RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2017-08-31 21:03:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 6271, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՎԵԴԱԿԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՐՈՒՆ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պրոֆ. Օքե Դաունի հիշատակին

Անցած հուլիսի 24-ին Ստոկհոլմում կյանքից հեռացավ Շվեդիայի մեծ գիտնական եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ազգաբան, պրոֆեսոր Օքե Դաունը : Նրա անունը քաջ հայտնի է Եվրոպայի գիտական շրջանակներում, որոշ չափովՙ նաեւ Հայաստանում, որտեղ նա ու ընտանիքն ունեն մի շարք բարեկամներ եւ որտեղ հայերեն թարգմանությամբ հրատարակվել է նրա «Շվեդական մտածելակերպ» հիմնարար աշխատությունը: Մեծարգո պրոֆեսորիՙ հայ իրականության հետ առնչության պատճառը նրա կյանքի ընկերուհին էՙ թարգմանչուհի Լաուրա Դաուն Մինասյանը , եւ այս անձնական շարժառիթը վերածվել է մասնագիտական հետաքրքրության: Օքե Դաունը երկար տարիներ համագործակցել է շվեդահայ համայնքի եւ անհատների հետ, իր ազդու գրչով ու անհատականությամբ նպաստել Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործին, հեղինակել հայությանը վերաբերող հոդվածներ, ինչպես նաեւ մի քանի անգամ այցելել Հայաստան...

«Շվեդական բնավորության գուրու» անվանված Օքե Դաունը ծնվել է 1936 թվականին, Ստոկհոլմում: 1952-1953 թթ. ուսանել է Սյոդերթելյեի Արվեստների եւ արհեստների դպրոցում, 1958-1965 թթ.ՙ Ստոկհոլմի համալսարանում (արվեստի պատմություն եւ տեսություն, եվրոպական եւ համեմատական ազգաբանություն): Որպես արվեստի քննադատ պաշտոնավարել է «Թիդնինքեն ֆոլքեթ» եւ «Դագենս նյուհեթեր» թերթերում: Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ճարտարապետության դպրոցում եղել է գիտական ծրագրի ղեկավար, Հյուսիս-եվրոպական թանգարանի գիտաշխատող, Ստոկհոլմի համալսարանի ազգաբանության ինստիտուտի դոկտոր, Եվրոպական ազգաբանության պրոֆեսոր եւ ազգաբանության բաժնի նախագահ: Եղել է մի շարք գիտական եւ հանրային կազմակերպությունների անդամ, այդ թվումՙ շվեդական մշակույթին նպաստող Գուստավ Ադոլֆ թագավորի հիմնադրամի հանձնախմբի եւ շվեդական ժողովրդական մշակույթի թագավորական ակադեմիայի, նախագահել է Ազգային խորհրդի գիտական-խորհրդակցական մարմինը, Ստոկհոլմի համալսարանի հումանիտար գիտական խորհուրդը, Ներգաղթյալների եւ փոքրամասնությունների հիմնադրամը եւ այլն: 2011-ին Շվեդական թագավորական ակադեմիան Օքե Դաունին պարգեւատրել է Գադ Ռաուսինգի հյուսիս-եվրոպական մրցանակովՙ հումանիտար հետազոտությունների բնագավառում բարձր ձեռքբերումների համար:

Օքե Դաունի հեղինակությամբ եւ խմբագրությամբ առանձին գրքերով լույս է տեսել մոտ երեք տասնյակ աշխատություն, որոնք վերաբերում են անձնանունների պատմության, համայնքային եւ էթնիկ ներգրավվածության, մտածելակերպի, փոխադարձ ալտրուիզմի զարգացման, արդիականության հոգեբանական էվոլյուցիայի եւ այլ խնդիրների: «Ես ուզում եմ հասկանալ մարդկանց գործողությունները, մտքերը եւ զգացմունքներըՙ հանգամանքների խաղի արդյունքում»,- գրել է նա: Նրա ամենից հայտնի աշխատությունն է «Շվեդական մտածելակերպը» (առաջին հրատարակությունըՙ 1989-ին), որը թարգմանվել է տարբեր լեզուներով (2012-ինՙ հայերեն, Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ): Այս մենագրության մեջ էլ նա առաջին անգամ անդրադարձել է հայկականին. խոսելով շվեդաբնակ օտարազգիների մասին, նա մասնավորապես նշել է. «Շատերի համար իրենց, օրինակ, դանիական, քրդական կամ հայկական ինքնությունը շարունակում է մնալ հիմնական ազգային ինքնություն»:

