RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-08-31 21:03:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 6282, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱ ԻՐ ԴՐՈՇՄՆ Է ԴՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանաստեղծ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ - Դիմանկարի փորձ հոբելյանի առթիվ

Արվեստագետը նա է, ով իր հետքն է թողնում ժամանակի մեջ: Բայց առավել երջանիկ է նա, ով իր դրոշմն է դնում իր ապրած ժամանակի վրա:

Տարբերությունն այս երկուսի միջեւ էական է. վերջինն էլ առաջինի պես օժտված է Աստծուց, բայց ավելի առատորեն, բազմակողմանի ու անսպառ, եւ եթե առաջինի թողած հետքը մշտահոս ժամանակի հետ կարող է խամրել կամ, նույնիսկ, ջնջվել, ապա երկրորդի ներկայությունն իր ժամանակի մեջ մնալու է անջնջելի, քանզի նա եղել է իր ժամանակաշրջանի հոգեւոր կառույցի շինարարներից մեկը:

Այսօր, ավելի քան քառասուն տարի անց, երբ ամփոփում ենք 60-80-ականների մշակութային վերելքը` ապա այդ տարիներին ասպարեզ մտած հայ գեղանկարիչների, կոմպոզիտորների, կինո եւ թատերական բեմադրիչների, «Գարուն» ամսագրի եւ նրա բանաստեղծների հզոր խմբակի կողքին անպայման պիտի դնենք հենց այդ ժամանակաշրջանի ծնունդ Երեւանի Դրամատիկական թատրոնը` դերասանական իր նոր անուններով, որոնց մեջ իր տաղանդով եւ յուրահատուկ հմայքով առանձնանում էր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ: Նա իր արվեստով, արտիստի, մտավորականի եւ քաղաքացու իր տեսակով լավագույնս արտահայտեց եւ նույնիսկ խորհրդանշեց իր ժամանակը:

Կարոտով հիշենք ազգային, մշակութային, մտավոր եւ հոգեւոր վերելքի այդ տարիները, երբ ամեն ինչում ձգտում էինք լավից դեպի լավագույնը, երբ գնալով ավելի պահանջկոտ էինք դառնում, խստացնում չափանիշները, բարձրացնում նշաձողը եւ ձգտում բարոյականի ու գեղեցիկի առավել բարձր իդեալներին եւ, չնայած «երկաթե վարագույրին», պատրաստ էինք դուրս գալ միջազգային ասպարեզ ու մրցել աշխարհի լավագույնների հետ: Եվ Անահիտ Թոփչյանը եղավ մեկը նրանցից, ովքեր ապացուցեցին, որ այդ ժամանակաշրջանի հայ մշակույթն իրոք հասել է բարձր` միջազգային մակարդակի:

Ես կարող եմ թվարկել բազմալեզու մամուլի մի քանի տասնյակ հրապարակումները, որոնցում շռայլ գնահատություններ են տրվում Անահիտի արվեստին, որակում նրան որպես «Grande actrice», այսինքնՙ «Մեծ դերասանուհի», սակայն հանուն տեղի խնայողության կբավարարվեմ ընդամենը երկու, բայց առավել քան արժեքավոր վկայությամբ:

1987թ. աշնանը Երեւան էր եկել ամերիկահայ նշանավոր արձակագիր Հակոբ Կարապենցը եւ դիտել Անահիտի լավագույն դերակատարումները Դրամատիկական թատրոնի բեմում: Հիշում եմ, թե ինչպիսի հիացմունքով էր խոսում նրա մասին: Նրբաճաշակ գրողը հատկապես ընդգծեց, որ Անահիտն իր տաղանդով, իր գեղեցկությամբ եւ բեմական վարպետությամբ բնավ չի զիջում թատերական Նյու Յորքի առաջին մեծության աստղերին: Կարապենցին հատկապես հիացրել էր Գերտրուդի դերակատարումը «Համլետ»-ում: «Մի ներքին, բնածին ազնվականություն կա Անահիտի մեջ, հավատում ես, որ քո առջեւ իսկապես թագուհի է»,- ասում էր նա:

Եվ այս կարծիքը` Հայաստանից. «Ես դարձա Անահիտ Թոփչյանի ստեղծագործության հետեւողը, որովհետեւ նրան համարում եմ հայ բեմի, ինչպես նաեւ կինոյի հմայիչ դերասանուհի: Հիացած եմ նրա գեղեցկությամբ եւ կնոջ ներաշխարհը բեմում ներկայացնելու ձիրքով: Առանց չափազանցության կարող եմ համեմատել նրան հոլիվուդյան աստղ Մերիլ Ստրիպի հետ: Միայն թե Անահիտը ժամանակին Հոլիվուդ չի ընկել» ( Աէլիտա Դոլուխանյան , «Ազգ» , 7 նոյեմբերի 2008թ.):

