ՊՈԼՍԻ ՄԱՍԻՆՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Ս.Ն.ՎԱՐԴԱՆՅԱՆ, Նյու Յորք Լեւոն Լաճիկյանի 15-րդ անհատական ցուցահանդեսը Կարծեմ շատ չեն այն արվեստագետները, ովքեր հավասարապես իրենց դրսեւորում են արվեստի մի քանի բնագավառներում: Նրանցից մեկն է գեղագետ, արվեստաբան, լրագրող եւ գծանկարիչ, 90-ականների «Ազգ» թերթի մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանը: Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչությունՙ վերջին տարիներին նա ստեղծում է քաղաքային բնապատկերների շարքեր, որոնք աչքի են ընկնում գծի տպավորիչ նրբությամբ եւ պատկերվող տեսարանների հանդեպ հեղինակային ուրույն մոտեցումներով: Հիշարժան էր Նյու Յորքում 2011-ի դեկտեմբերին կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսը, որի հովանավորն էր տեղի Պոլսահայ օգնության միությունը (CARS): Այն կոչվում էր «Հայկական աշխարհ» եւ ներկայացնում էր տեսարաններ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայաշունչ ու հայադրոշմ քաղաքներիցՙ Վենետիկ, Ամստերդամ, Փարիզ եւ այլն: «Այնժամ ես նկատեցի, որ բացակայում է Պոլիսը, առանց որի անպատկերացնելի է հայկական աշխարհը»,- պատմում է Լեւոն Լաճիկյանը եւ բացատրում, որ վերջին 5 տարիներին ինքը մի քանի անգամ այցելել է Ստամբուլ, տեղում ծանոթացել հայկական հիշատակներին եւ իր գրություններում ու գծանկարներում վերստեղծել պատմական Պոլիսի կերպարը: Այն առաջին անգամ ցուցադրվեց Պոլսին մերձակա Գնալը հայահոծ կղզումՙ արձանագրելով մեծ հաջողություն հայ եւ ոչ միայն հայ արվեստասերների շրջանում: Այնուհետեւ պոլիսյան շարքը Լեւոն Լաճիկյանը ներկայացրել է Երեւանումՙ նվիրելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Վերջին ցուցադրությունը, որ կոչվում էր «Պոլիս եւ անդին», կայացավ Մեծն Նյու Յորքի տարածաշրջանումՙ Լիվինգսթոնի Սբ. Աստվածածին հայաստանեայց եկեղեցու «Թուֆայան» սրահումՙ նախաձեռնությամբ ու կազմակերպությամբ Արազ եւ Գասպարյան ընտանիքների: Ներկայացված շուրջ 40 գծանկարները ցոլացնում էին Պոլսի հայտնի ու անհայտ անկյուններըՙ պատկերացում տալով Բոսֆորի ափերին փռված այդ գեղատեսիլ քաղաքի պատմական դիմագծի մասին: Ուշագրավն այն էր, որ ցուցահանդեսին զուգահեռ Լեւոն Լաճիկյանը հանդես եկավ դասախոսությամբՙ «Պոլսո դերը հայոց մշակույթի պատմության մեջ» թեմայով: Այդտեղ ամփոփ ներկայացվեց պոլսահայության բազմադարյա պատմությունըՙ ընդգծելով, որ դասական առումով պոլսահայերը սփյուռքահայեր չեն: Ավելինՙ հայ Պոլիսն այսօր ինքն ունի իր սփյուռքն աշխարհի շատուշատ երկրներում: Այդ քաղաքում հայերս բնականաբար ավելի հին ներկայություն ունենք, քան իրենքՙ թուրքերը: Ընդ որում, մեր ներկայությունն արդյունավորվել է մշակութային նշանակալի ձեռքբերումներովՙ արվեստի տարբեր մարզերումՙ ճարտարապետություն, տպագրություն, երաժշտություն, կերպարվեստ, գրականություն եւ այլն: «18-րդ դարից սկսյալ Պոլիսը դարձավ հայոց մշակութային մայրաքաղաքՙ իր երկնակամարի տակ հյուրընկալելով Մխիթար Սեբաստացուն եւ Պաղտասար Դպիրին, ապա ծնունդ տալով Պետրոս Դուրյանին եւ Հակոբ Պարոնյանին, արեւմտահայ նշանավոր գրողներին ու բանաստեղծներին: Պալյան գերդաստանի 5 սերունդներ երկու դար շարունակ Պոլիսը վերածեցին արեւմտյան տիպի քաղաքիՙ եվրոպականացնելով տեղի ճարտարապետությունը» : Բանախոսը զուգահեռներ անցկացրեց անցյալի ու ներկա Պոլիսների միջեւ: Ըստ նրա, բարեբախտաբար մերօրյա սփյուռքի հայ գրամշակութային կյանքի վերադարձ ու վերահաստատում է նկատվում այս հինավուրց քաղաքումՙ շնորհիվ Զահրատի, Զարեհ Խրախունու, Ռոպեր Հատտեճյանի եւ մյուս երեւելի հայ արվեստագետների: Լեւոն Լաճիկյանը ներկաներին ծանոթացրեց նաեւ պոլսահայության առջեւ կանգնած խնդիրներին ու մարտահրավերներին: Գերագույնը թերեւս անցյալի ազգային-պատմական վիթխարի ժառանգությանը տեր կանգնելն է, շարունակականություն ապահովելը: Բանն այն է, որ եթե մեկ դար առաջ Պոլսում ապրել է 600 հազար բնակիչ, որի զգալի մասը եղել են հայեր, ապա ներկա մեգապոլիսի բնակչության թիվն արդեն հասել է 18մլն-ի, որից ընդամենը 50 հազարն են մեր հայրենակիցները: Ըստ բանախոսի, «Երբեք պետք չէ մոռանալ, որ 100 եւ ավելի տարիներ պոլսահայությունն ապրել եւ ապրում է 1915-ի դառը հիշողությամբ եւ դրան հաջորդած, պարբերաբար կրկնվող քաղաքական ու տնտեսական ահաբեկումների ու ճնշումների մթնոլորտում: Այստեղից էլՙ վախ, զգուշավորություն եւ այլն» : Այնուամենայնիվ, հայ համայնքի կենսունակության մասին է խոսում թեկուզ հայ մամուլըՙ իր «Ժամանակ», «Մարմարա», «Ակօս», «Լոյս» թերթերով եւ «Փարոս» մշակութային ամսագրով: Դասախոսություն-ցուցահանդեսին ներկա արվեստասերները մինչեւ ուշ գիշեր վայելեցին հայրենի արվեստագետի ներկայությունը եւ նրա անմիջական մասնակցությամբ ստեղծված պոլսական մթնոլորտը: Ավելացնենք, որ նկարների վաճառքից գոյացած հասույթի մի մասը փոխանցվեց Գյումրու կարիքավոր ընտանիքներին: Նկար 2. «Թուֆայան» սրահ Նկար 3. Պոլսո Հայոց պատրիարքարան Նկար 4. Ստամբուլ. Ղալաթիո աշտարակը |