Պրոֆեսոր Դաունը Շվեդիայում հիմնված Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնաժողովի հիմնադիր անդամ էր: 2000 թվականի հունվարին Օքե Դաունի եւ Հայոց ցեղասպանության հատուկ հանձնաժողովի նախաձեռնությամբ Ստոկհոլմի ազգաբանության ինստիտուտում տեղի է ունեցել Մեծ եղեռնին նվիրված գիտաժողով: 2008-ին, ի թիվս աշխարհի 60-ից ավելի ճանաչված մտավորականների, նա ստորագրել է Շվեդիայի խորհրդարանին ներկայացված խնդրագիրըՙ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: 2011-ին Երեւանում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց եղեռնը եւ սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովին: Հայ իրականությանն են առնչվում գիտական եւ զանգվածային մամուլում հրատարակված նրա հետեւյալ հոդվածներըՙ «Նոր-հին ցեղասպանությունը» (հեղինակակիցՙ Լաուրա Դաուն Մինասյան), «Հայկական դրամները եւ հակառակ կողմը», «Անթույլատրելի շվեդական պահանջներ Թուրքիայի համար», «Եվրոպական Միությունը որպես հակակշիռ ընդդեմ նոր ցեղասպանության», «Հայկական հարցը. ազգաբանություն-ցեղասպանաբանություն», «Հայաստանը եւ Թուրքիան եւ ազգային հպարտության նշանակությունը», «Ցեղասպանությունըՙ հասարակական վարքագիծ» եւ «Հայ Սփյուռքի ինքնությունը. քննարկումներ ներգաղթի մասին եւ ներգաղթի մասին չորս փիլիսոփայություն»: Գրախոսել է նաեւ տողերիս հեղինակի «Հայաստան-Շվեդիա. պատմամշակութային առնչությունններ» աշխատությունը («Հայկազեան հայագիտական հանդէս», Բեյրութ, հատոր ԼԲ., 2012):

Պրոֆեսոր Օքե Դաունին առաջին անգամ հանդիպել եմ 1996-ին, Շվեդիայում, մասնավոր մի հավաքույթի ժամանակ, որից հետո նա ինձ ուղարկեց «Շվեդական մտածելակերպի» անգլերեն հրատարակությունը եւ իր բոլոր անգլերեն հոդվածները: Շվեդիայում կեցությանս ամիսներին այդ գրություններն ինձ մեծապես օգնեցինՙ ավելի լավ ճանաչելու այն միջավայրը, որտեղ ապրում էի: Հետագայում մի քանի անգամ առիթ եղավ հանդիպելու նրան, լսելու նրա հետաքրքրական, իմաստուն զրույցները Երեւանում, որին շատ կապված էր թե՛ ինքը, թե՛ իր կինըՙ ջերմ, սրտալից, հայության ցավերով ու ուրախություններով ապրող տիկին Լաուրան եւ թե՛ որդիներըՙ իրենց հայությունը մշտապես շեշտող, անչափ համակրելի Դավիթն ու Արամը: Տիկին Լաուրայի պատմելովՙ երբ ամուսինը ձեռքն է առել «Շվեդական մտածելակերպի» հայերեն հրատարակությունը, աչքերը խոնավացել են, քանի որ այդ մի թարգմանությունը նրա համար, հիրավի, այլ խորհուրդ է ունեցել:

Սույն գրությամբ ցանկանում եմ արտահայտել պրոֆեսոր Օքե Դաունի գիտական վաստակի եւ մեր ժողովրդի հանդեպ նրա համակրանքի հանդեպ ոչ միայն իմ, այլեւ նրա բոլոր հայ բարեկամների պատկառանքը ու նաեւ խորին ցավակցությունները նրա հարազատներին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 01-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