Այո, ցանկալի կլիներ, որ «Երկաթի վարագույրը» չխանգարեր Անահիտին «ընկնելու» նաեւ Հոլիվուդ, բայց մի՞թե Հայաստանում, Սփյուռքում եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում կատարած նրա հսկայածավալ աշխատանքը բավական չէ, որպեսզի արժանին մատուցենք նրան: Ի դեպ, նշենք, որ Անահիտը միակն էր մեր դերասանուհիներից, որ պարբերաբար նկարահանվեց միութենական մի շարք կինոստուդիաներում («Մոսֆիլմ», «Մ.Գորկու անվ.», «Ա.Դովժենկոյի անվ.», «Տաջիկֆիլմ»)` հաջողությամբ մարմնավորելով օտար կանանց կերպարներ:

Ես, որ առանձնաշնորհյալ վկան եմ եղել նրա ստեղծագործական կայացման` առաջին քայլերից մինչեւ այսօր, տեսել եմ, թե ինչպես կարճ ժամանակի ընթացքում Անահիտը դերից դեր կարողացավ ստեղծել դերասանուհու մի տիպար, որն, անկախ խաղացված կերպարից, բեմական իր փայլուն արտաքինով, մարմնավորում էր գեղեցիկ, զգայուն, մտավոր եւ հոգեկան հարուստ ներքինով օժտված կանանց:

Շատ է գրվել ու խոսվել Անահիտի գեղեցկության մասին, սակայն պետք է զանազանել կյանքի գեղեցկությունը, կամ, ինչպես սփյուռքահայ արվեստաբան Մովսես Հերկելյանն էր գրում` «Անահիտի երկնապարգեւ գեղեցկությունը» («Ազդակ», Բեյրութ, 15 օգոստոսի 2005թ) բեմական, կերպարային գեղեցկությունից: Կյանքի գեղեցկությունը բնությունից ստացածն է, իսկ բեմական գեղեցկությունը տաղանդի նշան է: Եվ հետո, Անահիտի գեղեցկությունը լի է բովանդակությամբ: Դա իմաստավորված գեղեցկությունն է` վսեմ արվեստի արտահայտություն:

Այս հարցում նա անմրցելի է իր գործընկերների մեջ: Եվ ոչ միայն: Լինելով Անահիտի եւ նրա ամուսնու` Ալեքսանդր Թոփչյանի հինավուրց ընկերը, համախոհն ու գաղափարակիցը, կարող եմ վկայել, թե նա ինչպիսի խորը գիտելիքներ ունի համաշխարհային արվեստի եւ մշակույթի ասպարեզում, եւ ինչպիսի՜ վերլուծող միտք:

Մեզանում վաղուց հաստատված` կիսագրագետ, գավառամիտ մտավորականի կերպարը փայփայող ու երբեք չնվազող մի խումբ կասի, թե դերասանի համար բնավ պարտադիր չէ այդքան «խելոք» լինել, բավական է, որ նա բնական լինի, թեկուզ տխմարավուն, բայց ռուսսոյական վայրենու պես բնական, նույնիսկ չմտածող... Ինչո՞ւ չէ, այսօր, նեոաշուղիզմի այս տխուր ժամանակներում, արվեստի եւ գրականության մեջ մտածողներ պետք չեն...

Սակայն ես միշտ զարմացել եմ, թե Անահիտն ինչպես է կարողանում ինտուիտիվ զգայականը համերաշխել տրամաբանված բանականի հետ: Նրա յուրաքանչյուր դերի թիկունքին մտավոր լուրջ նախապատրաստում կա, որը չի երեւում բեմում, եւ այն ինչ նա զգում է հոգով ու սրտով, հաստատում է մտքով ու անթերի տրամաբանությամբ: Բավական է դիտել նրա Ելենա Անդրեեւնան` Չեխովի «Քեռի Վանյա» հեռուստաներկայացման մեջ, համոզվելու համար, թե Անահիտը հույզերի եւ հակասական զգացմունքների ինչպիսի հարստություն է մատուցում, եւ, հակառակը, ինչպիսի՜ կուռ տրամաբանությամբ է կառուցում Սպարտացի Հեղինեի կերպարը Ժան Ժիրոդուի «Տրոյական պատերազմը չի լինի» հեռուստաներկայացման մեջ: Իսկ նրա Վասիլիսան «Հատակում» ֆիլմում դառնագին զգացմունքների եւ դաժան տրամաբանության մի դրամատիկ խառնուրդ է:

