RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017



ԿԱՐԵՎՈՐ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2017-07-06 21:43:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 5205, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՀՈՒՇԵՐԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Թեքեյան մշակութային միության հրատակությամբ լույս է տեսել 19-20-րդ դարերի հայ ազգային, մշակութային կյանքի երեւելի գործիչներից մեկիՙ Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» ուշագրավ գիրքը: Բնագիրը հրատարակության է պատրաստել, առաջաբանը եւ ընդարձակ ծանոթագրությունները հեղինակել է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատուրյանը : Ձեռագրերը տրամադրել է Հայաստանի ազգային պաատկերասրահը: Բավական ժամանակ պահանջվել է խմբագրական աշխատանքների համար, մասնավորապես օտար եւ բարբառային բազմաթիվ բառերի, անունների ճշգրտման, ստուգաբանության, ծանոթագրումների աշխատանքները` համապատասխան բառարանների, ազգագրական նյութերի մասին գրականության պակասի, բավարար չլինելու պատճառով, որոշակի բարդություններ են առաջացրել:

Ժանրիՙ արդեն իսկ հետաքրքրական լինելուց բացի, հուշագրողի շարադրանքի ոճը, խոսքի շիտակությունն ու պարզությունը ընթերցումը դարձնում է գրավիչ եւ տպավորիչ: Տողերի միջով անցնում է պատմական կարեւոր ժամանակահատվածՙ խառը եւ բավական բարդ իրադարձությունների, որոնց մասին նման շարադրանքը ոչ միայն հետաքրքրական, նաեւՙ պատմական սկզբնաղբյուրային արժեք է ձեռք բերում:

Դժվար է ասել ազգային-քաղաքական գործչի՞, դիվանագետի ճկուն մտածողություն ունեցողի՞, թե՞ գեղանկարչի, գեղագետի ոգին է ավելի գերակշռողն այս էջերում. ինձ մոտ այն տպավորությունն էՙ թե առաջինը: Փանոս Թերլեմեզյանը նկարչության ասպարեզ մտել է բավական ուշ տարիքում, երբ արդեն երեսուն էր, եւ զարմանալի չէ, որ հենց սկզբից արվեստի նուրբ զգացողություններ է ի հայտ բերել: Բնության նկարագրությունները, որին դիպչում է նկարչիՙ գույներ ու ձեւեր փնտրող աչքը, եւ որտեղ բնության շարժերն ու պատկերները նրա խոհերի ու հույզերի, ապրումների հետ համահունչ են, հեռավոր հիշեցնում են Թաֆֆուն, սակայն շատ ավելի լակոնիկ, ավելի պատկերային, նկարչական են: Նրա դիտողունակ աչքը, մասնավորապես ճարտարապետության հանդեպՙ հայ թե օտար, բավական զննող եւ ուշադիր է, որոնցում մասնագիտական դիտարկումներ, վերլուծումներ, գնահատումներ կան: Որ հեղինակը օժտված է գրողական տաղանդովՙ անուրանալի է. խոսքը միայն բնության նկարագրություններին չի վերաբերում. որեւէ իրադարձությունՙ կյանքային որեւէ դրվագՙ անձնական թե հանրային, ուսանողական կյանք, բանտային ռեժիմ, ճամփորդություն, հանդիպումներ, ինքնապաշտպանական մարտեր, շարադրված են պատումի գեղարվեստական շնչով: Հուշագրությանը բնորոշ իր անձը ետնապլանում թողնելովՙ նրա միտքը ավելի շատ կենտրոնացած է ժամանակաշրջանի կարեւոր իրադարձությունների հիշատակումով, իրեն հանդիպած նշանավոր գործիչներիՙ թեկուզ մեկ - երկու տողով, սակայն տիպական բնութագրումներով: Այս բացառիկ կեսագրության մեջ բացվում է մեզ համար ամենաբարդ ու կնճռոտ պատմական ժամանակաշրջանիՙ համիդյան կառավարման տարիների եւ երիտթուրքական սարսափների միջով անցած արեւմտահայության մի հատվածի ներազգային, ներքաղաքական իրականության բազմաթիվ շերտեր: «Համոզվածՙ որ ականատեսի ու մասնակցի տված թեկուզ փոքրաթիվ փաստերը կարող են նյութ ընձեռել վաղվա պատմաբանինՙ մեր ապրած այն տարերային ոգեւորությանց եւ հետագա զարհուրելի աղետների մասին» ,- գրում է Թերլեմեզյանը:

Հեղինակի ոճը սեղմ է ու դիպուկ, ամենազգայուն վիճակներում անգամ նա չի տրվում զեղումային թելադրանքների: Նա սթափատես է, կարծես վաղօրոք զգում է կատարվելիքը, ավելի շուտ դիտողականությունն ու առողջ բանականությունն են իրատեսական դատումների պատճառը, ըստ որում բոլորՙ իր խոսքով ասած, վերլուծական նմուշներըՙ հակիրճ ու սահմանափակ, անխտիր հաստատակամ են ու համոզված: Միեւնույն մտքին հաճախակի կարելի է հանդիպել տարբեր առիթներով, մասնավորապես ազգային- քաղաքական, կուսակցական, հատկապես դաշնակցական գործիչների, ի վնաս ժողովրդի հայ դիվանագիտական մտքի անճարակության եւ կարճատեսությանՙ Արեւմուտք, Ռուսաստան ունեցած կողմնորոշում - պարապ հույսերի, հայ կամավորական ջոկատների կազմավորման եւ դրանց պատերազմական գործողությունների մեջ ներքաշման եւ նման շատ խնդիրների վերաբերող, որտեղ քննադատական, երբեմն էլ կոշտ խոսքեր են ասվում: Հաճախ այնպիսի տպավորություն է, թե ներկա իրականության մեջ է հեղինակը, կարծես ժամանակներ չեն անցել, կարծես ոչինչ չի փոխվել, եւ պատմության դասերը մնում են չսերտված...

Այս ֆոնի վրա բացառապես դրական, իմ տպավորությամբ, ներկայացվում են միայն Վանի ինքնապաշտպանական մարտերըՙ ժողովրդական ոգու, վանեցիների ազատ ապրելու, հերոսականության շունչն արտահայտող պատկերներ, մի քանի տողով հիշատակված պարզ մարդկանց անձնուրաց վարքի դրվագները Վանի բնակիչների նվիրումի, անկոտրում կամքի դրսեւորումներ են:

Հուշագրության սկիզբը մանկությունն էՙ անհրապույր օրերը տխուր ու աղքատիկ տան մեջ, նահապետական ընտանիքում ծնված նկարչի, որի նախնիները Մոկսից եկել ու բնակություն էին հաստատել Վանի Այգեստան արվարձանում: Մանկության ու պատանության շրջանը, ընտանիքը, գերդաստանը, մարդիկ, միջավայր, վարժարան- սպանդանոց, այս նկարագրությունները հիշատակված են այնպիսի ուշագրավ մանրամասներով, իսկ որոշ հատվածներ, ինչպեսՙ հոր մահը պատկերող, զարմանք առաջացնելու աստիճան անկեղծ են. սրանք հուշագրողի կերպարը բացահայտող հանգամանքներ են նաեւ: Ինչպես է նա նկարագրում դպրոց համարվածը, ծեծի ինչպիսի կատարելագործված մեթոդներ էին բանեցնում վարժապետները, ինչպիսի նոր հնարքներՙ ասես ավելի շատ ցավ պատճառելու մարմաջով տարված: «Նա պառկած տեղից նստում էր եւ ձեռքս բռնելովՙ վերցնում էր կողքին դրված սերկեւիլի թարմ ճիպոտը (ամեն առավոտ 8-ից 10 հատ բերում էին նրան), սկսում էր խելահեղորեն զարնել փափլիկ տեղերիս վրա: Ես կարկամում էի եւ աղիողորմ արտասվում: ...Երբ ֆալախկայի մեջ պրկվածՙ ոտքերս բարձրացրած էին օդի մեջ եւ միայն գլուխս ու վիզս տախտակին էր կպչում, վարժապետը գոռալովՙ «նզովից արմատ, ա՛ռ քեզ խաբել», եւ թաց սերկեւիլի ճիպոտն ուժգնությամբ իջավ մերկ ոտներիս տակերին: Ճիչս արցունքներիցս առաջ դուրս ժայթքեց, եւ ես գետնի վրա գալարվելով գրկում էի տնտեսի ցեխոտ սոլերը, որ օգնեն ինձ: Երբ ազատ արձակեցին, քայլել չկարողանալով, տնտեսը ինձ քարշ տվավ իմ տեղս, ուր հատակի վրա փլած կողբայի» :

Ավելի ուշ ներկայացնելով Պոլսի սահմանադրության եռուն շրջանին հաջորդած լուսավորչական շարժումըՙ արդյունքումՙ մի շարք դպրոցների բացումով, մասնավորապես անդրադառնում է Մկրտիչ Փորթուգալյանիՙ Վանում հիմնած Կենտրոնական դպրոցի մթնոլորտին, ուսուցիչ-աշակերտ ազատ փոխհարաբերություններին, դասավանդման մեթոդներինՙ համեմատության մեջՙ առաջինի դառը տպավորությունների հետ, նրա պատանեկան հոգին այնպիսի զարմանք ու խանդաղատանք է ապրում, որ վախվորած մոտենում է ուսուցչինՙ հարցնելու, թե արդյոք իրեն կընդունեն այնտեղ սովորելու:

