ՎԱԼՄԱՐԻ ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Գ. Մ. Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում է գտնվում «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցը, որի դահլիճում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) գործերի նոր հրատարակված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Արվեստագետի հայրենի քաղաքում նրա այսՙ նաեւ յուրատեսակ հաշվետվությունը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Շիրակ» հայրենակցական միությունը: Ալբոմը հրատարակվել է նախարարության նախաձեռնությամբ ու կազմակերպչական ջանքերով, գաղափարի իրականացմանն օժանդակել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Շնորհանդեսին նրանց այդ առիթով շնորհակալություն հայտնեց «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը : Արվեստաբան, գեղագետ Լեւոն Լաճիկյանն իր խոսքում մասնավորպես նշեց, թե բավական է մենք միայն մեր անցյալի մեծերի մասին խոսենք, եկեք այսօր նաեւ մեր կողքին ապրողներին էլ տեսնենք, պատվենք մեր ներկա երեւելի արվեստագետներին: Վալմարի արվեստի նրա բնորոշմամբՙ նկարչի գիծը պոետիկ է, բանաստեղծական, ռիթմըՙ երաժշտական: Իսկ գիրքը լուրջ աշխատություն է: Վալմարի գույները ներկայացնող այս «հրաշալի հրատարակության» իրականություն դառնալու առիթով իր գոհունակությունը հայտնեց շնորհանդեսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը : «Հայտնի ճշմարտություն է, որ արվեստը նախատեսում, կանխատեսում է մեր ապագան,- դիմելով արվեստագետինՙ ասաց նա: - Իսկ դուք ձեր գույներով նաեւ կարողանում եք վառ, գեղեցիկ ձեւով լուսավորել եւ ջերմացնել այն ճանապարհը, որով մենք պետք է անցնենք այդ ապագայում»: Վալմարին համարելով մեր ժամանակի տաղանդավոր նկարիչներից մեկը, նախարարն ավելացրեց. «Նայելով ձեր նկարներին, մի տեսակ սիրտս եւ հոգիս փառավորվում են, որ երեսուն տարի առաջ այն մեծ ողբերգությունը ապրած այս քաղաքից դուրս եկած մարդը կարող է այսքան լավատեսություն, այսքան ջերմություն եւ այսքան կյանքի հանդեպ սեր փոխանցել իր արվեստով»: Ա. Ամիրյանը տեղեկացրեց նաեւ, որ նախատեսում են 2018-ին 70- ամյակը բոլորող արվեստագետի գործերի ցուցահանդեսը կազմակերպել Ազգային պատկերասհարհում: Նկարչին շնորհավորեցին նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը , Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը , ուրիշներ: Վերջում Վալմարը հանդես եկավ շնորհակալական խոսքով: |