Վայրկենական անցումները մի վիճակից, մի զգացմունքից մյուսը նկատել է ռուս նշանավոր թատերագետ Օլգա Կուչկինան . «Համլետի երկխոսությունը մոր հետ ներկայացման գագաթնային, լավագույն տեսարանն է: Մարում է լույսն ամբողջովին եւ ընդամենը մի շող է լուսավորում Թագուհու` Անահիտ Թոփչյանի սքանչելի դեմքը, որի վրա զարհուրելի փոփոխություն է տեղի ունենում: Հաղթանակող, անձն ամբողջությամբ համակող ինքնավստահությունից դեպի սոսկումը եւ դեպի այնպիսի դաժան ցավը, որ իսկապես. «Դու ուղղում ես իմ աչքերը հոգուս խորքը, // Եվ տեսնում եմ այնտեղ մի սեւ դատարկություն...» («Կոմսոմոլսկայա պրավդա», Մոսկվա, 15.04.1981թ.):

Անահիտի հուզական եւ մտավոր հարստության լավագույն վկայությունն է թերեւս այն, որ նա ոչ մի դերում չի կրկնվում: Ես բախտ եմ ունեցել դիտելու նրա գրեթե բոլոր` մոտ հարյո՜ւր դերակատարումները, եւ չեմ հիշում, որ դրանցից որեւէ մեկն ինչ-որ բանով հիշեցներ նախորդները: Ամեն անգամ նա մեզ ներկայանում է նորովի ու անկրկնելի` համոզելով, որ իր ստեղծագործական պաշարներն անսպառ են:

Նրա տաղանդն օժտված է մոգական ուժով, հանդիսատեսին հիպնոսացնելու կարողությամբ: Նա ունեցել է բազմաթիվ դերակատարումներ, որոնք մնացել են մեր հիշողության մեջ եւ իրավամբ կարող են մեր թատրոնի եւ կինոյի պատմության նվաճումներ համարվել: Ափսո՜ս, որ ոմանց հանցավոր անհոգության պատճառով, տեխնիկայի մեր դարում, դրանց մի մասը չպահպանվեց ժապավենի վրա: Ես մասնավորապես նկատի ունեմ Անահիտի Կլեմենտինը («Մոռանալ Հերոստրատին»), Գերտրուդը («Համլետ») եւ Էլեոնորա Դյուրոկը («Մսյո Ամիլկար»):

Չեմ կարող այստեղ չխոսել հրեշավոր մի երեւույթի մասին. ես ցավով իմացա, որ հայկական հեռուստաթատրոնում խաղացած Անահիտի շուրջ երեսուն դերակատարումներից պահպանվել են մոտ տասը, մնացածը ջնջվել է... Իսկապես որ անհետացում:

Այսպես վերնագրեց Անահիտն իր գրքերից մեկը, իր լավագույն վեպը, որը լույս տեսավ 2010թ. եւ դարձավ յուրատեսակ հանրագումարը Փարիզում անցկացրած նրա քսան տարիների:

1990թ. Անահիտը հայտնվեց Փարիզում:

Տեղափոխությունը երկրից երկիր դաժան փորձություն է արվեստագետի համար, մանավանդ եթե նրա արվեստի հիմքը լեզուն է: Սա մի մարտահրավեր է, որից շատ քչերն են կարողացել հաղթող դուրս գալ: Առանց վարանելու կարող ենք ասել, որ Անահիտն այդ քչերից մեկն է:

Ինձ զարմացնում է նրա բեմական բուռն գործունեությունը. ավելի քան հիսուն ներկայացում Ամերիկայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի քսան քաղաքներում: Դա դժվար է, գրեթե անհնարին` Սփյուռքում այդքան հաճախ խաղալ ներկայացումներ, որոնք կառուցված են բացառապես խոսքի եւ դերասանի հմայքի վրա, մի Սփյուռք, ուր այսօր սկսել ենք հաճախակի լսել այն մասին, թե «ձեր հայերենը չենք հասկնար», որտեղ հանդիսատեսին փչացրել են էժան հումորի վրա կառուցված ներկայացումներով, մինչդեռ Անահիտը մենակ, բեմական նվազագույն աքսեսուարներով լրջագույն եւ դրամատիկ տեքստեր էր մատուցում լեփլեցուն սրահներին: Նրա մենաներկայացումները հայրենասիրական բացառիկ խանդավառություն առաջացրին Սփյուռքում:

Փարիզում նրան համարեցին «Հայաստանի դերասանուհիներու թագուհին» (1) ( Վ.Նավասարդյան , «Յառաջ», Փարիզ, 30 հունիս, 1990թ.), իսկ Բեյրութում` «Դերասանուհիներու թագուհին եւ դեսպանուհին» (Մ.Գազանճեան, Լիբանան, «Նոր կեանք», 1993թ.): «Պէտք է զինք ունկնդրել հոգիով, բայց նաեւ ու անպայման հետեւելով իր նայուածքի լույսին» ( Նազարեթ Թոփալյան , «Երեկոյան Երեւան», 4 նոյեմբեր, 1991թ.): Արձակագիր Սարգիս Վահագն էլ այսպես գրեց «Արտագերս» եւ «Անհասցե Տիկինը» ներկայացումների մասին. «Անահիտ Թոփչեան, մեր արդի թատրոնին փայլուն աստղը, իր սքանչելի խաղարկութեամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասերնէրու բախտաւոր այն ընտրանին որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին» («Նոր Օր», Լոս Անջելես, 27 մայիսի 2000թ.):

Հիացական մեջբերումները կարելի է շարունակել անվերջ` Սփյուռքի գրեթե բոլոր թերթերից ու հանդեսներից: Սակայն նոր միջավայրում նա ոչ միայն վերահաստատեց դերասանի իր տաղանդը, այլեւ կարճ ժամանակում իր մեջ նոր տաղանդներ հայտնագործեց: Ապշել կարելի է, թե նա ինչպես, գրեթե մենակ, գերազանցապես ապավինելով սեփական ուժերին, բուռն գործունեություն ծավալեց արվեստի եւ գրականության մի քանի ասպարեզներում. թատրոն, ասմունք, գրականություն, լրագրություն, թարգմանություն...

Նա առաջինը եղավ հայաստանցի, հայագիր հեղինակներից, որի ստեղծագործությունը բեմադրվեց Փարիզի պրոֆեսիոնալ թատրոններում, ֆրանսերեն:

Նա մեզ զարմացրեց Փարիզի բարձրակարգ «Ռուսսկայա միսլ» («La Pense՛e Russe») շաբաթաթերթում, սփյուռքահայ, ֆրանսիական մամուլում, տարիներ շարունակ, պարբերաբար տպագրվող հրապարակախոսական, գրաքննադատական, արվեստաբանական եւ նույնիսկ քաղաքագիտական խորունկ ու համարձակ հոդվածներով: Նա մեզ զարմացրեց նույն մամուլում, այնուհետեւ առանձին գրքերով, հայերեն, ռուսերեն ու եվրոպական մի շարք լեզուներով հրապարակված իր գերազանց պատմվածքներով, որոնցում հեղինակը յուրացնում էր ոչ միայն սփյուռքյան, այլեւ արեւմտյան իրականությունը: Դա նոր իրականության ստեղծագործական նվաճում էր արվեստով ու գրականությամբ:

Բուռն եւ բարձր գնահատությունները չհապաղեցին:

«Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերումՙ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողներիՙ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավորություն» ( Վահրամ Թաթիկյան , «Ազգ» , 10 դեկտեմբերի 1998թ.):

«Չգիտեմ, երեւի կգրվի՞ մեր այս վերջին տարիների տարագրության պատմությունն ամբողջությամբ: Բայց եթե որեւէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կուզեի, որ ծանոթ լիներ «Lady S.D.F.» գրքին: Ցավով գրված այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ... Անահիտ Թոփչյանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ոչ իր, ոչ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է:» ( Սերգեյ Գալոյան , «Ազգ» , 16 հոկտեմբերի 1999թ.):

