RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4271, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Նաիր ՅԱՆ

Ստուգայցՙ Դսեղ

Լոռվա Դսեղ գյուղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը միայն մայիս-հոկտեմբեր ամիսներին 10-11 հազար այցելու է ունենում: Շատ են Սփյուռքից եկած հայերը, ինչպես նաեւ օտարազգի զբոսաշրջիկները: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն այստեղ տոնի է վերածվում. հատկապես դպրոցականներն ու ուսանողները կարծես ուխտագնացության եկած լինեն: Զբոսաշրջիկները մեծ մասամբ այցելում են Հաղպատ, Սանահին, այնտեղից էլ գալիս Դսեղ: Թումանյանի գյուղական տունը, նրա օրորոցը, հողե հատակով այն սենյակը, որտեղ ծնվել է բանաստեղծն ու անց կացրել իր մանկությունը, կահ-կարասին, գորգերն ու կարպետները, գեղջկական կենցաղային իրերն ու սարքերը, հագուստներն ու սպասքը պահպանվել են նույնությամբ ու նույնությամբ էլ հաղորդում են թումանյանական մթնոլորտը, անգամ բույրերն ու համերը:

Սակայն արդեն մեկ տարի Թումանյանի տան այցելուներն ու հյուրերը պակասել են: Պատճառը Լոռվա ճանապարհների շինարարությունն է. շատ հատվածներ ուղղակի անանցանելի են, հատկապես տեղանքին անծանոթ ճանապարհորդները մոլորվում են ու Դսեղի փոխարեն այլ տեղ գնում: Թանգարանի տնօրենը պատմեց, որ այցելուներից շատերը կես ճանապարհից հաճախ հետ են դարձել, որովհետեւ Դսեղ հասնելն ուղղակի անհնար է եղել: Իսկ այդ ընթացքում բանաստեղծի տունը եւս շինարարական գործընթացի մեջ է եղել, որը դեռ շարունակվում է: Ձմռանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նկատեց, որ Թումանյանի տուն-թանգարանը զբոսաշրջիկների, այցելուների համար ավելի գրավիչ, հետաքրքրական դարձնելու անհրաժեշտություն կա: Հարկ է, որ բանաստեղծի օջախում մարդիկ հարմարավետություն զգան, հարազատ ու ջերմ միջավայրի զգացողությունները տանեն իրենց հետ ու ցանկանան էլի ու էլի վերադառնալ Դսեղ: Իսկ դրա համար նախ գաղափարներ, հետո նաեւ գումարներ են պետք:

«Դեռ անցյալ տարիՙ թումանյանական օրերին, թանգարանի ղեկավարության հետ խորհրդակցեցինք ու հասկացանք, որ լուրջ խնդիրներ ունենք: Ենթակառուցվածքների, այդ թվումՙ սանհանգույցի բացակայությունն այցելուներին հնարավորություն չի տալիս ավելի երկար ժամանակ անցկացնել Թումանյանի հարկի տակ: Դեկտեմբերին ջութակահար, բարերար Աշոտ Տիգրանյանի հետ օդանավով մեկնում էի Փարիզ, սկսեցինք զրուցել մշակութային խնդիրներից, այդ թվումՙ Թումանյանի տուն-թանգարանի անելիքներից: Աշոտ Տիգրանյանը հոժարակամ հանձն առավ օգնել ու իր անձնական միջոցներից գումար տրամադրելՙ Ամենայն հայոց բանաստեղծի տունը կարգի բերելու համար: Որոշվեց Թումանյանի հայրական տանը կից հանգստի ու հուշանվերների սրահներ, ինչպես նաեւ սանհանգույց կառուցել»,- Թումանյանի հարկի տակ հյուրընկալվելովՙ պատմեց Արմեն Ամիրյանը:

Թումանյանի տուն-թանգարանին կից նոր շենքի շինարարությունը սկսվել է. բարերար Աշոտ Տիգրանյանը ներդրել է 8 միլիոն դրամ: Աշխատանքները մինչեւ աշուն կավարտվեն, ու թումանյանական օրերը կանցկացվեն ավելի բարենպաստ ու քաղաքակիրթ պայմաններում: Իհարկե, թանգարանի հատկապես սանհանգույցը կխփի Թումանյանի դրկիցի բիզնեսին, որը փայտե մի փոքրիկ շինության վրա փակցրել էՙ «Զուգարանՙ 100 դրամ» ու այսքան ժամանակ գումարի դիմաց այցելուներին է տրամադրել իր գյուղական արտաքնոցը:

Թանգարանը ենթակառուցվածքներով համալրելու նախագծից բացի, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդյան 150 ամյակին ընդառաջ անց է կացվում քանդակների սիմպոզիում: Նախապես քանդակների մրցույթ է հայտարարվել, ընտրվել են երիտասարդ քանդակագործների լավագույն էսքիզները: Նախարարությունը Թումանյանի տուն-թանգարանի հարակից հրապարակում երկու խմ. տրամագծով տուֆի բեկորներ է տեղադրել, որոնք նախորդ ամսվանից սկսածՙ վերածվում են քանդակների: Քանդակագործները Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ են, որոնց մեծ մասի առաջին մեծածավալ աշխատանքները հենց թումանյանական քանդակներն են: Երիտասարդ արվեստագետներն ընտրել են թումանյանական թեմաներՙ պոեմների, հեքիաթների, պատմվածքների հերոսների կերպարներ: Առավոտը Դսեղում բացվում է նրանց մուրճերի զրնգոցով: Ամենկրտսեր քանդակագործը 17-ամյա Հովհաննես Բաղդասարյանն է, որն ընտրել է «Շունն ու կատուն»: Ընդհանրապես ընտրվել են երիտասարդ քանդակագործներ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Արցախցի Մուշեղ Մուսայելյանի նախընտրած թեման Անուշի ու Սարոյի սիրո պատմությունն է: Քանդակվող կերպարների մեջ ակնհայտորեն Անուշն է գերիշխում: Խուլ ու համր քանդակագործ Անդրանիկ Բալաբանյանը քանդակում է ժայռից նետվող Անուշին: Իր քանդակի պատմությունն ու մոտիվները նա գրել է մի թղթի վրա, որպեսզի մինչեւ աշխատանքի պատրաստ լինելը, հետաքրքրվողներին բացատրի, թե ում է քանդակում ինքը: Քանդակների բացօթյա արվեստանոցում աշխատում է նաեւ Մարիամ Խաչատրյանը : Էլեկտրական սղոցով, մուրճ ու բրիչով աղջկա դեմքն ամբողջությամբ տուֆի փոշով է ծածկված: Նա քանդակում է սեւուկ ուլիկների մորը: Գիքոր, «Թմկաբերդի առումը» պոեմի աշուղ, Անուշ ու Սարո, շուն ու կատու. թումանյանական կերպարները ոգեշնչել են քանդակագործներին. նրանց կերտելու համար երիտասարդները մեկ ամսից ավելի ապրում ու աշխատում են Դսեղում: Պատրաստի քանդակները կզարդարեն այն ճանապարհը, որը տանում է դեպի Թումանյանի տուն-թանգարանը:

Թումանյանի հյուրերը կհիշեն, թե ինչ փարթամ ծառերով այգի ուներ տունը: 2015-ին ծառերից մեկը շուռ էր եկել ուղիղ թանգարանի վրա: Ու դա միակ դեպքը չէր. քամիները հաճախ են շրջում ու ջարդում այգու ծերացած ու փտած ծառերը. համենայն դեպս, մասնագիտական հետազոտությունն է այդպես ցույց տվել, որ Թումանյանի տան առջեւի եղեւնիներն ու մյուս ծառերը վտանգավոր են: Դրանք այնքան էին մեծացել, որ արմատներով բարձրացրել էին նունիսկ բանաստեղծի տունը, շրջապատի հսկա քարերը: Ծառերի թանձր ստվերից տունը զրկվելիս է եղել արեւի լույսից ու սկսել է բորբոսնել: Մի խոսքովՙ այլ ելք չթողնելովՙ ծառերը հատվել են, սակայն որոշվել է դրանց կոճղերը ծառայեցնել արվեստին: Երիտասարդ քանդակագործները կոճղերը վերածել են թումանյանական հեքիաթների սիրված եւ հայտնի կերպարների: Կտրված ծառերի փոխարեն աշնանը նոր շիվեր կտնկվեն:

Ամենայն հայոց բանաստեղծի Դսեղի տունը տանտիրոջ 150 ամյակը կտոնի ավելի ակնահաճո ու նոր միջավայրում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