Վանի բնակչությունը իր վարք ու բարքով, ավանդույթներովՙ հարսանեկան ծեսեր ու արարողություններ, պարի տեսակներ, երգեր, կենցաղ, սնունդ, նիստ ու կաց, կանանց ու տղամարդկանց հագ ու կապ, այս ամենի նկարագրությունները ազգագրական, բանահյուսական հարուստ տեղեկություններ են պարունակում: Վանի արդյունաբերությունըՙ գույնի ստացման մշակույթը, ինչպես էին օրինակՙ տերեւների ու կեղեւների մեջ երկաթի փտած կտորներ գցելով սեւ գույնը ստանում, ինչպես էր քաղաքակրթությունը աստիճանաբար մուտք գործում այդ հետամնաց միջավայրՙ լամպը, լուցկին, կարտոֆիլը, այս ամենը ամբողջական պատկերացում են տալիս այդ շրջանի մասին, քանի որ կյանքի գրեթե բոլոր շերտերն են ընդգրկված:

Հուշագրության բոլոր այն հատվածներում, որոնցում հիշատակված են հայ ազգային, կուսակցական-քաղաքական կյանքի հանգամանքներ, ներկուսակցական ու միջկուսակցական խնդիրներ, ազատագրական շարժման ձեւավորումը, Արմենական կուսակցության իր անդամակցումը, ակտիվ աշխատանքը նրա ղեկավար կազմում, հեղափոխական գործի զարգացումները, երիտասարդների գաղափարական պայքարըՙ ուղղված կարծես միջնադարյան խավարի մեջ ընկղմված հայ ազգաբնակչության գիտակցական զարթոնքին ու ինքնակառավարմանը, կարեւոր բացահայտումներ ու դիտարկումներ են արված - ինչպես հեղինակն է նշում` ապագա պատմաբանների համար արժանահավատ տեղեկություններ պարունակող, որ ընթերցողի համար նույնպես հետաքրքրական եւ կարեւոր իրազեկումներ են:

Թերլեմեզյանի բազմաթիվ ճամփորդությունները հարուստ են ժամանակիՙ մշակութային, հոգեւոր, քաղաքական հայ եւ օտար գործիչների հետ հանդիպումներով: Այս շարքում առանձնակի հետաքրքրական են Կոմիտասին նվիրված էջերը, ում հետ վաղեմի մտերմություն է ունեցել նկարիչը: Այն տունը, որտեղ նրանք մի որոշ ժամանակ միասին ապրել են Պոլսում, դարձել էր մշակութային օջախ տարբեր ազգերի մտավորականների համար: Թերլեմեզյանը պատմում է. «Հույն գիտնականներ կային, որոնք գալիս էին Կոմիտասի հետ խորհրդակցելու եկեղեցական խազերի ծագման մասին: Թյուրքեր կային, որոնք գալիս էին խորհրդակցելու Պոլսում երաժշտանոց եւ օպերա ստեղծելու մասին եւ այլն, եւ այլն»: Կոմիտասը ներկայացվում է չափազանց զվարթ բնավորությամբ եւ չափազանց աշխատասեր: Ուշագրավ մի դրվագ ներկայացնում է նկարչի գործերը տեսնելու առիթով կայսեր արարողապետի այցելությունը: Երբ Թերլեմեզյանի առաջարկով հանդիպում է Կոմիտասին, Շուբերտի ստեղծագործություններից մեկի կատարումը լսելուց հետո թուրք պաշտոնյան ասում է. «Sapristi! Ութ հարյուր տարվա պետություն ենք եւ ցարդ այդպիսի մի արվեստի եւ արվեստագետների տաճար չունեցանք» :