Անահիտի պատմվածքները մամուլում բարձր գնահատեցին նաեւ Գեւորգ Էմինը, Վահե Օշականը, Կարեն Քալանթարը, Վահրամ Հաճյանը, Երան Գույումճյանը եւ ուրիշներ: Ի դեպ, մասնավորապես նկատվեց, որ հեղինակը զարմացնում է գրական իր վարպետությամբ, եւ այնպիսի տպավորություն է, ասես կարդում ենք նրա տասներորդ գիրքը: Իսկ Կ. Քալանթարը գրեց, որ «Անահիտի պատմվածքները զարմանալիորեն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիորեն` բեմական: Դրանք, ասես, խաղացված են դերասանուհի գրողի կողմից, ըստ որում նա ոչ միայն հորինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանե նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կյանքի դերը, այլեւ խաղում է ծեր, հիվանդ կանանց, նույնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Ավելին, նա հմտորեն բեմականացնում է այդ պատմությունները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը եւ նույնիսկ լուսավորողը: Նա անում է ամեն ինչ եւ անում է գերազանց` նախանձելի երեւակայությամբ եւ հնարամտությամբ, որովհետեւ ազատ է եւ տաղանդավոր» («Նովոյե վրեմյա», Երեւան, 9 փետրվարի 1999թ.):

Հայ կինոգիտության նահապետը, ցավոք սրտի, առիթ չունեցավ կարդալու Անահիտի մյուս գրքերը, թե ոչ, անպայման կհաստատեր, որ նրա ամբողջ գրականությունն է կինեմատոգրաֆիկ:

«Lady S.D.F.»-ին հաջորդեց «Հայելի»` նույնքան վիրտուոզ պատմվածքների ժողովածուն, իսկ երկու տարի անց` իրար ետեւից լույս տեսած «Անհետացում» եւ «Տագնապ» հրաշալի վեպերով Անահիտը վերջնականապես հաստատվեց որպես հմուտ արձակագիր, եւ արդի հայ գրականության մեջ անվիճելիորեն գրավեց նույնպիսի բարձր ու պատվավոր տեղ, որպիսին արդեն գրավել էր հայ դերասանական արվեստում: Եվ ինչպես իր բացառիկ ոճը ստեղծեց բեմում, այնպես էլ գրականության մեջ:

«Անհետացում» եւ «Տագնապ» վեպերի առիթով Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում նույնպես բազմաթիվ հիացական կարծիքներ արտահայտվեցին.

«Այս երկը («Անհետացում», Ա.Հ,) բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործութիւններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր անհատականութիւնը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտռուած հունը»: Սուրեն Դանիելյան («Օրեր», Պրահա, N5, 2010թ.)

«Թոփչեանը իր նոր վէպով սփիւռքահայ եւ հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վէպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է»: Պողոս Գուբելյան , «Ասպարեզ», Գլենդեյլ, 1 նոյեմբերի, 2010թ.:

«Անհետացում» վեպը, գրողի ստեղծագործական տաղանդին զուգահեռ, կրում է նաեւ ավելի հազվագյուտՙ բարոյական տաղանդի դրոշմը, այդ պատճառով իսկ կարծում ենք երբեք չի անհետանա հայ գրականության նվաճումների ցանկից»: Գայանե Աթանյան , Երեւան, «Ազգ» , 14 հունիսի, 2011թ.

«Վէպն ունի ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հնչեղութիւն եւ տարողութիւն, ի մասնավորի մեր ժամանակներուն համար, ուր գրեթէ համատարած երեւոյթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը եւ արժանաւորին անտեսումն ու ոտնահարումը... Հուսկՙ միջակութիւններու տիրապետումը եւ լաւագոյններու լուսանցքայնացումն ու անհետացումը»: Երան Գույումճյան, «Ազատ ձայն», հունվար, 2011թ., Կիպրոս, Նիկոսիա:

«Այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ «Տագնապ»-ի հետ էի, իմ սենյակի մենության մեջ: Մի կատարյալ խրախճանք էր»: Վարդենի Բեդանյան , «Գրական թերթ», 05 հոկտեմբերի 2012թ.

«Անահիտ Թոփչեանՙ իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորազնին հոգեբանի հայեացք, յանդգնութիւնՙ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ... եւ, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական եւ խորագոյն իմաստով»: Երան Գույումճյան, «Ազատ ձայն», Կիպրոս,) 17, սեպտեմբեր, 2012թ.

Իսկապես որ Աստված նրան առատորեն օժտել է բազմաթիվ տաղանդներով, եւ ես չեմ զարմանա, եթե Անահիտը վաղը` շարունակելով զարմացնել մեզ, իր մեջ մի նոր տաղանդ հայտնագործի:

Նկար 2. Գծանկարը` Ռուդոլֆ Խաչատրյանի

Նկար 3. «Տարօրինակ միսիս Սեւիջ»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