայի «փորի ցավը»: Նրա աղջիկը գեղեցիկ ձայն ունի, նրան խնդրում են թատրոնում երգել, բայց Հոր-Հոր աղան գալիս է թատրոն, նրան տանում է թատրոնից, ինչպես կտաներ հարեմից (բնագրում Կարինեն պահվում է հարեմում), որովհետեւ նա դեմ է, որ աղջիկը երգի թատրոնում: Նրա համար թատրոնն ու հարեմը հավասարապես անվայել տեղեր են»,-պատմում է Ժ. Փափազյանըՙ բացատրելով կատարված փոփոխությունների նպատակը: Առհասարակ, Չուխաջյանի հայտնի օպերան Ժ. Փափազյանը համարում է Արեւելքի եւ Արեւմուտքի խաչաձեւում, եւ, կատարելով համապատասխան փոփոխություններ, նա ցանկացել է «երկու աշխարհներն իրար կողք բերել, որը համահունչ է նաեւ երաժշտությանը: Այն մե՛կ եվրոպականից անցնում է արեւելյան, մե՛կ արեւելյանիցՙ եվրոպական: Դա է այս գործի երաժշտական հարստությունը: Հայաստանում շատ անգամ կրճատել են բոլոր արեւելյան մոտիվները, իսկ Թուրքիայումՙ եվրոպական մոտիվները, ընդ որումՙ ամեն մեկն իր ձեւով, իսկ իմ ներկայացման մեջ երկու երկրների մոտիվներն էլ կան: Այս ձեւով արդարացրի եւ երկու աշխարհներն իրար բերի»,-պարզաբանում է լիբրետոյի հեղինակը: Գլխավոր դերերը կատարեցինՙ Հոր-Հոր աղաՙ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան , Կարինեՙ Սիլվա Պետրոսյան , Արմենՙ Վահե Մաթեոս Հախվերդյան , Մարգարՙ Արսեն Գեվորգյան , Շուշանՙ Անուշ Մարտիրոսյան , Անահիտ- Քնարի դերում հանդես եկավ Նունե Գրիգորյանը : Ներկայացման բեմանկարիչն ու զեստների նկարիչը, ինչպես նաեւ բեմադրիչի ասիստենտը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն էր, պարերի բեմադրիչըՙ Մարիա Դիվանյանը , իսկ երգչախմբի դիրիժորըՙ Ռադիկ Մելիքյանը : Քանի որ ներկայացվեց «Կարինեի» միայն առաջին արարը, վերջում, ներկայացնելով բեմական հատուկ հնարանքՙ դադար, Ժիրայր Փափազյանը հույս հայտնեց աջակցություն ունենալու դեպքում ներկայացումը շարունակել այն նույն տեղից, որտեղ կանգ են առել: Հանդիսատեսը հիացած էր ներկայացման ստեղծագործական նոր մտահղացումներով. «Վաղուց, շատ վաղուց այսպիսի վառ, թեթեւ ներկայացում չէինք տեսել: Երգիչներն ու երգչախումբը ազատ շարժվում էին բեմի վրա, երգում, պարում, նույնիսկ կատարում ակրոբատիկ համարներ»,-իր տպավորությունը հայտնեց հանդիսատեսներից մեկը: Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արվեստի անվանի գործիչներ, մտավորականներ: |