Այս ընթացքների, ծավալումների մեջ առանձնանում են Թերլեմեզյանի կյանքի այն տարիները, երբ որոշում է կայացնում նկարչություն սովորելՙ որքան էլ Խրիմյան կաթողիկոսի հանդիմանանքին, թեՙ «Ծո, ապո՛ւշ, նկարչությունը պատանեկությունից են սկսում, դու երեսուննոց մարդ, եւ հետո, հրացան եւ մատիտ իրար հետ ի՞նչ կապ ունեն: Ընկերներ ունես, գործ ունես» : Մեկնում է Թիֆլիս, սովորում գրաշարություն: Դեպի Վան, Սալմաստ ուղեւորությունից հետո կրկին վերադառնում Թիֆլիս, մի կարճ ժամանակ իբրեւ թերթի ցրիչ է աշխատում «Մշակ»-ում: Թիֆլիսյան շրջանում կարեւոր է եղել հանդիպումը Գեւորգ Բաշինջաղյանի հետ: Նկարչության հանդեպ սերը նրան տանում է Պետերբուրգ, որտեղ շատ աղքատիկ ապրուստով մի կերպ գոյատեւում է, նկարչության դասեր առնում, ուսումնասիրում, պրպտում: Այս շրջանի ռուսական մայրաքաղաքի նկարչական միջավայրի մասին բավական տեղեկություններ կան: Մի միջադեպ սակայն խախտում է կյանքի բնականոն ընթացքը: Խառը ժամանակներ էինՙ հույն-թուրքական կռիվների. թյուրըմբռնման պատճառով նրան ձերբակալում են: Ռեւելի բանտում անցկացրած յուրաքանչյուր օրը նա իմաստավորում է, կարդում է, նկարում է, այստեղ է ստեղծում իր ամենատպավորիչ ինքնանկարը: Նրան տեղափոխում են Թիֆլիսՙ Մետեխ, հետո Երեւանի բանտ: Սոսկալի դաժան պայմանների, անհավանական պատահարների միջով խիզախաբար է անցնում նրա անկոտրում ոգին, բացահայտելով տոկուն, կամային մարդուն բնորոշ նկարագիր:

Ուսման փարիզյան շրջանը- ի դեպՙ նույն Խրիմյան Հայրիկն է 4 տարի հայթայթել Փարիզում սովորելու կրթաթոշակը- միանգամայն տարբեր գույներով է նկարագրվածՙ թեթեւ, լուսավոր: Ինչպես յուրաքանչյուր նկարչին, նրան նույնպես արվեստի այս հզոր մկրտարանը շատ բան է սովորեցրել, շատ բան է տվել, ինչպես ինքն է գրումՙ «ավանդական հեղափոխությանց օրրանը, կուլտուրայի կենտրոնը եւ «քաղաքակրթության սիրտը»: Փարիզի Ժյուլիան ակադեմին, առաջին ուսուցիչներըՙ ֆրանսիացի հայտնի վարպետներըՙ Ժան - Պոլ Լորանս, Բենժամին Կոնստան, առաջին ցուցադրություններն ու հաջողությունները, փարիզյան կյանքն ու կենցաղը, միջավայրն ու մթնոլորտը ունեցել են մեծ ազդեցություն, կրթել, հասունացրել գեղարվեստական միտք ու մտածողություն: Դա մենք տեսնում ենք արվեստին նվիրված նրա մի քանի սեղմ, բայց բովանդակալից էջերում: Շատ կենդանի ու անմիջական է նկարագրում Փարիզն իր թանգարաններով, թատրոններով, Պանթեոնով, սրճարաններով ու բուլվարներով: Կարծում եմՙ կարեւոր են նաեւ նկարչական գործերի մասին պարբերաբար հիշատակումները, դրանց ստեղծման առիթները, գտնվելու վայրերը, գնորդների կամ պատվիրատուների ով լինելը: Գրքում զետեղված են գրաֆիկական եւ յուղաներկ այդ գործերի զգալի մասի իլյուստրացիաներ:

Հուշագրության երկրորդ մասըՙ փոքր, բայց կարեւոր հատված է, մինչեւ 1915 թվականը. առաջին համաշխարհային պատերազմ, Թուրքիայի ներքաշումը դրա մեջ, հայ կամավորական շարժումը, դրանց ստեղծման շարժառիթները, իր վերաբերմունքն այդ ամենին, մոտակա սոսկալի արհավիրքի նախազգացումներ, արդեն իսկ դրա բացահայտ գործողություններ, եւ վերջապեսՙ Վանի դյուցազնամարտը, որի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից է եղելՙ Զինվորական խորհրդի նախագահ եւ Արմենականների օրերից իր զինակից ընկերոջՙ Արմենակ Եկարյանի հետ, մանրամասն ու ճշգրտորեն նկարագրված, վիպական տարրերով հագեցված:

1939-41- ին, ծանր հիվանդությունից հետո, երբ ձեռքերի դողը զրկում է նկարչին սիրելի եւ կյանքը իմաստավորող աշխատանքից, նա կորցնում է նկարելու կարողությունը, միակ սփոփանքը միայնության այդ տարիների, դառնում է հուշագրությունը:

Ցարդ անտիպ նրա այդ ձեռագրերըՙ ԹՄՄ հրատարակության շնորհիվ, արխիվային ընթերցման սահմանափակումից անցան հանրայինի, ինչպես գրքի առաջաբանում է գրված, դրանք ընծայվեցին ընթերցողին: Իսկապես ընծայվեցին, որովհետեւ արժեքավոր են ոչ միայն փաստական, վավերական առումով, նաեւ, վստահաբար, գրական այս ժանրի լավագույն նմուշներից են:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